Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1542
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.05.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.03/57(1612) Հոդ.692
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
26.05.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2020

 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

        

Քաղ. Երևան

26 մայիսի 2020 թ.

 

«ՌԱՄԶԵՍ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 47-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ «ՌԱՄԶԵՍ» ՍՊԸ-Ի ներկայացուցիչներ՝ Ա. Թևանյանի և Մ. Մանուկյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,

համաձայն Սահմանադրության 74-րդ հոդվածի, 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 40 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՌԱՄԶԵՍ» ՍՊԸ-Ի դիմումի հիման վրա՝ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2007 թվականի հունվարի 22-ին և ուժի մեջ է մտել 2007 թվականի փետրվարի 10-ից:

Օրենքի՝ «Պարտապանի գույքն ու դրա տնօրինումը» վերտառությամբ 47-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝

«Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` մինչև նրա վերաբերյալ լուծարելու մասին որոշում ընդունելը, պարտապանի ղեկավարը գործում է կառավարչի համաձայնությամբ և նրա հսկողության ներքո: Պարտապանի ղեկավարին արգելվում է պարտապանի գույքը տնօրինելու կամ պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող ցանկացած գործողություն կատարել առանց կառավարչի թույլտվության»:

Օրենքի ընդունումից հետո 47-րդ հոդվածը փոփոխվել է 23.06.11 թ. ՀՕ-235-Ն և 17.06.16 թ. ՀՕ-105-Ն օրենքներով:

Գործի քննության առիթը «ՌԱՄԶԵՍ» ՍՊԸ-ի՝ 2019 թվականի նոյեմբերի 28-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը և սույն գործով կողմերի բացատրությունները, գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև վերլուծելով Օրենքը և մի շարք այլ վերաբերելի իրավական ակտեր՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը գտնում է, որ Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից տրված մեկնաբանությամբ, անհամաչափորեն սահմանափակում է սնանկ ճանաչված պարտապանի իրավունքների պաշտպանության համար պարտապանի ղեկավարի դատարան դիմելու և արդար դատաքննության իրավունքները և, հետևաբար, հակասում է Սահմանադրության 28-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78 և 79-րդ հոդվածներին: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, մեկնաբանելով վիճարկվող դրույթը, գտել է, որ թե՛ ընդհանուր իրավասության դատարանում և թե՛ սնանկության դատարանում պարտապանը չի կարող վիճարկել իր անունից հանդես եկող սնանկության գործով կառավարչի կազմակերպած աճուրդի արդյունքները, և այդպիսի պահանջի դեպքում սնանկության գործով կառավարիչը չի կարող հանդես գալ որպես պատասխանող։

Համադրելով Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասն Օրենքի մի շարք այլ հոդվածների հետ՝ դիմողը գտնում է, որ առկա են իրարամերժ իրավիճակներ։ Մասնավորապես, մի դեպքում՝ պարտապանին սնանկ ճանաչելուց հետո վերջինիս պատկանող գույքի վրա դատարանն արգելանք է դնում, իսկ կառավարիչն իրականացնում է գույքի տնօրինումը պարտատերերի ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրի և դատարանի թույլտվության համաձայն: Մեկ այլ դեպքում՝ պարտապանին սնանկ ճանաչելուց հետո վերջինիս գույքի վրա արգելանքի առկայության պայմաններում սնանկության կառավարիչը կարող է թույլատրել պարտապանին կնքել գույքի տնօրինման գործարքներ՝ առանց հաշվի առնելու գույքի վաճառքի ծրագիրը և դատարանի թույլտվությունը:

Դիմողը գտնում է, որ Օրենքի գործող իրավակարգավորումներով ստեղծվում է մի իրավիճակ, որ պարտապանի ղեկավարը միայն կառավարչի թույլտվությամբ և/կամ համաձայնությամբ կարող է տնօրինել պարտապանի գույքը, ավելին՝ Օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասից հետևում է, որ առանց սնանկության կառավարչի համաձայնության պարտապանի ղեկավարի կնքած գույքի տնօրինման ցանկացած գործարք առ ոչինչ է:

Դիմողը նշում է, որ սնանկության կառավարչի կողմից պարտապանի ղեկավարի գործողությունների նկատմամբ հսկողություն իրականացնելը և կառավարչի համաձայնությամբ պարտապանի ղեկավարի կողմից գույքի տնօրինման գործարքներ կնքելը հակակշռում են միմյանց: Այլ կերպ ասած, սնանկության կառավարիչը կարող է թույլ տալ պարտապանի ղեկավարին կնքել գույքի տնօրինման գործարքներ՝ առանց հաշվի առնելու, ի թիվս այլնի, Օրենքի 19-րդ հոդվածի համաձայն դատարանի կողմից գույքի վրա դրված արգելանքը, և միևնույն ժամանակ հսկողություն իրականացնել պարտապանի ղեկավարի ենթադրյալ անբարեխիղճ գործողությունների նկատմամբ այն դեպքում, երբ անբարեխղճություն կարող է ցուցաբերել նաև կառավարիչը։

Ըստ դիմողի՝ սնանկության կառավարչի ոչ բոլոր գործողություններն են ենթակա բողոքարկման սնանկության վարույթի ընթացքում, ինչպես նաև, սնանկության կառավարչի գործողությունների բողոքարկման և վերջինիս գործողությունները կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու դեպքում լիարժեք չի ապահովվում անձի խախտված իրավունքների վերականգնումը:

Դիմողը պնդում է, որ վիճարկվող իրավանորմը չի ծառայում իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին, խոչընդոտում է անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը, ինչպես նաև չի հետապնդում իրավաչափ նպատակ, և չկա հետապնդվող նպատակների միջև համաչափության ողջամիտ հարաբերակցություն այնքանով, որքանով կառավարչի համաձայնությամբ պայմանավորված (mutatis mutandis) սահմանափակվում է վերջինիս` որպես պատասխանող ներգրավելու, ինչպես նաև խախտված իրավունքի վերականգնման դատական պաշտպանության իրավունքները:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողը գտնում է, որ սնանկության վարույթի առանցքային տարրերից է պարտապանի ֆինանսական առողջացումը, որի նպատակն է հնարավորություն տալ բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին հաղթահարել ֆինանսական դժվարությունները, վերականգնել իր բնականոն գործունեությունը՝ միևնույն ժամանակ ապահովելով պարտատերերի շահերի պաշտպանությունը:

Ըստ պատասխանողի՝ սնանկության վարույթի առանձնահատկություններով պայմանավորված՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու պահից պարտապանի նկատմամբ կիրառվում են մի շարք սահմանափակումներ: Նշված սահմանափակումներն ինքնանպատակ չեն, ուղղված են սնանկության գործընթացում պարտապանի գույքի էական նվազեցում թույլ չտալուն՝ նպատակ ունենալով ապահովելու պարտատերերի պահանջների՝ օրենքով սահմանված հերթականությամբ համաչափ բավարարումը, որն իրականացվում է դատարանի հսկողությամբ:

Պատասխանողը նշում է, որ Օրենքի գործող դրույթների համակարգային վերլուծությունից հետևում է, որ կառավարիչը, բացի վերահսկողություն իրականացնելուց, իրավունք ունի դատարանի թույլտվությամբ և վերջինիս հսկողության ներքո ուղղակի գործարքով օտարել պարտապանի գույքը:

Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում պատասխանողը պարզել է, որ շատ երկրներում պետական լիազոր մարմինն է վերահսկում սնանկության կառավարիչներին և նրանց ենթարկում կարգապահական պատասխանատվության: Բացի դրանից, որոշ երկրների օրենքներում ուղղակիորեն նախատեսված է սնանկության կառավարիչների նկատմամբ դատարանի կողմից վերահսկողություն իրականացնելը:

Ըստ պատասխանողի` վիճարկվող դրույթը մեկնաբանելիս հաշվի է առնվում այն, որ կառավարչի գործողությունների իրականացումը ենթադրում է դատական վերահսկողություն, որը նպատակ ունի զերծ պահել պարտապանի գույքն Օրենքով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված ձևերով ցանկացած օտարումից և, միաժամանակ, ապահովել պարտատերերի պահանջների արդար և հավասար բավարարումը:

Գործող իրավակարգավորումների համեմատական վերլուծության արդյունքում պատասխանողը եզրակացնում է, որ սնանկության գործով գույքի վրա արգելանք դնելն ուղղված է պարտատերերի պահանջների հետագա բավարարումն ապահովելուն և չի հետապնդում գույքի օտարումը բացառելու նպատակ:

Պատասխանողը գտնում է, որ Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը և որևէ կերպ չի հակասում օրենքի առջև բոլորի հավասարության, դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքներին և համաչափության, որոշակիության սկզբունքներին, քանի որ կարգավորվող իրավահարաբերության շրջանակում այն ավելի արդյունավետ է դարձնում պարտապանի վճարային պարտավորության պատշաճ կատարման ընթացակարգը։

 

3. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմողը՝ սնանկության գործով պարտապանի ղեկավարը, հայց է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան պարտապանին պատկանող անշարժ գույքի աճուրդը և դրա արդյունքում կնքված առուվաճառքի պայմանագրերը և դրանց հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջով՝ որպես պատասխանող ներգրավելով, ի թիվս այլոց, սնանկության գործով կառավարչին: Այդ դատարանը 2019 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ հայցադիմումը սնանկության դատարանին ենթակա լինելու պատճառաբանությամբ այն վերադարձրել է՝ հղում կատարելով Oրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասին, որը դիմողի գործով որոշումները կայացնելու ժամանակ գործող խմբագրությամբ սահմանում էր. «Սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, քննվում են նույն սնանկության գործի շրջանակում»: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2019 թվականի մարտի 20-ի որոշմամբ առաջին ատյանի դատարանի նշված որոշումն ուժի մեջ է թողել: Այնուհետև, նույն պահանջով դիմողը դիմել է սնանկության դատարան, որը նույնպես` հղում կատարելով Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասին, 2019 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ վերադարձրել է հայցադիմումն այն պատճառաբանությամբ, որ դիմողն իր հայցադիմումում որպես պատասխանող է նշել սնանկության գործով կառավարչին: Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2019 թվականի մայիսի 27-ի որոշմամբ, ի թիվս այլնի, հղում կատարելով Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասին՝ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ ներկայացված հայցապահանջը ենթակա չէ քննության թե՛ սնանկության գործի շրջանակներում, թե՛ քաղաքացիական դատավարության կարգով, քանի որ սնանկության գործով կառավարիչը հանդես է գալիս պարտապանի անունից, և ստացվում է մի իրավիճակ, որտեղ թե՛ հայցվորը, թե՛ պատասխանողը նույն պարտապանն են: Երկու դեպքում էլ վերաքննիչ դատարանը նշել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

4. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմողի կողմից վիճարկվող դրույթը սնանկության գործ քննող դատարաններում նրա գործով ըստ էության դատական ակտով դեռևս չի կիրառվել, և դիմողը հիշյալ դրույթի սահմանադրականությունը վիճարկում է իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, որով հնարավոր է դարձել քննության չառնել դատարան ներկայացրած նրա պահանջը։ Նկատի ունենալով, որ դիմողն, ըստ էության, բարձրացնում է սնանկության գործերով պարտապանի գույքի տնօրինման վերաբերյալ օրենսդրական կարգավորումների անորոշությամբ պայմանավորված՝ պարտապանի դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման հարց, Սահմանադրական դատարանը սույն գործով վիճարկվող դրույթը քննության է առնում Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 79-րդ հոդվածին համապատասխանության տեսանկյունից և այդ առումով անհրաժեշտ է համարում պարզել.

1) արդյո՞ք վիճարկվող դրույթը, հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, խախտում է սնանկության գործով պարտապանի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները,

2) արդյո՞ք վիճարկվող դրույթը պարտապանի դատական արդյունավետ պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների ապահովման տեսանկյունից համապատասխանում է հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման որոշակիության սահմանադրական սկզբունքին։

 

5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

5.1. Սահմանադրական դատարանը նշում է, որ սնանկության գործընթացի նպա-տակն է երաշխիքներ ստեղծել, մի կողմից` պարտատերերի պահանջները համամասնորեն բավարարելու, մյուս կողմից` հնարավոր դեպքերում պարտապանի գույքային դրությունը կայունացնելու (պարտապանի վճարունակության վերականգնումը) և նրա տնտեսական գործունեության շարունակականությունն ապահովելու համար։

Սահմանադրական դատարանը, վերահաստատելով իր՝ 2008 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-735 որոշմամբ արտահայտած դիրքորոշումն այն մասին, որ «Սնանկության ինստիտուտի նպատակն է հնարավորություն տալ բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնել իր բնականոն գործունեությունը, հաղթահարել ֆինանսական դժվարությունները, ինչպես նաև ապահովել անվճարունակ կազմակերպությունների վերակառուցումը և ֆինանսական վերակազմակերպումը, վերականգնել նրա կենսունակությունը և միևնույն ժամանակ ապահովել պարտատերերի շահերի պաշտպանությունը», ընդգծում է, որ յուրաքանչյուր դեպքում սնանկության գործընթացում պետք է հաշվի առնվեն տարբեր շահագրգիռ կողմերի՝ ներառյալ պարտապանների շահերը։

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է: Սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը նշանակում է սնանկության ժամանակավոր կառավարիչ, իսկ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանն անհապաղ նշանակում է սնանկության գործով կառավարիչ և դադարեցնում ժամանակավոր կառավարչի լիազորությունները։

Սնանկության կառավարչի լիազորությունները սահմանվում են Օրենքի 29-րդ հոդվածով, որի 3-րդ մասի համաձայն՝ այդ լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ։ Կառավարիչը, ի թիվս այլնի, պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից և հսկողություն իրականացնում պարտապանի ղեկավարի պարտականությունների կատարման նկատմամբ:

5.2. Իր բազմաթիվ որոշումներում Սահմանադրական դատարանն անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին` մասնավորապես նշելով՝

1) «Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը»: (ՍԴՈ-753),

2) « …. իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ»: (ՍԴՈ-1213):

Հաշվի առնելով վերոնշյալ դիրքորոշումները` Օրենքի վիճարկվող դրույթի որոշակիությունը գնահատելու համար հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքներին, թե որքանո՛վ են դրանով նախատեսված վարքագծի կանոնները հստակ և որոշակի, արդյոք չե՞ն հանգեցնում տարընկալումների, և որքանո՞վ են կանխատեսելի դրանց իրականացման արդյունքում վրա հասնող հետևանքները:

Օրենքի` սույն գործով վիճարկվող 47-րդ հոդվածի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` մինչև նրա վերաբերյալ լուծարելու մասին որոշում ընդունելը, պարտապանի ղեկավարը գործում է կառավարչի համաձայնությամբ և նրա հսկողության ներքո և կառավարչի թույլտվությամբ կարող է նաև պարտապանի գույքը տնօրինելու կամ պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող այլ գործողություններ կատարել, իսկ լուծարման մասին որոշում կայացնելուց հետո զրկվում է գույքը տնօրինելու և կառավարելու իրավունքներից: Այսինքն, օրենսդիրը տարբերակել է սնանկության վարույթի երկու առանձին փուլեր, որոնց համար, կախված տվյալ փուլի խնդիրներից և նպատակից, ամրագրել է տարբեր կարգավորումներ, ինչը, ինքնին, որևէ իրավական անորոշություն չի առաջացնում։

Ինչ վերաբերում է դիմողի այն պնդմանը, որ պարտապանի կողմից կառավարչի թույլտվությամբ գույքը տնօրինելու արդյունքում թույլատրվում է վաճառել արգելադրված գույքն առանց դատարանի թույլտվության՝ իմաստազրկելով դատարանի դերը, հարկ է նշել, որ պարտապանի գույքի արգելադրումն իրականացվում է պարտապանի լուծարման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո՝ 7 օրվա ընթացքում (Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մաս), իսկ պարտապանի ղեկավարի կողմից կառավարչի թույլտվությամբ գույքը տնօրինելու իրավասությունը վերաբերում է մինչև լուծարման մասին որոշում կայացնելն ընկած ժամանակահատվածին, ուստի այդ առումով ևս առկա չեն հակասական կամ, այլ կերպ՝ անորոշ կարգավորումներ:

5.3. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներն իրավունքի գերակայության սկզբունքի լույսի ներքո պահանջում են, որ անձն ունենա դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնք նրան թույլ կտան համապատասխան պահանջ ներկայացնել դատարան և պաշտպանել իր իրավունքները։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի` արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ 6-րդ հոդվածի պահանջները տարածվում են նաև սնանկության գործընթացի վրա (Ismeta Bacic v. Croatia, no.43595/06, 19.06.2008, § 19; Capital Bank AD v. Bulgaria, no.49429/99, 24.11.2005, § 86 և այլն)։

Դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների տեսանկյունից Օրենքի վիճարկվող դրույթը հարկ է դիտարկել սնանկության վարույթին վերաբերող դատավարական երաշխիքների շրջանակներում, որոնք պետք է ուղղված լինեն սնանկության վարույթում ներգրավված բոլոր մասնակիցների իրավունքների և շահերի համակողմանի և հավասարակշռված պաշտպանությանը։

Այսպես, Օրենքի՝ «Սնանկության գործերի առարկայական ընդդատությունը» վերտառությամբ 4-րդ հոդվածով սահմանվում է, որ սնանկության գործերի վարումն իրականացվում է ընդհանուր իրավասության դատարաններում (այսուհետ` դատարան)։ Դատարանում սնանկության գործերը վարվում են սնանկության գործեր քննող մասնագիտացված դատավորի կողմից` միանձնյա։ Նույն դատավորը սնանկության գործի շրջանակներում՝ որպես առանձին քաղաքացիական գործեր, քննում է նաև սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների, երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի, պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած և պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով քաղաքացիական գործերը։ Օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` այդ որոշումները ենթակա են բողոքարկման։

 Պարտապանը և պարտատերը կարող են սնանկության գործը քննող դատավորին բողոքարկել կառավարչի գործողությունները կամ անգործությունը: Բողոքը կարող է դատարան ներկայացվել այն օրվանից սկսած 10 օրվա ընթացքում, երբ բողոքարկողը իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին։ Բողոքարկելու կարգը և կառավարչի պատասխանատվությունը կարգավորվում են Օրենքի 31-32-րդ հոդվածներով:

Անդրադառնալով դիմողի այն պնդմանը, որ օրենսդիրն ընդհանուր կանոնի համաձայն սահմանել է սնանկության կառավարչին գույքային պատասխանատվության ենթարկելու մասին իրավակարգավորումներ, այդուհանդերձ հատուկ կանոնով չի ներառել սնանկության կառավարչի նյութական պատասխանատվության մասին որևէ դրույթ, Սահմանադրական դատարանը փաստում է, որ օրենսդիրն Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանել է կառավարչի՝ իր քաղաքացիական պատասխանատվությունը սնանկության գործին մասնակցող անձանց պատճառված վնասի համար ապահովագրելու պարտավորությունը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կառավարչի մեղքով վնաս կրած պարտապանը կամ պարտատերը համարվում է ապահովագրական գումարի շահառու: Եթե դատարանը գտնի, որ կառավարչի մեղքով շահառուներին պատճառվել է վնաս, ապա դրա փոխհատուցումն իրականացվում է կառավարչի ապահովագրական գումարից, իսկ դրա անբավարարության դեպքում` կառավարչի գույքից:

5.4. Համաձայն Օրենքի 75-րդ հոդվածի` պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը` իր կողմից գույքագրման արդյունքներով ներկայացված և պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում` պարտատերերի ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրի համաձայն և դատարանի թույլտվությամբ` հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով:

Թեև պարտապանի գույքի վաճառքը կառավարիչն իրականացնում է ինքնուրույն, այն պարտադիր կարգով նախապես համաձայնեցվում է պարտատերերի ժողովի հետ, որը, իր հերթին, հաստատում է գույքի վաճառքի ծրագիրը: Բացի դրանից, գույքի վաճառքն իրականացնելու համար պարտադիր է նաև դատարանի թույլտվությունը:

Օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու համար կառավարիչը պետք է միջնորդություն ներկայացնի դատարան՝ սահմանված կարգով այդ մասին երեք օր առաջ տեղեկացնելով պարտատերերին: Միջնորդության մեջ պետք է նշվեն գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, աճուրդի առաջարկվող մեկնարկային գինը, աճուրդի անցկացման օրը, իսկ միջնորդությանը կից պետք է ներկայացվի գույքի գնահատման ակտը (անկախ գնահատողի կողմից գնահատված լինելու դեպքում` եզրակացությունը):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտատերերն իրավունք ունեն հրապարակային սակարկություններով պարտապանի գույքի վաճառքը թույլատրելու մասին կառավարչի միջնորդության դեմ յոթնօրյա ժամկետում գրավոր առարկություն ներկայացնել դատարան և առաջարկել աճուրդի ավելի բարձր մեկնարկային գին` գույքի վաճառքի իր կողմից առաջարկվող մեկնարկային գնի 5 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հինգ միլիոն դրամի չափով դեպոզիտ վճարելով սնանկության հատուկ հաշվին, իսկ եթե առարկություն են ներկայացրել մեկից ավելի պարտատերեր, ապա հրապարակային սակարկություններով գույքի իրացումը թույլատրվում է առաջարկվող ամենաբարձր մեկնարկային գնով: Կառավարչի միջնորդությունն ստանալու ութերորդ օրը դատարանը կայացնում է որոշում կա՛մ գույքի վաճառքը թույլատրելու մասին, եթե պարտատերն առարկություն չի ներկայացրել, կա՛մ գույքի վաճառքը պարտատիրոջ առաջարկած գնով թույլատրելու մասին՝ չբավարարելով կառավարչի միջնորդությունը, կա՛մ կառավարչի միջնորդությունը մերժելու մասին, եթե կառավարչի կողմից չեն պահպանվել Օրենքով սահմանված պահանջները։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ սնանկության գործով կառավարիչը, ունենալով լիազորությունների բավականին լայն շրջանակ և բավարար ինքնուրույնություն, այնուամենայնիվ, պարտապանի գույքի գնահատմանն ու վաճառքին վերաբերող գործողություններում կաշկանդված է (սահմանափակված է) դատարանի թույլտվությամբ և պարտատերերի ժողովի հավանությամբ։ Ասվածից հետևում է, որ օրենսդիրը բավարար երաշխիքներ է ստեղծել կառավարչի գործողությունները վերահսկելու և հնարավոր կամայականություններից խուսափելու համար։

5.5. Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է իրավակարգավորումներ, որոնցով ի սկզբանե, օբյեկտիվ պատճառներով սակարկությունների միջոցով պարտապանի գույքի իրացման ընթացքում կառավարչի կողմից կամայականություններ թույլ տալու հնարավորությունը հասցրել է նվազագույնի։

Օրենքի 23.1-ին հոդվածը սահմանում է կառավարչի վարքագծի կանոնները: Ըստ այդմ` կառավարիչը, ի թիվս այլնի, պետք է ապահովի հարգալից և անկողմնակալ վերաբերմունք պարտապանի և պարտատերերի նկատմամբ ու նպաստի կառավարիչների նկատմամբ վստահության ձևավորմանը:

Օրենքի վերլուծությունից բխում է, որ այն չի նախատեսում պարտապանի գույքն իր հայեցողությամբ տնօրինելու կառավարչի բացարձակ ազատություն, իսկ պարտապանի գույքի հաշվին կատարվող բոլոր ծախսերը պետք է լինեն ողջամիտ, անհրաժեշտ և հիմնավորված:

Այդուհանդերձ, սնանկության կառավարչի կողմից իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում տարբեր գործողությունների չկատարումը (անգործությունը) կամ ոչ պատշաճ, անբարեխիղճ կատարումը, մասնավորապես, պարտապանի գույքի ոչ բարեխիղճ գույքագրումը, պահպանումը կարող են առաջացնել լուրջ խախտումներ, որոնք կապված կլինեն սնանկության գործով գույքի կազմում ներառված գույքի զանգվածի ձևավորման և դրա հետագա իրացման հետ, ինչը, իր հերթին, կարող է հանգեցնել սնանկության գործընթացի մասնակիցների իրավունքների ոտնահարման՝ վնաս պատճառելով պարտապանին և պարտատերերին:

Պարտապանի և պարտատերերի գույքային շահերին կարող են հակասել սնանկության գործով կառավարչի կողմից հնարավոր այնպիսի գործարքներ կնքելը, որոնք չեն նպաստում պարտապանի վճարունակության վերականգնմանը և պարտատերերի պարտքերի բավարար չափով վճարմանը, քանի որ հանգեցրել են պարտապանի ակտիվների ընդհանուր արժեքի կրճատման, օրինակ` պարտապանի գույքի վաճառքը շուկայական արժեքից էապես ցածր գնով հատկապես այն դեպքերում, երբ գործարքի գնի և շուկայական արժեքի տարբերությունն էական է:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման դեպքերում սնանկության գործընթացի մասնակիցները, այդ թվում՝ պարտապանը, Օրենքի ուժով իրավասու են իրենց շահերի պաշտպանության համար դիմել դատարան, և Օրենքի վիճարկվող դրույթը նրա դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի իրացման համար արգելք չի հանդիսանում։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդ-վածով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները համապատասխանում են Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ դրանք արգելք չեն հանդիսանում պարտապանի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրացման համար:

2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

26 մայիսի 2020 թվականի

ՍԴՈ-1542

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան