ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
26 մայիսի 2020 թ. |
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ՎԵՐԱՆԱՅՎԱԾ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Խզմալյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2017 թվականի հունվարի 30-ին ստորագրված՝ «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում (վերանայված) ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր՝ 2020 թվականի ապրիլի 9-ի՝ «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (վերանայված) վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին» N 512-Ա որոշմամբ` միջազգային նշված պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի ապրիլի 27-ին:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2020 թվականի ապրիլի 27-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1․ «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (վերանայված) (այսուհետ՝ Կոնվենցիա) ստորագրվել է 2017 թվականի հունվարի 30-ին և ուժի մեջ է մտել 2017 թ. հոկտեմբերի 1-ին: Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիան ստորագրվել է 2018 թ. հունվարի 24-ին:
Կոնվենցիայի անբաժանելի մաս են կազմում 2 հավելվածները, որոնցում ներառված են «Հայտերի ներկայացման ընթացակարգը» և «Կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը որակավորող սահմանումը»։
2. Կոնվենցիայի նպատակն է, հաշվի առնելով կինոարդյունաբերության մեջ տեղ գտած տեխնոլոգիական, տնտեսական և ֆինանսական զարգացումները, վերանայել 1992 թվականի հոկտեմբերի 2-ին ստորագրված «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» եվրոպական կոնվենցիան՝ նպաստելով կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության համար այդ շրջանակի համապատասխանության և արդյունավետության շարունակաբար ապահովմանը և Կոնվենցիային մասնակից պետությունների կողմից միջազգային կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության զարգացման խրախուսմանը:
3. Կոնվենցիան կարգավորում է Կողմերի տարածքներում ստեղծվող բազմակողմ համատեղ արտադրության բնագավառում Կողմերի հարաբերությունները (հոդվ. 2, կետ 1) և այն կիրառվում է. ա) այն համատեղ արտադրությունների նկատմամբ, որոնք ընդգրկում են Կոնվենցիայի երեք տարբեր Կողմերում հիմնադրված առնվազն երեք համատեղ արտադրողի, և բ) այն համատեղ արտադրությունների նկատմամբ, որոնք ընդգրկում են Կոնվենցիայի անդամ երեք Կողմերում հիմնադրված առնվազն երեք համատեղ արտադրողի և այդ Կողմերի տարածքներում չհիմնադրված մեկ կամ մի քանի արտադրողի։ Վերջիններիս ներդրումի հանրագումարը, սակայն, չի կարող գերազանցել արտադրանքի ընդհանուր արժեքի 30%-ը (հոդվ. 2, կետ 2)։
4. Ըստ Կոնվենցիայի՝ համատեղ արտադրության պայմանագիրը յուրաքանչյուր համատեղ արտադրողի համար պետք է երաշխավորի կինոնկարի նյութական և ոչ նյութական սեփականության իրավունքները, ընդ որում, այդ պայմանագիրը պետք է ներառի դրույթ, ըստ որի՝ կինոնկարի մաստեր-պատճենը (առաջին ավարտուն տարբերակ) պետք է պահվի համաարտադրողների փոխադարձ համաձայնությամբ ընտրված վայրում, և դրա հասանելիությունը նրանց համար պետք է երաշխավորված լինի (հոդվ. 7, կետ 1)։
5. Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Կողմերի միջև կինեմատոգրաֆիական հարաբերություններում պետք է պահպանվի ընդհանուր հավասարակշռություն՝ հաշվի առնելով ինչպես համատեղ արտադրությամբ նկարահանված կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների ներդրումների ընդհանուր չափի, այնպես էլ ստեղծագործական և տեխնիկական մասնակցությունը: Միաժամանակ, այն Կողմը, որը խելամիտ ժամանակահատվածում դեֆիցիտ է հայտնաբերում մեկ կամ ավել Կողմերի հետ համատեղ արտադրության իր հարաբերություններում, կարող է մերժել հաջորդ համատեղ արտադրությունը հաստատելուց, մինչև այդ Կողմի կամ Կողմերի հետ իր կինեմատոգրաֆիական հարաբերությունների հավասարակշռության վերականգնումը (հոդվ. 10, կետեր 1, 2)։
6. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը` փոխադարձության հիման վրա, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
- ապահովել, որ բազմակողմ համատեղ արտադրությամբ իրականացված կինեմատոգրաֆիական ստեղծագործություններն օգտվեն նշված համատեղ արտադրությանը մասնակցած՝ Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական և կանոնակարգային դրույթների համաձայն ազգային ֆիլմերին վերապահվող բոլոր առավելություններից (հոդվ. 4, կետ 1),
- Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված յուրաքանչյուր համատեղ արտադրողի տրամադրել առավելություններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրական և կանոնակարգային դրույթներով նախատեսված պայմաններով ու սահմաններում և սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան (հոդվ. 4, կետ 2),
- ապահովել, որ կինեմատոգրաֆիական ստեղծագործության յուրաքանչյուր համատեղ արտադրություն ստանա Հայաստանի Հանրապետության և մյուս Կողմերի իրավասու մարմինների հաստատումը, որտեղ հիմնադրված են համատեղ արտադրողները, այդ իրավասու մարմինների միջև խորհրդակցությունից հետո և I հավելվածում նախատեսված ընթացակարգի համաձայն (հոդվ. 5, կետ 1),
- չտրամադրել համատեղ արտադրության կարգավիճակ ակնհայտորեն պոռնոգրաֆիական բնույթ ունեցող կամ խտրականությունը, ատելությունը կամ բռնությունը արդարացնող կամ բացահայտորեն մարդու արժանապատվությունը ոտնահարող ծրագրերին (հոդվ. 5, կետ 3),
- ապահովել, որ համատեղ արտադրության կարգավիճակով նախատեսված առավելությունները տրվեն այն համատեղ արտադրողներին, որոնք տիրապետում են համարժեք ֆինանսական և տեխնիկական միջոցների և ունեն բավարար մասնագիտական որակավորում (հոդվ. 5, կետ 4),
- տրամադրել համատեղ արտադրության կարգավիճակ ֆինանսական մասնակցությամբ համատեղ արտադրություններին միայն յուրաքանչյուր առանձին գործով իրավասու մարմինների հաստատում ստանալուց հետո՝ մասնավորապես հաշվի առնելով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի դրույթները (հոդվ. 9, կետ 2),
- Հայաստանի Հանրապետության օրենքների և կանոնակարգերի, ինչպես նաև գործող միջազգային պարտավորությունների համաձայն՝ դյուրացնել համատեղ արտադրության մասնակից մյուս Կողմերի տեխնիկական և դերասանական անձնակազմերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելը և կեցությունը, իր տարածքում աշխատանքի թույլտվության տրամադրումը, ինչպես նաև թույլատրել Կոնվենցիայի շրջանակներում կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների արտադրության և տարածման համար անհրաժեշտ սարքավորումների ժամանակավոր ներմուծումը և վերաարտահանումը (հոդվ. 11),
- ապահովել, որ համատեղ արտադրված կինեմատոգրաֆիական ստեղծագործություններում նշվեն համաարտադրող երկրները, այդ երկրների անունները հստակ հիշատակվեն ֆիլմի տիտրերում, բոլոր հանրային և գովազդային նյութերում, ինչպես նաև այդ կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների ներկայացման ժամանակ (հոդվ. 12) և այլ պարտավորություններ:
7․ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Կոնվենցիայում հղում է կատարվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005 թվականի հոկտեմբերի 20-ի՝ «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիային, (Հայաստանի Հանրապետությունը միացել է 2007 թվականի մայիսի 27-ին (ՍԴՈ-644)) և 1992 թվականի հոկտեմբերի 2-ին ստորագրված «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» եվրոպական կոնվենցիային (Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է Ազգային ժողովի 2004 թվականի նոյեմբերի 9-ի ԱԺ Ն-150-3 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2005 թվականի ապրիլի 1-ին):
8. Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2017 թվականի հունվարի 30-ին ստորագրված՝ «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում (վերանայված) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Հ. Թովմասյան |
26 մայիսի 2020 թվականի ՍԴՈ-1541 |