Գլխավոր տեղեկություն
Համար
N 782-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.05.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 24.05.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2020 թվականի N 782-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (Խ-545-02.04.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 23

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-545-02.04.2020-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ

 

1. Նախագծով լրացվող հոդվածի 1-ին մասի համաձայն պայմանագրային պարտավորության խախտման համար անձը ենթակա չէ պատասխանատվության, եթե պարտավորությունը չկատարելը կամ անպատշաճ կատարելն անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) ազդեցության հետևանք է, եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Այս առումով պետք է նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պարտապանը պարտավորությունը չկատարելու և (կամ) անպատշաճ կատարելու համար պատասխանատու է մեղքի առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը պատասխանատվություն է կրում, եթե չապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն` տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նման հանգամանքներ չեն, մասնավորապես, պարտականությունների խախտումը պարտապանի կոնտրագենտների կողմից, շուկայում անհրաժեշտ ապրանքների կամ պարտապանի մոտ անհրաժեշտ դրամական միջոցների բացակայությունը:

 Այսինքն՝ այն կարգավորումը, համաձայն որի անձն ազատվում է պատասխանատվությունից (ընդ որում՝ անկախ այն հանգամանքից, թե նա ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտ է, թե ոչ), արդեն իսկ ամրագրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածում, ինչպես նաև բխում է այլ հոդվածների տրամաբանությունից, օրինակ՝ 372, 492, 828, 849 և այլ։

 Հարկ է նկատել նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման: Անհաղթահարելի ուժի վերաբերյալ գործող իրավակարգավորումներին անդրադառնալիս պետք է արձանագրել, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված են հանգամանքի՝ որպես անհաղթահարելի ուժ որակման, համար անհրաժեշտ չափանիշները։ Պայմանագրի կողմերն ազատ են ղեկավարվելու նշված չափանիշներով և նախատեսելու պայմանագրում այն հանգամանքները, որոնց հետագայում առաջ գալը կդիտարկվի որպես անհաղթահարելի ուժ։ Ավելի, օրենսգրքի 417-րդ հոդվածի 3-րդ մասի վերլուծությունից բխում է, որ պայմանագրով նախատեսված դեպքերում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը հնարավոր է չազատվի պատասխանատվությունից նույնիսկ այն դեպքում, երբ առկա է եղել անհաղթահարելի ուժ։ Այսինքն, օրենսգրքում առկա կարգավորումներն առավելապես դիսպոզիտիվ են և հնարավորություն են տալիս կողմերին կամքի ինքնավարության և պայմանագրի ազատության սկզբունքների հիման վրա կարգավորել միմյանց միջև ծագող պայմանագրային իրավահարաբերությունները։

 Օրենսդրական ճանապարհով անհաղթահարելի ուժի դեպքերի թվարկումը (անգամ ոչ սպառիչ) կարող է մեկնաբանվել որպես մասնավոր իրավահարաբերությունների նկատմամբ միջամտություն։ Հարկ է նկատել, որ Միջազգային առևտրային պալատի կողմից հրապարակված ձեռնարկում (ICC Force Majeure Clause) թվարկված են այն հանգամանքները, որոնք կողմերը կարող են դիտարկել որպես անհաղթահարելի ուժ և ներառել պայմանագրում (համաճարակը ևս թվարկված է դրանց շարքում)։ Թվարկված հանգամանքներն սպառիչ չեն։ Պալատը նշում է, որ թվարկված հանգամանքները չեն կարող մեխանիկորեն դիտարկվել որպես անհաղթահարելի ուժ և կողմը պիտի ապացուցի, որ հանգամանքը եղել է անկանխելի և անխուսափելի։

 Հարկ է նկատել, որ մեր դատական պրակտիկայում առկա է գործ, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը որպես անհաղթահարելի ուժ է դիտարկել բռնկված աֆրիկյան ժանտախտ հիվանդությունն այն պարագայում, որ կողմերը պայմանագրում չեն նախատեսել կարգավորումներ անհաղթահարելի ուժ դիտարկվող հանգամանքների վերաբերյալ։

 2. Նախագծով լրացվող հոդվածի 2-րդ մասով նախատեսվում են այն չափանիշները, որոնք բավարար են ազդեցությունն անհաղթահարելի ուժ որակելու համար։ Դրանք են՝ պարտապանի կամքից անկախ լինելը, անկանխելիությունը, անկանխատեսելիությունը և ուղղակի ազդեցությունը պարտավորության չկատարման վրա։ Սակայն պետք է նկատել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մի շարք հոդվածներում, օրինակ 417-րդ հոդվածում, անհաղթահարելի ուժը սահմանվում է որպես տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքներ։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն ևս ամրագրված է նույն մոտեցումը՝ տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքներ։ Ինչպես բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գործող կարգավորումներից, անհաղթահարելի ուժը՝ որպես իրավական կատեգորիա, իրենում արդեն իսկ ներառում է անկանխելիությունը և անկանխատեսելիությունը, և բնականորեն դրա մասին խոսք կարող է լինել միայն այն դեպքում, երբ դրա պատճառով պարտապանն ի վիճակի չի եղել կատարելու կամ պատշաճ կատարելու իր պարտավորությունները։

 Հարկ է ընդգծել նաև, որ Սահմանադրական դատարանն իր 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ ՍԴՈ-818 որոշման մեջ արձանագրում է, որ «…օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող ինքնաբավ լինել: Դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում այլ նաև դատական պրակտիկայում:»:

 ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է «անհաղթահարելի ուժ» կատեգորիային։ Օրինակ՝ թիվ ԵՔԴ/0595/04/08 քաղաքացիական գործով 17.04.2009 թ. կայացրած որոշմամբ անդրադարձել է վկայակոչված հոդվածի մեկնաբանությանը: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «…օրենսդիրը որպես պարտավորությունը խախտելու համար պատասխանատվության պարտադիր պայման սահմանել է պարտավորությունը խախտած անձի մեղքի առկայությունը: Նույն հոդվածի 3-րդ կետով նախատեսվել է մեղքի բացակայության պարագայում պարտավորությունը խախտած անձի պատասխանատվությունը, եթե պարտավորությունը բխում է ձեռնարկատիրական գործունեության իրականացումից: Ընդ որում, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը ենթակա չէ պատասխանատվության միայն այն դեպքում, եթե ապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն` տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով: Այդ կանոնը կիրառելի չէ, եթե օրենքով կամ պայմանագրով նախատեսվել է նույնիսկ անհաղթահարելի ուժի առկայության պայմաններում պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձի պատասխանատվություն կրելու հանգամանքը:»:

 Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումը՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ԵէԴ/0888/02/14 քաղաքացիական գործով 27.11.2015 թ. կայացրած որոշմամբ հավելել է, որ «…մեղքի՝ որպես պատասխանատվության պարտադիր պայմանի առկայության մասին կանոնը կրում է դիսպոզիտիվ բնույթ, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածում օրենսդիրը բացառություն է նախատեսել այն դեպքերի համար, երբ քաղաքացիաիրավական պատասխանատվությունը կարող է վրա հասնել անկախ մեղքի առկայությունից, դրանք են` օրենքով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերը: Օրենքով նախատեսված դեպք է, օրինակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 3-րդ կետի իրավակարգավորումը, որի մեկնաբանությունից բխում է, որ եթե անձը պարտավորությունը չի կատարել կամ անպատշաճ է կատարել ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս, ապա պատասխանատվությունը վրա է հասնում անկախ նրա մեղքի առկայությունից: Ընդ որում, օրենսդրի կողմից նման տարբերակված մոտեցում դրսևորելն արդարացված է, քանի որ ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվում է շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով և հետևաբար ենթադրվում է, որ նման դեպքերում բացասական հետևանքների համար պատասխանատվությունը պետք է իր վրա վերցնի հենց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձը: Այսինքն՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձինք` որպես գույքային հարաբերություններում սեփական ռիսկով գործող, գործարարության համապատասխան ոլորտում մասնագիտացված սուբյեկտներ, պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվության են ենթարկվում անկախ մեղքի առկայությունից: Դրա հետ մեկտեղ օրենսդիրն ընդհանուր կանոնից նախատեսել է որոշակի բացառություն, որի դեպքում պարտավորությունը խախտած ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձն ազատվում է դրա համար պատասխանատվությունից, եթե ապացուցում է, որ պարտավորության պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով:

 Միևնույն ժամանակ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձին անհաղթահարելի ուժի հիմքով պատասխանատվությունից ազատելը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, պայմանավորված է արտակարգ և անկանխելի, այսինքն՝ այնպիսի բացառիկ, անսովոր, եզակի հանգամանքների ի հայտ գալով, որոնք հաղթահարելը տվյալ պարագայում օբյեկտիվորեն անհնարին է: Ընդ որում, ի հայտ եկած հանգամանքի արտակարգ և անկանխելի լինելը յուրաքանչյուր դեպքում պետք է դիտարկել ու գնահատել կոնկրետ պարտավորության բնույթի և դրա կատարման պայմանների շրջանակներում:»:

 Ըստ էության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 3-րդ մասը որոշակի և հստակ չի սահմանում անհաղթահարելի ուժի էական հանգամանքների սպառիչ ցանկը, այլ մատնացույց է անում դրա էական հատկանիշները, որոնք պետք է առկա լինեն միաժամանակ, դրանք են՝ արտակարգ և անկանխելի լինելը: Ընդ որում, անհաղթահարելի ուժ համարվող հանգամանքների շարքին դասվում են հետևյալ խումբ իրադարձությունները՝

 1) ֆիզիկական բնույթի (երկրաշարժ, փոթորիկ, հրաբխի ժայթքում, ջրհեղեղ, երաշտ, էպիդեմիա, բնական և տեխնիկական բնույթի կատակլիզմաներ և այլն).

 2) սոցիալական բնույթի (պատերազմներ, հեղափոխություններ, հեղաշրջումներ, տեռորիստական ակտեր և այլն).

 3) իրավաբանական բնույթի (պետական իրավասու մարմնի կողմից տարբեր բնույթի սահմանափակումներ, արգելքներ սահմանելը, էմբարգո և մորատորիում հայտարարելը և այլն):

 Միջազգային առևտրային պալատի կողմից սահմանվել են ֆորս-մաժորի վերաբերյալ Տիպային վերապահումները, որոնք ընդգրկում են դեպքերի այն օրինակելի ցանկը, որոնց արդյունքում հնարավոր է այնպիսի խոչընդոտների առկայություն, որոնց հետևանքով պայմանագրի կողմերից մեկն օբյեկտիվորեն կզրկվի իր վրա դրված պարտավորությունները կատարելու հնարավորությունից:

 Անհաղթահարելի ուժի տակ պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որը ծագել է պայմանագիր կնքելուց հետո՝ անկախ պարտավոր անձի կամային վարքագծի դրսևորումներից, և տվյալ պայմաններում պարտապանի գործունեության հանդեպ բնութագրվում է որպես արտակարգ, անկանխելի և արտաքին, իր բնույթով հանգեցնում է պայմանագրային պարտավորությունների խախտման:

 Արտակարգ է համարվում այն դեպքը, իրադարձությունը, որը տեղի է ունենում անձի հսկողությունից դուրս խոչընդոտի հիման վրա, և հնարավոր չէ այն ողջամտորեն ակնկալել՝ պայմանագիր կնքելիս այն պայմանների մեջ ներառելու համար:

 Անհաղթահարելի ուժի մյուս ներհատուկ հատկանիշը հանդիսանում է անկանխելի լինելը, որը ներառում է անկանխատեսելիությունը և կանխարգելելու անհնարինությունը: Այն նշանակում է ապագայում կատարվող դեպքի ժամանակի, վայրի, բնույթի և առանձնահատկությունների վերաբերյալ կոնկրետ տեղեկատվություն ունենալու հնարավորության բացակայություն:

 Անհաղթահարելի ուժի արտաքին բնույթի տակ հասկացվում է պարտապանի գործունեության և արտակարգ ու անկանխելի դեպքի ծագման միջև պատճառահետևանքային կապի բացակայությունը: Այսինքն, անհաղթահարելի ուժի երևույթը հանդիսանում է պատասխանատու անձի գործունեության ոլորտից դուրս ընկած պատճառների արդյունք: Սակայն, պատասխանատվությունից ազատելու համար անհրաժեշտ է, որպեսզի անհաղթահարելի ուժը ոչ միայն ծագի, այլև որոշակի ազդեցություն ունենա պատասխանատու անձի գործունեության վրա, որի հետևանքով վերջինս չի ունենա օբյեկտիվ հնարավորություն պատշաճ կատարելու իր պայմանագրային պարտավորությունները:

 Հետևաբար, յուրաքանչյուր դեպք, իրադարձություն անհաղթահարելի ուժ համարվող հանգամանք դիտարկելու համար հարկ է նկատի ունենալ, որ թեև գործող օրենսդրությունը չի բացառում, օրինակ, ֆիզիկական բնույթի (էպիդեմիա) իրադարձությունների հետևանքով անհաղթահարելի ուժի առաջացման հնարավորությունը, սակայն յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դրանց առկայությունը, արտակարգ և անկանխելի լինելը և դրանց ազդեցությունը պարտավորությունների պատշաճ կատարման օբյեկտիվ հնարավորության վրա կարող է գնահատվել բացառապես վերաբերելի ապացույցների ուսումնասիրության արդյունքում, հետևաբար գտնում ենք, որ նպատակահարմար չէ օրենսգիրքն անհարկի ծանրաբեռնել տեսական դատողություններով։

 3. Նախագծով լրացվող հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի իմաստով՝ անհաղթահարելի ուժ են համարվում ռազմական գործողությունները (զինված ընդհարումները), պատերազմը (այդ թվում` քաղաքացիական), արտակարգ կամ ռազմական դրությունը կամ արտակարգ իրավիճակը, տարերային աղետը, համաճարակը կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հատկանիշներով բնորոշվող այլ իրադարձությունը:

 Ըստ էության լրացվող հոդվածի տվյալ մասը հանդիսանում է 2-րդ մասում նշված հասկացության՝ օրինակների ձևով շարադրումը, ինչը, կարծում ենք, չի տեղավորվում օրենքի շարադրման տրամաբանության մեջ։ Մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ նորմով նախատեսված իրադարձությունների ցանկն սպառիչ չէ, և ելնելով տվյալ նորմից՝ վերջին հաշվով ցանկացած իրադարձություն անհաղթահարելի ուժին վերագրելը հանգում է անհաղթահարելի ուժի պայմանների միաժամանակյա առկայությունն ապացուցելուն։ Ուստի հարց է առաջանում, թե ինչքանով է արդարացված օրենքում նման օրինակների շարադրումը։

 Այս առումով վկայակոչենք նաև միջազգային փորձից օրինակներ։ Այսպես, Ֆրանսիայի քաղաքացիական օրենսգրքի 1218-րդ հոդվածի համաձայն ֆորս-մաժորը բնորոշվում է հակիրճ՝ որպես պարտապանի վերահսկողությունից դուրս գտնվող, ողջամտորեն անկանխելի և պարտավորության կատարման վրա ազդեցություն ունեցող հանգամանք։

 Գերմանիայի քաղաքացիական օրենսգրքի 651-րդ հոդվածի համաձայն անհաղթահարելի ուժը սահմանվում է որպես կողմերի համար անկանխատեսելի հանգամանք։

 Իսպանիայի քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է ֆորս-մաժորի հետ կապված տարբեր հարաբերությունների կարգավորումներ, սակայն ֆորս-մաժորի սահմանում չի նախատեսում։

 Հունգարիայի քաղաքացիական օրենսգրքի 6:142 հոդվածի համաձայն ևս չի սահմանվում անհաղթահարելի ուժի հասկացությունը՝ փոխարենը նշվում է, որ եթե պարտավորությունը չի կատարվում պարտապանի կամքից անկախ հանգամանքներում, որոնք նա չի կարող կանխատեսել, ապա նա ազատվում է պատասխանատվությունից։

 Միջազգային պրակտիկայում ընդունված է նաև պետական մարմինների կողմից անհաղթահարելի ուժի փաստի առկայությունը հավաստող սերտիֆիկատների տրամադրումը։ Այսպես Ռուսաստանի Դաշնությունում նման սերտիֆիկատ շնորհում է ՌԴ առևտրաարդյունաբերական պալատը (այսուհետ՝ պալատ)։ Պալատը դիմումի հիման վրա և, ուսումնասիրելով պայմանագրի պայմանները, շնորհում է անհաղթահարելի ուժի առկայությունը փաստող հավաստագիր։ Նման պրակտիկա է առկա նաև Չինաստանում։ Այսպես, Միջազգային առևտրի խթանման չինական խորհրդի կողմից (CCPIT) տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվել են անհաղթահարելի ուժի առկայությունը փաստող սերտիֆիկատներ։ Անհաղթահարելի ուժի առկայության վերաբերյալ սերտիֆիկատ շնորհվում է նաև Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։ Կարևոր է նկատի ունենալ, որ պալատն ուսումնասիրում է պայմանագրում նախատեսված պայմանները։

 Հարկ է նկատել, որ համանման կարգավորում է առկա նաև «Առևտրաարդյունաբերական պալատի մասին» օրենքում, որի 6-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետի համաձայն՝ ՀՀ ԱԱՊ-ն, բացի սույն օրենքով պալատներին վերապահված գործառույթներից, իրականացնում է նաև հետևյալ գործառույթները` միջազգային առևտրային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխան վկայում է անհաղթահարելի ուժի հանգամանքները (ֆորս-մաժոր), ինչպես նաև հանրապետությունում ընդունված գործարար շրջանառության սովորույթները։ Ղեկավարվելով նշված օրենսդրական պահանջով՝ ՀՀ ԱԱՊ-ն սահմանել է անհաղթահարելի ուժի հանգամանքների հավաստագրերի տրամադրման և մերժման ընթացակարգերը։

 4. Նախագծով լրացվող հոդվածի 4-րդ մասի համաձայն պայմանագրով կարող է նախատեսվել այլ տեսակի անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով պարտավորությունների կատարման հետաձգում կամ կասեցում, դրանց կատարումից կամ պատասխանատվությունից ազատում։

 Այս կապակցությամբ պետք է նշել, որ ցանկացած պարագայում, ելնելով պայմանագրի ազատության սկզբունքից, կողմերն ազատ են սահմանելու իրենց համար անհաղթահարելի ուժ համարվող դեպքերն իրենց միջև կնքվող պայմանագրում։ Ընդ որում, իրավակիրառ պրակտիկայում դա ակտիվորեն իրականացվում է՝ կողմերը պայմանագրերում հիմնականում սահմանում են անհաղթահարելի ուժ համարվող իրադարձությունները։

 5. Նախագծով լրացվող հոդվածի 5-րդ մասի համաձայն, եթե կողմը վիճարկում է անհաղթահարելի ուժի ազդեցության փաստը, ապա վեճը լուծվում է դատական կարգով։ Ընդ որում, պարտավորությունն անհաղթահարելի ուժի ազդեցությամբ չկատարելու կամ անպատշաճ կատարելու փաստն ապացուցում է պարտապանը՝

 1) այս առումով կարծում ենք՝ տվյալ նորմի 1-ին նախադասությունն առ այն, որ կողմի կողմից անհաղթահարելի ուժի ազդեցության փաստը վիճարկելիս նա կարող է դիմել դատարան, բխում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասից, որի համաձայն յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

 Այսինքն՝ եթե կողմը վիճարկում է անհաղթահարելի ուժի կայացման փաստը, նա իրավունք ունի այդ հարցով դիմելու դատարան՝ անկախ այն հանգամանքից, դրա մասին առանձին նորմ նախատեսված է, թե ոչ։ Բացի այդ ելնելով նախագծի տրամաբանությունից՝ քաղաքացիական օրենսգրքի յուրաքանչյուր հոդվածում ամրագրելով դատական պաշտպանության իրավունքը՝ օրենսգիրքը կդառնա ծանրաբեռնված։ Որպեսզի նման ծանրաբեռնվածություն չառաջանա, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նախատեսվել է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը՝ որպես քաղաքացիական իրավունքի սկզբունք, ինչը նշանակում է, որ այն կիրառելի է բոլոր դեպքերի համար։ Հավելենք նաև, որ սկզբունքները ոչ միայն որպես քաղաքացիական իրավունքի էությունը մատնանշող առանցքային տարրեր են, այլ նաև քաղաքացիական շրջանառության մասնակիցների համար իրավունք են։ Բացի այդ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները.

 2) նույն նորմի 2-րդ նախադասության համաձայն պարտավորությունն անհաղթահարելի ուժի ազդեցությամբ չկատարելու կամ անպատշաճ կատարելու փաստն ապացուցում է պարտապանը։

 Այս կապակցությամբ հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն պարտապանը ճանաչվում է անմեղ, եթե ապացուցում է, որ ինքը պարտավորությունը պատշաճ կատարելու համար ձեռնարկել է իրենից կախված բոլոր միջոցները: Մեղքի բացակայությունն ապացուցում է պարտավորությունը խախտած անձը: Այսինքն՝ ցանկացած պարագայում կողմը, որը չի կատարել պարտավորությունը, ինքն է պարտավոր ապացուցել իր մեղքի բացակայությունը, կոնկրետ քննարկվող դեպքում՝ դրա չկատարումն անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով։

 Ուստի անկախ այն հանգամանքից՝ դրա մասին կնշվի օրենքում՝ որպես առանձին նորմ, թե ոչ, նշված կանոնը գործելու է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի ուժով։

 Ամփոփելով վերոգրյալը՝ առաջարկում ենք ձեռնպահ մնալ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխություններից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան