Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-18
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (06.12.1999-10.07.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.12.06/30(96)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.11.1999
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.12.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
9 նոյեմբերի 1999 թ.

 

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման գործունեության իրավական հիմքերը և դրա մասնակիցների իրավասությունը, ինչպես նաև կանոնակարգում է ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման և կիրառման սկզբունքները:

 

Հոդված 2.

ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

ա) ստանդարտացում` իրականում գոյություն ունեցող կամ հնարավոր խնդիրների վերաբերյալ համընդհանուր և բազմակի կիրառման դրույթների սահմանման միջոցով որոշակի բնագավառում կարգավորվածության լավագույն աստիճանին հասնելու ուղղված գործունեություն.

բ) ստանդարտացման նորմատիվ փաստաթուղթ` փաստաթուղթ, որով սահմանվում են կանոններ, ընդհանուր սկզբունքներ կամ բնութագրեր` գործունեության տարբեր ձևերի կամ դրանց արդյունքների վերաբերյալ.

գ) տեխնիկական կանոնակարգ` փաստաթուղթ, որով սահմանվում են արտադրանքի (ծառայության) կամ դրա հետ կապված արտադրման (կատարման) գործընթացների և մեթոդների վերաբերյալ տեխնիկական բնութագրեր: Այն կարող է ընդգրկել նաև տերմինաբանությանը, փաթեթավորմանը, պայմանանշաններին, արտադրանքի մակնշմանը կամ պիտակավորմանը ներկայացվող պահանջներ: Տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջները պարտադիր են.

դ) ստանդարտ` փաստաթուղթ, որով սահմանվում են գործունեության տարբեր ձևերին կամ դրանց արդյունքներին վերաբերյալ համընդհանուր և բազմակի կիրառման համար կանոններ, ընդհանուր սկզբունքներ կամ բնութագրեր` ուղղված որոշակի բնագավառում լավագույն կարգավորվածության ձեռքբերմանը, որը մշակվում է փոխհամաձայնության հիման վրա և հաստատվում` լիազորված մարմնի կողմից:

Գործողության ոլորտից և հաստատման մակարդակից կախված տարբերվում են միջազգային, տարածաշրջանային, միջպետական, ազգային և կազմակերպության ստանդարտներ.

ե) տեխնիկական պայմաններ` տեխնիկական պահանջները սահմանող փաստաթուղթ, որին պետք է համապատասխանեն որոշակի արտադրանքը, աշխատանքը (այդ թվում` գործընթացը), ծառայությունը.

զ) տեխնիկատնտեսական տեղեկատվության դասակարգիչ` փաստաթուղթ, որով սահմանվում են դասակարգման օբյեկտների ու դրանց ենթաբազմության կոդերի և անվանումների հավաքածուները.

է) ստանդարտացման ազգային մարմին` պետականորեն ճանաչված ստանդարտացման մարմին, որն իրավունք ունի ճանաչվելու որպես համապատասխան միջազգային կամ տարածաշրջանային ստանդարտացման ազգային անդամ.

ը) ստանդարտացման ազգային համակարգ` մեկ երկրի նորմատիվ փաստաթղթերով կանոնակարգված ստանդարտացման աշխատանքների կազմակերպման և վարման փոխկապակցված կանոններ և դրույթներ:

 

Հոդված 3.

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ և ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

1. Ստանդարտացման նպատակն է ապահովել`

ա) շրջակա միջավայրի, կյանքի, առողջության և գույքի պահպանման համար արտադրանքի, աշխատանքի, ծառայության անվտանգությունը.

բ) տեխնիկական և տեղեկատվական համատեղելիությունը, արտադրանքի համափոխարինելիությունը.

գ) արտադրանքի, աշխատանքի, ծառայության որակի բարձրացումը.

դ) չափումների միասնականությունը.

ե) ռեսուրսախնայողությունը.

զ) արտակարգ իրավիճակներում կառույցների և շինությունների անվտանգությունը և հուսալիությունը.

է) առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացումը.

ը) պետության պաշտպանության և մոբիլիզացիոն պատրաստականության անհրաժեշտ պայմանները:

2. Ստանդարտացման օբյեկտներն են` արտադրանքը, աշխատանքը (այդ թվում` գործընթացը) և ծառայությունը:

 

Հոդված 4.

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության ստանդարտացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 5.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 6.

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

1. Ստանդարտացման գործընթացի մասնակիցներն են` ստանդարտացման ազգային մարմինը, պետական այլ մարմինները, ինչպես նաև իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

2. Պետական այլ մարմինները ստանդարտացման գործընթացին մասնակցում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` իրենց իրավասության սահմաններում:

3. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը ստանդարտացման գործընթացում իրենց գործունեությունն իրականացնում են սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 7.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ և ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերն են`

ա) տեխնիկական կանոնակարգերը.

բ) ազգային ստանդարտները.

գ) տեխնիկական պայմանները.

դ) տեխնիկատնտեսական տեղեկատվության դասակարգիչները (այսուհետ` դասակարգիչներ).

ե) կազմակերպության ստանդարտները:

2. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերում սահմանված պահանջները պետք է հիմնված լինեն գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիայի ժամանակակից նվաճումների, միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտների, ստանդարտացման կանոնների, նորմերի և այլ պետությունների ազգային ստանդարտների վրա, հաշվի առնելով արտադրանքի օգտագործման, աշխատանքի կատարման և ծառայության մատուցման պայմանները, և չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը

 

Հոդված 8.

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերն են Հայաստանի Հանրապետության այն օրենքներն ու իրավական ակտերը, որտեղ ընդգրկված են տեխնիկական պահանջներ ստանդարտացման օբյեկտների վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան արտադրանքի (ծառայության) և դրանց հետ կապված արտադրման (կատարման) գործընթացների և մեթոդների վերաբերյալ պարտադիր պահանջներ սահմանելու իրավասություն ունեցող պետական մարմինների կողմից ընդունված գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը:

2. Տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են ազգային անվտանգությանը, ներառյալ` տնտեսական և արտադրական անվտանգությանը, բնակչության կյանքի և առողջության ապահովմանը, շրջակա միջավայրի, կենդանական և բուսական աշխարհի ու բնական ռեսուրսների պահպանմանը, արտադրանքի և ծառայության նշանակության, որակի կամ անվտանգության վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելմանն ուղղված պահանջներ:

3. Տեխնիկական կանոնակարգերը կարող են ընդգրկել տեխնիկական պահանջներ` ստանդարտի անմիջականորեն վկայակոչումով կամ այդ ստանդարտի բովանդակությունն իր մեջ ամբողջությամբ կամ մասամբ ներառումով:

4. Տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներն առևտրում չպետք է առաջացնեն տեխնիկական խոչընդոտներ:

 

Հոդված 9.

ԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ

 

1. Ազգային ստանդարտներն են`

ա) Հայաստանի Հանրապետության ստանդարտները.

բ) ստանդարտացման ազգային համակարգով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում կիրառվող միջազգային, տարածաշրջանային, միջպետական և այլ պետությունների ազգային ստանդարտները:

2. Ազգային ստանդարտներով սահմանվում են պահանջներ և նորմեր` արտադրանքի, աշխատանքի և ծառայության անվտանգության, սանիտարական վիճակի, տեխնիկական և տեղեկատվական համատեղելիության, արտադրանքի համափոխարինելիության, արտադրանքի սպասարկման (շահագործական) հիմնական բնութագրերի, փորձարկման մեթոդների, արտադրանքը փաթեթավորելու, մակնշելու, պահելու, փոխադրելու, օգտագործելու, վերականգնելու (նորոգելու) և օգտահանելու վերաբերյալ:

Ազգային ստանդարտներով սահմանվում են նաև արտադրանքի մշակման, արտադրման և օգտագործման (շահագործման) տեխնիկական փաստաթղթերի ձևակերպման, արտադրանքի, աշխատանքի և ծառայության որակի ապահովման, միջոցների օգտագործման, թույլտվածքներին և նստեցվածքներին վերաբերող պահանջներ, ինչպես նաև տերմիններ, չափագիտական և այլ կազմակերպատեխնիկական և ընդհանուր տեխնիկական կանոններ:

3. Ազգային ստանդարտների համար կիրառվում է «ՀՍՏ» դասիչը:

4. Ազգային ստանդարտների մշակումը պետք է հիմնված լինի շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության սկզբունքի վրա: Ազգային ստանդարտների մշակումը, ընդունումն ու կիրառումն իրականացվում է ստանդարտացման ազգային համակարգին համապատասխան:

5. Ազգային ստանդարտները և դրանց փոփոխությունները ենթակա են պետական գրանցման:

 

Հոդված 10.

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Տեխնիկական պայմաններն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը մշակում և հաստատում են որոշակի արտադրանքի, աշխատանքի կամ ծառայության համար:

Տեխնիկական պայմանների մշակման և և հաստատման անհրաժեշտությունը սահմանվում է ստանդարտացման ազգային համակարգի կանոններով:

2. Տեխնիկական պայմաններն ու դրանցում փոփոխությունները ենթակա են պետական գրանցման:

 

Հոդված 11.

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ

 

 1. Դասակարգիչների մշակումը, ընդունումը, վարումը և կիրառումն իրականացվում է ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված կարգով:

2. Միջազգային, միջպետական կամ այլ պետությունների դասակարգիչները կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետությունում` ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված կարգով:

3. Դասակարգիչներն ու դրանցում փոփոխությունները ենթակա են պետական գրանցման:

 

Հոդված 12.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ

 

1. Կազմակերպության ստանդարտները մշակում և հաստատում են իրավաբանական անձինք` ելնելով սույն օրենքի 3 հոդվածի պահանջների կատարման, ինչպես նաև արտադրության կազմակերպման և կատարելագործման նպատակով դրանց կիրառման անհրաժեշտությունից: Գիտատեխնիկական, ինժեներական, հասարակական և այլ կազմակերպությունների ստանդարտները մշակվում ու ընդունվում են այդ կազմակերպությունների հիմնավոր և կիրառական հետազոտությունների ու մշակումների արդյունքների և տարբեր բնագավառներում ստացված գիտելիքների տարածման ու օգտագործման հիման վրա:

Կազմակերպության ստանդարտների մշակման, հաստատման, հաշվառման, փոփոխությունների կատարման և չեղյալ հայտարարման պահանջները սահմանում են կազմակերպությունները:

2. Կազմակերպության ստանդարտները չպետք է հակասեն տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:

 

Հոդված 13.

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

1. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի (բացառությամբ տեխնիկական կանոնակարգերի) կիրառումը որոշվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից` արտադրանքի մշակման, արտադրման, իրացման, օգտագործման (շահագործման), պահման, փոխադրման, օգտահանման, ինչպես նաև աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման փուլերում:

2. Ազգային ստանդարտների կիրառումը կամավոր է:

Ազգային ստանդարտների կիրառումը դառնում է պարտադիր, եթե տեխնիկական կանոնակարգերում այդ ստանդարտները վկայակոչված են պարտադիր կիրառման համար (բացառիկ կարգավիճակ):

3. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը ներքին շուկա ապրանք կարող են ներմուծել, եթե իրենց կողմից կնքված պայմանագրերում ամրագրել են տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները:

4. Արտադրանքի կամ ծառայության արտահանման համար իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի կիրառման անհրաժեշտությունն ամրագրում են իրենց կողմից կնքված պայմանագրերում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 14.

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ և ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ, ԱԶԳԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

 

1. Մշակվող և ընդունված տեխնիկական կանոնակարգերի, ազգային ստանդարտների և դասակարգիչների, ինչպես նաև արտադրանքի և ծառայության գրանցված տեխնիկական պայմանների մասին տեղեկատվությունն ապահովում է ստանդարտացման ազգային մարմինը` իր հրատարակության միջոցով:

2. Հայաստանի Հանրապետության ստանդարտների հրատարակման իրավունքը պատկանում է ստանդարտացման ազգային մարմնին:

3. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի պահման և դրանց վերաբերյալ տեղեկատվության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ստեղծվում է ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդ, որը պարունակում է տեխնիկական կանոնակարգեր, ազգային ստանդարտներ, դասակարգիչներ, տեխնիկական պայմաններ, միջազգային, տարածաշրջանային, միջպետական և այլ պետությունների ազգային ստանդարտներ, ստանդարտացման կանոններ և այլն:

Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մասին (բացառությամբ տեխնիկական կանոնակարգերի) տեղեկատվությունը կամ փաստաթղթերի տրամադրումը իրականացվում են պայմանագրային հիմունքներով:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 15.

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման բնագավառում պետական կառավարումը իրականացնում է ստանդարտացման ազգային մարմինը:

2. Ստանդարտացման ազգային մարմինը`

ա) իրականացնում է պետական քաղաքականությունը ստանդարտացման բնագավառում.

բ) ընդունում է ազգային ստանդարտներ և դասակարգիչներ.

գ) սահմանում է ստանդարտացման աշխատանքների կատարման կազմակերպամեթոդական և ընդհանուր տեխնիկական կանոնները, ընթացակարգերը, ստանդարտացման մասնակիցների միջև փոխհարաբերությունները.

դ) սահմանում է Հայաստանի Հանրապետությունում միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտների, այլ պետությունների ազգային ստանդարտների կիրառման կարգը.

ե) մասնակցում է միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտացման աշխատանքներին.

զ) կազմակերպում է ստանդարտացման բնագավառում կադրերի մասնագիտացումը և վերապատրաստումը.

է) ապահովում է ստանդարտացման բնագավառում պաշտոնական տեղեկատվությունը և այդ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ներկայացնում է միջազգային, տարածաշրջանային կազմակերպություններին.

ը) ստեղծում և վարում է ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդը.

թ) իրականացնում է ազգային ստանդարտների և տեխնիկական պայմանների պետական գրանցումը:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 16.

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության պատվերով և Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ամենամյա ծրագրով նախատեսված ազգային ստանդարտների մշակումը.

բ) սահմանված կարգով վավերացված միջազգային համաձայնագրերով նախատեսված միջազգային, տարածաշրջանային և միջպետական ստանդարտների մշակումը կամ մասնակցությունը դրանց մշակմանը.

գ) սահմանված կարգով վավերացված միջազգային համաձայնագրերով միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտացման կազմակերպությունների աշխատանքներին մասնակցելու համար այդ կազմակերպություններին անդամավճարների մուծումը:

2. Ստանդարտացման աշխատանքների ֆինանսավորման աղբյուրներն են` ազգային ստանդարտների, դասակարգիչների իրացումից ստացված միջոցներն ու այն ազգային ստանդարտների մշակումից ստացված միջոցները, որոնց մշակումներն իրականացվում են պայմանագրային հիմունքներով և նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ամենամյա ծրագրով:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 17.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Սույն օրենքի դրույթները խախտող անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 18.

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

2. Համապատասխան տեխնիկական կանոնակարգերի բացակայության դեպքում, մինչև 2004 թվականի դեկտեմբերի 31-ը, սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին գործող նորմատիվ փաստաթղթերով սահմանված շրջակա միջավայրի, կյանքի, առողջության, գույքի պահպանման համար արտադրանքի, աշխատանքի, ծառայության անվտանգության ապահովման, փորձարկման մեթոդների, փաթեթավորման և մակնշման միակերպության վերաբերյալ պահանջները պարտադիր են պահպանման իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
3 դեկտեմբերի 1999 թ.
ՀՕ-18