Գլխավոր տեղեկություն
Համար
N 764-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.06.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.27/55(1610) Հոդ.664
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2020 թվականի N 764-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով, ինչպես նաև «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի N 17 «Անվտանգություն» հավելվածով սահմանված դրույթների համապատասխանության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N 1307-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ստեղծել ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողով` հետևյալ կազմով`

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ

Հայաստանի Հանրապետության օդանավակայանների գործադիր մարմինների ղեկավարներ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների և օդային երթևեկության կառավարման գործառույթներ իրականացնող կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարներ (համաձայնությամբ)».

2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին, 6.2-րդ, 6.3-րդ և 6.4-րդ կետերով.

«6.1. Ավիացիոն հատուկ աշխատանքներ - օդանավերի թռիչք, որի ընթացքում օդանավն օգտագործվում է մասնագիտացված ծառայություններ մատուցելու համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, շինարարությունը, նկարահանումները, գրաֆիկական լուսանկարահանումները, դիտարկումները, պարեկային, որոնման և փրկարարական աշխատանքները, օդային գովազդը և այլն:

6․2. Շահագործման մեջ գտնվող օդանավ - կայանատեղիում գտնվող օդանավ, որը գտնվում է այնպիսի հսկողության տակ, որը թույլ է տալիս հայտնաբերել տվյալ օդանավ մուտքի իրավունք չունեցող անձանց:

6․3. Շահագործման մեջ չգտնվող օդանավ - օդանավ, որը կամ կայանված է օդանավի կայանատեղիում 12 ժամից ավելի ժամկետով կամ չի գտնվում այնպիսի վերահսկողության տակ, որը թույլ է տալիս հայտնաբերել չարտոնված մուտքի հնարավորություն:

6.4. Ընդհանուր նշանակության ավիացիայի օդանավերի թռիչք - առևտրային օդային փոխադրումներից կամ թռիչքից բացի կատարվող օդանավերի թռիչք, որը կապված է ավիացիոն հատուկ աշխատանքների իրականացման հետ:».

3) հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7․ Անօրինական միջամտության գործողությունները – անօրինական գործողություններ կամ այդպիսի գործողություններ կատարելու փորձեր, որոնք վտանգ են ստեղծում քաղաքացիական ավիացիայի անվտանգության համար և ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալ գործողություններով՝

1) օդանավերի ապօրինի զավթումը.

2) շահագործման մեջ գտնվող օդանավի ոչնչացումը.

3) օդանավում կամ օդանավակայաններում պատանդների վերցնումը.

4) օդանավ, օդանավակայանի կամ աերոնավիգացիոն ծառայություններ, ծառայությունների օբյեկտներ կամ միջոցներ բռնի ներթափանցելը․

5) հանցավոր նպատակների համար նախատեսված զենքի, վտանգավոր սարքի կամ նյութերի տեղադրումն օդանավում կամ օդանավակայանում․

6) շահագործման մեջ գտնվող օդանավը մահվան, ծանր մարմնական վնասվածք հասցնելու կամ գույքին կամ շրջակա միջավայրին լուրջ վնաս հասցնելու նպատակով օգտագործելը․

7) կեղծ տեղեկությունների հաղորդումը, որը վտանգում է օդանավի անվտանգությունը գետնի վրա կամ չվերթի ընթացքում, ուղևորների, անձնակազմի, վերգետնյա անձնակազմի կամ հասարակայնության անվտանգությունն օդանավակայանում կամ քաղաքացիական ավիացիայի ծառայություններում և միջոցներում։».

4) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.7-րդ, 7.8-րդ, 7.9-րդ և 7.10-րդ կետերով.

«7.7. Մարդկային գործոնի ասպեկտները - քաղաքացիական ավիացիայի համակարգում կիրառվող սկզբունքներ, որոնք վերաբերում են նախագծմանը, վկայագրմանը, կադրերի պատրաստմանը, շահագործողական գործառնություններին, տեխնիկական սպասարկմանը և ուղղված են քաղաքացիական ավիացիայում մարդկանց ու համակարգի այլ ասպեկտների միջև անվտանգ փոխհամագործակցության ապահովմանը՝ մարդկանց կարողությունների պատշաճ հաշվառման միջոցով։

7.8. Մարդկային հնարավորությունները - մարդկային ունակությունները և դրանց հնարավորությունների սահմանները, որոնք ազդում են թռիչքի անվտանգության, ավիացիոն անվտանգության և ավիացիոն գործունեության արդյունավետության վրա:

7.9. Վարքագծի բնութագրերի բացահայտումը - ավիացիոն անվտանգության ապահովման շրջանակներում վարքագծային բնութագրման մեթոդների կիրառումը՝ ներառյալ ֆիզիոլոգիական նշանները կամ ժեստերը, որոնք ցույց են տալիս ոչ համարժեք վարքագիծն այն անձանց նույնականացման համար, ովքեր կարող են սպառնալիք ներկայացնել քաղաքացիական ավիացիայի գործունեությանը։

7.10. Բարձր ռիսկային բեռ կամ փոստ - բեռը կամ փոստը, որը ներկայացված է անհայտ կազմակերպության կողմից կամ ունի բացման նշաններ, համարվում է բարձր աստիճանի ռիսկային, եթե նշվածից բացի դրանք համապատասխանում են հետևյալ չափանիշներից որևէ մեկին՝

1) առկա է հատուկ օպերատիվ տեղեկատվություն, որ բեռը կամ փոստն սպառնալիք է ներկայացնում քաղաքացիական ավիացիայի համար.

2) բեռը կամ փոստն ունի սահմանված չափանիշներից շեղումների նշաններ, որոնք կասկածներ են առաջացնում.

3) բեռի կամ փոստի բնույթն այնպիսին է, որ միայն հիմնական անվտանգության միջոցների կիրառումը հավանական է հնարավորություն չի տա հայտնաբերելու արգելված առարկաները, որոնք կարող են սպառնալիք առաջացնել օդանավերի անվտանգության համար։

Անկախ այն բանից՝ բեռը կամ փոստն ստացվել է հայտնի կամ անհայտ առաքողներից, պետությունը, ղեկավարվելով այդպիսի առաքման վերաբերյալ հատուկ օպերատիվ տեղեկատվության արդյունքներից, կարող է այն դիտարկել որպես ռիսկի բարձր աստիճանի:».

5) հավելվածի 29-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) պատասխանատու է ազգային ծրագրի մշակման, ներդրման, իրականացման և պահպանման, ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումների կիրառման մասին որոշումների ընդունման, ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի ուսումնական ու վերապատրաստման ծրագրերի մշակման, ներդրման և իրականացման համար, ազգային ծրագրի պահանջներին համապատասխան սահմանում է ավիացիոն անվտանգության մասով հրահանգիչների սերտիֆիկացման կարգը, պատասխանատու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրի մշակման, ներդրման, իրականացման և պահպանման համար, վերահսկում է օդանավակայաններում ազգային ծրագրի դրույթների կիրառման ընթացքը, ներդրված ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետությունը և դրանց որակի ուսումնասիրման ու գնահատման համար իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրով նախատեսված՝ ավիացիոն անվտանգության համակարգի համալիր և թեմատիկ աուդիտներ, տեսչական գործառույթներ, փորձարկումներ, ուսումնասիրություններ ու դիտարկումներ և վերահսկում է տեսչական ստուգումների ընթացքում հայտնաբերված թերությունների ու անհամապատասխանությունների վերացումը, իսկ բացահայտված թերությունները սահմանված ժամկետներում չվերացնելու դեպքերում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ձեռնարկում է վարչական պատասխանատվության միջոցներ և կիրառում տուգանքներ.».

6) հավելվածի 29-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օդանավակայանների, օդանավ շահագործողների, օդային երթևեկության կառավարում իրականացնող մարմինների և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ իրականացնում է ազգային ծրագրով նախատեսված խնդիրները, ըստ անհրաժեշտության, գործնական և ժամանակակից հիմքերի հիման վրա սահմանում և իրականացնում է համապատասխան տեղեկատվության փոխանակման ընթացակարգերն օդանավակայանների կառավարիչների, օդանավ շահագործողների, օդային երթևեկության կառավարում իրականացնող մարմինների և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ, նպատակ ունենալով աջակցելու նրանց, ավիացիոն անվտանգության հետ կապված իրենց գործունեության մեջ ռիսկերի արդյունավետ գնահատման իրականացման աշխատանքներում, կատարում է քաղաքացիական ավիացիայի համակարգում վտանգի գնահատման միջոցառումներ և արդյունքների մասին համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է պետական կառավարման այն մարմիններին և կազմակերպություններին, որոնց այդ տեղեկատվությունն անհրաժեշտ է իրենց պարտականությունների կատարման բերումով, ինչպես նաև օդանավակայանների կառավարիչներին, օդանավ շահագործողներին, օդային երթևեկության կառավարում իրականացնող մարմինների և ավիացիոն գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններին, ըստ անհրաժեշտության, տրամադրում է ազգային ծրագրի համապատասխան բաժինները և պահպանում դրանց տրամադրման վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը:».

7) հավելվածի 62-րդ և 63-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«62. Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիական ավիացիայի համակարգի ավիացիոն անվտանգության ոլորտում միջազգային համագործակցությունն իրականացնում է ԻԿԱՕ-ի, Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս (ԵԿԱԿ), Եվրոկոնտրոլ միջազգային կազմակերպություններին անդամակցության աշխատանքներին, ինչպես նաև ավիացիոն ոլորտի այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում: Ավիացիոն անվտանգության ոլորտում միջազգային համագործակցությունն իրականացվում է հետևյալ հիմնական ոլորտներում՝

1) ըստ անհրաժեշտության, մասնակցում է ավիացիոն անվտանգությանն առնչվող միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանը.

2) առաջարկություններ է ներկայացնում ավիացիոն անվտանգությանն առնչվող միջազգային պայմանագրերի բարելավելման նպատակով.

3) ըստ անհրաժեշտության, մասնակցություն է ունենում ԻԿԱՕ-ի մարմինների (խորհուրդների, հանձնաժողովների, փորձագետների խմբերի) աշխատանքներին, որոնց խնդիրները ներառում են ավիացիոն անվտանգության ապահովման հարցեր.

4) ուսումնասիրում և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում ներդնում է ավիացիոն անվտանգության ոլորտում միջազգային փորձը:

63. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության հարցերով կոորդինացիոն կենտրոնը հանդիսանում է լիազոր մարմնի կենտրոնական կարգավարական ծառայությունը, որի միջոցով Հայաստանի Հանրապետությունն այլ պետություններին և ԻԿԱՕ-ին պետք է ուղարկի անօրինական միջամտության ակտերի մասին գրավոր ծանուցումները, ԻԿԱՕ «Անվտանգության ղեկավար ձեռնարկ» 8973 փաստաթղթի 42-րդ հավելվածով սահմանված ծանուցման ձևին համապատասխան:».

8) հավելվածի 64.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«64.3. Ընդհանուր օգտագործման տարածքներում հասարակական կարգը և հասարակական անվտանգությունն ապահովվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից։

Օդանավակայանների ընդհանուր օգտագործման տարածքները տարանջատվում և սահմանվում են օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագրի մաս հանդիսացող օդանավակայանի հատակագծում՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության օդանավակայանային բաժինների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:».

9) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 64.4-րդ, 64.5-րդ, 64.6-րդ, 64.7-րդ և 64.8-րդ կետերով.

«64.4. Ընդհանուր օգտագործման տարածքներում օդանավակայանի համալիրների և այլ օդանավակայանների շենքերից առնվազն 30 մետր լայնությամբ պետք է ստեղծվեն անվտանգության գոտիներ, որտեղ տրանսպորտային միջոցների կարճատև կայանումը թույլատրվում է միայն ուղևորների նստեցման/իջեցման և նրանց ուղեբեռների բարձման/բեռնաթափման համար:

64.5. Ընդհանուր օգտագործման տարածքների անվտանգության գոտիներում արգելվում է տրանսպորտային միջոցների կայանումը՝ բացառությամբ այն տրանսպորտային միջոցների, որոնք ներգրավված են օդանավակայանների, օբյեկտների, այլ ենթակառուցվածքների և ինժեներական հաղորդակցությունների պահպանման, շահագործման ու վերանորոգման աշխատանքներում: Անօրինական միջամտության գործողություններից պաշտպանելու նպատակով այդ աշխատանքները պետք է իրականացվեն օդանավակայանների ու դրանց ենթակառուցվածքների պաշտպանությունն իրականացնող ստորաբաժանումների աշխատողների հսկողության ներքո:

64.6. Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն օդանավակայանների ընդհանուր օգտագործման տարածքներում անվտանգության միջոցառումներն իրականացնում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների հետ համագործակցության պայմաններում: Ընդհանուր օգտագործման տարածքներում ապահովվող անվտանգության միջոցառումները պետք է իրականացվեն իրավասու մարմինների կողմից կատարված ռիսկերի գնահատման արդյունքներին համապատասխան և ուղղված լինեն ռիսկի նվազեցմանն ու անօրինական միջամտության հնարավոր գործողությունների կանխմանը՝ օդանավակայաններում ուղևորների և այցելուների նկատմամբ հսկողության և դիտարկումների, օդանավակայանների ընդհանուր օգտագործման և հարակից տարածքներում՝ ներառյալ օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների վերահսկողության տակ չգտնվող տարածքներում պարեկության, օդանավակայանային համալիրների մուտքերի մոտ անձանց և նրանց հետ եղած իրերի զննման իրականացման միջոցով:

64.7. Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից օդանավակայանների ընդհանուր օգտագործման տարածքներում քաղաքացիների անվտանգությունը և հասարակական կարգի պահպանությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերի պահանջներին համապատասխան և իրավասու են օդանավակայանների ընդհանուր օգտագործման տարածքներում իրականացնել քաղաքացիների անձնական խուզարկություններ, նրանց մոտ գտնվող առարկաների իրերի զննումներ, ինչպես նաև նրանց տրանսպորտային միջոցների զննումներ այն դեպքերում, երբ կան հավաստի տվյալներ կամ հիմնավոր կասկածներ այն մասին, որ այդ քաղաքացիներն իրենց մոտ ունեն զենք, փամփուշտներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքավորումներ, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեգործուն) նյութեր, դրանց պրեկուրսորներ, խիստ ներգործող, թունավոր կամ ռադիոակտիվ նյութեր:

64.8. Օդանավակայանների ընդհանուր օգտագործման տարածքներում Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները նշված առարկաները, իրերը և նյութերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերցնում կամ առգրավում են, եթե բացակայում են դրանք կրելու և պահելու օրինական հիմքերը:».

10) հավելվածի 85.1-ին և 85.2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«85.1. Հաշվի առնելով քաղաքացիական ավիացիայի գործունեության յուրահատուկ բնույթը և հնարավոր սպառնալիքները` օդանավակայանների գործադիր մարմինները, նախքան անձանց օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի թույլտվության անցագրի տրամադրումը, թեկնածուի համաձայնությամբ, պետք է համապատասխան լիազոր մարմինների միջոցով իրականացնեն թեկնածուների կենսագրության և նախապատմության ուսումնասիրություններ՝ անձի ինքնության և նրա նախապատմության հաստատման համար, այդ թվում՝ ապահովեն նաև քրեական պատասխանատվության ենթարկման մասին տեղեկությունների ստուգում: Այդպիսի ստուգումները պետք է իրականացվեն շարունակական հիմունքներով, որպեսզի համոզվեն, որ տվյալ անձը համապատասխանում է պահանջվող չափանիշներին։ Անվտանգության ապահովման նպատակներից ելնելով՝ տվյալների ստուգումը պետք է իրականացվի յուրաքանչյուր անգամ, երբ տվյալ անձն օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի թույլտվություն է ստանում։

Ստուգումների բացասական արդյունքների դեպքերում անձանց՝ օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի անցագիր չի տրամադրվում:

Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի անցագրեր չեն տրամադրվում նաև այնպիսի անձանց, որոնք ունեն օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ), հոգեկան խանգարումներ, շիզոֆրենիա, տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ, մտավոր հետամնացություն, հոգեկան և վարքային խանգարումներ, որոնք կարող են առաջանալ հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով, տառապում են թմրամոլությամբ, օգտագործել կամ օգտագործում են թմրանյութեր և քիմիական նյութեր կամ գրանցված են նարկոլոգիական դիսպանսերում:

85.2. Նախապատմության ուսումնասիրությունները պետք է պարունակեն հետևյալ ընդհանուր չափանիշները`

1) թեկնածուի (դիմողի) ինքնության ճշտում և օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման աշխատելու կարողության ստուգումը.

2) նախորդ 5 տարիների ընթացքում թեկնածուի բնակվելու վայրի, աշխատանքի կամ ուսման վայրի տվյալների ստուգումը.

3) նախորդ հինգ տարիների ընթացքում աշխատանքային գործունեությունը, այդ թվում՝ աշխատաժամանակի մեկ ամսվանից ավելի ժամանակահատվածի ընդհատումների ստուգումը.

4) թեկնածուի բնակության վայրի, ընտանեկան դրության, դատվածության կամ քրեական պատասխանատվության մասին տեղեկությունների ստուգումը: Նախապատմության ուսումնասիրությունները պետք է կրկնվեն 5 տարին չգերազանցող կանոնավոր ժամանակահատվածներում:

Պետք է իրականացվեն նաև օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի թույլտվության համար դիմած օտարերկրյա քաղաքացիների նախապատմության ստուգումներ, որը պետք է պարունակի օտարերկրացու դատվածության կամ քրեական պատասխանատվության մասին տեղեկությունների ստուգումները:

Զննող օպերատորների, հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի հսկողություն, անցագրերի նույնականացում, օդանավերի զննումներ, անցագրերի պատրաստման և տրման գործառույթներ, ավիացիոն անվտանգության ծառայության ղեկավարների գործառույթներ իրականացնող անձանց նախապատմության ստուգումները բացի սույն կետում նշված պայմաններից, պետք է իրականացվեն նաև ահաբեկչական խմբավորումների, նրանց հետ կապի կամ մասնակցության վերաբերյալ տվյալների ստուգումներ։».

11) հավելվածի «VI. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ, ՕԴԱՆԱՎԵՐԻ, ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «10. ԿԻԲԵՐՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ» բաժնով.

«102.7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի օգտագործվող տեղեկատվական տեխնոլոգիաները և ծրագրային համակարգերը քաղաքացիական ավիացիայի արդյունավետ կառավարման, ավիացիոն անվտանգության ապահովման և անխափան արտադրական գործունեության ապահովման անբաժանելի մասն են կազմում։

102.8. Քաղաքացիական ավիացիայի արդյունավետ, անվտանգ և հուսալի շահագործումը մեծապես կախված է ավիացիոն տեղեկատվական համակարգերի անվտանգությունից և քաղաքացիական ավիացիայի ոլորտում օգտագործվող տվյալների փոխանցման ուղիների պաշտպանությունից: Կիբերհանցագործությունների պայմաններում ավիացիոն համակարգերի անվտանգությունն ու հուսալիությունն ապահովվում են՝ հաշվի առնելով ռիսկերի գնահատման արդյունքների հիման վրա սահմանված և քաղաքացիական ավիացիայի ոլորտում օգտագործվող կարևորագույն ծրագրային, տեղեկատվական, հաղորդակցման և տվյալների փոխանցման համակարգերի գաղտնիության, ամբողջականության և հասանելիության պաշտպանության միջոցները:

102.9. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում տեղեկատվական համակարգը համարվում է հույժ կարևորության, եթե այն պարունակում է, կամ այդ համակարգում օգտագործվում են գաղտնի կամ անձնական տվյալներ և (կամ) ակտիվներ, կամ առանց դրանց անհնար է անվտանգ թռիչքների իրականացումը և ավիացիոն գործունեության կազմակերպումը։ Բոլոր հույժ կարևորության տեղեկատվական համակարգերը պետք է դասակարգվեն որակի հսկողության միջոցառումների արդյունքների հիման վրա։

102.10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունները՝ օդանավակայանները, օդանավ շահագործողները, օդային երթևեկության կառավարում իրականացնող ծառայությունները, կապի, վերգետնյա սպասարկումներ, օդանավերի տեխնիկական սպասարկումներ, հեռակառավարվող թռչող սարքերի ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է ունենան լրացուցիչ ծրագրային ապահովում և սարքավորումներ՝ հույժ կարևորություն ունեցող տեղեկատվության համակարգերի և դրանց տվյալների պաշտպանության համար։

102.11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի հույժ կարևորություն ունեցող տեղեկատվության համակարգեր են հանդիսանում՝

1) այն համակարգերն ու տվյալները, որոնք սահմանվել են հույժ կարևորություն ունեցող՝ թռիչքների անվտանգության տեսանկյունից, դրանք են՝

ա. օդային երթևեկության կառավարման համակարգերը,

բ. թռիչքների հսկողության համակարգերը,

գ. կապը, օդային երթևեկության սպասարկումը և օդանավի թռիչքների անվտանգության բորտային համակարգերը,

դ. հրամանատարական, վերահսկողական համակարգերը և օդանավերի մեկնման աշխատանքներն ապահովող համակարգերը.

2) ավիացիոն անվտանգության տեսանկյունից հույժ կարևորություն ունեցող տեղեկատվության համակարգերին դասված համակարգերն ու տվյալները՝

ա. զննման կամ պայթուցիկ նյութեր հայտնաբերող համակարգերը,

բ. ուղևորների ուղեբեռի պատկանելությունը սահմանող համակարգերը,

գ. տեսահսկման համակարգերը,

դ. մուտքերի հսկման և պահպանության ազդանշանային համակարգերը,

ե. անցագրերի տվյալների բազաները.

3) ընթացակարգերի պարզեցման տեսանկյունից հույժ կարևորության տեղեկատվության համակարգերին դասված համակարգերն ու տվյալներ են՝

ա. օդանավ շահագործողների կողմից օգտագործվող ուղևորների ամրագրման և հաշվառման համակարգերը, հաշվառված ուղևորների ցուցակները,

բ. ուղեբեռի մշակման (բեռնման/բեռնաթափման) և դրանց վերահսկման համակարգերը,

գ. բեռների մշակման (բեռնման/բեռնաթափման) և դրանց վերահսկման համակարգերը,

դ. սահմանային և մաքսային հսկողության համակարգերը,

ե. թռիչքների վերաբերյալ հանրային տեղեկատվության տրամադրման համակարգերը։

102.12. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունները (օդանավակայանները, օդանավ շահագործողները, օդային երթևեկության կառավարում իրականացնող ծառայությունները և այլն) հույժ կարևոր տեղեկատվության պաշտպանությունը կազմակերպում են տեղեկատվական տեխնոլոգիաների պաշտպանության ստորաբաժանման միջոցով՝ համագործակցելով քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմնի և պետական կառավարման այլ մարմինների համապատասխան ստորաբաժանումների հետ։

102.13․ Հույժ կարևոր տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունների կողմից տրամադրվում է միայն այն անձանց, որոնց այն անհրաժեշտ է ծառայողական պարտականություններից ելնելով:

102.14․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպություններն անօրինական մուտքերից և կիբերվտանգներից տեղեկատվության պաշտպանությունը կազմակերպում են ռիսկերի գնահատման արդյունքների հիման վրա, որն իրականացվում է յուրաքանչյուր հույժ կարևորություն ունեցող ավիացիոն համակարգի համար ընդհանուր սպառնալիքների, հարձակման միջոցների, հայտնի խոցելի տեղամասերի գնահատման և վերլուծության արդյունքներով։

102.15․ Սպառնալիքների գնահատման միջոցառումներն իրականացվում են լիազոր մարմնի, օդանավակայանների, օդանավ շահագործողների, օդային երթևեկության կառավարում իրականացնող ծառայությունների և այլ ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից։».

12) հավելվածի 103-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«103. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռների, փոստի, օդանավային պիտույքների, օդանավերի անձնակազմերի անդամների, նրանց ձեռքի իրերի, օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող անձանց, նրանց ձեռքի իրերի և նշված գոտիներ մուտք գործող տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողությունը պարտադիր է ու նպատակ ունի կանխելու զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ, ռադիոակտիվ նյութերի, հեղուկների, գելերի և աերոզոլների փոխադրումն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավեր:

Ուղևորների մոտ, ինչպես նաև նրանց ձեռքի իրերում պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքավորումների հայտնաբերման նպատակով օգտագործվում են զննման այնպիսի մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս բացահայտելու ուղևորների մոտ և նրանց ձեռքի իրերում պայթուցիկ նյութերը և պայթուցիկ սարքավորումները։ Եթե այդ մեթոդները շարունակական հիմունքներով չեն կիրառվում, ապա դրանք օգտագործվում են անկանխատեսելիության հիմքով:

 Ուղևորների և նրանց ձեռքի իրերի զննում իրականացվում է՝

1) ձեռքով զննման միջոցով.

2) մետաղափնտրիչ կամրջակների և ձեռքի մետաղափնտրիչների միջոցով.

3) ուղևորների ձեռքի իրերի և ուղեբեռի զննման ռենտգենային սարքավորումների միջոցով.

4) պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումների օգտագործմամբ.

5) ուղևորների մարմնի ամբողջական զննման սկաների միջոցով.

6) ընտրական զննման ընթացակարգերի իրականացման միջոցով:

Ուղևորների զննումների հետ կապված ընթացակարգերի պարզեցման նպատակով օդանավակայաններում կարող են նվազագույնի հասցվել ուղևորների ձեռքով զննման միջոցները, սակայն այդ դեպքերում ուղևորների մոտ և նրանց ձեռքի իրերում պայթուցիկ նյութերը և պայթուցիկ սարքավորումները հայտնաբերելու նպատակով պետք է օգտագործվեն զննման ժամանակակից և նորագույն սարքավորումներ, լավ պատրաստված ու որակավորված անձնակազմ, ինչպես նաև, հաշվի առնելով ռիսկի գնահատման արդյունքները, պետք է իրականացվեն նաև ուղևորների, նրանց ձեռքի իրերի ընտրական զննում, ուղևորների և նրանց ձեռքի իրերի կրկնակի զննումներ:».

13) հավելվածի 107-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«107. Օդանավով փոխադրման համար արգելված բոլոր առարկաներն ու իրերը, որոնք հայտնաբերվում են ուղևորի ձեռքի իրերում զննման ընթացքում և չեն թույլատրվում փոխադրման օդանավի ուղևորասրահներում, կարող են ընդունվել փոխադրման ուղևորի ուղեբեռում, եթե դրանք վտանգ չեն ներկայացնում օդանավի համար: Այդպիսի առարկաների և իրերի հետ պետք է վարվել հետևյալ կերպ՝

1) նախքան ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի հաշվառումը, այդպիսի առարկաները տեղադրել փոխադրման հանձնվող ուղեբեռում, եթե դրանք օդանավի թռիչքի համար վտանգ չեն ներկայացնում.

2) արգելել դրանց փոխադրումը և վերցնել դրանք՝ հետագայում խոտանման կամ ոչնչացման համար.

3) արգելել դրանց փոխադրումը և արգելված իրերն ու առարկաները հանձնել պահպանության օդանավակայանի կամ օդանավ շահագործողի նմանատիպ իրերի կամ առարկաների համար նախատեսված պահասենյակ՝ հետագայում ուղևորին վերադարձնելու համար՝ կազմելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 944-Ն որոշման հավելվածի N 3 ձևի արձանագրություն.

4) արգելել դրանց փոխադրումն օդանավի ուղևորասրահ և դրանք ուղևորի կողմից պատշաճ փաթեթավորվելուց հետո հանձնել օդանավ շահագործողին՝ որպես ուղեբեռ օդանավի բեռնախցում փոխադրման ընդունելու և ավիատոմսում նշված վայրէջքի օդանավակայանում ուղևորին վերադարձնելու համար:

Զննման ընթացքում ուղևորների մոտ, նրանց ձեռքի իրերում կամ ուղեբեռում հայտնաբերված հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ փոխադրման համար արգելված այնպիսի վտանգավոր առարկաների հայտնաբերման դեպքում, որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է քրեական պատասխանատվություն, անմիջապես տեղեկացվում է ոստիկանության մարմիններին, իսկ վերցված արգելված առարկաներն ուղևորի և կազմված արձանագրության հետ միասին հանձնվում են ոստիկանությանը:».

14) հավելվածի 119-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«119. Օդանավով առևտրային փոխադրումների իրականացման ընթացքում փոխադրման ենթակա բորտսնունդը և հարակից նյութերը, օդանավային պիտույքները, օդանավ շահագործողի տարբեր պահուստները և պարագաներն անվտանգության ապահովման նպատակով պետք է գտնվեն պատշաճ վերահսկողության տակ, որը պետք է ներառի դրանց մատակարարման շղթայի անվտանգության ապահովումը կամ դրանց նկատմամբ զննման ընթացակարգերի կիրառումը և դրանց հետագա պահպանությունը՝ մինչև օդանավ բարձելը:

 Օդանավակայանների կառավարիչները պետք է ապահովեն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և առևտրային փոխադրումներ իրականացնող օդանավեր տարվող բորտսննդի և հարակից նյութերի, օդանավային պիտույքների, օդանավ շահագործողի տարբեր պահուստների և պարագաների ավիացիոն անվտանգության հսկողության` զննման իրականացումը, կանխելու համար դրանց միջոցով զենքի, պայթուցիկ նյութերի և սարքավորումների, թունավոր, դյուրավառ, ռադիոակտիվ նյութերի և այլ վտանգավոր առարկաների օդանավ փոխադրումը:

Բորտսննդից և հարակից նյութերից, օդանավային պիտույքներից, օդանավ շահագործողի տարբեր պահուստներից և պարագաներից բացի զննման պետք է ենթարկվեն նաև օդանավերի մաքրման համար օգտագործվող նյութերը և սարքավորումները, սննդամթերքի տարաները, սննդի փաթեթները, խմիչքները, ամենօրյա օգտագործման համար նախատեսված և օդանավ տարվող պարագաները՝ թերթերը, ականջակալները, օճառը, բարձերը, վերմակները, օդանավի սանհանգույցում օգտագործվող կենցաղային պարագաները, նվերները, գովազդային նյութերը, ճանապարհային հավաքածուները, օդանավի ուղևորասրահներում վաճառվող իրերը, օդանավում օգտագործման համար նախատեսված ցանկացած այլ առարկաներ և իրեր։

Oդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և առևտրային փոխադրումներ իրականացնող օդանավեր տարվող բորտսննդի և հարակից նյութերի, օդանավային պիտույքների, օդանավ շահագործողի տարբեր պահուստների և պարագաների մատակարարման շղթայի անվտանգությունը պետք է ապահովվի դրանց տեղափոխման ամբողջ ընթացքում՝ օբյեկտից մինչև օդանավ։

Բորտսնունդ և հարակից նյութեր, օդանավային պիտույքներ, օդանավ շահագործողի տարբեր պահուստներ և պարագաներ մատակարարող կազմակերպությունների տրանսպորտային միջոցները պետք է մշտապես գտնվեն հսկողության տակ, իսկ, մինչև տրանսպորտային միջոց փոխադրման ենթակա նյութերի բարձումը, այդ տրանսպորտային միջոցների բեռնային խցիկը պետք է ենթարկվի դիտողական զննման, իսկ օդանավի մոտ նախքան բորտսնունդ օդանավ հանձնում/ընդունումը՝ ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողի կողմից պետք է ստուգվեն նաև բորտսննդի ուղեկցող փաստաթղթերում գրանցված պիտակների համարանիշների տվյալները և տարաներին փակցված անվտանգության պիտակների համարանիշների տվյալները։

Բորտսնունդ և հարակից նյութեր, օդանավային պիտույքներ, օդանավ շահագործողի տարբեր պահուստներ և պարագաներ մատակարարող կազմակերպությունների տրանսպորտային միջոցների բեռնային խցիկները փոխադրման ընթացքում անօրինական մուտքերից պաշտպանելու նպատակով պետք է լինեն փակ վիճակում և կնքված, իսկ դրանց վնասման կամ անօրինական մուտքերի (բացելու) հետքերի հայտնաբերման դեպքերում դրա մասին պետք է տեղեկացվի մատակարարող կազմակերպությանը, օդանավ շահագործողին կամ օդանավակայանի կառավարչին, իսկ փոխադրվող բորտսնունդը և հարակից նյութերը, օդանավային պիտույքները, օդանավ շահագործողի տարբեր պահուստները և պարագաները պետք է դիտվեն որպես ոչ հուսալի, և արգելվի դրանց փոխադրումը կամ դրանք պետք է հաստատված ընթացակարգերով ենթարկվեն զննման, որպեսզի համոզվեն դրանցում արգելված առարկաների բացակայության մասին։».

15) հավելվածի ամբողջ տեքստում «գլխավոր վարչություն» բառերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով.

16) հավելվածի ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 19

Երևան