ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
19 մայիսի 2020 թ. |
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Ա. Ղազարյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի հոկտեմբերի 28-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր՝ 2020 թվականի փետրվարի 20-ի N 176-Ա որոշմամբ 2019 թվականի հոկտեմբերի 28-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի մարտի 3-ին:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2020 թվականի մարտի 3-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 28-ին Երևանում:
«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2013 թվականի ապրիլի 19-ին և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել Ազգային Ժողովի 2013 թվականի նոյեմբերի 11-ի ԱԺՈ-091-Ն որոշմամբ (ՍԴՈ-1113)։
Արձանագրության նպատակն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ Համաձայնագրի կիրարկումը դյուրացնելու համար:
Արձանագրությամբ սահմանվում են ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում, Հայաստանի Հանրապետության կամ Եվրոպական միության անդամ որևէ պետության տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու, կամ բնակվելու համար անհրաժեշտ պահանջները: Արձանագրությամբ կողմերը պայմանավորվում են Համաձայնագրի և Արձանագրության կիրարկման համար պատասխանատու իրավասու մարմինների, սահմանային անցակետերի, հետընդունման և տարանցման դիմումների ընդունման և դրանց ընթացք տալու, հետընդունման ենթակա անձի փոխադրման և ուղեկցման կարգի և հետընդունման կամ տարանցման հետ կապված ծախսերի մասին:
Արձանագրությունը բաղկացած է նախաբանից, 15 հոդվածներից և Հավելվածից:
2. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության սկզբունքով ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- դիվանագիտական ուղիներով բուլղարական կողմին անմիջապես ծանուցել իրավասու մարմինների և կապի իր տվյալներին վերաբերող ցանկացած փոփոխության, ինչպես նաև իր սահմանային անցակետերի փոփոխության մասին (1-ին և 2-րդ հոդվածների 3-րդ կետեր),
- հետընդունման դիմումը կամ հետընդունման դիմումի վերաբերյալ պատասխանն իր իրավասու մարմնի միջոցով մյուս կողմի իրավասու մարմնին ներկայացնել Համաձայնագրի 11-րդ հոդվածով սահմանված ժամկետներում, գրավոր ձևակերպված, հաղորդակցման ցանկացած՝ այդ թվում՝ Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի միջոցով (3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետեր),
- ապահովել, որ հետընդունման դիմումի կամ հետընդունման դիմումի վերաբերյալ իր պատասխանի մեջ առկա անձնական տվյալների մշակումը կատարվի Համաձայնագրի 17-րդ հոդվածի դրույթներին համապատասխան (3-րդ հոդվածի 3-րդ կետ),
- եթե հայցող բուլղարական կողմը չի կարող ներկայացնել Համաձայնագրի 1-ին կամ 2-րդ հավելվածներում թվարկված փաստաթղթերից որևէ մեկը, ապահովել, որ բուլղարական կողմի խնդրանքով Բուլղարիայում ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների լիազորված ներկայացուցիչները հարցազրույց անցկացնեն հետընդունման դիմումի մեջ ընդգրկված՝ հետընդունման ենթակա անձի հետ Համաձայնագրի 9-րդ հոդվածի 3-րդ կետում սահմանված ժամկետներում և հարցազրույցի արդյունքների մասին հնարավորինս կարճ ժամկետում, սակայն հարցազրույց անցկացնելու խնդրանք պարունակող հետընդունման դիմումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 (տասը) օրացուցային օրվա ընթացքում տեղեկացնել հայցող կողմին (5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետեր),
- եթե հարցազրույցի արդյունքում հնարավոր չի լինում հաստատել հետընդունման ենթակա անձի քաղաքացիությունը, ապա որպես հայցվող կողմ` հարցազրույցի արդյունքները հայցող բուլղարական կողմին ներկայացնել հետընդունման դիմումի վերաբերյալ որոշման հետ միասին, իսկ եթե համապատասխան անձը չի ներկայանում հարցազրույցին, ապա տեղեկացնել տվյալ իրավիճակի պատճառների մասին և բուլղարական կողմի հետ սահմանել նոր ժամանակահատված (5-րդ հոդվածի 3-րդ կետ),
- Համաձայնագրի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավոր կազմված տարանցման դիմումը բուլղարական կողմի իրավասու մարմնին ներկայացնել հաղորդակցության ցանկացած, այդ թվում՝ Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի միջոցով, նախատեսված տարանցումից առնվազն 7 (յոթ) օրացուցային օր առաջ, ինչպես նաև ապահովել, որ Համաձայնագրի 15-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված տվյալներից բացի, տարանցման դիմումը պարունակի նաև երաշխիք առ այն, որ անձը ընդունվում է վերջնական նպատակակետ հանդիսացող պետության կողմից (6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետեր),
- որպես հայցվող կողմ` տարանցման դիմումի պատասխանը հայցող բուլղարական կողմի իրավասու մարմնին ներկայացնել Համաձայնագրի 15-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված ժամկետներում (6-րդ հոդվածի 3-րդ կետ),
- եթե տարանցումը հետաձգվել է որևէ իրավական կամ գործնական խոչընդոտի պատճառով, անմիջապես, սակայն ոչ ուշ, քան տարանցումից 1 (մեկ) օր առաջ բուլղարական կողմի իրավասու մարմնին տեղեկացնել խոչընդոտների մասին և նշել տարանցման համար նախատեսված ժամը և վայրը (6-րդ հոդվածի 5-րդ կետ),
- ապահովել, որ տարանցման դիմումի և պատասխանի մեջ ներառված անձնական տվյալների մշակումը կատարվի Համաձայնագրի 17-րդ հոդվածի դրույթների համաձայն (6-րդ հոդվածի 6-րդ կետ),
- որպես հայցող կողմ` Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի միջոցով հայցվող բուլղարական կողմին տեղեկացնել անձի փոխադրման եղանակների և տրանսպորտային միջոցների մասին, ինչպես նաև որպես հայցվող կողմ՝ հնարավորինս կարճ ժամկետում, սակայն փոխադրման վերաբերյալ տեղեկությունն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 4 աշխատանքային օրվա ընթացքում փոխադրման եղանակների ընդունելի լինելու մասին տեղեկացնել մյուս կողմին (7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետեր),
- եթե փոխադրումը հետաձգվել է որևէ իրավական կամ գործնական խոչընդոտի պատճառով, ապա մյուս կողմին տեղեկացնել խոչընդոտների մասին և նշել փոխադրման նախատեսված ժամը և վայրը (7-րդ հոդվածի 3-րդ կետ),
- սխալմամբ կատարված հետընդունման դեպքում Համաձայնագրի 13-րդ հոդվածում սահմանված ժամկետում և պայմաններով վերադարձնել հետընդունված անձին, իսկ որպես հայցվող կողմ հանդես գալու դեպքում՝ մյուս կողմին վերադարձնել ներկայացված բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև անմիջապես ջնջել այն տվյալներն ու փաստաթղթերը, որոնց փոխանցումը կատարվել է էլեկտրոնային եղանակով (8-րդ հոդված),
- այն դեպքում, երբ հետընդունման կամ տարանցման ընթացքի մեջ գտնվող անձը պետք է ուղեկցվի, ապա ծանուցման մեջ ներկայացնել տեղեկություններ ուղեկցող(ներ)ի վերաբերյալ. անուն և ազգանուն, ուղեկցողների պաշտոնները, անձնագրերի տեսակները, դրանց համարը և տրման ամսաթիվը, թռիչքի համարը, ժամանման և մեկնման օրը և ժամը, իսկ ուղեկցողների տվյալների որևէ փոփոխության դեպքում` անմիջապես տեղեկացնել հայցվող բուլղարական կողմի իրավասու մարմիններին (9-րդ հոդվածի 1-ին կետ),
- ապահովել, որ ուղեկցողները կրեն իրենց անձը հաստատող փաստաթղթերը, հետընդունումը և տարանցումը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև հետընդունման կամ տարանցման ենթակա անձի ճամփորդական փաստաթուղթը և այլ պահանջվող վկայականներ կամ տվյալներ (9-րդ հոդվածի 4-րդ կետ),
- ուղեկցողներին տրամադրել անհրաժեշտ աջակցություն (9-րդ հոդվածի 5-րդ կետ),
- որպես հայցող կողմ` ծախսերը հաստատող փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ վաթսուն (60) աշխատանքային օրվա ընթացքում, եվրոյով փոխհատուցել հայցվող բուլղարական կողմի ծախսերը` հետընդունման կամ տարանցման հետ կապված, որոնք, Համաձայնագրի 16-րդ հոդվածի համաձայն, որպես հայցող կողմ հանդես գալու պարագայում պետք է հոգա հայկական կողմը (10-րդ հոդված),
- հետընդունման և տարանցման դիմումները, ինչպես նաև դրանց պատասխանները, նամակագրությունը և Արձանագրության կիրարկման հետ կապված՝ հայկական և բուլղարական կողմերի իրավասու մարմինների միջև խորհրդակցությունները կատարել անգլերենով (11-րդ հոդված),
- Համաձայնագրի և Արձանագրության կիրարկման հետ կապված հարցերով փորձագետների մակարդակով անցկացնել խորհրդակցություններ, իսկ եթե այդ մակարդակով հնարավոր չէ հասնել համաձայնության, ապա հանդիպումն անցկացնել նախարարների մակարդակով (12-րդ հոդված):
3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2019 թվականի հոկտեմբերի 28-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Հ. Թովմասյան |
19 մայիսի 2020 թվականի ՍԴՈ-1533 |