Գլխավոր տեղեկություն
Համար
N 755-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.05.2020-01.08.2023)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.20/53(1608) Հոդ.636
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2020 թվականի N 755-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1321-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին» N 1321-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 4-րդ կետի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Սույն կետի կիրառման նպատակով հիմք է ընդունվում իրավասու պետական մարմնի կողմից հրապարակված՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների (համայնքների), իսկ բազմաբնակավայր համայնքի դեպքում` բնակավայրերի միջև հեռավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը:».

2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6. Շահառուին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրվում է շահառուի ծառայության վայրի զորամասի հրամանատարի հրամանով՝ սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերի հիման վրա: Շահառուի կողմից բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունքի՝ սույն կարգի պահանջներին համապատասխանությունը ստուգելու և ներկայացված փաստաթղթերի հիման վրա վարձակալության գործ կազմելու համար զորամասի հրամանատարի կողմից նշանակվում է պատասխանատու պաշտոնատար անձ (անձինք): Սույն կետի և սույն կարգի կիրառման իմաստով որպես զորամասի հրամանատար հանդես են գալիս նաև Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ համապատասխանաբար Պաշտպանության նախարարությունում կամ գլխավոր շտաբում ծառայություն անցնող կամ Պաշտպանության նախարարության կամ գլխավոր շտաբի կադրային մարմնի տրամադրության տակ գտնվող շահառուների մասով: Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված մյուս պետական մարմիններում սույն կետի և սույն կարգի կիրառման իմաստով որպես զորամասի հրամանատար հանդես է գալիս համապատասխան մարմնի ղեկավարը կամ համապատասխան մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձը:».

3) ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետը.

4) 8-րդ կետում «Հանձնաժողովի կողմից բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ եզրակացություն տալու ժամանակ» բառերը փոխարինել «Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական» բառերով.

5) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու նպատակով շահառուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում՝ հասցեագրված զորամասի հրամանատարին.

2) տվյալ զորամասում (ստորաբաժանումում) ծառայության նշանակվելու (կադրերի տրամադրության տակ թողնվելու) մասին հրամանի պատճենը.

3) շահառուի և վարձակալված բնակելի տարածությունում նրա հետ համատեղ բնակվող չափահաս անձանց անձնագրերի պատճենները՝ հաշվառման էջով, ամուսնության վկայականի և անչափահաս անձանց ծննդյան վկայականների պատճենները, իսկ անձնագրի փոխարեն նույնականացման քարտ ներկայացվելու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից տրված տեղեկանք անձի հաշվառման մասին.

4) սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված՝ վարձակալված բնակելի տարածությունում շահառուի հետ համատեղ բնակվող անձանց առկայության դեպքում՝ անգործունակությունը կամ ուսումնառությունը կամ հաշմանդամությունը հաստատող փաստաթղթի պատճենը.

5) Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից տրված տեղեկանք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում շահառուի և նրա հետ համատեղ բնակվող չափահաս անձանց սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու մասին.

6) նոտարական կարգով հաստատված կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ նախատեսված օրինակելի ձևով կնքված բնակելի տարածության վարձակալության մասին պայմանագրի պատճենը:».

6) 10-րդ կետում «7» թիվը փոխարինել «5» թվով.

7) 11-րդ կետի երրորդ նախադասությունում «7» թիվը փոխարինել «6» թվով.

8) 12-րդ կետում՝

ա. «վճարվում է» բառերից հետո լրացնել «նոտարական կարգով հաստատված կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ նախատեսված օրինակելի ձևով կնքված պայմանագրում նշված օրվանից, սակայն ոչ ավելի, քան» բառերով,

բ. «հանձնաժողովում» բառը փոխարինել «զորամասում» բառով,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝

«Սույն կետի համաձայն բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում վճարելու հրամանը զորամասի հրամանատարի կողմից տրվում է սույն կարգով սահմանված պահանջները բավարարող շահառուի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը զորամասում մուտքագրվելու օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում:».

9) 13-րդ կետում՝

ա. առաջին նախադասությունում «հանձնաժողովի» բառը փոխարինել «զորամասի հրամանատարի» բառերով.

բ. երկրորդ նախադասությունում «հանձնաժողովը տալիս է նոր եզրակացություն» բառերը փոխարինել «զորամասի հրամանատարի կողմից տրվում է նոր հրաման» բառերով.

10) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետով՝

«13.1. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու ընթացքում շահառուի կողմից մեկ այլ հասցեով բնակելի տարածություն վարձակալելու (հասցեափոխության) դեպքում՝ շահառուի դիմումի հիման վրա, իսկ նույն տեղեկատվությունը սույն կարգի 15-րդ կետով սահմանված կարգով ստացված լինելու դեպքում՝ զորամասի հրամանատարի նախաձեռնությամբ, փոխհատուցման վճարումը դադարեցվում է, և նոր հասցեով վարձակալված բնակելի տարածության դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացն իրականացվում է սույն կարգի պահանջների համաձայն:».

11) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին կետով՝

«14.1. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստացող շահառուին նույն վարչատարածքային միավորի (համայնքի) տարածքում տեղակայված մեկ զորամասից մեկ այլ զորամասում ծառայության նշանակվելու դեպքում, եթե շահառուի կողմից մեկ այլ հասցեով բնակելի տարածություն չի վարձակալվել, ապա շահառուի փոխհատուցում ստանալու իրավունքը չի դադարում, և շարունակվում է փոխհատուցման վճարումը նոր զորամասից՝ վերջինիս հրամանատարի հրամանով և շահառուին նախկին զորամասի անձնակազմի ցուցակներից հանելու օրվան հաջորդող օրվանից, որի նպատակով շահառուն նոր զորամասի հրամանատարին ներկայացնում է դիմում, ինչպես նաև շահառուի բնակարանային գործը նախկին զորամասից փոխանցվում է նոր զորամաս:».

12) 15-րդ կետի առաջին և երկրորդ նախադասությունները «ապրիլի 1-ը» բառերից հետո լրացնել «(իսկ 2020 թվականի համար՝ մինչև հունիսի 1-ը)» բառերով.

13) 16-րդ կետի 2-րդ ենթակետում «հանձնաժողովի» բառը փոխարինել «զորամասի հրամանատարի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի 18

Երևան