Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-9-Ո-Կ-4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.05.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.18/52(1607) Հոդ.621
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.05.2020
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2020

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

    Ք. Երևան

05 մայիսի 2020 թ.

ԲԴԽ-9-Ո-Կ-4

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆԱԻՐԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ

 

Նախագահությամբ՝

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Ռ. Վարդազարյանի

մասնակցությամբ՝
անդամներ

Գ. Բեքմեզյանի,

Հ. Հովհաննիսյանի,

Մ. Մակյանի,

Լ. Մելիքջանյանի,

Ա. Մխիթարյանի,

Ս. Չիչոյանի,

Վ. Քոչարյանի

Արդարադատության նախարար
 

Ռ. Բադասյանի,

Արդարադատության նախարարի ներկայացուցիչ
 

Դ. Գասպարյանի,

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Ն. Հովսեփյանի,

քարտուղարությամբ՝

Մ. Թելոյանի

 

դռնփակ նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2020 թվականի մարտի 06-ի թիվ N 30-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է փաստաբան Քրիստինա Կարախանյանի 24.12.2019 թվականի Արդարադատության նախարարին ներկայացրած դիմումը։ Արդարադատության նախարարի 24.01.2020 թվականի թիվ 12-Ա որոշմամբ դատավոր Նաիրա Հովսեփյանի (այսուհետ՝ նաև Դատավոր) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Արդարադատության նախարարի 06.03.2020 թվականի թիվ N 30-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Դատարան) դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Դիմողը պնդել է, որ 27.06.2018 թվականի դատական նիստի ընթացքում Դատարանի որոշմամբ բավարարվել է հայցադիմումի պատասխանի վերաբերյալ առարկությամբ 20.11.2017 թվականին ներկայացված միջնորդությունը՝ ՀՀ հարկային ծառայությունից 01.01.2016-31.12.2016թթ. և 01.01.2017 թվականից առ տեղեկատվության տրամադրման օրը «Ալֆա-Ֆարմ» փակ բաժնետիրական ընկերությունից (այսուհետ՝ նաև «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ) ներմուծվող և առաքվող/տեղափոխվող ապրանքների քանակության և նույն ժամանակահատվածում ընկերության վարձու աշխատողների ու պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձանց, ինչպես նաև առանձին տողով, նույն ժամանակահատվածներում ընկերության ԱԲԿ-ի դրոշմավորման խմբի մասնագետների թվաքանակի մասին տեղեկատվություն տրամադրել պահանջելու մասին։ Որպես միջնորդության իրավական հիմք՝ նշվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 49-րդ հոդվածի 2-րդ մասը։

15.05.2019 թվականին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե (այսուհետ՝ ՀՀ ՊԵԿ) է մուտքագրվել Դատարանի հարցումը՝ թվագրված 28.06.2018 թվականով՝ հետևյալ բովանդակությամբ. «Վարույթիս տակ գտնվող թիվ ԵՇԴ/2044/02/17 քաղ. գործի ընթացքը լուծելու համար խնդրում եմ հայտնել «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի կողմից 03.02.2017թվ. դրությամբ ներմուծվող ապրանքների քանակության և 03.02.2018թվ.-ից մինչև 27.06.2018թվ. աշխատակիցների թվաքանակի մասին տեղեկություն»։

Տվյալ դեպքում, Դատարանի կողմից միջնորդությունը բավարարվելու պայմաններում չի կայացվել համապատասխան որոշում, այլ պարզապես հարցում է կատարվել իրավասու պետական մարմին և շուրջ 11 ամիս անց ՀՀ ՊԵԿ-ի կողմից ի պատասխան նշված հարցման Դատարանին 14.06.2019 թվականի թիվ 11/11-1/29795-2019 գրությամբ տեղեկացվել է, որ հայցվող տեղեկատվությունը հանդիսանում է իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի իրավական ակտերով պաշտպանության ենթակա գաղտնիք և ենթակա է տրամադրման բացառապես ապացույց պահանջելու վերաբերյալ որոշման (արձանագրային որոշման) առկայության պայմաններում։ Այսինքն, ըստ էության, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացույցներն ստանալուն ուղղված փաստացի գործողությունները (այն էլ ոչ համապատասխան ձևաչափով) կատարվել են միջնորդությունը բավարարելուց գրեթե 11 ամիս հետո։

Դիմողը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի թիվ 0351/02/08- (ՇԴ), 25.12.2009 թվականի թիվ ԵԿԴ/3121/02/08 որոշումներով արտահայտած դիրքորոշումները, Օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 49-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերը, հայտնել է, որ այն պայմաններում, երբ դատավարության մասնակցի կողմից ներկայացվում է ապացույց պահանջելու վերաբերյալ միջնորդություն՝ դատարանը սահմանափակված է տվյալ միջնորդությունը քննելու, իսկ բավարարելու դեպքում՝ համապատասխան որոշում կայացնելու պարտավորությամբ։

Դիմողը նշել է նաև, որ գործի նյութերում առկա է ՀՀ ՊԵԿ-ին հասցեագրված անստորագիր և առանց ելից համարի գրություն՝ հետևյալ բովանդակությամբ. «Ի լրումն 28.06.2018 թվականի թիվ ԵՇԴ/2044/02/17 գրությամբ կատարված հարցման հայտնում եմ, որ 27.06.2018 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում կողմի ներկայացրած միջնորդությունը բավարարվել է և դատարանի արձանագրային որոշմամբ որոշվել է պահանջել վերոնշյալ գրությամբ պահանջվող տեղեկությունը»։

Ավելին՝ փաստաբան Քրիստինա Կարախանյանի կողմից, ի լրումն իր կողմից Արդարադատության նախարարին 24.12.2019 թվականին ուղղված հաղորդմանը, 20.02.2020 թվականին, ի թիվս այլ փաստաթղթերի, ներկայացվել է Դատարանին 04.02.2020 թվականին հասցեագրված գրություն, որի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Դատարանը 31.01.2020 թվականին կայացած դատական նիստում հայցվորի ներկայացուցիչ փաստաբանին տրամադրել է Դատարանի կողմից կայացված և 17.07.2019 թվականով թվագրված՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.06.2018թ. արձանագրային թիվ 2044/02/17 որոշմամբ պահանջված «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի կողմից 03.02.2017թ. դրությամբ ներմուծված ապրանքների քանակության և 03.02.2018թվ.- ից մինչև 27.06.2018թվ. աշխատակիցների մասին տեղեկություն ՀՀ ՊԵԿ մարմնից կրկին պահանջելու մասին» որոշում (նշված որոշման կատարման ուղղությամբ՝ ՀՀ ՊԵԿ-ի կողմից նշված որոշումը ստացվելու վերաբերյալ որևէ փաստական տվյալ առկա չէ)։ Մինչդեռ, 24.01.2020 թվականի դրությամբ (Դատարանում գործի նյութերին ծանոթացման ամսաթիվ) դատական գործում այլ փաստաթղթեր, որոնցով կհաստատվեին Դատարանի կողմից ապացույց պահանջելու մասին որոշման կատարմանն ուղղված գործողությունները, առկա չեն եղել։

Ապացույց պահանջելու մասին միջնորդությունը բավարարվելու պայմաններում, Դատարանի կողմից իրավասու մարմնին խնդրվել է հայտնել տեղեկություն (ներմուծվող ապրանքների քանակության և աշխատակիցների թվակազմի վերաբերյալ), իսկ ՀՀ ՊԵԿ-ի կողմից Դատարանին ուղղված պատասխան գրությունը Դատարանում 21.06.2019 թվականին մուտք լինելուց հետո որևէ գործողություն չի ձեռնարկվել՝ նշված ապացույցների ձեռքբերման ուղղությամբ:

Այսպիսով, Դատարանի կողմից դրսևորած վարքագծի արդյունքում ոչ միայն խախտվել է դատավարության մասնակցի արդար դատաքննության սահմանադրական իրավունքը, մասնավորապես սեփական գործի ողջամիտ ժամկետում քննության, այլև տվյալ վարքագծով Դատարանը զերծ չի մնացել դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց։ Վերոգրյալն ի թիվս այլնի, հաստատվում է նաև այն փաստական հանգամանքով, որ, թեև ՀՀ ՊԵԿ-ի կողմից 14.06.2019 թվականի թիվ 11/11-1/29795-2019 գրությամբ հայտնվել է, որ հայցվող տեղեկատվությունը հանդիսանում է իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի իրավական ակտերով պաշտպանության ենթակա գաղտնիք և ենթակա է տրամադրման բացառապես ապացույց պահանջելու վերաբերյալ որոշման առկայության պայմաններում, Դատարանի կողմից չի կայացվել համապատասխան որոշում և ապացույց չի պահանջվել իրավասու պետական մարմնից։ Նշվածը նաև ողջամիտ կասկած է հարուցում Դատավորի պատշաճ մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ։

Դիմողը գտել է, որ Դատավորի կողմից թույլ են տրվել դատավորի վարքագծի կոպիտ խախտումներ, մասնավորապես «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերի։

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Արդարադատության նախարարին՝ հայտնելով, որ քաղաքացիական գործը գտնվում է քննության փուլում և այդ հանգամանքը դատարանի անկախության միջազգային չափորոշիչների և արդարադատության նախարարության կողմից որդեգրած գործելաոճի համաձայն՝ խոչընդոտ է դատավորի նկատմամբ կարգապահական գործընթաց նախաձեռնելուն։

Ամփոփ անդրադառնալով հաղորդում ներկայացրած անձի կողմից բարձրացրած խնդրին՝ Դատավորը նշել է, որ պետական մարմնից նյութեր է պահանջել, որպիսի գործընթացը որոշ տեխնիկական պատճառներով ձգձգվել է։ Նա, չբացառելով նշված գործընթացում Դատարանի աշխատակազմի թերացումները՝ պայմանավորված աշխատանքային գերծանրաբեռնվածությամբ (նշված ժամանակահատվածում եղել է Դատարանի գերծանրաբեռնված դատավորներից, վարույթում եղել է շուրջ 2000 քաղաքացիական գործ, բացի այդ վճարման կարգադրություններ, ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության դիմումներով հարուցված վարույթներ), հայտնել է, որ արարքը չի կարող մեկնաբանվել՝ որպես դատավորի վարքագծի կանոնների առերևույթ կոպիտ խախտում։

Նշված գործով դատավորի անաչառությունն ու օբյեկտիվությունն ապահովելու, ինքնաբացարկի տեղիք տվող վարքագիծ դրսևորելուց խուսափելու նպատակով՝ Դատավորը որոշել է զերծ մնալ գործի այլ մանրամասներ ներկայացնելուց, սակայն նշել է, որ դիմումի մեջ բարձրացված խնդիրը լուծվել է։ Խնդրել է կարճել հարուցված վարույթը։

Բարձրագույն դատական խորհրդում գործի քննության ժամանակ Դատավորը հայտնել է, որ բաց են թողնվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ժամկետները, քանի որ ըստ միջնորդության՝ Դատավորը որոշումը կայացնելուց շուրջ 11 ամիս և 1.5 տարի հետո է այն ուղարկել ՀՀ ՊԵԿ-ին։ Ուստի, երկու դեպքում էլ բաց են թողնվել օրենքով սահմանված վեցամսյա ժամկետները։ Ինչ վերաբերում է միջնորդությամբ նշված որոշման ուշ ուղարկելուն, ապա դա որևէ հետևանք չի առաջացրել, գործն ընթացել է բնականոն հունով։

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 26.05.2017 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Գայանե Գրիգորյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ներկայացուցիչ Քրիստինա Կարախանյանի կողմից 23.05.2017 թվականին ներկայացված հայցադիմումն ընդդեմ «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը վերացնելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին (թիվ ԵՇԴ/2044/02/17 քաղաքացիական գործ)։

2. Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության՝ թիվ ԵՇԴ/2044/02/17 քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու պահից մինչև 24.12.2019 թվականին կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդման ներկայացումը, կայացել են թվով 12 դատական նիստեր՝ 22.11.2017 թվականին, 13.02.2018 թվականին, 11.04.2018 թվականին, 11.05.2018 թվականին, 27.06.2018 թվականին, 06.09.2018 թվականին, 01.11.2018 թվականին (չի կայացել դատավորի արձակուրդում գտնվելու պատճառով), 21.01.2019 թվականին, 12.04.2019 թվականին, 12.09.2019 թվականին, 23.10.2019 թվականին, 19.11.2019 թվականին։

3. Նշված գործով հայցադիմումի պատասխանի կապակցությամբ Հայցվորի ներկայացուցչի կողմից 20.11.2017 թվականին ներկայացվել է «Առարկություններ» վերտառությամբ փաստաթուղթ՝ եզրափակիչ մասի հետևյալ բովանդակությամբ. «միջնորդում եմ ՀՀ հարկային ծառայությունից պահանջել տրամադրելու տեղեկատվություն 01.01.2016-31.12.2016թթ. և 01.01.2017թ.-ից առ տեղեկատվության տրամադրման օրը «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության կողմից ներմուծվող և առաքվող/տեղափոխվող ապրանքների քանակության և նույն ժամանակահատվածում ընկերության վարձու աշխատողների ու պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձանց, ինչպես նաև, առանձին տողով, նույն ժամանակահատվածներում, ընկերության ԼԲԿ-ի դրոշմավորման խմբի մասնագետների թվաքանակի մասին»։ Որպես միջնորդության իրավական հիմք մատնանշվել է Օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը։

4. Դատական գործում առկա՝ 27.06.2018 թվականի դատական նիստի արձանագրության համառոտագրման համաձայն՝ Դատարանը կայացրել է հետևյալ բովանդակությամբ որոշում. «ՀՀ կառավարությանն առընթեր պետ. եկամուտների կոմիտեին քաղ. գործի ընթացքը լուծելու համար խնդրում եմ հայտնել դատարանին «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության կողմից փետրվարի 3-ի 2017 թվ. դրությամբ ներմուծվող ապրանքների քանակության մասին և աշխատակիցների թվակազմի վերաբերյալ փետրվարի 3-ից մինչև 2018 թվ. հունիսի 27»։

5. Դատական գործում առկա է 28.06.2018 թվականի թվագրմամբ «ԵՇԴ/2044/02/17» վերտառությամբ գրություն՝ հետևյալ բովանդակությամբ. «Վարույթիս տակ գտնվող թիվ ԵՇԴ/2044/02/17 քաղ. գործի ընթացքը լուծելու համար խնդրում եմ հայտնել «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի կողմից 03.02.2017 թվ. դրությամբ ներմուծվող ապրանքների քանակության և 03.02.2018 թվականից մինչև 27.06.2018 թվականը աշխատակիցների թվաքանակի մասին տեղեկություն»։ Նույն գրության վրա առկա ՀՀ ՊԵԿ քարտուղարության կնիքի համաձայն՝ 28.06.2018 թվականի գրությունը ՀՀ ՊԵԿ մուտք է եղել 15.05.2019 թվականին։ Դատական գործում առկա է նաև 15.05.2019 թվականով թվագրված փոստային առաքումը հավաստող հետադարձ կտրոն, որում որպես հասցեատեր նշված է ՀՀ ՊԵԿ-ը, իսկ ուղարկող՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը։

6. Ի պատասխան վերը նշված հարցման՝ 21.06.2019 թվականին Դատարան մուտքագրված ՀՀ ՊԵԿ-ի 14.06.2019 թվականի թիվ 11/11-1/29795-2019 գրությամբ տեղեկացվել է, որ հայցվող տեղեկատվությունը հանդիսանում է իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի իրավական ակտերով պաշտպանության ենթակա գաղտնիք և ենթակա է տրամադրման՝ ապացույց պահանջելու վերաբերյալ որոշման (արձանագրային որոշման) առկայության պայմաններում։

7. Դատական գործում առկա է ՀՀ ՊԵԿ-ին հասցեագրված անստորագիր և առանց ելից համարի գրություն՝ հետևյալ բովանդակությամբ. «Ի լրումն 28.06.2018 թվականի թիվ ԵՇԴ/2044/02/17 գրությամբ կատարված հարցման հայտնում եմ, որ 27.06.2018 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում կողմի ներկայացրած միջնորդությունը բավարարվել է և դատարանի արձանագրային որոշմամբ որոշվել է պահանջել վերոնշյալ գրությամբ պահանջվող տեղեկությունը»։

8. Հայցվորի ներկայացուցիչը 06.07.2019 թվականին Դատավորին է հասցեագրել գրություն՝ խնդրելով ՀՀ ՊԵԿ-ին տրամադրել ապացույցներ պահանջելու մասին որոշումը՝ իր կողմից խնդրարկված և Դատարանի կողմից բավարարված ձևաչափով (գրությունը մուտք է եղել Դատարանում 08.07.2019 թվականին)։

9. Հայցվորի ներկայացուցիչը 28.10.2019 թվականին Դատավորին հասցեագրված գրությամբ կրկին խնդրել է հնարավորինս սեղմ ժամկետում իրեն տրամադրել ՀՀ ՊԵԿ ուղարկված նամակի պատճենը (գրությունը մուտք է եղել Դատարանում 29.10.2019 թվականին)։

10. Ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության պետի 03.03.2020 թվականի գրության՝ ՀՀ ՊԵԿ-ի 16.03.2020 թվականի թիվ 1/94ԾՕև գրությամբ հայտնվել է, որ Դատարանի թիվ ԵՇԴ/2044/0217 գործով «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի վերաբերյալ 17.07.2019 թվականի որոշումը ՀՀ ՊԵԿ է ներկայացվել առձեռն և մուտքագրվել ՀՀ ՊԵԿ «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ՝ 31.01.2020 թվականի թիվ 4302-2020 մուտքի համարով։

11. Հայցվորի ներկայացուցչի 04.02.2020 թվականին Դատարանին հասցեագրված գրության համաձայն՝ «(...) 06.07.2019թ., 28.10.2019թ. գրություններով դատարանին խնդրել եմ ՀՀ ՊԵԿ-ին տրամադրել ապացույցներ պահանջելու մասին որոշումը՝ հայցվորի կողմից խնդրարկված և դատարանի կողմից բավարարված ձևաչափով։

Ի վերջո 31.01.2020թ. կայացած դատական նիստում դատարանն ինձ տրամադրեց ապացույցներ պահանջելու մասին 17.07.2019թ. թվագրված որոշման օրինակը՝ էլի այն նույն կամայական բովանդակությամբ, որ գրության տեսքով 2019թ. ուղարկվել էր ՀՀ ՊԵԿ (...):»:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Արդարադատության նախարարի ներկայացուցչի հաղորդումը, Դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի1 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ (...) ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի այն խախտումը, որը հեղինակազրկում է դատական իշխանությունը։ Կոպիտ է նաև դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է դատական իշխանությանը։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց։

Նույն օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը սահմանում է, որ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը։

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.

1. արդյո՞ք թիվ ԵՇԴ/2044/02/17 քաղաքացիական գործով Դատավորը խախտել է ողջամիտ ժամկետում օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու օրենսդրական պահանջը,

2. արդյո՞ք թիվ ԵՇԴ/2044/02/17 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ է տրվել դատավորի վարքագծի կանոնի/կանոնների խախտում՝ ի պաշտոնե գործելիս, որը կրում է կոպիտ բնույթ։

Առաջին հարցադրման շրջանակներում Բարձրագույն դատական խորհուրդը նպատակահարմար է գտնում բացահայտել ի պաշտոնե գործելիս դատավոր Ն. Հովսեփյանի՝ առանց արդարադատության շահերին վնասելու՝ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու ժամկետների ողջամտության սահմանների և դրանց ուրվագծման համար էական հանգամանքների բացահայտմանը։

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք։

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք։

Սահմանադրությամբ երաշխավորված ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի կարևորությունը բազմիցս նշվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) և Սահմանադրական դատարանի որոշումներում։

Այսպես՝ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում վարույթի տևողության ողջամտությունը յուրաքանչյուր դեպքի համար պետք է գնահատվի ըստ հատուկ հանգամանքների (Frydlender-ն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ], § 43)։ Զբաղվածության մասին վեճերն իրենց բնույթով պահանջում են արագ որոշման ընդունում (Vocaturo-ն ընդդեմ Իտալիայի, § 17)։

Օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն՝

1. Ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք։

2. Գործին մասնակցող անձը, որը հնարավորություն չունի անհրաժեշտ ապացույցն ինքնուրույն ձեռք բերել գործին մասնակցող կամ չմասնակցող այլ անձից, որի մոտ այն գտնվում է, իրավունք ունի տվյալ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել դատարան։ Միջնորդությունում պետք է նշվեն ապացույցը, գործի համար նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք կարող են հաստատվել այդ ապացույցով, ինչպես նաև ապացույցի գտնվելու վայրը, եթե այն հայտնի է։

3. Միջնորդության քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է որոշում։

4. Ապացույցները պահանջելու մասին որոշումը կատարվում է անհապաղ՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ պետական, ծառայողական, առևտրային, բանկային և այլ գաղտնիքների մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ։

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (...) դատական ակտերի (...) հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը (...):

Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է (...):

Օրենսգրքի 49-րդ հոդվածի իրավակարգավորումներից հետևում է, որ այն դեպքում, երբ դատավարության մասնակիցն ինքնուրույն հնարավորություն չունի ձեռք բերելու անհրաժեշտ ապացույցը, ապա դատարանը ներկայացված միջնորդության հիման վրա կայացնում է համապատասխան որոշում՝ միջնորդությունը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ։ Դատարանի կողմից միջնորդության բավարարման արդյունքում ապացույց պահանջելու վերաբերյալ որոշման կայացումը ենթադրում է, որ դատավարության մասնակիցը հնարավորություն ունի գործի համար նշանակություն ունեցող որոշակի հանգամանքներն ապացուցելու իր դատավարական պարտականությունն իրացնել ձեռք բերվելիք ապացույցի միջոցով։

Այսինքն՝ դատարանի կողմից ապացույց պահանջելու վերաբերյալ որոշում կայացնելը չունի ինքնանպատակ բնույթ, այլ միտված է ապահովելու դատավարության մասնակցի իրավունքի պատշաճ իրացման հնարավորությունը և կանխորոշում է դատավարական օրենսդրությամբ սահմանված գործողությունների կատարման հաջորդականությունը։

Օրենսգրքի 1498-րդ հոդվածի իմաստով գործը դատաքննության նախապատրաստելիս դատավորը հրավիրված նախնական դատական նիստում, ի թիվս այլ գործողությունների, կողմերի միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում՝ իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, իրականացնում է գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ։

Նույն օրենսգրքի 1499-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն՝ դատավորը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին։

Այսինքն՝ գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ գործի արդյունավետ քննությանն ուղղված բոլոր գործողությունների կատարմամբ է պայմանավորված գործը դատաքննության նշանակելու հնարավորությունը։ Եվ քանի որ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջներն ու առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, ուստի, այս առումով առավել է կարևորվում ապացույց պահանջելու որոշման կատարման ապահովմանը հետամուտ լինելու դատարանի պարտականությունը։

Դատարանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, ի թիվս այլ հատկանիշների, օժտված են նաև կատարելիության հատկանիշով։ Դատական ակտի կատարումն իրավունքի պաշտպանության մեխանիզմի կարևորագույն բաղկացուցիչ տարրն է հանդիսանում։ Պետությունը պարտավորեցնում է դատական ակտի կատարման հետ առնչություն ունեցող բոլոր սուբյեկտներին իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ դատական ակտը կատարելու համար։

Սույն գործի փաստերի համաձայն՝ թիվ ԵՇԴ/2044/02/17 քաղաքացիական գործի շրջանակներում Դատարանը Հայցվորի ներկայացուցչի՝ ապացույց պահանջելու մասին 20.11.2017 թվականի միջնորդությունը քննարկել է 27.06.2018 թվականի դատական նիստում և կայացրել է այն բավարարելու մասին արձանագրային որոշում։

Շուրջ 11 ամիս անց՝ 15.05.2019 թվականին, ՀՀ ՊԵԿ քարտուղարություն է մուտքագրվել Դատարանի՝ 28.06.2018 թվականով թվագրված գրությունը՝ հետևյալ բովանդակությամբ. «Վարույթիս տակ գտնվող թիվ ԵՇԴ/2044/02/17 քաղ. գործի ընթացքը լուծելու համար խնդրում եմ հայտնել «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի կողմից 03.02.2017 թվ. դրությամբ ներմուծվող ապրանքների քանակության և 03.02.2018 թվականից մինչև 27.06.2018 թվականը աշխատակիցների թվաքանակի մասին տեղեկություն»՝ առանց ապացույց պահանջելու մասին համապատասխան որոշման մասին գրառման։

Ի պատասխան վերը նշված գրության՝ 21.06.2019 թվականին Դատարան մուտքագրված 14.06.2019 թվականի թիվ 11/11-1/29795-2019 գրությամբ ՀՀ ՊԵԿ-ը հայտնել է, որ հայցվող տեղեկատվությունը հանդիսանում է իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի իրավական ակտերով պաշտպանության ենթակա գաղտնիք և ենթակա է տրամադրման ապացույց պահանջելու վերաբերյալ որոշման (արձանագրային որոշման) առկայության պայմաններում։

ՀՀ ՊԵԿ-ի կողմից հայցվող տեղեկատվության տրամադրումը մերժելու պայմաններում միայն 31.01.2020 թվականին է Դատարանը ՀՀ ՊԵԿ ուղարկել ապացույց պահանջելու մասին 17.07.2019 ամսաթվով թվագրված որոշումը և նույն օրը կայացած դատական նիստում Հայցվորի ներկայացուցչին հանձնել այդ որոշման օրինակը։

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ Հայցվորի ներկայացուցիչը 06.07.2019 թվականին և 28.10.2019 թվականին Դատավորին հասցեագրել է գրություններ, որոնցով խնդրել է ՀՀ ՊԵԿ-ին տրամադրել ապացույցները պահանջելու մասին որոշումը։

Այսինքն՝ 27.06.2018թ. ապացույց պահանջելու մասին որոշման կատարումն ապահովվել է Դատավորի կողմից միայն 31.01.2020 թվականին, կայացումից շուրջ 19 ամիս և միջնորդությունը ներկայացնելուց շուրջ 27 ամիս անց, ինչի արդյունքում կողմը զրկվել է սեփական գործի ողջամիտ ժամկետում քննության հնարավորությունից, ինչը չի կարող արդարացվել ողջամտության որևէ չափանիշով։

Վերոգրյալի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ թիվ ԵՇԴ/2044/02/17 քաղաքացիական գործով դատավոր Նաիրա Հովսեփյանի կողմից խախտվել է ողջամիտ ժամկետում օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու օրենսդրական պահանջը, արդյունքում թույլ է տրվել դատավորի վարքագծի կանոնի խախտում՝ ի պաշտոնե գործելիս։

Անդրադառնալով Դատավորի կողմից ներկայացված այն փաստարկներին, որ չբացառելով նշված գործընթացում Դատարանի աշխատակազմի թերացումները՝ պայմանավորված աշխատանքային գերծանրաբեռնվածությամբ, չեն կարող մեկնաբանվել որպես դատավորի վարքագծի կանոնների առերևույթ կոպիտ խախտման առկայություն՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի նման պատճառաբանությունը հիմնավոր չէ, քանի որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի օգնական և գործավար», նույն օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Դատավորը պարտավոր է մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը՝ ինչպես անձամբ պահպանելով վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինելով այլ դատավորների և դատարանի աշխատակազմի կողմից դրանց պահպանմանը»։ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ «Ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է բարեխղճորեն և լիարժեք կատարել իր պաշտոնեական պարտականությունները, համագործակցել դատարանի աշխատակազմի և այլ դատավորների հետ»։ Դատավորը հանդիսանում է իր աշխատակազմի անմիջական ղեկավարը, հետևաբար պարտավոր է նաև վերահսկել վերջիններիս գործունեությունը՝ դատարանի բնականոն գործունեության ապահովման համար։

Ինչ վերաբերում է Դատավորի այն փաստարկին, որ դիմումի մեջ բարձրացված խնդիրը լուծվել է, ապա Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի վարքագծի կանոնի խախտման փաստի արձանագրումը չի կարող պայմանավորվել «խնդրի լուծման հանգամանքով», առավել ևս այն դեպքում, երբ դա տեղի է ունեցել կարգապահական վարույթի հարուցումից հետո։

Բարձրագույն դատական խորհուրդը, անդրադառնալով Դատավորի՝ վարույթ հարուցելու ժամկետներն անցած լինելու մասին փաստարկին, գտնում է այն անհիմն է՝ հետևյալ պատճառաբանությամբ։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելու հիմքով՝ այն հայտնաբերելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց վեց ամիս հետո։

Սույն կարգապահական վարույթի առանձնահատկություններով պայմանավորված՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումը կրել է շարունակական բնույթ, մասնավորապես Դատարանի՝ ապացույց պահանջելու մասին որոշման կատարումն ապահովելու համար գործողությունը կատարվել է 31.01.2020 թվականին, մինչդեռ, նման գործողություն կատարելու համար խնդրանքով Հայցվորը դիմել է Դատավորին վերջին անգամ 28.10.2019 թվականին, իսկ դատական գործում այլ փաստաթղթեր, որոնցով կհաստատվեին Դատարանի կողմից ապացույց պահանջելու մասին որոշման կատարմանն ուղղված գործողությունները, առկա չեն։ Այսինքն՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի վարքագծի կանոնի խախտման հիմքը ծագել է առնվազն 28.10.2019 թվականին։

Բարձրագույն դատական խորհուրդը փաստում է, որ տվյալ դեպքում Լիազոր մարմնի կողմից պահպանվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածով սահմանված վարույթ հարուցելու մեկամսյա ժամկետը, քանի որ Քրիստինա Կարախանյանի կողմից Արդարադատության նախարարին հաղորդումը ներկայացվել է 24.12.2019 թվականին, վերջինս էլ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է 24.01.2020 թվականի թիվ 12-Ա որոշմամբ։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները։ Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ (...):

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի այն խախտումը, որը հեղինակազրկում է դատական իշխանությունը։

Կոպիտ է նաև դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է դատական իշխանությունը։

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը։ Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել։

Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ տվյալ դեպքում Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի ի պաշտոնե կանոնների խախտումը կոպիտ է, քանի որ խախտումը հանգեցրել է անձի ողջամիտ ժամկետում դատական պաշտպանության իրավունքի խախտման՝ արդյունքում հեղինակազրկելով դատական իշխանությունը։

Բարձրագույն դատական խորհուրդը նաև գտնում է, որ Դատավորի կողմից դատավորի վարքագծի կանոնների խախտումները թույլ են տրվել կոպիտ անփութությամբ, քանի որ նա չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը։ Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ։

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-րդ կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ բավարարել։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին հայտարարել նախազգուշացում։

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

 

__________________

1 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքին հղումները կկատարվեն վարույթի հարուցման և գործի քննության պահին գործող խմբագրությամբ:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

Անդամներ՝

Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ

Հ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մ. ՄԱԿՅԱՆ

Լ. Մելիքջանյան

Ա. Մխիթարյան

Ս. Չիչոյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան