Գլխավոր տեղեկություն
Համար
N 1197-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.06.2020-16.03.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.08.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2019 թվականի N 1197-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 23.06.20 N 737-Ա)

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման համակարգի բարեփոխման, ինչպես նաև փաստահավաք գործունեության իրականացման նպատակով անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովման համար ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 23.06.20 N 737-Ա)

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը, կատարված աշխատանքների մասին ներկայացնել գրավոր տեղեկություններ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։

3. Հաստատել՝

Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման համակարգի բարեփոխման, ինչպես նաև փաստահավաք գործունեության իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության և գործառույթների իրականացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

 (3-րդ կետը լրաց. 23.06.20 N 737-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 26

Երևան

  

  

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2019 թ.

օգոստոսի 26-ի N 1197-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

  

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

  

Զ. Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

Վ. Դանիելյան

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ա. Սմբատյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարարի տեղակալ

Վ. Մելիքյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար 

Ռ. Բազիկյան

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

Վ. Մովսիսյան

- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Ռ. Զաքարյան

- ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ

Հ. Տիգրանյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Հ. Ասլանյան

- ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Այվազյան

- ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

(համաձայնությամբ)

Վ. Հովհաննիսյան

- ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ

(համաձայնությամբ)

Ա. Մաշինյան

- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)

Տ. Վիրաբյան

-Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ. 23.06.20 N 737-Ա)

 

  

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2019 թ.

օգոստոսի 26-ի N 1197-Ա

որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման համակարգի բարեփոխման, ինչպես նաև փաստահավաք գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ աշխատանքների ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի (այսուհետ՝ խումբ) գործառույթները, գործունեության իրականացման և դադարեցման հիմքերը, նիստերի հրավիրման և անցկացման, որոշումների կայացման ընթացակարգը:

2. Խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև սույն կարգով:

3. Խումբն իր գործունեության ընթացքում ստացված տեղեկատվությունը չի կարող օգտագործել խմբի գործունեության շրջանակներից դուրս, անձնական կամ մասնավոր նպատակներով, հրապարակել դրանք կամ այլ կերպ հասանելի դարձնել հասարակությանը։

 

2. ԽՄԲԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Խումբն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) ուսումնասիրում է որդեգրմանն առնչվող օրենսդրական և իրավակիրառ պրակտիկան, հավաքագրված փաստերը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից բխող միջոցառումների կատարման ընթացքը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ներկայացնելով առաջարկություններ, կազմակերպելով ու անցկացնելով քննարկումներ, հանդիպումներ.

2) ներկայացնում է առաջարկություններ որդեգրման ոլորտին առնչվող իրավական ակտերում և շրջանառության մեջ դրված իրավական ակտերի նախագծերում անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

 

3. ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Խումբն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ կազմված խմբի ղեկավարի և անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջադրված խմբի քարտուղարի մասնակցությամբ:

6. Խմբի անդամի բացակայության դեպքում նիստին կարող է մասնակցել այդ անդամին փոխարինողը, որի տվյալները նիստից առնվազն մեկ օր առաջ փոխանցվում են խմբի ղեկավարին՝ նշելով հիմնական անդամի բացակայության պատճառի հիմնավորումը: Փոխարինող անդամը պետք է ունենա պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու իրավունք:

7. Խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

 

4. ԽՄԲԻ ՆԻՍՏԵՐԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Խմբի նիստերը գումարվում են յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում կարող են հրավիրվել արտահերթ նիստեր:

9. Խմբի նիստերն արձանագրվում են խմբի քարտուղարի կողմից:

10. Խումբն իր արտահերթ նիստերը գումարում է խմբի ղեկավարի նախաձեռնությամբ կամ խմբի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

11. Խմբի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խմբի անդամների կեսից ավելին:

12. Խմբի նիստը վարում է խմբի ղեկավարը, իսկ ղեկավարի բացակայության դեպքում՝ նրա առաջարկությամբ՝ խմբի անդամներից մեկը:

13. Խմբի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

14. Նիստի օրակարգի նախագիծը հաստատում է խմբի ղեկավարը: Խմբի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի, հերթական նիստից առնվազն 3 օր առաջ, խմբի ղեկավարին գրավոր ներկայացնելու քննարկման ենթակա հարց՝ օրակարգում ընդգրկելու նպատակով՝ միաժամանակ ներկայացնելով հարցին առնչվող անհրաժեշտ նյութերը (դրանց առկայության պարագայում):

15. Խմբի աշխատանքային գործունեության կազմակերպչական-տեխնիկական ապահովումը, այդ թվում` օրակարգի նախագծի տրամադրումը, խմբի նիստի օրակարգում ներառված` քննարկման ենթակա հարցերին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

16. Օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերի հետ միասին տրամադրվում է խմբի անդամներին՝ խմբի գումարվող նիստից առնվազն 5 օր առաջ:

 17. Օրակարգի որևէ հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը կարող է հետաձգվել մինչև հաջորդ նիստը։

18. Խմբի նիստերը անցկացվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, եթե խումբը նախորդ նիստին՝ նիստի անցկացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունել:

19. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

20. Խմբի նիստերի արձանագրություններն ստորագրում է խմբի ղեկավարը։

21. Խմբի ընդունած որոշմանը չհամաձայնելու դեպքում խմբի անդամը ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որի մասին նաև գրավոր զեկուցում է իր վերադասին՝ առկայության դեպքում:

22. Անհամաձայնության մասին գրավոր հատուկ կարծիքը կցվում է արձանագրությանը:

 

5. ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԸ

 

23. Խմբի ղեկավարը՝

1) կազմակերպում և ղեկավարում է խմբի աշխատանքները.

2) պատասխանատու է խմբի աշխատանքների արդյունավետ իրականացման համար:

 

6. ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

24. Խմբի անդամը՝

1) անձամբ մասնակցում է խմբի նիստերին (բացառությամբ սույն կարգի 3-րդ գլխի 6-րդ կետով նախատեսված դեպքերի).

2) խմբի ընդունած որոշումների մասին տեղեկացնում է իր թեկնածությունն առաջադրած մարմնի ղեկավարին (առկայության դեպքում).

3) նախապատրաստում ու ներկայացնում է առաջարկություններ՝ իրեն առաջադրած

մարմնի կողմից համապատասխան քայլեր ձեռնարկելու և դրանք իրականացնելու վերաբերյալ.

4) խմբի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է խմբի անդամ լինելուց:

25. Խմբի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել համապատասխան գերատեսչության ղեկավարի առաջարկությամբ` խմբի ղեկավարի ներկայացմամբ և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

7. ԽՄԲԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

26. Խմբի քարտուղարին նշանակում է խումբը՝ խմբի ղեկավարի ներկայացմամբ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմից:

27. Խմբի քարտուղարը՝

1) արձանագրում է խմբի նիստերը և դրա հիման վրա կազմում է արձանագրություն.

2) նախապատրաստում է նիստի օրակարգի նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը խմբի անդամներին.

3) վարում է խմբի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

4) գրանցում է խմբի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները:

 

8. ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

28. Խմբի ղեկավարը յուրաքանչյուր ամսվա մինչև 20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում խմբի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը։

29. Յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում հրապարակում է իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն՝ ապահովելով հրապարակման ոչ ենթակա տվյալների գաղտնիությունը։

 

9. ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

30. Խմբի գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

(հավելվածը լրաց. 23.06.20 N 737-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ծ. Սողոմոնյան