Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-285
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (25.03.1999-08.05.2000)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.03.15/6(72)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
01.02.1999
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.03.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
1 փետրվարի 1999 թ.

 


ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը սահմանում է այն իրավական հիմքերը և հարաբերությունների կարգավորման սկզբունքները, որոնք ծագում են ատոմային էներգիայի օգտագործման ընթացքում, ուղղված են մարդկանց կյանքի, առողջության և սեփականության պաշտպանությանը, շրջակա միջավայրի պահպանությանը և կոչված են նպաստել ատոմային գիտության ու տեխնիկայի զարգացմանը և համագործակցել հանուն ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման միջազգային ռեժիմի ամրապնդման:

Գ Լ ՈՒ Խ  1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

ա) անձնակազմ` ցանկացած անձ, որը ժամանակավոր կամ մշտապես աշխատում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում.

բ) անվտանգություն` միջուկային և ճառագայթային անվտանգություն.

գ) անվտանգության կուլտուրա` ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (այսուհետ` ձեռնարկություններ) գործունեության և առանձին անձանց վարքի բնութագրերի ու հատկանիշների միասնություն, որն ապահովում է անվտանգության խնդիրների գերակայությունն այլ խնդիրների նկատմամբ.

դ) դիտարկման գոտի` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի հարթակից դուրս սահմանված գոտի, որտեղ օբյեկտի կանոնավոր շահագործման ժամանակ իրականացվում է ճառագայթային իրավիճակի հսկողություն.

ե) կարգավորող մարմին` մարմին, որն օժտված է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում պետական կարգավորման իրավասությամբ.

զ) իոնացնող ճառագայթում` ճառագայթում, որն ընդունակ է կենսաբանական նյութերում առաջացնել իոնային զույգեր.

է) իոնացնող ճառագայթման աղբյուր` ֆիզիկական օբյեկտ, որն ընդունակ է արձակելու իոնացնող ճառագայթներ.

ը) լիցենզիա` անվտանգության գնահատման հիման վրա` կարգավորող մարմնի տված թույլտվությունը, որն ուղեկցվում է պահանջներով և պայմաններով, որոնք պետք է պահպանի լիցենզավորված անձը.

թ) լիցենզավորված անձ` լիցենզիա ստացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ.

ժ) հատուկ նյութեր, սարքավորումներ, տեխնոլոգիաներ` միջուկային զենքի արտադրության համար պիտանի նյութեր, սարքավորումներ, տեխնոլոգիաներ.

ժա) ռադիոակտիվ նյութ` միջուկային նյութից տարբեր նյութ, որի իոնիզացնող ճառագայթումը կարող է պատճառել միջուկային վնաս.

ժբ) միջուկային նյութ` տրոհվող նյութ, որը կարող է օգտագործվել միջուկային ռեակցիայի ստացման համար.

ժգ) միջուկային տեղակայանք` տեղակայանք, որի միջոցով ստացվում, օգտագործվում, վերամշակվում, պահվում կամ փոխադրվում են միջուկային նյութեր.

ժդ) միջուկային վնաս` վնաս, որը միջուկային կամ ճառագայթային վթարի հետևանքով կարող է հասցվել մարդու առողջությանը, իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց սեփականությանը, պետական գույքին, ինչպես նաև կարող է բերել շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման.

ժե) ռադիոակտիվ թափոն` ռադիոակտիվ նյութ, որը չի նախատեսվում օգտագործել որևէ նպատակով և անհրաժեշտ է մեկուսացնել կենսոլորտից.

ժզ) միջուկային վթար` ցանկացած միջադեպ, որը պատճառում է միջուկային վնաս կամ սպառնում է անխուսափելի միջուկային վնասով.

ժէ) վթարային հակազդման ազգային համակարգ` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների վթարների դեպքում վթարային հակազդման պլաններով սահմանված գործառույթներ ունեցող պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների միավորում.

ժը) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտ` միջուկային նյութեր, ռադիոակտիվ նյութեր, ռադիոակտիվ թափոններ, իոնացնող ճառագայթման այլ աղբյուրներ, հատուկ նյութեր, սարքավորումներ, տեխնոլոգիաներ, ինչպես նաև միջուկային տեղակայանքներ, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքներ կամ ցանկացած այլ օբյեկտ, որտեղ աշխատանքներ են տարվում իոնացնող ճառագայթման աղբյուրների, միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների կիրառմամբ:

Հոդված 2. Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

1. Հայաստանի Հանրապետությունում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում առաջացող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:

Հոդված 3. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրավական կարգավորման սկզբունքները և խնդիրները

1. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրավական կարգավորման հիմնական սկզբունքներն են`

ա) ատոմային էներգիայի օգտագործման ժամանակ առանձին մարդկանց, բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության ապահովումը ճառագայթային վտանգից.

բ) անվտանգության գերակայության ապահովումն ատոմային էներգիայի օգտագործման ժամանակ.

գ) ատոմային էներգիայի օգտագործման հետ կապված պետական և ծառայողական գաղտնիք չպարունակող տեղեկությունների մատչելիությունը.

դ) շահագրգիռ իրավաբանական և ֆիզիկական անձանց մասնակցությունը օրենսդրական և այլ իրավական ակտերի նախագծերի քննարկումներին.

ե) միջուկային վնասի փոխհատուցման ապահովումը:

2. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրավական կարգավորման հիմնական խնդիրներն են`

ա) ստեղծել ատոմային էներգիայի օգտագործման կառավարման և անվտանգության ապահովման իրավական հիմքերը.

բ) սահմանել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական կառավարման հանրապետական, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը:

Հոդված 4. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեության տեսակները

1. Սույն օրենքը տարածվում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեության հետևյալ տեսակների վրա.

ա) միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորում.

բ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների տեղադրման հրապարակի ընտրություն, այդ օբյեկտների նախագծում, կառուցում, շահագործում և շահագործումից հանում.

գ) միջուկային և ռադիոակտիվ նյութերի հետ տարվող աշխատանքներ, այդ թվում` դրանց փոխադրում, ներմուծում և արտահանում, օգտագործում, պահեստավորում և թաղում.

դ) միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների, տեխնոլոգիաների հաշվառում և վերահսկում.

ե) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանություն.

զ) Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային իրավիճակի հսկողության իրականացում.

է) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում կադրերի պատրաստում և վերապատրաստում.

ը) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում այլ աշխատանքների իրականացում:

2. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների հրդեհային, տեխնիկական, սանիտարական, էկոլոգիական անվտանգության խնդիրները կարգավորվում են օրենքներով և այլ իրավական ակտերով` համաձայնեցվելով կարգավորող մարմնի հետ:

Հոդված 5. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նկատմամբ սեփականության իրավունքը

1. Հայաստանի Հանրապետությունում միջուկային տեղակայանքները, միջուկային և հատուկ նյութերը. հատուկ սարքավորումներն ու տեխնոլոգիաները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:

2. Ատոմային էներգիայի օգտագործման մյուս օբյեկտները, որոնք նշված չեն սույն հոդվածի 1-ին կետում, կարող են հանդես գալ սեփականության ցանկացած ձևով:

3. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների սեփականատերերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

Հոդված 6. Անվտանգության նորմերը և կանոնները

1. Միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերը և կանոնները (այսուհետ` անվտանգության նորմեր և կանոններ) սահմանում են ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման այն չափանիշները, պահանջներն ու պայմանները, որոնց կատարումը պարտադիր է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ցանկացած գործունեություն իրականացնելիս:

2. Անվտանգության նորմերի և կանոնների մշակման, համաձայնեցման, հաստատման կարգը սահմանվում է սույն օրենքով և այլ իրավական ակտերով:

Գ Լ ՈՒ Խ  2.

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 7. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) ապահովում է գիտատեխնիկական, ներդրումային և կառուցվածքային պետական քաղաքականության իրականացումը.

բ) կազմակերպում է պետական նպատակային ծրագրերի մշակումը, հաստատումը, միջոցառումներ է մշակում դրանց կատարման ապահովման ուղղությամբ.

գ) հաստատում է հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների` կարգավորող մարմնի ներկայացրած ցանկը.

դ) հաստատում է անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների` կարգավորող մարմնի ներկայացրած ցանկը ու դրանք կառուցելու և շահագործումից հանելու թույլտվություն տալու կարգը.

ե) թույլատրում է անվտանգության տեսակետից կարևոր նշանակություն ունեցող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներ կառուցելը և դրանք շահագործելուց հանելը.

զ) կազմակերպում է միջոցառումներ բնակչությանը, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անձնակազմերին և շրջակա միջավայրը իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից պաշտպանելու ուղղությամբ.

է) կազմակերպում է միջոցառումներ ատոմային էներգիայի օբյեկտներում հնարավոր արտակարգ իրավիճակների և դրանց հետևանքների վերացման վթարային հակազդման ազգային համակարգում ընդգրկված պետական կառավարման մարմինների և ձեռնարկությունների պատրաստվածության ապահովման ուղղությամբ.

ը) կազմակերպում է Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային իրավիճակի հսկողության համակարգ և սահմանում է այդ համակարգում ընդգրկված պետական մարմինների գործունեության կարգը.

թ) կազմակերպում է միջուկային վնասի փոխհատուցման համար` սույն օրենքի 36 հոդվածով նախատեսված ֆինանսական միջոցների տրամադրումը.

ժ) կազմակերպում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանությունը.

ժա) հաստատում է կարգավորող մարմնի ներկայացրած` անվտանգության նորմերը և կանոնները.

ժբ) հաստատում է կարգավորող մարմնի ներկայացրած` անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքների և պաշտոնների ցանկը.

ժգ) կազմակերպում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումը.

ժդ) համակարգում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող միջազգային գործունեությունը.

ժե) իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 8. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում պետական կառավարման հանրապետական մարմինների իրավասությունը

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում պետական կառավարման հանրապետական մարմինները`

ա) իրականացնում են ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գիտատեխնիկական, ներդրումային և կառուցվածքային պետական քաղաքականությունը.

բ) ապահովում են պետական սեփականություն համարվող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների կառավարումը.

գ) մշակում են անվտանգության նորմերը և կանոնները` համաձայնեցնելով կարգավորող մարմնի հետ.

դ) մշակում և իրականացնում են իրենց ենթակա օբյեկտների անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները.

ե) մշակում և իրականացնում են ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների հրդեհային, տեխնիկական, սանիտարական և էկոլոգիական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները.

զ) մշակում և իրականացնում են ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության ապահովմանն ուղղված միջոցառումները.

է) կազմակերպում են ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեություն իրականացնող կապերի պատրաստումը.

ը) ապահովում են իրենց ենթակա ձեռնարկությունների պատրաստվածությունն ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների վթարները հակազդելու և պաշտպանական միջոցառումներ իրականացնելու գործում.

թ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում և դրանց դիտարկման գոտիներում կազմակերպում և իրականացնում են ճառագայթային իրավիճակի հսկողություն.

ժ) կազմակերպում և իրականացնում են միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների, տեխնոլոգիաների պետական հաշվառում ու հսկողություն.

ժա) կազմակերպում և իրականացնում են միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծման և արտահանման հսկողություն.

ժբ) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 9. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում տարածքային կառավարման մարմինների իրավասությունը

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում տարածքային կառավարման մարմինները իրենց իրավասության շրջանակներում`

ա) մարզերում ապահովում են խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը.

բ) մասնակցում են ատոմային էներգիայի օբյեկտներում հնարավոր արտակարգ իրավիճակների հակազդման պլանների մշակմանը.

գ) ճառագայթային վթարների դեպքում կազմակերպում և իրականացնում են մարզի բնակչության պաշտպանությանն ու վթարի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ:

Հոդված 10. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

ա) ապահովում են համայնքի բնակչության մասնակցությունը համայնքի տարածքում կառուցվելիք ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի հասարակական քննարկումներին և փորձաքննություններին.

բ) օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով թույլատրում են համայնքի տարածքում տեղական նշանակություն ունեցող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների կառուցում.

գ) ճառագայթային վթարների դեպքում կազմակերպում և իրականացնում են համայնքի բնակչության պաշտպանությանն ու վթարի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ:

Գ Լ ՈՒ Խ  3.

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 11. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեության իրականացման իրավունքը

Հայաստանի Հանրապետությունում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեության իրականացման իրավունք ունեն սահմանված կարգով լիցենզավորված անձինք, որոնց իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը սահմանվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով և լիցենզավորման պայմաններով:

Հոդված 12. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում տեղեկություններ ստանալու իրավունքը

Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձինք իրավունք ունեն պետական իրավասու մարմիններից ստանալ տեղեկություններ` նախագծվող, կառուցվող, շահագործվող և շահագործումից հանվող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անվտանգության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային իրավիճակի վերաբերյալ, եթե դրանք պետական կամ ծառայողական գաղտնիք չեն պարունակում:

Հոդված 13. Միջուկային վնասի փոխհատուցման իրավունքը

1. Միջուկային վնաս կրած իրավաբանական և ֆիզիկական անձինք վնասի փոխհատուցման իրավունք ունեն:

2. Միջուկային վնասի փոխհատուցման չափը, կարգը և պայմանները, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հոդված 14. Բուժման նպատակով ճառագայթահարման ենթակա հիվանդների իրավունքները

1. Բուժման նպատակով ճառագայթահարման ենթարկվելու մասին որոշման իրավունքը տրվում է քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին:

2. Բուժման նպատակով ճառագայթահարման ենթակա կամ ճառագայթահարված քաղաքացուն բուժող բժիշկը պարտավոր է տեղեկություն տալ պլանավորվող կամ փաստացի ստացված ճառագայթահարման դոզայի վերաբերյալ:

Գ Լ ՈՒ Խ  4.

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 15. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում պետական կարգավորման մարմինը

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում պետական կարգավորումն իրականացնում է կարգավորող մարմինը, որն անմիջականորեն ենթակա է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հոդված 16. Կարգավորող մարմնի իրավասությունը

Կարգավորող մարմինը`

ա) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում անվտանգության նորմերն ու կանոնները.

բ) կատարում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի աշխատանքների, օբյեկտների և սարքավորումների անվտանգության գնահատում.

գ) իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեության, ինչպես նաև անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց լիցենզավորումը.

դ) վերահսկում է իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և տրված լիցենզիաների պահանջների կատարումը.

ե) դադարեցնում է լիցենզիայի գործողությունը` լիցենզավորված անձի կողմից լիցենզիայի պայմաններն ու պահանջները չկատարելու դեպքում.

զ) առնվազն երեք ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության Նախագահին, Ազգային ժողով, կառավարություն` հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում, նրա տարածքի առանձին հատվածներում կամ ատոմային էներգիայի օգտագործման առանձին օբյեկտներում միջուկային և ճառագայթային անվտանգության վիճակի վերաբերյալ.

է) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ձեռնարկություններին և կազմակերպություններին, լրատվության միջոցներին ամփոփ տեղեկություններ է տրամադրում միջուկային և ճառագայթային անվտանգության հարցերի մասին.

ը) վերահսկում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտները շահագործող կազմակերպությունների և վթարային հակազդման ազգային համակարգում ընդգրկված պետական մարմինների ու ձեռնարկությունների պատրաստվածությունը.

թ) արտակարգ իրավիճակների դեպքում ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում գնահատում է իրավիճակը և վթարային հակազդման ազգային համակարգում ընդգրկված պետական մարմիններին ու ձեռնարկություններին տրամադրում է կանխատեսումներ և անհրաժեշտ պաշտպանական միջոցառումների կիրառման մասին հրահանգներ` օբյեկտում և դրա հարակից տարածքներում իրավիճակի հնարավոր փոփոխությունների մասին.

ժ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում կամ իրականացվող գործունեության ժամանակ տեղի ունեցած վթարի մասին կատարում է միջազգային օպերատիվ ազդարարում.

ժա) հետազոտություններ է կազմակերպում և իրականացնում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության բարձրացման վերաբերյալ.

ժբ) Հայաստանի Հանրապետության միջազգային հարաբերությունների հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի հետ համատեղ վերահսկում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը.

ժգ) վերահսկում է միջուկային և հատուկ նյութեր, հատուկ սարքավորումներ, տեխնոլոգիաներ չտարածելու երաշխիքների պահպանումը.

ժդ) համագործակցում է միջազգային և օտարերկրյա իրավասու կազմակերպությունների հետ` անվտանգության վերաբերյալ հարցերով.

ժե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 17. Կարգավորող մարմնի պետական տեսուչների իրավասությունը

1. Պետական տեսուչներն իրավունք ունեն`

ա) անարգել անցկացնել ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների և իրականացվող աշխատանքների տեսչական ստուգումներ` կիրառելով անհրաժեշտ չափիչ և գրանցող սարքեր, այդ թվում` ձայնագրող և տեսագրող.

բ) անարգել մուտք գործել ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ծառայողական և արտադրական տեղամասեր.

գ) պետական վերահսկողության իրականացման համար վերցնել անհրաժեշտ փորձանմուշներ և ստանալ տվյալներ.

դ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում տեղադրել հսկողության համար անհրաժեշտ սարքեր.

ե) անվտանգության նորմերի և կանոնների պահանջների խախտում հայտնաբերելիս լիցենզավորված անձանց տալ կատարման համար պարտադիր կարգադրագրեր, իսկ մարդկանց կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգի դեպքում` իրականացվող աշխատանքների դադարեցման կարգադրագրեր:

2. Պետական տեսուչները պարտավոր են`

ա) պահպանել Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը.

բ) չհրապարակել ստուգվող օբյեկտի մասին պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ.

գ) չխոչընդոտել ստուգվող օբյեկտի բնականոն աշխատանքը.

դ) ստուգվող օբյեկտի պաշտոնատար անձանց ծանոթացնել պետական տեսուչների իրավունքներին և պարտականություններին.

ե) պահպանել ստուգվող օբյեկտի` օրենքով սահմանված իրավունքները և օրինական շահերը:

3. Պետական տեսուչներն իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Գ Լ ՈՒ Խ  5.

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 18. Լիցենզավորումը ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում

1. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում լիցենզավորման կարգը սահմանվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

2. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում լիցենզավորման ենթակա են`

ա) միջուկային տեղակայանքների, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների, իոնացնող ճառագայթման աղբյուրների և պահեստարանների հրապարակ ընտրելու, նախագծելու, կառուցելու, պատրաստելու, շահագործման հանձնելու, շահագործելու, օգտագործելու, սպասարկելու, նորոգելու, վերակառուցելու, շահագործումից հանելու աշխատանքների իրականացումը.

բ) միջուկային և ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների իրականացումը, այդ թվում` դրանց փոխադրումը, օգտագործումը, պահումը, վերամշակումը և թաղումը.

գ) միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծումն ու արտահանումը.

դ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար նյութերի, սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծումն ու պատրաստումը.

ե) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, դրանց նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության անցկացումը:

3. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում տրված լիցենզիայով հաստատվում է տվյալ գործունեությամբ զբաղվելու լիցենզավորված անձի իրավունքը, և որոշվում են աշխատանքների անվտանգ կատարման համար անհրաժեշտ սահմաններն ու պայմանները: Տրված լիցենզիան լիցենզավորված անձին չի ազատում տվյալ գործունեությամբ զբաղվելու համար Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով սահմանվող պահանջները կատարելուց:

4. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում լիցենզիան տրվում է որոշակի ժամկետով` սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված աշխատանքների համար:

5. Անվտանգության նոր նորմերի և կանոնների գործողության մեջ մտնելը չի առաջացնում լիցենզիայի գործողության ժամկետի նվազեցում: Եթե լիցենզիայով սահմանված պահանջները չեն համապատասխանում անվտանգության նոր նորմերին և կանոններին, ապա լիցենզավորված իրավաբանական անձը պարտավոր է սահմանված ժամկետում մշակել համապատասխան փոխհատուցող կազմակերպատեխնիկական միջոցառումներ` դրանք համաձայնեցնելով կարգավորող մարմնի հետ:

6. Շահագործող կազմակերպությանը տրված լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անվտանգության ապահովման համար նրա պատասխանատվությունն անցնում է օբյեկտի սեփականատիրոջը, որը մինչև նոր շահագործող կազմակերպություն ստեղծելն իրականացնում է վերջինիս պարտականությունները: Եթե օբյեկտի սեփականատերը միաժամանակ նաև լիցենզավորված անձն է, ապա անվտանգության ապահովման պատասխանատվության հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց լիցենզիա տրվում է բժշկական հակացուցումների բացակայության դեպքում: Բժշկական հակացուցումների ցանկը և այն պաշտոնները, որոնց վրա տարածվում են դրանք, ինչպես նաև բժշկական ստուգման կարգը, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Գ Լ ՈՒ Խ  6.

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 19. Շահագործող կազմակերպությունը

1. Շահագործող կազմակերպությունն ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի սեփականատիրոջ կողմից այդ օբյեկտը շահագործման համար լիազորված կամ որպես այդպիսին ճանաչված իրավաբանական անձ է, որն իր ուժերով կամ այլ իրավաբանական անձանց ներգրավմամբ իրականացնում է օբյեկտի տեղադրման հրապարակ ընտրելու, այդ օբյեկտը նախագծելու, կառուցելու, շահագործելու և շահագործումից հանելու, ինչպես նաև միջուկային և ռադիոակտիվ նյութերի հետ տարվող աշխատանքներ:

2. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտն անվտանգ շահագործելու, ինչպես նաև միջուկային և ռադիոակտիվ նյութերի հետ տարվող աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար ողջ պատասխանատվությունը կրում է շահագործող կազմակերպությունը:

3. Արգելվում է միջամտել շահագործող կազմակերպության գործունեությանը` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի շահագործման մասով, բացառությամբ` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերի:

Հոդված 20. Շահագործող կազմակերպության իրավասությունը

1. Շահագործող կազմակերպությունը`

ա) մշակում և իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի անվտանգությունն ապահովող միջոցառումներ.

բ) ապահովում է անվտանգության կուլտուրայի ներդրումը.

գ) սահմանված կարգով, կարգավորող մարմնին պարբերաբար ներկայացնում է օբյեկտի անվտանգության վիճակի վերաբերյալ հաշվետվություններ.

դ) ապահովում է միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, հատուկ սարքավորումների, տեխնոլոգիաների նպատակային օգտագործումը.

ե) ապահովում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի, միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների, տեխնոլոգիաների ֆիզիկական պաշտպանությունը.

զ) մշակում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի կենսական ցիկլի բոլոր փուլերի համար (հրապարակի ընտրություն, նախագծում, կառուցում, շահագործման հանձնում, շահագործում, շահագործումից հանում) որակի ապահովման ծրագիր և ապահովում է դրա կատարումը.

է) սահմանված կարգով կազմակերպում է անձնակազմի ճառագայթահարման դոզաների հաշվառում.

ը) կազմակերպում է միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների հաշվառում և վերահսկում.

թ) սահմանված կարգով կազմակերպում և կատարում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի և վթարների քննություն.

ժ) սահմանված կարգով մշակում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի վթարների հակազդման պլան և ապահովում է դրա կատարման համար անձնակազմի և անհրաժեշտ միջոցների պատրաստվածությունը.

ժա) մշակում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի հակահրդեհային պաշտպանության միջոցառումների ծրագիր և ապահովում է դրա կատարումը.

ժբ) կազմակերպում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի, ինչպես նաև միջուկային և ռադիոակտիվ նյութերի հետ աշխատող անձնակազմի հավաքագրում ու պատրաստում.

ժգ) ապահովում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի անձնակազմի համար արտադրությունում գործող նորմերին համապատասխան սանիտարակենցաղային պայմաններ.

ժդ) պարբերաբար անցկացնում է օբյեկտի անվտանգության գնահատում` պարզելու համար նրա համապատասխանությունն անվտանգության նորագույն պահանջներին.

ժե) իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական և այլ իրավական ակտերով նախատեսված լիազորություններ:

2. Անվտանգության տեսակետից կարևոր նշանակություն ունեցող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտը շահագործող կազմակերպությունը`

ա) ստեղծում է միջուկային և ճառագայթային անվտանգությունը հսկող ծառայություններ.

բ) կազմակերպում է ճառագայթային իրավիճակի մշտական հսկողություն` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի հսկման և դիտարկման գոտիներում.

գ) սահմանված կարգով, պարբերաբար տեղեկություններ է տալիս ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի դիտարկման գոտում ընդգրկված տարածքի մարզպետին (Երևանի քաղաքապետին) դիտարկման գոտում ճառագայթային իրավիճակի մասին:

Գ Լ ՈՒ Խ  7.

ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐ

Հոդված 21. Իոնացնող ճառագայթման աղբյուրների և ռադիոակտիվ թափոնների հաշվառման ու հսկման պետական համակարգը

1. Անվտանգության կարգավորման ենթակա իոնացնող ճառագայթման աղբյուրները և Հայաստանի Հանրապետությունում առկա կամ առաջացող ռադիոակտիվ թափոնները պետք է պետականորեն գրանցվեն, հաշվառվեն և հսկվեն:

2. Իոնացնող ճառագայթման աղբյուրների և ռադիոակտիվ թափոնների պետական գրանցման համար պատասխանատու են լիցենզավորված այն անձինք, ովքեր տնօրինում են նշված իոնացնող ճառագայթման աղբյուրները, կամ որոնց գործունեության արդյունքում են ստացվել ռադիոակտիվ թափոնները:

3. Անվտանգության կարգավորման ենթակա իոնացնող ճառագայթման աղբյուրների ցանկը, ինչպես նաև իոնացնող ճառագայթման աղբյուրների և ռադիոակտիվ թափոնների պետական գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` կարգավորող մարմնի ներկայացմամբ:

Հոդված 22. Միջուկային և ռադիոակտիվ նյութեր փոխադրելը, ներմուծելը և արտահանելը

1. Միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրումն իրականացվում է անվտանգության նորմերի և կանոնների, ինչպես նաև փոխադրման հատուկ կանոնների համաձայն, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` կարգավորող մարմնի ներկայացմամբ:

2. Արգելվում է Հայաստանի Հանրապետություն այլ պետություններից ռադիոակտիվ թափոններ ներմուծելը, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համար այլ պետության կողմից որոշակի ծառայության իրականացման արդյունքում առաջացած թափոնների, եթե դրանց ներմուծումը նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով, և ռադիոակտիվ թափոնների քանակն ու ընդհանուր ակտիվությունը պետք է համապատասխանի տվյալ տեխնոլոգիական գործընթացով նախատեսված չափին:

3. Ռադիոակտիվ թափոնների փոխադրելը, ներմուծելը և արտահանելը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Հոդված 23. Միջուկային և ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելումը և հակազդումը

Միջուկային և ռադիոակտիվ նյութեր փոխադրող տրանսպորտային ձեռնարկություններն այդ նյութերն առաքողների և ստացողների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ, պարտավոր են մշակել և կարգավորող մարմնի հետ համաձայնեցնել ճանապարհային միջադեպերի և վթարների կանխարգելման, դրանց հետևանքների տեղայնացման և վերացման, ինչպես նաև ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների աշխատողների, բնակչության, շրջակա միջավայրի և նյութական արժեքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների պլաններ: Դրանց մշակման և համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` կարգավորող մարմնի ներկայացմամբ:

Հոդված 24. Ռադիոակտիվ թափոնների պահեստավորումը և թաղումը

1. Ռադիոակտիվ թափոնների պահեստավորումը և թաղումը թույլատրվում է միայն այդ նպատակով ստեղծված հատուկ պահեստարաններում:

2. Ռադիոակտիվ թափոններ հավաքելու, պահեստավորելու և թաղելու կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` կարգավորող մարմնի ներկայացմամբ:

Գ Լ ՈՒ Խ  8.

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 25. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության ապահովումը

1. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանությունը տեխնիկական և կազմակերպական միջոցառումների համալիր է, որի նպատակն է`

ա) կանխել կողմնակի անձանց մուտքն ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների պահման կետերի տարածք.

բ) արգելել կողմնակի անձանց մոտենալը միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերին, ռադիոակտիվ թափոններին, հատուկ սարքավորումներին.

գ) ժամանակին հայտնաբերել ու կանխել միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութեր, ռադիոակտիվ թափոններ, հատուկ սարքավորումներ, տեխնոլոգիաներ հափշտակելու կամ փչացնելու ցանկացած փորձ.

դ) ժամանակին հայտնաբերել և կանխել ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի անվտանգությանն սպառնացող ահաբեկչական կամ դիվերսիոն գործողությունները.

ե) հայտնաբերել և վերադարձնել կորած կամ հափշտակված միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերը, ռադիոակտիվ թափոնները, հատուկ սարքավորումներն ու տեխնոլոգիաները:

2. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության համար, իրենց իրավասության սահմաններում, պատասխանատու են լիցենզավորված անձինք, ովքեր անհրաժեշտության դեպքում կարող են օգտվել պետական կառավարման մարմինների կողմից հատուկ լիազորված կազմակերպությունների ծառայություններից:

3. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության պետական կարգավորումն իրականացնում է կարգավորող մարմինը:

4. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանությունն իրականացվում է դրանք նախագծելու, կառուցելու, շահագործելու և շահագործումից հանելու բոլոր փուլերում:

Հոդված 26. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանությանը ներկայացվող պահանջները

1. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանությանը ներկայացվող պահանջները սահմանվում են անվտանգության նորմերով:

2. Արգելվում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների շահագործումը, ինչպես նաև արտադրության, օգտագործման, վերամշակման, փոխադրման ու պահման ցանկացած փուլում գտնվող միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների և տեխնոլոգիաների հետ իրականացվող աշխատանքները, եթե դրանց ֆիզիկական պաշտպանությունն ապահովված չէ:

Գ Լ ՈՒ Խ  9.

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Հոդված 27. Անվտանգության տեսակետից կարևոր նշանակություն ունեցող` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի տեղադրման վայրում հատուկ իրավական ռեժիմ սահմանելը

1. Անվտանգության տեսակետից կարևոր նշանակություն ունեցող` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի տեղադրման վայրում կարող է սահմանվել հատուկ իրավական ռեժիմ:

2. Հատուկ իրավական ռեժիմի սահմանման կարգը, համապատասխան գոտիների չափերի և դրանցում գործող սահմանափակումների բնույթը կարգավորվում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով:

3. Անվտանգության տեսակետից կարևոր նշանակություն ունեցող` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի տեղադրման վայրում սահմանված հատուկ իրավական ռեժիմի պահպանման համար իր իրավասության սահմաններում պատասխանատվություն է կրում շահագործող կազմակերպությունը:

Հոդված 28. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների հետ աշխատանքներ իրականացնող ձեռնարկությունների տարածքում գտնվող անձանց իրավունքները սահմանափակելը

1. Ֆիզիկական պաշտպանության ապահովման նպատակով` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, ինչպես նաև միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների և տեխնոլոգիաների հետ աշխատանքներ իրականացնող ձեռնարկությունների տարածքում գտնվող անձնակազմը, գործուղված անձինք, այցելուները, ինչպես նաև նրանց անձնական իրերն ու տրանսպորտային միջոցները ենթակա են հատուկ միջոցների կիրառմամբ ստուգման` զինամթերքի, զենքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, ահաբեկչական գործողությունների համար պիտանի այլ իրերի հայտնաբերման նպատակով:

2. Արգելվում է առանց համապատասխան թույլտվության մուտք գործել ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների և տեխնոլոգիաների հետ աշխատանքներ իրականացնող ձեռնարկությունների շուրջ ստեղծված արգելագոտիներն ու անցակետերը, կատարել ճարտարագիտական ու տեխնիկական պաշտպանական համակարգերի ու միջոցների տեսանկարահանում, կինոնկարահանում և ֆոտոնկարահանում:

Հոդված 29. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում աշխատելու իրավունքը սահմանափակելը

Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում, միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների և տեխնոլոգիաների հետ աշխատելու իրավունք չունեն`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք.

բ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում և իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների բժշկական հակացուցումների ցուցակով նախատեսված հիվանդություններով տառապող անձինք.

գ) տվյալ աշխատանքի կատարման համար պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք չունեցող անձինք:

Հոդված 30. Միջուկային տեղակայանքի և (կամ) ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի տարածքում ու դրանցից դուրս հասարակական միջոցառումների անցկացման իրավունքը սահմանափակելը

1. Միջուկային տեղակայանքի կամ ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի օպերատիվ անձնակազմին արգելվում է կազմակերպել և անցկացնել գործադուլներ:

2. Արգելվում է միջուկային տեղակայանքի կամ ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի տարածքում անցկացնել չթույլատրված հավաքներ, հանրահավաքներ, երթեր և հասարակական այլ միջոցառումներ:

3. Արգելվում է միջուկային տեղակայանքի կամ ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի տարածքից դուրս կազմակերպել և անցկացնել հանրահավաքներ, երթեր, տրանսպորտային ուղիների շրջափակումներ և հասարակական այլ միջոցառումներ, եթե դրանք կարող են բերել միջուկային տեղակայանքի կամ ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի աշխատանքի խաթարման, խանգարել միջուկային տեղակայանքի կամ ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, կարգավորող մարմնի աշխատողների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունների կատարմանը, ստեղծել բնակչության և շրջակա միջավայրի անվտանգությանն սպառնացող իրավիճակ:

4. Նշված գործողությունների հետևանքով պետությանը և (կամ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի սեփականատիրոջը և (կամ) քաղաքացիներին հասցված վնասը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ  10.

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ, ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ՀԱՏՈՒԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՉՏԱՐԱԾՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 31. Միջուկային և հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների հաշվառման ու վերահսկման պետական համակարգը

1. Հայաստանի Հանրապետությունում միջուկային և հատուկ նյութերը, սարքավորումներն ու տեխնոլոգիաները ենթակա են պետական հաշվառման և վերահսկման:

2. Հայաստանի Հանրապետությունում միջուկային և հատուկ նյութերի, սարքավորումների ու տեխնոլոգիաների պետական հաշվառումը և վերահսկումը կազմակերպում և իրականացնում է կարգավորող մարմինը:

3. Միջուկային և հատուկ նյութերի, սարքավորումների ու տեխնոլոգիաների հաշվառման ու վերահսկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

Հոդված 32. Միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների և տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումները

1. Արգելվում է միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների ու տեխնոլոգիաների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից այն պետություններ, որոնք`

ա) պարտավորություն չեն ստանձնել օգտագործելու այդ նյութերը, սարքավորումները և տեխնոլոգիաները բացառապես խաղաղ նպատակներով.

բ) չեն երաշխավորում դրանց ֆիզիկական պաշտպանությունը.

գ) չեն հավաստել իրենց պետությունում միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների, տեխնոլոգիաների հաշվառման և վերահսկման պետական համակարգի առկայությունը.

դ) պարտավորություն չեն ստանձնել երրորդ պետություններ միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների, տեխնոլոգիաների վերաարտահանման պայմանների վերաբերյալ:

2. Հայաստանի Հանրապետության տարածքով միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների, տեխնոլոգիաների տարանցիկ փոխադրման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:

Գ Լ ՈՒ Խ  11.

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎՆԱՍԸ ԵՎ ԴՐԱ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

Հոդված 33. Միջուկային վնասի և դրա փոխհատուցման պատասխանատվությունը

1. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրականացվող աշխատանքների հետևանքով իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև շրջակա միջավայրին հասցված միջուկային վնասի համար պատասխանատվությունը կրում է այդ աշխատանքներն իրականացնող լիցենզավորված անձը:

2. Փոխհատուցման է ենթակա ճառագայթային, ինչպես նաև ճառագայթային և այլ վնասակար գործոնների միասնական ազդեցությամբ իրավաբանական ու ֆիզիկական անձանց, նրանց սեփականությանը և շրջակա միջավայրի հասցված վնասը:

3. Եթե տուժող կողմը միջուկային վնասի հետ միաժամանակ կրել է նաև այլ վնաս, որը չի կարելի միջուկային վնասից հիմնավորված ձևով տարանջատել, ապա նման վնասը ենթակա է փոխհատուցման:

Հոդված 34. Միջուկային վնասի և դրա փոխհատուցման պատասխանատվության հիմնավորումը

1. Սույն օրենքի համաձայն` միջուկային վնասի համար լիցենզավորված անձի պատասխանատվությունն առաջ է գալիս այն պահից, երբ ապացուցվում է, որ վնասը հասցվել է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով:

2. Լիցենզավորված անձի պատասխանատվությունն առաջ է գալիս նաև այն դեպքում, երբ ապացուցվում է, որ վնասը հասցվել է նրա տնօրինության տակ գտնվող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի համար ստացված կամ այդ օբյեկտում արտադրված միջուկային և (կամ) ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների հետ կապված միջադեպի հետևանքով, եթե լիցենզավորված անձը մինչև միջադեպը համապատասխան գրավոր համաձայնությամբ ստանձնել է այդ նյութերի կամ թափոնների նկատմամբ պատասխանատվությունը կամ դա դեռ չի փոխանցել մեկ այլ կազմակերպության:

3. Լիցենզավորված անձն ազատվում է միջուկային վնասի և դրա փոխհատուցման պատասխանատվությունից, եթե միջուկային վնասն առաջացել է ռազմական գործողությունների, զինված հակամարտության, տարերային աղետի կամ այլ իրավաբանական անձանց կամ քաղաքացիների դիտավորյալ գործողության հետևանքով:

4. Եթե լիցենզավորված անձն ապացուցում է, որ հասցված միջուկային վնասն ամբողջությամբ կամ մասնակիորեն հետևանք է տուժող անձի դիտավորյալ գործողության, ապա նա ամբողջությամբ կամ մասնակիորեն ազատվում է այդ անձին հասցված միջուկային վնասի փոխհատուցման պատասխանատվությունից: Լիցենզավորված անձը հասցված միջուկային վնասի փոխհատուցման պատասխանատվությունից ազատվում է դատական կարգով:

Հոդված 35. Միջուկային վնասի փոխհատուցման պատասխանատվության ձևերը և չափերը

1. Լիցենզավորված անձի կողմից միջուկային վնասի փոխհատուցման պատասխանատվության ձևերը և չափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

2. Ցանկացած միջադեպի նկատմամբ միջուկային վնասի փոխհատուցման պատասխանատվության չափերը պետք է լինեն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված չափերից ոչ պակաս:

Հոդված 36. Միջուկային վնասի փոխհատուցման ֆինանսական ապահովումը

1. Լիցենզավորված անձինք պարտավոր են միջուկային վնասի փոխհատուցման պատասխանատվության ապահովման համար ունենալ բավարար ֆինանսական միջոցներ, որոնց ստեղծման և օգտագործման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

2. Եթե միջուկային վնասի համար պատասխանատվությունը կրում է լիցենզավորված անձը, և վնասի փոխհատուցման համար անհրաժեշտ գումարները գերազանցում են սույն օրենքի 35 հոդվածով նախատեսված չափերը, ապա անհրաժեշտ լրացուցիչ գումարների վճարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Գ Լ ՈՒ Խ  12.

ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 37. Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման համար պատասխանատվությունը

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք և քաղաքացիները խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման համար պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
1 մարտի 1999 թ.
ՀՕ-285