Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1526
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.04.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.07/48(1603) Հոդ.563
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
28.04.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2020

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

28 ապրիլի 2020 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 284-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍՈՎ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՆՈՒՅՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 287-289-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ, 385-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍՈՎ, «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՈՐՄԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի,

գործով որպես պատասխանող ներգրավված Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22-րդ և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 6-րդ մասով և դրա հետ փոխկապակցված նույն օրենսգրքի 287-289-րդ հոդվածներով, 385-րդ հոդվածի 2-րդ մասով, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված նորմերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից։

Օրենսգրքի` սույն գործով վիճարկվող «Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննարկման կարգը» վերտառությամբ 284-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է.

«Հարցի քննարկման արդյունքներով դատարանը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու` թույլտվություն տալու կամ միջնորդությունը մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը: Համապատասխան նյութերը դատարանը վերադարձնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին»:

Օրենսգրքի 287-289-րդ հոդվածները սահմանում են.

«Հոդված 287. Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ դատական որոշման բողոքարկումը

1. Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ բողոքները դատախազի, մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի կողմից բերվում են վերաքննիչ դատարան` անմիջականորեն կամ որոշում կայացրած դատարանի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով:

2. Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը, դատարան հասցեագրված բողոքներ ստանալով, պարտավոր է գրանցել դրանք և ուղարկել ըստ ընդդատության` այդ մասին տեղյակ պահելով հսկող դատախազին:

3. Վերաքննիչ դատարանը, ստանալով բողոքը, անհապաղ պահանջում է կալանավորելու անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը և դատարանի որոշումը»:

Հոդվածը փոփոխվել է 25.05.06 թ. ՀՕ-91-Ն օրենքով:

«Հոդված 288. Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը

1. Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից:

2. Կալանավորելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու օրինականությունը և հիմնավորվածությունը դատարանն ստուգում է ընտրված խափանման միջոցի օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող նյութերն ստանալու օրվանից` երեք օրվա ընթացքում:

3. Դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ: Բողոքը քննելու օրվա մասին նախապես իրազեկ կողմի չներկայանալը չի խոչընդոտում դատական ստուգումն իրականացնելուն: Դատարանը բացատրություններ տալու համար դատական նիստին կարող է կանչել հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին, ինչպես նաև տուժողին:

4. Նիստի սկզբում նախագահող դատավորը հայտարարում է, թե ինչպիսի բողոք է քննվելու, ներկայացնում է դատարան ներկայացած անձանց և նրանց պարզաբանում է իրենց իրավունքները և պարտականությունները: Այնուհետև դիմողը, եթե նա մասնակցում է բողոքի քննությանը, հիմնավորում է բողոքը, որից հետո լսում են նիստին ներկա գտնվող այլ անձանց:

5. Դատական ստուգման արդյունքում դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը`

1) կալանքը որպես խափանման միջոց վերացնելու և անձին կալանքից ազատելու մասին,

2) որպես խափանման միջոց կալանք ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին,

3) բողոքն առանց բավարարման թողնելու մասին:

6. Այն դեպքում, երբ նիստին ներկայացված չեն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող նյութեր, դատարանը որոշում է կայացնում տվյալ խափանման միջոցը վերացնելու և անձին կալանքից ազատելու մասին:

7. Դատարանի որոշման պատճենն ուղարկվում է դատախազին և դիմողին, իսկ անձին կալանքից ազատելու մասին որոշում կայացնելու դեպքում` նաև կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին` անհապաղ կատարման համար:

8. Բողոքն առանց բավարարման թողնվելու դեպքում դատարանի կողմից նույն գործով նույն անձի բողոքի կրկին քննում, սույն հոդվածով սահմանված կարգով, թույլատրվում է կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու յուրաքանչյուր դեպքում»:

Հոդվածը փոփոխվել է 25.05.06 թ. ՀՕ-91-Ն օրենքով:

«Հոդված 289. Քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու, ինչպես նաև դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին դատարանի որոշումների բողոքարկումը և ստուգումը

Քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու, ինչպես նաև դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին դատական որոշումների բողոքարկումը և ստուգումը, բացառությամբ սույն օրենսգրքի 289.1-ին հոդվածով նախատեսված դեպքերի, կատարվում են սույն օրենսգրքի 287 և 288 հոդվածներով նախատեսված կանոններով»:

Հոդվածը լրացվել է 16.01.18 թ. ՀՕ-69-Ն օրենքով:

Օրենսգրքի` «Վերաքննիչ դատարանում գործի քննության սահմանները» վերտառությամբ 385-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է.

«2. Բացառությամբ սույն օրենսգրքի 451 գլխի կանոններով քննված գործերի, վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է գործում եղած, իսկ սույն օրենսգրքի 382 հոդվածի երրորդ մասով նախատեսված բացառիկ դեպքերում՝ նաև լրացուցիչ ներկայացվող ապացույցներով»:

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքն (այսուհետ` Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2007 թվականի հոկտեմբերի 22-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2007 թվականի նոյեմբերի 19-ին և ուժի մեջ է մտել 2007 թվականի դեկտեմբերի 8-ից։

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի` «Օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետևանքով ստացված նյութերի և փաստաթղթերի հրապարակայնությունը» վերտառությամբ 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը սահմանում են.

«1. Յուրաքանչյուր անձ իր նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվելուց կամ հարուցված քրեական գործի վարույթը կարճվելուց` հանցագործության դեպքի բացակայության կամ արարքի կատարման մեջ հանցակազմի բացակայության պատճառով, կամ պատճառված վնասը քրեական օրենքով օրինաչափ համարվելուց կամ իր նկատմամբ արդարացման դատավճիռ կայացվելուց հետո` եռամսյա ժամկետում, իրավունք ունի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից պահանջելու իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետևանքով ստացված նյութերը և փաստաթղթերը:

2. Նշված նյութերը և փաստաթղթերը տրամադրելը մերժվում է, եթե առկա է պետական կամ ծառայողական գաղտնիքի հրապարակման վտանգ, կամ երբ դրանով կարող են բացահայտվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցները և այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձինք»:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 7-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է, որով ներկայացվել է նույն դատարանի 2019 թվականի նոյեմբերի 5-ի ԵԴ-9 գործով «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, վերլուծելով Օրենսգրքի և Օրենքի համապատասխան դրույթները, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Հղումներ կատարելով Սահմանադրության 33-րդ, 63-րդ, 67-րդ, 79-րդ, 81-րդ և այլ հոդվածներին, վերլուծելով Օրենսգրքի, Օրենքի ինչպես վիճարկվող, այնպես էլ վերջինիս հետ փոխկապակցված այլ իրավակարգավորումներ, վկայակոչելով Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան, մեջբերելով, մասնավորապես, Օրենսգրքի 284-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները՝ դիմողը գտնում է, որ անձանց նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակում նախատեսող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը հիմնավորող համապատասխան նյութերը հետազոտելուց հետո դրանք օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին դատարանի կողմից վերադարձվելու և վերաքննիչ բողոքը քննարկելիս միջնորդությունը հիմնավորող այդ նյութերը չներկայացվելու, իսկ ներկայացվելու դեպքում առաջին և վերաքննիչ ատյանների դատարաններ ներկայացված նյութերը նույնականացնելու անհնարինությունը նախատեսող իրավակարգավորմամբ` առաջին ատյանի դատարանում վերոնշյալ միջնորդության դռնփակ քննարկմանը պաշտպանական կողմի մասնակցության հնարավորության բացակայության դեպքում՝

- անձը զրկվում է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատական քննության իրավունքներից, «երբ վերաքննիչ ատյանում վիճարկվում է ինչպես փաստի, այնպես էլ իրավունքի հետ կապված հարց»,

- Վերաքննիչ քրեական դատարանը զրկվում է արդարադատություն իրականացնելու, «այն է` մրցակցային դատավարության պայմաններում վերաքննիչ բողոքը քննելու և վիճարկվող դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների, գործում եղած ապացույցների սահմաններում դատական ստուգման ենթարկելու, հիմնավորված, պատճառաբանված և օրինական դատական ակտ կայացնելու իրական հնարավորություններից»։

Վկայակոչելով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված իրավակարգավորումը՝ դիմողը գտնում է, որ մինչդատական կամ դատական վարույթի շրջանակներում այն չի ընձեռում վարույթն իրականացնող մարմնի ակտն անձին հասու դառնալու պահից մինչև գործով վերջնական, այդ թվում` մեղադրող դատական ակտ կայացնելը, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերին ծանոթանալու և մինչ իր նկատմամբ արդարացման կամ մեղադրական դատական ակտ կայացնելն իր իրավունքներն ու ազատությունները դատական կարգով արդյունավետ (այդ թվում` ժամանակին և արդարության կանոնների պահպանմամբ) պաշտպանելու հնարավորություն։

Դիմող կողմը նաև գտնում է, որ վերոհիշյալ իրավակարգավորումների համատեքստում Օրենսգրքի 289-րդ հոդվածի կանոններն ըստ էության ձևական են և գործնականում չեն համապատասխանում Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի, 61, 63 և 79-րդ հոդվածների պահանջներին։

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանող կողմը գտնում է, որ Օրենսգրքի 284-րդ հոդվածի 6-րդ մասում, 287-289-րդ հոդվածներում, 385-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված իրավակարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը։

Մասնավորապես, գտնելով, որ հանրային ու մասնավոր շահերի արդարացի հավասարակշռության ապահովման տեսանկյունից է, որ նախատեսված է հանրային շահի պաշտպանության նպատակով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետևանքով ստացված նյութերը և փաստաթղթերը մասնավոր անձանց տրամադրելու կառուցակարգ` վերջիններիս արդյունավետ իրավական պաշտպանության հնարավորությունը երաշխավորելու համար, ինչը ըստ պատասխանողի՝ որևէ կերպ անձին չի զրկում Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներից։ Իսկ մինչդատական վարույթի շրջանակներում, անկախ որևէ միջնորդության առկայությունից, անձինք բավարար հնարավորություն ունեն գործի նյութերին ծանոթանալու և իրացնելու իրենց դատավարական իրավունքները։

Ըստ պատասխանողի՝ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման վերաբերյալ միջնորդությունը հիմնավորող նյութերի գաղտնիության ռեժիմը հավասարապես կիրառելի է ինչպես վերադաս դատական ատյանների, այնպես էլ առաջին ատյանի դատարանի համար։ Հետևաբար, երբ վերադաս դատական ատյաններում օպերատիվ-հետախուզական գործունեությանն առնչվող նյութերի մատչելիությունը սահմանափակվում է` պայմանավորված գաղտնիության սկզբունքով, ապա այն ողջամտորեն ենթակա է նաև սահմանափակման առաջին ատյանի դատարանում` համաձայն Օրենսգրքի 284-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորման։

Ըստ պատասխանողի եզրահանգման՝ «երբ առաջին ատյանի դատարանին ներկայացվել են միջնորդությունը հիմնավորող որոշակի ծավալի նյութեր, ապա դրանք հավասարապես պետք է մատչելի լինեն նաև վերադաս դատական ատյաններին»։ Իսկ ինչ վերաբերում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված ապացույցների թույլատրելիությանը, վերաբերելիությանը և արժանահավատությանը, ապա, ըստ պատասխանողի՝ դրանք ենթակա են գնահատման քրեական գործն ըստ էության քննող դատարանի կողմից։

Ինչ վերաբերում է դիմումում առաջադրված Օրենքի նորմերի սահմանադրականությանը, ապա պատասխանողը գտնում է, որ այդ նորմերի կիրառումը դուրս է գործի և «Վերաքննիչ դատարանի կողմից քննության ենթակա հարցերի շրջանակից»։

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործի շրջանակներում Օրենսգրքի վիճարկվող նորմերի սահմանադրականությունը գնահատելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել.

1) արդյո՞ք անձի հաղորդակցության գաղտնիության իրավունքի սահմանափակում ենթադրող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվության կառուցակարգը պիտանի և անհրաժեշտ է Սահմանադրության 33-րդ հոդվածով սահմանված նպատակներին հասնելու համար,

2) արդյո՞ք վիճարկվող և դրանց հետ փոխկապակցված իրավակարգավորումներով երաշխավորվում է արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների իրականացումը:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել նաև, թե արդյո՞ք դիմողի կողմից վիճարկվող՝ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը կիրառման ենթակա են նրա վարույթում գտնվող կոնկրետ գործով:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականությունն են: Այդպիսով՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով ու ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք, ինչը միաժամանակ ենթադրում է անձի և պետության միջև հարաբերությունների և, մասնավորապես, անձանց սուբյեկտիվ իրավունքների, այդ թվում` մասնավոր հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքի իրացման շրջանակների և հնարավոր սահմանափակումների հստակ օրենսդրական կարգավորում:

Սահմանադրության 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձն ունի այլոց հետ ազատորեն, իր հայեցողությամբ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ և հաղորդակցության այլ ձևեր ունենալու իրավունք: Նույն դրույթը սահմանում է, որ անձն ունի նաև այդ հաղորդակցության փաստն ու բովանդակությունն այլ անձանց, այդ թվում՝ պետության ներկայացուցիչների հասանելիությունից զերծ պահելու, այսինքն` գաղտնիության իրավունք։

Միաժամանակ, այդ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով նախանշված հիմքերով և կարգով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Բացառությամբ Սահմանադրությամբ սահմանված հատուկ դեպքի՝ հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ (Սահմանադրության 33-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր):

Հաղորդակցության ազատությունը՝ որպես անձի հիմնարար իրավունք, երաշխավորված է նաև միջազգային-իրավական փաստաթղթերով։ Մասնավորապես՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 12-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող ենթարկվել իր անձնական ու ընտանեկան կյանքում կամայական միջամտության, իր տան, իր նամակագրության կամ իր պատվի ու հեղինակության նկատմամբ կամայական ոտնձգությունների: Յուրաքանչյուր ոք ունի նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքի պաշտպանության իրավունք»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք: Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր հերթին արձանագրել է, որ, ընդհանուր առմամբ, ճանաչում է քրեական վարույթի շրջանակներում հեռախոսային գաղտնալսումների դերը, երբ դրանք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են, մասնավորապես, հասարակական կարգի պաշտպանության, հանրային անվտանգության կամ քրեական հանցագործությունների կանխարգելման համար, քանի որ նման միջոցներն իսկապես օգնում են ոստիկանությանը և արդարադատության մարմիններին հանցագործությունների կանխարգելմանն ուղղված իրենց աշխատանքում: Այդուհանդերձ, պետության կողմից դրանց կազմակերպման գործնական պայմանները պետք է կանխեն ցանկացած չարաշահում կամ կամայականություն (տես՝ Dumitru Popescu v. Romania (No. 2), 26.04.2007, app. no. 71525/01, § 69):

Սահմանադրական դատարանն իր արտահայտած իրավական դիրքորոշումներում կարևորել է հաղորդակցության ազատության՝ որպես հիմնարար իրավունքի, երաշխավորման դերն ու նշանակությունը պետության և անհատի փոխհարաբերության ժողովրդավարական և իրավական բովանդակության ամրապնդման և հետագա զարգացման հարցում, մասնավորապես շեշտելով, որ՝

- այդ իրավունքի երաշխավորումը կարևոր է, նախ՝ անձին պետական իշխանության մարմինների կողմից նրա անձնական և ընտանեկան կյանքին անհարկի միջամտությունից պաշտպանելու նպատակով,

- այդ իրավունքի սահմանափակումը թույլատրելի է երեք համաժամանակյա նախապայմանի առկայության պայմաններում.

ա/ օրենքով սահմանված դեպքերում,

բ/ օրենքով սահմանված կարգով,

գ/ դատարանի որոշմամբ (տես՝ 2010 թվականի նոյեմբերի 23-ի ՍԴՈ-926 որոշումը):

Հաղորդակցության գաղտնիությունը՝ որպես իրավունք և, միաժամանակ, քրեադատավարական սկզբունք, ամրագրված է Օրենսգրքի 14-րդ հոդվածում, համաձայն որի՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք: Քրեական դատավարության ընթացքում արգելվում է անձին նշված իրավունքներից ապօրինի զրկելը կամ այդ իրավունքները սահմանափակելը: 2. Քրեական դատավարության ընթացքում նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելը, հեռախոսային խոսակցությունները լսելը կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով»։

Վերոհիշյալ սահմանադրական, կոնվենցիոն և օրենսդրական կարգավորումների վերլուծությունից հետևում է, որ մասնավոր կյանքի, այդ թվում՝ հաղորդակցության անձեռնմխելիության իրավունքը անձի ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային օրենսդրությամբ երաշխավորված կարևոր իրավունքներից է և պետք է պաշտպանվի կամայական ու անօրինական ամեն տեսակ միջամտությունից: Ընդ որում՝ այդ իրավունքը կարող է սահմանափակվել միայն իրավաչափ նպատակին հասնելու համար, օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ դատարանի որոշման հիման վրա:

4.2. Վերոշարադրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը սույն գործով վիճարկվող իրավակարգավորման սահմանադրականությունը գնահատելիս նախևառաջ կարևոր է համարում բացահայտել անձի՝ հաղորդակցության գաղտնիության սահմանադրական իրավունքին օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների միջամտության օրենսդրական հիմքերը, սահմաններն ու պայմանները (կարգը), որոնք անհրաժեշտ են այդ իրավունքի սահմանափակման սահմանադրական չափանիշներին դրանց համապատասխանությունը որոշելու համար։

Օրենքի և Օրենսգրքի մի շարք հոդվածների իրավական բովանդակության վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է.

1) հաղորդակցության գաղտնիության իրավունքը սահմանափակող օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկումը և հեռախոսային խոսակցությունների վերահսկումը, ինչպես նաև դրանց բովանդակությունը նախատեսված են օրենքով (Օրենքի 25-րդ և 26-րդ հոդվածներ),

2) այդ միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է (Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մաս),

3) հաղորդակցության գաղտնիության իրավունքը սահմանափակող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է պատճառաբանված միջնորդության առկայություն, որը, ի թիվս այլնի, պետք է պարունակի համապատասխան միջոցառման իրականացման հիմքերը, այն տվյալները, որոնք նախատեսվում է ստանալ դրա արդյունքում, միջոցառման իրականացման տեղը և ժամկետը, իսկ միջնորդությանը կցվում են բոլոր այն նյութերը, որոնք հիմնավորում են օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտությունը (Օրենքի 37-րդ հոդվածի 1-3-րդ մասեր, 34-րդ հոդվածի 2-րդ մաս, Օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մաս),

4) հաղորդակցության գաղտնիության իրավունքը սահմանափակող օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարող են անցկացվել միայն դատարանի որոշմամբ, իսկ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով դատավորը կարող է համապատասխան պաշտոնատար անձից պահանջել բացատրություններ և լրացուցիչ նյութեր (Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մաս, Օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին մաս, 284-րդ հոդվածի 5-րդ մաս),

5) միջնորդության քննարկման արդյունքներով դատարանը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու` թույլտվություն տալու կամ միջնորդությունը մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը, իսկ դատարանի որոշումը, ի թիվս այլնի, պետք է պարունակի օպերատիվ-հետախուզական միջոցառում կատարելու մասին նշում` ցույց տալով, թե այն ու՛մ վրա է տարածվում, որոշման գործողության ժամկետը, որոշումը կատարելու համար իրավասու պաշտոնատար անձը (Օրենսգրքի 284-րդ հոդվածի 6-րդ մաս, 286-րդ հոդված):

Սահմանադրական դատարանը գտնում է, որ հաղորդակցության գաղտնիության իրավունքը սահմանափակող օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ունեն հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակ, անձանց շրջանակի և հիմնավորվածության առումով դրանց ներկայացվում են հստակ պահանջներ, և դրանք ամբողջությամբ գտնվում են դատական վերահսկողության ներքո: Հետևաբար, վերոնշյալ իրավակարգավորումները համապատասխանում են հաղորդակցության գաղտնիության իրավունքի սահմանափակման սահմանադրական հիմնական պահանջներին: Բացի դրանից, համապատասխան նորմերով որոշակիորեն հստակեցված են օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ անձի հաղորդակցության գաղտնիության իրավունքի սահմանափակման պայմանները, ընթացակարգը և այդ իրավունքի սահմանափակման իրավաչափության նկատմամբ դատական վերահսկողության բովանդակությունը։ Հետևաբար՝ առկա օրենսդրական կառուցակարգը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց չէ։

4.3. Անդրադառնալով արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրականացման երաշխիքներին՝ Սահմանադրական դատարանը հաղորդակցության գաղտնիության իրավունքի սահմանափակման իրավաչափության նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում անհրաժեշտ է համարում քննության առնել համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու թույլտվություն տալու մասին դատարանի որոշման բողոքարկմանը վերաբերող իրավակարգավորումները:

Օրենսգրքի 284-րդ հոդվածի 4, 5 և 6-րդ մասերի բովանդակությունից հետևում է, որ հաղորդակցության գաղտնիության իրավունքը սահմանափակող օպերատիվ-հետախուզական միջոցառման վերաբերյալ միջնորդությունը դատավորը քննարկում է միանձնյա, դռնփակ դատական նիստում` միջնորդությունը ներկայացնող պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ, և օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով դատավորը կարող է համապատասխան պաշտոնատար անձից պահանջել բացատրություններ և լրացուցիչ նյութեր։

Միջնորդությունը՝ քննարկվում, և որոշում է կայացվում այն ստանալուց հետո 12 ժամվա ընթացքում: Հարցի քննարկման արդյունքներով դատարանը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու թույլտվություն տալու կամ միջնորդությունը մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը: Համապատասխան նյութերը դատարանը վերադարձնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին։

Այսպիսով, հաղորդակցության գաղտնիության իրավունքը սահմանափակող օպերատիվ-հետախուզական միջոցառման վերաբերյալ միջնորդության քննարկման ընթացակարգն առաջին ատյանի դատարանում օբյեկտիվորեն չունի մրցակցային բնույթ, քանի որ այդ ընթացակարգի շրջանակներում ծագած իրավահարաբերությունների կողմերն են բացառապես դատարանը և միջնորդություն ներկայացրած հանրային իշխանության լիազոր այն մարմինը, որի ներկայացրած միջնորդության օրինականության և հիմնավորվածության հարցն է լուծվելու։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ հաղորդակցության գաղտնիության իրավունքի սահմանափակման նման ընթացակարգն օբյեկտիվորեն և ողջամտորեն արդարացված է, քանի որ կոչված է ապահովելու համապատասխան միջոցառման անցկացման օրինականությունը, գաղտնիությունն ու արագությունը տվյալ դեպքում հանրային շահի պաշտպանության տեսանկյունից, ուստի՝ առաջին ատյանի դատարանը, նման գործերով ի պաշտոնե իրականացնելով միայն դատական վերահսկողություն, պարտավոր է պարզել միջնորդության արդարացի լուծման համար անհրաժեշտ բոլոր հանգամանքները: Հետևաբար, իրավական ընթացակարգի այդ առանձնահատկություններով է պայմանավորված այն հանգամանքը, որ շահագրգիռ անձը կամ նրա ներկայացուցիչը չի մասնակցում միջնորդության քննարկմանը, հնարավորություն չունի ծանոթանալու միջնորդությանը և այն հիմնավորող նյութերին, չի կարող ներկայացնել առարկություններ, հարուցել միջնորդություններ, այսինքն` այդ ընթացակարգի շրջանակներում իրացնել օրենքով երաշխավորված իրավական պաշտպանության միջոցներ: Շահագրգիռ անձանց համար իրավական պաշտպանության այդպիսի միջոցները հասանելի են միայն միջնորդության քննարկման արդյունքներով կայացված որոշման դատական բողոքարկման շրջանակներում, իսկ այդպիսի բողոքարկումն իրացնելի` Օրենսգրքի 287288-րդ հոդվածների նորմերով նախատեսված կարգով (Օրենսգրքի 289-րդ հոդված), հետևաբար՝ նաև առկա են երաշխիքներ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության համատեքստում։

Մասնավորապես.

1) բողոքն ստանալով՝ վերաքննիչ դատարանն անհապաղ պահանջում է միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը և առաջին ատյանի դատարանի որոշումը (Օրենսգրքի 287-րդ հոդվածի 3-րդ մաս),

2) միջոցառման իրականացման օրինականությունը և հիմնավորվածությունը դատարանն ստուգում է դրանք հաստատող նյութերն ստանալու օրվանից` երեք օրվա ընթացքում (Օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մաս),

3) առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը վերաքննիչ դատարանն ստուգում է դռնփակ դատական նիստում` կողմերի մասնակցությամբ՝ պարզաբանելով նրանց իրավունքները և պարտականությունները (Օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասեր),

4) դատական ստուգման արդյունքում վերաքննիչ դատարանը որոշում է կայացնում բողոքը բավարարելու կամ մերժելու մասին (Օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մաս),

5) այն դեպքում, երբ նիստին ներկայացված չեն միջոցառման իրականացման օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող նյութեր, վերաքննիչ դատարանը որոշում է կայացնում տվյալ միջոցառումը վերացնելու մասին (Օրենսգրքի 288-րդ հոդվածի 6-րդ մաս)։

Վերոշարադրյալ ընդհանուր կարգավորումներից հետևում է, որ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների սահմանադրաիրավական բովանդակության տեսանկյունից Օրենսգիրքն ընդհանուր առմամբ ապահովում է հաղորդակցության գաղտնիության իրավունքը սահմանափակող դատական որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը վիճարկելու հնարավորությունը:

Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ վեճի առարկա իրավակարգավորումների շրջանակում դատական բողոքարկման անհրաժեշտությունը կարևորվել է նաև Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայում, համաձայն որի՝ «…երբ պետությունն սկսում է գաղտնի հսկողություն, որի գոյությունը հայտնի չէ հսկվող անձանց, և արդյունքում այդ հսկողությունը հնարավոր չի լինում բողոքարկել, Կոնվենցիայի 8-րդ հոդվածը կարող է էականորեն նսեմացվել: Նման իրավիճակում հնարավոր է, որ անձի նկատմամբ վարվեն 8-րդ հոդվածին հակասող կերպով կամ` անգամ զրկեն նրան այդ հոդվածով երաշխավորված իրավունքից` առանց նշված անձի գիտության, և, հետևաբար, առանց իրավական պաշտպանության միջոց ստանալու հնարավորության թե՛ ներպետական մակարդակում և թե՛ կոնվենցիոն ինստիտուտներում» (տես՝ Klass and others v. Germany, 06.09.1978, app. no. 5029/71, § 36):

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 287-288-րդ հոդվածներով նախատեսված կանոնները կիրառելի են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն տալու մասին դատարանի որոշումների բողոքարկման և ստուգման նկատմամբ այնքանով, որքանով դրանք համապատասխանում են դատական վերահսկողության այդ ձևի էությանը և բովանդակությանը։

4.4. Սահմանադրական դատարանը դիմումում բարձրացված հարցերի լույսի ներքո մեկնաբանման և կիրառման տեսանկյունից խնդրահարույց է համարում Օրենսգրքի այն նորմը, ըստ որի՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու թույլտվություն տալու մասին որոշում կայացնելուց հետո առաջին ատյանի դատարանը համապատասխան միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը վերադարձնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին (Օրենսգրքի 284-րդ հոդվածի 6-րդ մաս)։ Այդպիսի իրավակարգավորումը չի կարող կողմերին և վերաքննիչ դատարանին այդ նյութերը չտրամադրելու հիմք հանդիսանալ, հակառակ դեպքում դա կհանգեցնի Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների սահմանափակմանը։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ վերլուծված իրավանորմերի համակցության մեջ Օրենսգրքի 284-րդ հոդվածի 6-րդ մասի վերոնշյալ դրույթը պետք է ընկալվի և մեկնաբանվի բացառապես այն իմաստով, որ չխաթարվի Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների բուն էությունը։

Ինչ վերաբերում է դատական վերահսկողության շրջանակներում պետական, ծառայողական և այլ գաղտնիքի պահպանման վերաբերյալ դիմումում բարձրացված խնդրին, ապա Օրենսգրքի 284-րդ հոդվածի 5-րդ մասի նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատավորի պահանջով նրան, որպես կանոն, ներկայացվում են նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող այլ նյութեր` բացառությամբ այն դեպքերի, երբ կա պետական կամ ծառայողական գաղտնիքի խախտման վտանգ, կամ երբ դրանով կարող են բացահայտվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցները և այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձինք, համապատասխան տեղեկությունների ստացման աղբյուրները և դրանց ստացման եղանակները:

Մյուս կողմից՝ Օրենսգրքի 171-րդ և 172-րդ հոդվածների իրավակարգավորումների համաձայն՝ քրեական դատավարության ընթացքում պետք է ձեռնարկվեն պետական, ծառայողական և օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման` օրենքով նախատեսված միջոցներ, ինչը Օրենսգրքի վերոհիշյալ իրավապահանջների հետ համադրության շրջանակներում քրեադատավարական ընթացակարգի պահպանման ընդհանուր սկզբունք է։

4.5. Վերլուծելով Օրենսգրքի 385-րդ հոդվածի 2-րդ մասի և 289-րդ հոդվածի բովանդակությունը՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ հիշյալ նորմերն առավելապես հղումներ են պարունակում Օրենսգրքի այլ հոդվածներին, ինչն օրենսդրական տեխնիկայի կանոնների տեսանկյունից նպատակ է հետապնդում խուսափել նույն նորմատիվ իրավական ակտով սահմանված նորմերի անհիմն կրկնություններից կամ ընդգծել այդ դրույթների փոխադարձ կապը։ Ուստի, այս առումով վերոնշյալ նորմերի սահմանադրականությունը խնդրահարույց չէ։

4.6. Անդրադառնալով դիմողի վարույթում գտնվող կոնկրետ գործով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կիրառելիության հարցին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այն՝ որպես անհրաժեշտ պայման, կարող է բխել Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից։ Մինչդեռ դիմումում վկայակոչված գործով վիճարկման առարկա է դարձել ոչ թե Օրենքի վերոհիշյալ նորմերի հիմքով օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նյութերը և փաստաթղթերը պահանջելու՝ անձի իրավունքի իրացման հարցը, այլ օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը, որի օրինականության և հիմնավորվածության ստուգման հարցը կարող է քննության առարկա դառնալ Օրենսգրքով նախատեսված հիմքերով ու կարգով։

Հետևաբար՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի սույն դիմումի հիման վրա Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի սահմանադրականության գնահատման հարցը Սահմանադրական դատարանում քննության առարկա լինել չի կարող, ինչը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ գործի վարույթն այդ մասով կարճելու հիմք է։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 63, 64 և 71-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությունը համապատասխանում է Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ դատարանի կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին վերադարձնելը չպետք է խոչընդոտի այդ նյութերը վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող անձին և վերաքննիչ դատարանին տրամադրելուն՝ միաժամանակ ապահովելով պետական, ծառայողական և օրենքով պահպանվող այլ գաղտնիքի պահպանումը:

2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 287-288-րդ հոդվածներն այն մասով, որով դրանցով նախատեսված կանոնները կիրառելի են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն տալու մասին դատարանի որոշումների բողոքարկման և ստուգման նկատմամբ, համապատասխանում են Սահմանադրությանը։

3. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 2-րդ մասը և 289-րդ հոդվածը համապատասխանում են Սահմանադրությանը։

4. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված նորմերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, գործի վարույթը կարճել։

5. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

28 ապրիլի 2020 թվականի

ՍԴՈ-1526

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան