Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.12/61(1616).1 Հոդ.751.14
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.04.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/8486/05/11 

Վարչական գործ թիվ ՎԴ/8486/05/11 

2020 թ.

Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան  

Դատավորներ՝

Ա. Առաքելյան

 

Կ. Մաթևոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. հակոբյան

 

զեկուցող

Գ. հակոբյան

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

   

Մ. Դրմեյան

 

 

Ե. Խունդկարյան

 

 

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

 

2020 թվականի ապրիլի 23-ին

քննելով ըստ հայցի Տիգրան Գրիգորյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ Հովհաննես Բաբաջանյանի` որոշումը մասնակիորեն անվավեր ճանաչելու և հետևանքների վերացման ածանցյալ պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.04.2019 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ դատավարության մասնակից չդարձված անձ Սոֆիա Բաբաջանյանի ներկայացուցիչ Միքայել Դանիելյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Տիգրան Գրիգորյանը պահանջել է մասնակիորեն՝ 9,43քմ մակերեսով համադրման մասով, անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 18.08.2011 թվականի թիվ 3771-Ա որոշումը և որպես հետևանք` այդ մասով ոչ իրավաչափ ճանաչել Երևանի քաղաքապետարանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը, անվավեր ճանաչել 04.10.2011 թվականին Երևան համայնքի և Հովհաննես Բաբաջանյանի միջև կնքված Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող կառույցի ու դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիրը և դրա հիման վրա կատարված անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 16.12.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է մասնակիորեն` 6,5քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 13քմ մակերեսով (շինության 1-ին և 2-րդ հարկեր) շինության մասով, անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 18.08.2011 թվականի թիվ 3771-Ա որոշումը, նույն մասերով ոչ իրավաչափ ճանաչել Երևանի Շիրազի փողոցի թիվ 7/6 հասցեի նկատմամբ 01.09.2011 թվականին կատարված Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումը, նույն մասերով անվավեր ճանաչել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի մասին 04.10.2011 թվականին կնքված թիվ 407-3771-Ա պայմանագիրը և Երևանի Շիրազի փողոցի թիվ 7/6 հասցեի նկատմամբ 07.10.2011 թվականին կատարված Հովհաննես Բաբաջանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը. մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան, դատավորներ` Ք. Մկոյան. Ա. Առաքելյան) 29.09.2016 թվականի որոշմամբ երրորդ անձ Հովհաննես Բաբաջանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.12.2015 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Ք. Մկոյան, դատավորներ` Ա. Առաքելյան, Կ. Մաթևոսյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.03.2019 թվականի որոշմամբ դատավարության մասնակից չդարձված անձ Սոֆիա Բաբաջանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Վերաքննիչ դատարանի 15.04.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ դատավարության մասնակից չդարձված անձ Սոֆիա Բաբաջանյանի ներկայացուցչի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել դատավարության մասնակից չդարձված անձ Սոֆիա Բաբաջանյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 13-րդ և 152-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

«Դատալեքս» դատական տեղեկատվական առցանց համակարգում առկա տվյալների համաձայն՝ սույն գործի հարուցման հիմք հանդիսացող հայցը Դատարան է ներկայացվել 14.12.2011 թվականին և նույն օրը մակագրվել է այդ ժամանակ ՀՀ վարչական դատարանի դատավոր Ք. Մկոյանին: Վերջինս ՀՀ վարչական դատարանում գրեթե 2 տարի իրականացրել է սույն գործի քննությունը, որից հետո ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր: Տվյալ դեպքում բողոքարկվող որոշումը կայացվել է նաև նախագահող դատավոր Ք. Մկոյանի կողմից, ով, ՀՀ վարչական դատարանում սույն գործի քննությանը մասնակցելով որպես դատավոր, պարտավոր էր հայտնել ինքնաբացարկ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Սոֆիա Բաբաջանյանը ոչ իրավաչափորեն մասնակից չի դարձվել իր սեփականության իրավունքի դադարմանը հանգեցրած գործի դատավարությանը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործի նյութերում առկա չէ որևէ ապացույց կամ փաստական տվյալ այն մասին, որ Սոֆիա Բաբաջանյանը Դատարանի 16.12.2015 թվականի վճռի առկայության մասին իմացել է ավելի վաղ, քան նշվել է դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու միջնորդության մեջ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 15.04.2019 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` դատավարության մասնակից չդարձված անձ Սոֆիա Բաբաջանյանի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու դատավարական ժամկետի բացթողումը համարել հարգելի, բողոքարկման ժամկետը վերականգնել և վերջինիս ներկայացրած վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ, կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այլ դատարանում տվյալ գործի քննությանը մասնակցած լինելու հիմքով դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու առանձնահատկություններին:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (…):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորի ինքնաբացարկի հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի համաձայն՝ դատավորին կարող է բացարկ հայտնվել, կամ դատավորը սեփական նախաձեռնությամբ պարտավոր է ինքնաբացարկ հայտնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված հիմքերով:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ: Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված յուրաքանչյուրի՝ անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր բազմաթիվ որոշումներում բացահայտել է դատարանի անկողմնակալության գնահատման չափանիշները: Այսպես՝ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ դատարանի անաչառությունը ենթադրում է գործը քննող դատավորի մոտ կանխակալ կարծիքի բացակայություն, իսկ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից: Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր ճանապարհներով: Առաջինը սուբյեկտիվ չափանիշն է, որը վերաբերում է քննվող գործի կապակցությամբ տվյալ դատավորի անձնական համոզմունքներին և վարքագծին, իսկ երկրորդը՝ օբյեկտիվ չափանիշը, վերաբերում է առաջարկվող այն երաշխիքներին, որոնք պետք է բավարար լինեն դատավորի անաչառության կապակցությամբ առաջացած ցանկացած ողջամիտ կասկած բացառելու համար: Սուբյեկտիվ չափանիշի համաձայն` դատարանի կամ դատավորի անկողմնակալությունը հանդես է գալիս որպես կանխավարկած, հետևաբար, քանի դեռ հակառակն ապացուցված չէ, դատավորը համարվում է սուբյեկտիվորեն անկողմնակալ: Հակառակ դրան` օբյեկտիվ անկողմնակալությունը կախված է արտաքին գործոններից, և այս դեպքում դատավորի վարքագիծը երկրորդական նշանակություն է ստանում: Մասնավորեցնելով օբյեկտիվ չափանիշը` Եվրոպական դատարանն արձանագրել է, որ այն հիմնականում վերաբերում է դատավորի և վարույթի մյուս մասնակիցների միջև աստիճանակարգային կամ մյուս կապերին կամ դատական գործընթացի շրջանակներում միևնույն անձի կողմից տարբեր գործառույթների իրականացմանը: Հետևաբար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է որոշել՝ արդյոք տվյալ հարաբերությունների բնույթը և սերտության աստիճանը վկայում են այն մասին, որ դատարանն անկողմնակալ չէ (տե՛ս, օրինակ, Piersack v. Belgium գործով Եվրոպական դատարանի 01.10.1982 թվականի վճիռը, կետ 30, Grieves v. the United Kingdom գործով Եվրոպական դատարանի 16.12.2003 թվականի վճիռը, կետ 69, Kyprianou v. Cyprus գործով Եվրոպական դատարանի 15.12.2005 թվականի վճիռը, կետեր 118, 121, Nicholas v. Cyprus գործով Եվրոպական դատարանի 09.01.2018 թվականի վճիռը, կետեր 49, 53, Ghulyan v. Armenia գործով Եվրոպական դատարանի 24.01.2019 թվականի վճիռը, կետ 45):

Օբյեկտիվ չափանիշի տեսանկյունից Եվրոպական դատարանը կարևորել է կոնկրետ գործի քննությանը դատավորի ունեցած դերը, դատավորի կողմից իրականացված գործողությունների շրջանակն ու բնույթը և գտել է, որ դատավորի կողմից գործի նյութերին պարզապես ծանոթ լինելը չի հանգեցնում վերջինիս անաչառության վերաբերյալ ծագած կասկածների ողջամտությանը (տե՛ս, Morel v.Fazli France գործով Եվրոպական դատարանի 06.06.2000 թվականի վճիռը, կետ 45, Fazlı Aslaner v. Turkey գործով Եվրոպական դատարանի 04.03.2014 թվականի վճիռը, կետ 31): Վերադաս դատարաններում նույնիսկ երկու այլ դատավորների հետ գործի քննությունն իրականացնող և գործի քննությունը նախագահող դատավորը չպետք է քննի իր իսկ որոշման դեմ ներկայացված բողոքները (տե՛ս, De Haan v. the Netherlands գործով Եվրոպական դատարանի 26.08.1997 թվականի վճիռը, կետ 51):

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ նույնիսկ արտաքին հատկանիշները կարող են որոշակի նշանակություն ունենալ, կամ, այլ կերպ ասած, «պետք է ոչ միայն արդարությունը հաստատվի, այլև տեսանելի լինի դրա հաստատումը»։ Նժարին դրված է այն վստահությունը, որը ժողովրդավարական հասարակությունում դատարանները պետք է ներշնչեն հանրությանը: Այսպիսով, ցանկացած դատավոր, որի անկողմնակալության մասով կա մտահոգվելու հիմնավոր պատճառ, պետք է գործի քննությունից հեռացվի (տե՛ս, Micallef v. Malta գործով Եվրոպական դատարանի 15.10.2009 թվականի վճիռը, կետ 98):

Անկողմնակալության ապահովման մասով ազգային ընթացակարգերի, մասնավորապես՝ դատավորներին գործի քննությունից հեռացնելը կարգավորող կանոնների առկայությունն էական գործոն է: Այդպիսի կանոնները վկայում են այն մասին, որ ազգային օրենսդիրները հատուկ ուշադրություն են դարձնում տվյալ դատավորի կամ դատարանի անկողմնակալության հետ կապված հիմնավոր բոլոր կասկածները վերացնելուն և այդպիսի կասկածների պատճառները վերացնելու միջոցով փորձում են անկողմնակալություն ապահովել: Որպես այդպիսին կողմնակալության բացակայությունն ապահովելուց բացի՝ դրանք ուղղված են կողմնակալության ցանկացած արտաքին հատկանիշ վերացնելուն և այդպիսով նպաստում են, որ ժողովրդավարական հասարակությունում դատարանները հանրությանը վստահություն ներշնչեն: Իրավիճակից կամ կապից է կախված դատավորի անկողմնակալության վերաբերյալ կասկածների առաջացումը: Այդ կասկածների օբյեկտիվորեն հիմնավորված լինելը կամ չլինելն առավելապես կախված է կոնկրետ գործի հանգամանքներից և այն գործոններից, որոնք այդ իմաստով պետք է հաշվի առնվեն (տե՛ս, Ghulyan v. Armenia գործով Եվրոպական դատարանի 24.01.2019 թվականի վճիռը, կետեր 47, 51):

ՀՀ վճռաբեկ դատարանը, Եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ինքնաբացարկ հայտնելու հիմքերից` տվյալ գործի քննությանն այլ դատարանում դատավորի մասնակցության հիմքին, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ որպես դատարանի անաչառությունն ապահովող կառուցակարգ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է ինքնաբացարկի և բացարկի ինստիտուտը, որի հիմքերն ամրագրված են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում: Յուրաքանչյուր դեպքում դատավորի կողմից ստորադաս դատական ատյանում նույն գործով ունեցած մասնակցությունը` որպես ինքնաբացարկի հիմք, ենթակա է գնահատման՝ հաշվի առնելով ստորադաս դատարանում դատավորի կողմից կատարված գործողությունների շրջանակը և բնույթը, կոնկրետ գործի հանգամանքներն ու առանձնահատկությունները: Ընդ որում, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում» արտահայտությունը կիրառելի է քաղաքացիական դատավարության յուրաքանչյուր փուլի նկատմամբ: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ ատյանում օրենքով սահմանված կարգով տվյալ գործով քննությունը պետք է իրականացվի և տվյալ հարցով որոշումը պետք է կայացվի կոլեգիալ` երեք դատավորի կազմով, ապա կոլեգիալ կազմում ընդգրկված դատավորներից առնվազն մեկի կողմից ինքնաբացարկ հայտնելու անհրաժեշտությունը բավարար է արձանագրելու համար, որ դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով: Դրա արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ.

1. յուրաքանչյուր դեպքում դատավորը չպետք է մասնակցի իր իսկ կողմից կայացված դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությանը, նույնիսկ այն պարագայում, երբ այդ բողոքը քննվում է կոլեգիալ կարգով, քանի որ իր իսկ որոշումների դեմ բերված բողոքները քննելով՝ դատավորն իր անաչառության վերաբերյալ առաջացնում է օբյեկտիվ կասկած թե´ գործի մասնակցի, և թե´ օբյեկտիվ դիտորդի մոտ,

2. այն դեպքում, երբ բողոքարկված չէ նույն դատավորի կողմից նախկինում կայացված դատական ակտը, սակայն բողոքում բարձրացվում է տվյալ գործին այլ դատարանում մասնակցելու հիմքով այդ դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ հարց, հարկավոր է գնահատել դատավորի մասնակցությունը, ստորադաս դատական ատյանում նրա կողմից կատարված դատավարական գործողությունները, վերադաս դատական ատյանում կոլեգիալ կազմում տվյալ դատավորի դերակատարությունը (տե՛ս, «Հարութ Մեգերյան» ՍՊԸ ընդդեմ «Մարսարմետ» ՍՊԸ-ի և մյուսների թիվ ԱՎԴ/1405/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.06.2019 թվականի որոշումը):

Թեև նշված իրավական դիրքորոշումն արտահայտվել է քաղաքացիական դատավարության կարգով քննված գործի շրջանակներում, սակայն Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հավասարապես կիրառելի է նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ վարչական դատավարությունում դատավորի ինքնաբացարկի հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը։

Սույն գործի փաստերի համաձայն` թիվ ՎԴ/8486/05/11 վարչական գործը 14.12.2011 թվականին մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Ք. Մկոյանին (հատոր 1-ին, գ.թ. 1):Դատարանի 20.12.2011 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 27): Նշված գործով դատավոր Ք. Մկոյանի կողմից 16.03.2012 թվականին և 05.04.2012 թվականին հրավիրվել են նախնական դատական նիստեր, որոնց ընթացքում տեղի է ունեցել պատասխանողի փոխարինում իրավահաջորդով, վերջինիցս պահանջվել են համապատասխան նյութեր (հատոր 1-ին, գ.թ. 79, 80, 105, 106 լազերային կրիչ՝ հատոր 1-ին, գ.թ. 125): 23.04.2012 թվականին դատավոր Ք. Մկոյանի կողմից որոշում է կայացվել հողաշինարարատեխնիկական և չափագրման փորձաքննություն նշանակելու ու վարչական գործի վարույթը կասեցնելու մասին, իսկ 22.11.2012 թվականին նույն դատավորը որոշում է կայացրել վարչական գործի վարույթը վերսկսելու և 10.01.2013 թվականին նախնական դատական նիստ հրավիրելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 126, 127, հատոր 2-րդ, գ.թ. 28, 40, 41, լազերային կրիչ՝ հատոր 2-րդ, գ.թ. 169): Նախնական դատական նիստեր են հրավիրվել նաև 30.01.2013 թվականին և 20.02.2013 թվականին, որոնց արդյունքում դատավոր Ք. Մկոյանը, համարել է գործը դատաքննության նախապատրաստված, և որոշում է կայացրել գործը 02.05.2013 թվականին դատաքննության նշանակելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 48, 49, 57, լազերային կրիչ՝ հատոր 2-րդ, գ.թ. 169): Նշված օրը նշանակված դատական նիստը հետաձգվել է և նշանակվել 26.06.2013 թվականին: Դատական նիստեր են տեղի ունեցել նաև 13.09.2013 թվականին, 03.10.2013 թվականին, 14.10.2013 թվականին և 08.11.2013 թվականին, որոնցից վերջինի ժամանակ դատավոր Ք. Մկոյանը նաև որոշում է կայացրել փորձագետի եզրակացությունը որպես թույլատրելի ապացույց գործին կցելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 97, 98, 109-111, 127, 128, 137-139, 143, 144, 166-168, լազերային կրիչ՝ հատոր 2-րդ, գ.թ. 169):

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի 26.11.2013 թվականի հրամանագրով Ք. Մկոյանը նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր: Նույն հրամանագրով դադարեցվել են նրա` որպես ՀՀ վարչական դատարանի դատավորի լիազորությունները (հատոր 3-րդ, գ.թ. 2):

Սույն վարչական գործով Դատարանի կողմից 16.12.2015 թվականին կայացվել է վճիռ, որը վերաքննության կարգով բողոքարկվել է նաև դատավարության մասնակից չդարձված անձ Սոֆիա Բաբաջանյանի ներկայացուցչի կողմից: Ներկայացված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի դատավորներ Ք. Մկոյանի, Ա. Առաքելյանի և Կ. Մաթևոսյանի 29.03.2019 թվականի որոշմամբ վերադարձվել է. որպես նախագահող դատավոր է հանդես եկել Ք. Մկոյանը: Դրանից հետո նույն անձի կողմից կրկին ներկայացվել է վերաքննիչ բողոք: Վերաքննիչ դատարանը նույն կազմով 15.04.2019 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով դատավոր Ք. Մկոյանի կողմից ինքնաբացարկ հայտնելու անհրաժեշտության վերաբերյալ բողոքի հիմքին և հիմնավորմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ տվյալ գործին այլ դատարանում մասնակցելու հիմքով այդ դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ հարցը լուծելիս հարկավոր է գնահատել դատավորի մասնակցությունը, ստորադաս դատական ատյանում նրա կողմից կատարված դատավարական գործողությունները: Դրանից ելնելով` Վճռաբեկ դատարանը, անհրաժեշտ համարելով քննարկման առարկա դարձնել ստորադաս դատարանում դատավոր Ք. Մկոյանի կողմից կատարված դատավարական գործողությունները, արձանագրում է, որ վերջինս հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո հրավիրել է նախնական դատական նիստեր, այդ նիստերի ժամանակ գործը նախապատրաստել է դատաքննության` կատարելով վերը նշված համապատասխան դատավարական գործողությունները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործը դատաքննության նախապատրաստելու փուլը, հանդիսանալով վարչական դատավարության արդյունավետության բարձրացմանն ուղղված կառուցակարգ, նպատակ է հետապնդում ապահովելու գործի ժամանակին և ճիշտ քննությունն ու լուծումը: Հաշվի առնելով գործը դատաքննության նախապատրաստելու փուլում օրենսդրի կողմից դատարանին վերապահված լիազորությունների բնույթը և շրջանակը` ակնհայտ է, որ այս փուլում դատարանը հանգամանալից ուսումնասիրում է գործի փաստերը և բացահայտում է վիճելի իրավահարաբերության էությունը: Նշվածից հետևում է, որ նախնական դատական նիստի ընթացքում դատարանի կողմից կատարման ենթակա գործողությունների իրականացման արդյունքում գործը քննող դատավորի համար բացահայտվում են գործի այն հանգամանքները, որոնք անհրաժեշտ են վեճին ըստ էության լուծում տալու համար: Սույն գործով դատավոր Ք. Մկոյանի կողմից վարչական դատարանում նախնական դատական նիստերի ժամանակ կատարվել են գործողություններ, որոնք ուղղված են եղել գործի ըստ էության քննության համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելուն և դատավորի մոտ ողջամտորեն կարող էր ձևավորել նախնական կարծիք գործի ըստ էության լուծման վերաբերյալ: Ուստի հաշվի առնելով դատավոր Ք. Մկոյանի` ստորադաս դատական ատյանում գործի քննությանն ունեցած մասնակցության բնույթը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոհիշյալ հանգամանքն օբյեկտիվորեն կարող էր կասկածներ հարուցել վերադաս ատյանում դատավոր Ք. Մկոյանի անաչառության վերաբերյալ, հետևաբար սույն գործով առկա է եղել դատավոր Ք. Մկոյանի կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` դատական սխալի հիմքով դատական ակտի բեկանման հիմք է դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման (…): Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, ներառյալ՝ այնպիսի դատավորի կողմից, որը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի համաձայն, պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով «գործը քննել է» արտահայտության ներքո տվյալ դեպքում (սույն գործի փաստերը հիմք ընդունելով) պետք է հասկանալ ոչ միայն այն դեպքերը, երբ վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո իրականացնում է դրա ըստ էության քննությունը, այլև այն դեպքերը, երբ լուծում է վերաքննիչ բողոքի ընդունելության հարցը, որն առանձին դատավարական փուլ է։

Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցի լուծմանը մասնակցել է այնպիսի դատավոր, որը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի համաձայն, պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, առկա է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքը։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը, հիմնավոր համարելով բողոք բերած անձի փաստարկներն առ այն, որ դատավոր Ք. Մկոյանը սեփական նախաձեռնությամբ պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, արձանագրում է, որ սույն գործով առկա է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, այն է՝ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը քննել է ոչ օրինական կազմով։

Վերոգրյալ հանգամանքները հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա է դատավարության մասնակից չդարձված անձ Սոֆիա Բաբաջանյանի՝ ՀՀ Սահմանադրության 63-րդ և Կոնվենցիայի 6-րդ հոդվածներով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի հիմնարար խախտում:

 Հիմք ընդունելով վերը նշված դատավարական նորմի խախտման առկայությունը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ չի համարում անդրադառնալ վճռաբեկ բողոքի՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված այլ խախտումների վերաբերյալ փաստարկների գնահատմանը:

 

 Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 169-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.04.2019 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

ռ. Հակոբյան

Զեկուցող

Գ. Հակոբյան

  Ս. Անտոնյան
 

Վ. Ավանեսյան

  Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

 

Տ. Պետրոսյան

  Է. Սեդրակյան
  Ն. Տավարացյան