ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
28 ապրիլի 2020 թ. |
2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳՐԻ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ք. Գրիգորյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2020 թվականի փետրվարի 19-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով կամընտիր արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը (Կամընտիր արձանագրություն) ստորագրվել է 2008 թվականի դեկտեմբերի 10-ին:
«Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը (Դաշնագիր) Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 13-ից:
Կամընտիր արձանագրությամբ հնարավորություն է ընձեռվում Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հարցերով կոմիտեին (Կոմիտե) իրականացնելու Կամընտիր արձանագրությամբ նախատեսված գործառույթներ, մասնավորապես՝ քննարկել Կամընտիր արձանագրությամբ նախատեսված կարգով ստացված հաղորդագրությունները: Այդ հաղորդագրությունները կարող են ներկայացվել կողմ պետության իրավազորության ներքո գտնվող այն անհատների կամ անհատների խմբերի կողմից կամ նրանց անունից, որոնք պնդում են իրենց՝ այդ կողմ պետության կողմից թույլ տրված՝ Դաշնագրով սահմանված տնտեսական, սոցիալական ու մշակութային որևէ իրավունքի խախտման զոհ լինելը:
2. Կամընտիր արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները՝
ա) ճանաչել Կոմիտեի՝ Կամընտիր արձանագրության դրույթներով նախատեսված կարգով հաղորդագրություններ ստանալու և քննարկելու իրավասությունը,
բ) Կոմիտեի կողմից խորհրդապահական կերպով Հայաստանի Հանրապետության ուշադրությանը ներկայացված հաղորդագրության կապակցությամբ վեց ամսվա ընթացքում գրավոր բացատրություններ կամ հայտարարություններ ներկայացնել Կոմիտեին՝ պարզաբանելով համապատասխան հարցը և առկայության դեպքում՝ այն իրավական պաշտպանության միջոցները, որոնք կարող էին տրամադրվել Հայաստանի Հանրապետության կողմից,
գ) պատշաճ կերպով ուսումնասիրել Կոմիտեին ներկայացված հաղորդագրության վերաբերյալ Կոմիտեի կարծիքներն ու առաջարկությունները և վեց ամսվա ընթացքում Կոմիտեին ներկայացնել գրավոր պատասխան, այդ թվում՝ Կոմիտեի կարծիքների ու առաջարկությունների լույսի ներքո ձեռնարկված ցանկացած գործողության վերաբերյալ տեղեկատվություն,
դ) ձեռնարկել բոլոր պատշաճ միջոցները՝ երաշխավորելու համար, որ իր իրավազորության ներքո գտնվող անհատները չենթարկվեն որևէ տեսակի վատ վերաբերմունքի կամ ահաբեկման՝ Կամընտիր արձանագրության համաձայն Կոմիտեի հետ իրականացվող հաղորդակցման հետևանքով,
ե) լայնորեն իրազեկել ու տարածել Դաշնագիրն ու Կամընտիր արձանագրությունը, ինչպես նաև դյուրացնել Կոմիտեի կարծիքների և առաջարկությունների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությանը վերաբերող հարցերի մասով, և այն իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ձևաչափով:
3. Կամընտիր արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և ի թիվս այլնի նպատակ ունեն ապահովել «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի դրույթների կիրարկումը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2008 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Հ. Թովմասյան |
28 ապրիլի 2020 թվականի ՍԴՈ-1524 |