Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.06.17/62(1617).1 Հոդ.763.23
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.11.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/4464/02/19

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/4464/02/19

2019 թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Մարգարյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

Նախագահող և զեկուցող

Ե. Խունդկարյան

 

 

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

   

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. հակոբյան

 

 

ս. Միքայելյան

 

 

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

2019 թվականի նոյեմբերի 12-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Հրաչյա Հայրապետյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Բանկի ներկայացուցիչ Տաթև Ազիբեկյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Հրաչյա Հայրապետյանից բռնագանձել 216.491,90 ՀՀ դրամ` որպես վարկի ընդհանուր պարտք, և վարկի ոչ ժամկետանց մնացորդի նկատմամբ վարկային պայմանագրի 1.1 կետով նախատեսված 0 տոկոս տոկոսադրույքի հաշվարկը շարունակել մինչև դրա փաստացի մարումը, բայց ոչ ավել, քան 24.12.2018 թվականը: Ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ տոկոսների հաշվարկը 14.02.2019 թվականից մինչև դրա փաստացի մարումը շարունակել օրական 0,1 տոկոսով, միաժամանակ ժամկետանց տոկոսի նկատմամբ կիրառել 0,3 տոկոս տույժ` յուրաքանչյուր ուշացած օրվա համար մինչև դրա փաստացի մարումը` հիմք ընդունելով վարկային պայմանագրի 3.1-րդ և 3.2-րդ կետերը, իսկ 2.5-րդ կետով նախատեսված ամսական սպասարկման վճարների հաշվարկը շարունակել 14.02.2019 թվականից մինչև վարկի փաստացի մարումը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Երիցյան) (այսուհետ` Դատարան) 12.06.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Հրաչյա Հայրապետյանից հօգուտ Բանկի բռնագանձել 216.491,90 ՀՀ դրամ, ինչպես նաև ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ տոկոսներ` հաշվարկը 14.02.2019 թվականից մինչև դրա փաստացի մարումը շարունակելով 0,1 տոկոսով, ժամկետանց տոկոսի նկատմամբ յուրաքանչյուր ուշացած օրվա համար` սկսած 14.02.2019 թվականից, կիրառել օրական 0,3 տոկոս տույժ մինչև դրա փաստացի մարումը, հաշվի սպասարկման ամսական վճարը` սկսած 14.02.2019 թվականից շարունակել հաշվարկել մինչև պարտավորության փաստացի մարումը, բայց ոչ ավել, քան պայմանագրի ժամկետի ավարտը` 24.12.2018 թվականը: Հայցը՝ մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.08.2019 թվականի որոշմամբ Բանկի՝ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը, 179-րդ հոդվածի 2-րդ մասը և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Բանկը, 11.07.2019 թվականին փոստային առաքմամբ ներկայացված վերաքննիչ բողոքով, միջնորդել էր վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարել՝ պատճառաբանելով, որ Դատարանի 12.06.2019 թվականի վճիռը ստացել է 27.06.2019 թվականին:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, մերժելով բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ Բանկի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, սահմանափակել է վերջինիս` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը, որի արդյունքում վերջինս անհիմն կերպով զրկվել է Դատարանի 12.06.2019 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 02.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

 3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը դատարանի կողմից դատական ակտը գործին մասնակցող անձին հանձնելու լիազորության պատշաճ կատարում դիտարկելու հարցին այն պարագայում, երբ դատարանը դատական ակտի օրինակը հրապարակման հաջորդ օրը չի ուղարկել գործին մասնակցող անձին կամ մինչ այդ առձեռն չի հանձնել` վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Եվրոպական դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ պետության կողմից սահմանված՝ բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց և այնպես այդ կանոններն ու դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս, Magomedov and others v Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):

Եվրոպական դատարանը բազմիցս ընդգծել է, որ իր առջև դրված չէ ազգային դատարանների փոխարեն գործելու խնդիր: Ներպետական օրենսդրության մեկնաբանության խնդիրների լուծումը նախ և առաջ ազգային դատարանների գործառույթն է, իսկ Եվրոպական դատարանի դերակատարումը պարզելն է, թե արդյոք ազգային դատարանների կողմից տրված մեկնաբանությունները համատեղելի են Կոնվենցիայի հետ: Վերոշարադրյալը հատկապես վերաբերում է դատարանների կողմից դատավարական այնպիսի նորմերի մեկնաբանությանը, ինչպիսիք են, օրինակ, դատավարական փաստաթղթեր կամ բողոք ներկայացնելու ժամկետների սահմանափակումները (տե՛ս, Pérez de Rada Cavanilles v. Spain գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, կետ 43):

Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի պարտադրում Պայմանավորվող պետություններին ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ: Այնուամենայնիվ, պետությունը, որը հիմնադրել է նման դատարաններ, պետք է հոգա այն մասին, որ այդ դատարանների առջև երաշխավորվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքները: Բացի այդ, ներպետական օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները կախված են կոնկրետ գործով դատավարության առանձնահատուկ հատկանիշներից, և կարևոր է ուշադրության արժանացնել այդ գործի ամբողջ դատավարական ընթացքը՝ իրականացված ներպետական իրավական համակարգին համապատասխան, և այդ Բարձրագույն դատարանի կողմից ունեցած դերակատարումն այդ գործում, քանի որ բողոքի ընդունելիությանը ներկայացվող չափանիշները կարող են լինել ավելի խիստ, քան հայցադիմումինը (տե՛ս, Běleš and others v. The Czech Republic գործով Եվրոպական դատարանի 12.11.2002 թվականի վճիռը, կետ 62):

Բացի այդ, Եվրոպական դատարանը նշել է, որ (…) կամ բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ՝ բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս, Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):

Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս, Zavodnik v. Slovénie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):

Կողմերը պետք է ունենան հայց կամ բողոք բերելու հնարավորություն այն պահից սկսած, երբ նրանք արդյունավետ կերպով տեղեկացվել են դատական ակտի մասին, որը նրանց համար առաջացնում է հետևանքներ կամ շոշափում է նրանց իրավունքները կամ օրինական շահերը: Որպես դատարանի և դատավարության կողմի միջև կապի միջոց՝ ծանուցումները կողմին հաղորդակից են դարձնում դատական ակտին և նրա հիմքերին՝ դրանով անձին ընձեռելով հնարավորություն ներկայացնելու բողոք, եթե նա անհրաժեշտ կհամարի (տե՛ս, Miragall Escolano and others v. Spain գործով Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի վճիռը, կետ 37):

Վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: Վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են «Գործերի քննությունը պարզեցված վարույթի կարգով» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ գլխի դրույթներով:

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտը հրապարակվում, գործին մասնակցող անձանց հանձնվում և ուղարկվում է ընդհանուր կարգով:

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության 302-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի կարգով կայացված վճիռը, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակելու օրվանից 15-օրյա ժամկետում, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարզեցված վարույթի կարգով կայացված գործի վարույթը կարճելու մասին որոշման կամ վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակելու օրվանից տասնհինգօրյա ժամկետում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում և 179-րդ հոդվածում նշված նորմերը, արձանագրել է, որ վճիռը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով և վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Փաստորեն՝ եթե վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելուց հետո դրա օրինակը չի հանձնվել անձին, ապա հրապարակման հաջորդ օրն այն պետք է ուղարկվի գործին մասնակցող անձանց: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգիրքը որդեգրել է այն մոտեցումը, որի համաձայն՝ առձեռն հանձնվելու եղանակի իրագործված չլինելու պայմաններում վճռի օրինակն ուղարկելը դիտարկվում է որպես առաջինին համարժեք, դրան փոխարինող միջոց: ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի պայմաններում վճռի հրապարակումն իրականացվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, այսինքն՝ դատական նիստ հրավիրելու և նիստում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելու փոխարեն դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում: Հրապարակման նոր կարգ սահմանելն ուղղված է հանրության ավելի լայն շրջանակներին դատական ակտին հաղորդակից դարձնելուն, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափմանը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով սահմանել է նոր կարգ, սակայն դատարաններին չի ազատել դատական ակտի օրինակն անձին առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականությունից: Օրենսդիրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը չի դիտարկել դատական ակտին հաղորդակից դարձնելու դատարանի պարտականության պատշաճ իրականացում, քանի որ հակառակ պարագայում իմաստազուրկ է դառնում հրապարակման այդ կարգին զուգահեռ դատական ակտի հանձնման կամ ուղարկման եղանակների պահպանումը: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխող հրապարակման նոր կարգը չի բացառում և չի դադարեցնում դատարանի՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն նրանց չի հանձնվել:

Բացի այդ, տվյալ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով իրավահարաբերության ծագման ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորմանը, գտել է, որ վերոնշյալ մոտեցումը կիրառելի է նաև պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտի նկատմամբ, այսինքն՝ այն դեպքում, երբ առկա է պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտ, դրա օրինակն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն կողմերին չի հանձնվել: Իսկ ինչ վերաբերում է դատական իշխանության կայքի միջոցով պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտի հրապարակմանը, ապա այս եղանակը չի կարող դադարեցնել վճռի օրինակն առձեռն հանձնելու կամ պատվիրված նամակի միջոցով գործին մասնակցող անձանց ուղարկելու դատարանի պարտականությանը՝ հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը 30.04.2019 թվականին կայացրել է որոշում՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որով դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 12.06.2019 թվականը (գ.թ. 49-51): Գործում առկա չէ վերը նշված որոշումը Բանկին ուղարկելու վերաբերյալ որևէ ապացույց: Դատարանի 12.06.2019 թվականի վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է նույն օրը (հիմք` «www.datalex.am» տեղեկատվական համակարգը): Սույն գործում առկա է Դատարանի թիվ ԴԴ-9.1125077 գրությունը` 12.06.2019 թվականի վճիռը Բանկին ուղարկելու մասին, սակայն թիվ ԴԴ-9.1125077 գրության վրա առկա է Դատարանի վճռի ելքագրման երկու ամսաթիվ, այն է` «14.06.2019 թվական» և «20.06.» (գ.թ. 70), իսկ ըստ գործում առկա հանձնման վերաբերյալ փոստային ծանուցագրի՝ բողոքաբերը դատական ակտն ստացել է 27.06.2019 թվականին (գ.թ. 71):

Բանկը փոստային ծառայության միջոցով վերաքննիչ բողոք է ներկայացրել 11.07.2019 թվականին և պատճառաբանելով, որ Դատարանի 12.06.2019 թվականի վճիռը ստացել է 27.06.2019 թվականին, միջնորդել է վերականգնել օրենքով սահմանված բաց թողնված ժամկետը (գ.թ. 77-80):

Վերաքննիչ դատարանի 02.08.2019 թվականի որոշմամբ Բանկի՝ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողման պատճառը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը, և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են այն պատճառաբանությամբ, որ բողոքարկված դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է վճռի կայացման նույն օրը՝ 12.06.2019 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 11.07.2019 թվականին, այսինքն` բողոքարկման տասնհինգօրյա ժամկետը լրանալուց հետո: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ բողոքարկվող դատական ակտի բովանդակությունը բողոքաբերին հասանելի է դարձել դատական ակտի հրապարակման օրը՝ 12.06.2019 թվականին, և բողոքաբերը դատական ակտի բովանդակությանը ծանոթանալու համար անհրաժեշտ և բավարար պայմանների առկայության պայմաններում առանց հիմնավոր պատճառաբանության բաց է թողել բողոքարկման տասնհինգօրյա ժամկետը:

 

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական նշանակություն ունեն և´ գործով կայացված վճիռը դատարանի կողմից հայտարարված օրը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու, և´ վճիռն օրենքով սահմանված ժամկետում կողմին հանձնված կամ ուղարկված լինելու փաստերը, քանի որ թե´ վճռի հրապարակումը, թե´ դրա ուղարկումը կողմին նպատակ են հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին, ինչն իր հերթին ուղղված է բողոքարկման իրավունքի իրացումն ապահովելուն: Դատական ակտերի հրապարակման գործող եղանակը, ուղղված լինելով հրապարակայնության սկզբունքի երաշխավորմանը, արդարադատության արդյունավետության բարձրացմանը, առաջնահերթ նպատակաուղղված է բողոքարկման իրավունքի իրականացման համար նախադրյալներ ապահովելուն: Էլեկտրոնային կայքի միջոցով դատական ակտի հրապարակման պայմաններում դատական ակտն անմիջապես հրապարակվելուց հետո կարող է հասանելի լինել գործին մասնակցող անձանց և ապահովել վերջիններիս բողոքարկման իրավունքի իրականացման համար իրական երաշխիքներ: Այդուհանդերձ, օրենսդիրը, հաշվի առնելով էլեկտրոնային ռեսուրսի հասանելիության օբյեկտիվ սահմանափակումները (մասնավորապես՝ միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումների և այլ ռեսուրսների անհրաժեշտությունը, էլեկտրոնային հաղորդակցության ծառայության վճարովի բնույթը և այլն), դատական ակտի հրապարակման լիազորությանը զուգահեռ սահմանել է նաև գործին մասնակցող անձանց դատական ակտն առձեռն հանձնելու կամ ուղարկելու դատարանի պարտականությունը: Միայն նշված պարտականությունների միաժամանակյա և օրենքով սահմանված կարգով իրականացման պայմաններում կարող են լիարժեք նախադրյալներ ստեղծվել բողոքարկման իրավունքի իրականացման համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը, արժևորելով դատական իշխանության պաշտոնական կայքում դատական ակտի հրապարակումը՝ որպես դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու միջոց, անհրաժեշտ է համարել ընդգծել, որ բողոքարկման իրավունքի իրականացման լիարժեք նախադրյալներ ստեղծելու տեսանկյունից դատարանի վրա դրված է նաև դատական ակտը գործին մասնակցող անձանց առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականություն, որպիսի պայմաններում դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու պարտականության պատշաճ իրականացման մասին կարելի է եզրահանգումներ կատարել միայն այն դեպքում, երբ դատարանը պատշաճ իրագործել է վերոնշյալ երկու պարտականությունները, այն է՝

ա) հայտարարված օրը դատական ակտը հրապարակել է դատական իշխանության պաշտոնական կայքում,

բ) դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկել է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրանց (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, թե Դատարանը 12.06.2019 թվականի վճիռը երբ է ուղարկել Բանկին` փոստային ծառայությանը հանձնելու միջոցով: Տվյալ դեպքում գործում առկա է միայն Դատարանի թիվ ԴԴ-9.1125077 գրությունը, որում նշված է Դատարանի վճռի ելքագրման երկու ամսաթիվ, այն է` «14.06.2019 թվական» և «20.06.», ինչպես նաև հանձնման վերաբերյալ փոստային ծանուցագիրը, ըստ որի՝ Բանկը դատական ակտի օրինակն ստացել է 27.06.2019 թվականին, որպիսի հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չեն արժանացել: Բանկը վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնել 11.07.2019 թվականին, այսինքն` դատական ակտն ուշացումով ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում` միաժամանակ միջնորդելով վերականգնել վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետն այն պատճառաբանությամբ, որ բողոքարկվող վճիռն ստացել է 27.06.2019 թվականին:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն առ այն, որ վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 12.06.2019 թվականին և բողոքաբերը դատական ակտի բովանդակությանը ծանոթանալու համար անհրաժեշտ և բավարար պայմանների առկայության պայմաններում առանց հիմնավոր պատճառաբանության բաց է թողել բողոքարկման տասնհինգօրյա ժամկետը, քանի որ սույն գործով պարզ չէ, թե դատական ակտը փոստային ծառայության միջոցով երբ է ուղարկվել Բանկին, ավելին, սույն գործի փաստերից ակնհայտ է դառնում, որ Դատարանի 12.06.2019 թվականի վճիռը ելքագրվել է կամ 14.06.2019 թվականին, կամ 20.06.2019 թվականին, որպիսի պայմաններում ևս Դատարանը չի պահպանել վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պահանջը: Բանկը Դատարանի վճիռն ստացել է 27.06.2019 թվականին, ինչի արդյունքում վերաքննիչ բողոքարկման իր իրավունքն իրացրել է բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո:

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ օրենսդիրը դատական ակտի հրապարակման լիազորությանը զուգահեռ սահմանել է նաև գործին մասնակցող անձանց դատական ակտն առձեռն հանձնելու կամ ուղարկելու դատարանի պարտականությունը, որոնց միաժամանակյա և օրենքով սահմանված կարգով իրականացման պայմաններում կարող են լիարժեք նախադրյալներ ստեղծվել բողոքարկման իրավունքի իրականացման համար: Սույն գործով Դատարանը թեև պահպանել է վճռի հրապարակման օրենքով սահմանված կարգը, այդուհանդերձ, դատական ակտն առձեռն հանձնելու կամ ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը բողոք բերած անձին ուղարկելու վերաբերյալ ապացույցի բացակայության պայմաններում Դատարանն ամբողջապես չի իրականացրել օրենքով իր վրա դրված պարտականությունը, որպիսի պարագայում Վերաքննիչ դատարանը չէր կարող միանշանակ հետևություն անել դատական ակտի բովանդակությունը բողոքաբերին հասանելի լինելու վերաբերյալ՝ միաժամանակ հաշվի առնելով էլեկտրոնային ռեսուրսի հասանելիության օբյեկտիվ սահմանափակումների վերաբերյալ վկայակոչված իրավական դիրքորոշումները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերը չի կարող կրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը Դատարանի կողմից չպահպանելու բացասական հետևանքը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից հրապարակված դատական ակտը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության սահմանումն ինքնանպատակ չէ, այլ կոչված է ապահովելու բավարար երաշխիքներ անձի՝ դատական ակտը բողոքարկելու իրավունքի լիարժեք իրականացման համար: Ավելին, Վերաքննիչ դատարանի վերոշարադրյալ պատճառաբանությունը իմաստազրկում է դատական ակտը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության առկայությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բանկի միջնորդությունը ենթակա էր բավարարման, և բաց թողնված ժամկետը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է վերականգնվեր իրավունքի ուժով (ex jure), քանի որ առկա է եղել բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով Բանկի՝ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողման պատճառը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Բանկի՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում զրկելով վերջինիս վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 02.08.2019 թվականի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող

Ե. Խունդկարյան

Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
 

Ս. Միքայելյան

 

Տ. Պետրոսյան

 

Է. Սեդրակյան