Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-197
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (24.02.1998-03.09.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.02.24/4(37)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.02.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
20.02.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.09.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
17 փետրվարի 1998 թ.

 

ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում հեռահաղորդակցության բնագավառում գործունեության իրականացման իրավական հիմքերը, դրա մասնակիցների իրավասությունն ու պատասխանատվությունը, ինչպես նաև հեռահաղորդակցության ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանության նորմերը:

 

Հոդված 2. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակցության բնագավառում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով:

Հեռուստատեսության ու ռադիոյի բնագավառում հարաբերությունները կարգավորվում են առանձին օրենքով, բացառությամբ սույն օրենքի 24 հոդվածով նախատեսված դեպքի:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Հոդված 3. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ և ԴՐԱ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

Հեռահաղորդակցությունը ձայնի, նշանի (նիշի), ազդանշանի, գրավոր տեքստի, պատկերի հաղորդումն ու ընդունումն է լարային, մալուխային, օպտիկական, մագնիսական, ռադիո և այլ էլեկտրամագնիսական համակարգերով:

Հեռահաղորդակցության ցանցը տեխնիկական միջոցների համակարգ է, որով իրականացվում է հեռահաղորդակցությունը: 

Հեռահաղորդակցության տեխնիկական միջոցները հեռահաղորդակցության հաղորդումների ընդունման, մշակման և հաղորդման համար օգտագործվող մեքենաներն ու սարքավորումներն են:

Վերջնակետային սարքավորումները հեռահաղորդակցության տեխնիկական միջոցներն են, որոնք տեղադրված են հեռահաղորդակցության ծառայությունից օգտվողի տարածքում:

Հեռահաղորդակցության արբանյակը հեռահաղորդակցության ծառայություն մատուցելու նպատակով Երկրի ուղեծրում գտնվող հեռահաղորդակցության տեխնիկական միջոցն է:

 

Հոդված 4. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

Հեռահաղորդակցության բնագավառում գործունեության մասնակիցներն են (այսուհետ` հեռահաղորդակցության մասնակիցներ)`

ա) Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը (այսուհետ` լիազորված մարմին), որը կարգավորում է հեռահաղորդակցության բնագավառում իրականացվող գործունեությունը.

բ) հեռահաղորդակցության բնագավառում ծառայություններ մատուցող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ֆիզիկական ու իրավաբանական անձինք (այսուհետ` հեռահաղորդակցության օպերատորներ).

գ) հեռահաղորդակցության ծառայություններից օգտվողները:

 

Հոդված 5. ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՄԱԿՑՎԱԾ և ԱՅԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԸ

 

Հանրային համակցված հեռահաղորդակցության ցանցը փոխանցման ու համակցման տարբեր միջոցների փոխկապակցված և միասնական համակարգ կազմող հեռահաղորդակցության ցանց է, որն ընդգրկում է նախկին պետական հեռահաղորդակցության ցանցերն ու օգտագործվում է Հայաստանի Հանրապետության բնակչությանը հիմնական հեռախոսային և հեռահաղորդակցության այլ ծառայություններ մատուցելու համար: 

Հանրային համակցված հեռահաղորդակցության ցանցը գործում է հեռահաղորդակցության ցանցերի և տեխնիկական միջոցների տեխնոլոգիական միասնության հիման վրա` ելնելով դրանց համալիր օգտագործման ու համակարգի կատարելագործման և գործունեության կայունության ապահովման գործոնից:

Այլ հանրային հեռահաղորդակցության ցանցը տեխնիկական միջոցների համալիր է, որը կարող է հեռահաղորդակցության ծառայություններ մատուցել ինչպես ինքնուրույն, այնպես էլ հանրային համակցված հեռահաղորդակցության ցանցին լծորդման միջոցով: Այլ հանրային հեռահաղորդակցության ցանցերը ստեղծվում և շահագործվում են սույն օրենքի 17 հոդվածի համաձայն տրված լիցենզիայի հիման վրա:

Հանրային համակցված հեռահաղորդակցության ցանցին այլ հանրային հեռահաղորդակցության ցանցերի լծորդումը կատարվում է պայմանագրային հիմունքներով` պահպանելով լծորդման տեխնիկական պայմանները:

Հանրային համակցված և այլ հանրային հեռահաղորդակցության ցանցերը չեն ներառում գերատեսչական և ներարտադրական հեռահաղորդակցության ցանցերը:

 

Հոդված 6. ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ և ՆԵՐԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԸ

 

Գերատեսչական հեռահաղորդակցության ցանցը պետական մարմինների գործունեության ապահովման համար ստեղծված հեռահաղորդակցության ցանց է, որը ելք ունի դեպի հանրային համակցված հեռահաղորդակցության ցանց: Գերատեսչական հեռահաղորդակցության ցանցերը ստեղծում, տնօրինում և շահագործում են պետական մարմինները: Հանրային համակցված հեռահաղորդակցության ցանցի հետ գերատեսչական հեռահաղորդակցության ցանցերի լծորդումը կատարվում է պայմանագրային հիմունքներով` ապահովելով լծորդման տեխնիկական պայմանները:

Ներարտադրական հեռահաղորդակցության ցանցը ձեռնարկությունների և կազմակերպությունների ներարտադրական գործունեության և տեխնոլոգիական գործընթացների կառավարման համար ստեղծված համակարգ է: Ներարտադրական հեռահաղորդակցության ցանցերը ստեղծում և տնօրինում են ձեռնարկությունները և կազմակերպությունները:

Գերատեսչական և ներարտադրական հեռահաղորդակցության ցանցերը հեռահաղորդակցության ծառայություններ չեն կարող մատուցել:

 

Հոդված 7. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԸ

 

Պետական կառավարման և ազգային անվտանգության հեռահաղորդակցության ցանցերը հատուկ տիպի գերատեսչական ցանցեր են, որոնք տնօրինվում և շահագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Պետական կառավարման և ազգային անվտանգության ապահովման նպատակով հանրային համակցված հեռահաղորդակցության ցանցից հեռահաղորդակցության գծերի ու կապուղիների տրամադրումն իրականացվում է առաջնահերթ կարգով, վարձակալական հիմունքներով` համապատասխան պայմանագրի հիման վրա:

Հեռահաղորդակցության օպերատորները (անկախ սեփականության ձևից) պետական կառավարման, ազգային անվտանգության, պաշտպանության և հասարակական կարգի պահպանության համար հեռահաղորդակցության գծերն ու կապուղիները տրամադրում են համապատասխան պայմանագրերի հիման վրա, իսկ դրանց վնասվելու դեպքում իրականացնում են վերանորոգումը առաջնահերթ կարգով:

Ազգային անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանության նպատակով օպերատիվ գործողություններ իրականացնելու համար հեռահաղորդակցության ցանցերից և տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը սահմանվում է օրենքով:

 

Հոդված 8. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԵԶՈՒՆԵՐԻ և ԱՅԲՈՒԲԵՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում հեռահաղորդակցության օպերատորների կողմից ընդունվող և հաղորդվող գրավոր հաղորդագրությունների հասցեները ձևակերպվում են հայերենով, իսկ տեքստը տեխնիկական հնարավորության դեպքում, ցանկացած լեզվով և այբուբենի տառերով:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ուղարկվող հաղորդագրությունները, տեխնիկական հնարավորությունների դեպքում, ձևակերպվում են ցանկացած լեզվով և այբուբենի տառերով:

 

Հոդված 9. ՀԱՇՎԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում հեռահաղորդակցության բնագավառում տեխնոլոգիական գործունեություն իրականացնելիս որպես հաշվառման ժամանակ ընդունվում է տեղականը:

Միջազգային հեռահաղորդակցության հաշվառման ժամանակը սահմանվում է համաշխարհային համակարգված ժամանակով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսվում:

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 10. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում հեռահաղորդակցության բնագավառում գործունեությունն իրականացվում է հետևյալ սկզբունքներով`

ա) հեռահաղորդակցության ծառայություններից օգտվողների իրավունքների հավասարություն.

բ) հեռահաղորդակցության ցանցերով և տեխնիկական միջոցներով հաղորդումների փոխանցման ազատության և գաղտնիության ապահովում.

գ) հեռահաղորդակցության ցանցերի և տեխնիկական միջոցների, ռադիոհաճախության տիրույթի և հեռահաղորդակցության արբանյակների ուղեծրային դիրքերի պետական պաշտպանություն:

 

Հոդված 11. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ և ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակցության ցանցերն ու տեխնիկական միջոցները կարող են սեփականության իրավունքով պատկանել Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:

 

Հոդված 12. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետությունում հանրային համակցված, այլ հանրային և գերատեսչական հեռահաղորդակցության ցանցերում օգտագործվող հեռահաղորդակցության տեխնիկական միջոցները, այդ թվում` վերջնակետային սարքավորումները, ենթակա են պարտադիր սերտիֆիկացման:

Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների սերտիֆիկացումն իրականացվում է օրենքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

Հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների սերտիֆիկացումը չի կարող անհիմն մերժվել:

 

Հոդված 13. ՌԱԴԻՈՀԱՃԱԽՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹԻ և ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԲԱՆՅԱԿՆԵՐԻ ՈՒՂԵԾՐԱՅԻՆ ԴԻՐՔԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Հեռահաղորդակցության ծառայությունների համար հատկացված ռադիոհաճախության տիրույթի բաշխման և հեռահաղորդակցության արբանյակների ուղեծրային դիրքերի օգտագործման կարգավորումը, ինչպես նաև օգտագործման կարգի և պայմանների հաստատումը պետության բացառիկ իրավունքն է, որն իրականացնում է լիազորված մարմինը` սույն օրենքի 22 հոդվածի «է» կետի համաձայն:

Ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիությունը և խանգարումներից պաշտպանությունն ապահովելու նպատակով ռադիոհաճախության տիրույթի առանձնացման, ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների ձեռքբերման, ներմուծման և շահագործման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում դրանց արտադրության դեպքում` մշակման, նախագծման և արտադրության պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հաղորդակցության միջոցները, որոնք էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր են, ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Պետական կառավարման և ազգային անվտանգության ապահովման նպատակով ռադիոհաճախությունները հատկացվում և փոփոխվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 14. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

 

Արտակարգ իրավիճակներում հեռահաղորդակցության ցանցերից և տեխնիկական միջոցներից օգտվելու, ինչպես նաև դրանց գործունեությունը կասեցնելու իրավունքը վերապահվում է լիազորված մարմնին:

Արտակարգ իրավիճակներում հեռահաղորդակցության ցանցերի և տեխնիկական միջոցների օգտագործման հետևանքով պատճառված վնասը հատուցվում է պետական բյուջեից:

 

Հոդված 15. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ ՎԹԱՐՆԵՐԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ

 

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն օժանդակում են հեռահաղորդակցության օպերատորներին հեռահաղորդակցության ցանցերում խոշոր վթարների հետևանքների վերացման գործում:

Հեռահաղորդակցության ցանցերում վթարների հետևանքների վերացման աշխատանքները, որոնք ենթակա են իրականացման սեփականատիրոջ հողատարածքում, կատարվում են ըստ հեռահաղորդակցության օպերատորի նախագծի` համաձայնեցնելով սեփականատիրոջ հետ: Անհամաձայնության դեպքում այդ աշխատանքները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հեռահաղորդակցության ցանցում վթարի հետևանքների վերացման աշխատանքները ներառում են դրա հետևանքով վնասված տեխնիկական միջոցների վերականգնումը, անհրաժեշտ բնապահպանական միջոցառումների անցկացումը, ինչպես նաև այլ անձանց պատկանող գույքի վերականգնումը կամ համարժեք փոխհատուցումը` աշխատանքները սկսելուց 1 ամսվա ընթացքում:

 

Հոդված 16. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ

 

Բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագները հաստատում է լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, և ամրագրվում են հեռահաղորդակցության բնագավառում գործունեության իրականացման լիցենզիայում: Սակագները սահմանվում են` ելնելով հեռահաղորդակցության ցանցերի շահագործման, սպասարկման, վերազինման և զարգացման հետ կապված ծախսերի ծածկման, կապիտալ ներդրումների հատուցման, շահութաբերության ապահովման, ինչպես նաև տնտեսավարման շուկայական այլ պահանջներից, որոնք ամրագրվում են հեռահաղորդակցության բնագավառում գործունեության իրականացման լիցենզիայում:

Ոչ բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագները սահմանում են հեռահաղորդակցության օպերատորները:

Հեռահաղորդակցության օպերատիվ և արտակարգ ծառայությունների (հրշեջ պաշտպանություն` 01, ոստիկանություն` 02, շտապ բժշկական օգնություն` 03, գազի վթարային ծառայություն` 04, փրկարար ծառայություն` 003) դիմաց վճար չի գանձվում:

Չգանձվող վճարը հաշվարկվում է հեռահաղորդակցության այլ ծառայությունների սակագներում:

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 17. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿԸ և ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության հեռահաղորդակցության բնագավառում գործունեությունը, բացառությամբ պետական կառավարման, ազգային անվտանգության, գերատեսչական և ներարտադրական հեռահաղորդակցության ցանցերի, ենթակա է լիցենզավորման: Լիցենզավորումն իրականացվում է հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման կարգավորման և վերահսկողության նպատակով:

Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակցության բնագավառում գործունեության իրականացման լիցենզիան (այսուհետ` լիցենզիա) տալիս է լիազորված մարմինը: Լիցենզիայով չեն կարող նախատեսվել բացառիկ իրավունքներ, բացառությամբ սույն օրենքի անցումային դրույթներով նախատեսված դեպքի:

Լիցենզիան այլ անձանց փոխանցելը` առանց լիազորված մարմնի թույլտվության, արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ փոխանցումն իրականացվում է լիցենզիայի պայմանների համաձայն:

Լիցենզիան տալու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված չափով:

 

Հոդված 18. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Լիցենզիա ստանալու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում` լիազորված մարմնի հաստատած ձևով.

բ) դիմողի կողմից առաջարկվող հեռահաղորդակցության գործունեության իրականացման նախագիծ, որը պետք է ներառի տեղեկություններ տեխնիկական միջոցների ցանկի և դրանց բնութագրող նյութերի, ձեռքբերման աղբյուրների և ֆինանսատնտեսական հնարավորությունների, աշխատող անձնակազմի որակավորման մասին:

Նշված փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանում և հրապարակում է լիազորված մարմինը: Լիցենզիա տալու կամ մերժելու մասին որոշումն ընդունվում է անհրաժեշտ փաստաթղթերի ստացման պահից վաթսուն օրվա ընթացքում:

Լիցենզիա տալու մասին որոշման ընդունումից հետո հնգօրյա ժամկետում դիմողին տրվում է լիցենզիա, իսկ մերժման դեպքում` նույն ժամկետում` մերժման մասին որոշման կրկնօրինակը: Այդ ժամկետում որոշում չընդունելու դեպքում լիցենզիան համարվում է տրված, եթե դա չի հակասում սույն օրենքի պահանջներին:

Լիցենզիայի մերժման մասին որոշման մեջ նշվում են մերժման հիմքերը: Լիցենզիայի մերժման հիմքերն են`

ա) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունը սույն օրենքի և լիազորված մարմնի սահմանած պահանջներին.

բ) թերի կամ ակնհայտ սխալ տեղեկություններ ներկայացնելը.

գ) դիմողի կողմից առաջարկվող հեռահաղորդակցության գործունեության անհամապատասխանությունը Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտներին և նորմերին.

դ) դիմողի կողմից առաջարկվող հեռահաղորդակցության գործունեության տեսակի իրականացման տեխնիկական հնարավորության բացակայությունը.

ե) գործող լիցենզիաների պայմաններին հակասելը.

զ) օրենքով նախատեսված այլ դեպքեր:

 

Հոդված 19. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ և ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել լիցենզիայով սահմանված կարգով:

Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել`

ա) լիցենզիայում նախատեսված պայմանների համաձայն.

բ) հեռահաղորդակցության օպերատորի դիմումի համաձայն` լիցենզիայով սահմանված կարգով.

գ) օրենքով սահմանված կարգով հեռահաղորդակցության օպերատորի լուծարման դեպքում.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության (եթե լիցենզիան հեռահաղորդակցության օպերատորի համար սահմանում է բացառիկ իրավունքներ) կամ լիազորված մարմնի կողմից, եթե կոպտորեն խախտվել են լիցենզիայում ամրագրված այն դրույթները, որոնք առաջացնում են դադարեցման հիմքեր:

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 20. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հեռահաղորդակցության օպերատորների իրավունքները սահմանվում են օրենքով և համապատասխան լիցենզիայով:

Հեռահաղորդակցության օպերատորները պարտավոր են ապահովել`

ա) սույն օրենքի պահանջների կատարումը.

բ) հեռահաղորդակցության ծառայություններից օգտվողների հեռախոսային խոսակցությունների և այլ հաղորդումների գաղտնիությունը.

գ) հեռահաղորդակցության ցանցերի և տեխնիկական միջոցների համապատասխանությունը սերտիֆիկացման պահանջներին.

դ) պայմանագրային պարտավորությունների, ստանդարտների և հեռահաղորդակցության բնագավառում գործունեության իրականացման լիցենզիայի պայմանների կատարումը.

ե) մարդու կյանքի և ազգային անվտանգության, խոշոր վթարների, տեխնոլոգիական աղետների, համաճարակների, անասնահամաճարակների և տարերային աղետների վերաբերյալ հաղորդագրությունների (տեղեկատվության) հաղորդման առաջնահերթությունը.

զ) հեռահաղորդակցության ծառայություններից օգտվողների հետ կնքված պայմանագրի պայմանների կատարումը:

Հեռահաղորդակցության ծառայություններից օգտվողների կողմից պայմանագրի խախտման դեպքում հեռահաղորդակցության օպերատորն իրավունք ունի դադարեցնել հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը, բացառությամբ սույն հոդվածի ,,ե,, կետով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 21. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հեռահաղորդակցության ծառայություններից օգտվողներն ունեն`

ա) հեռահաղորդակցության ծառայություններից օգտվելու հավասար իրավունք.

բ) հեռահաղորդակցության ծառայությունների դիմաց հաշվարկված վարձի մասին տեղեկանք ստանալու իրավունք.

գ) հեռախոսային խոսակցությունների և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք:

Հեռահաղորդակցության ծառայություններից օգտվողները պարտավոր են պահպանել սույն օրենքի պահանջները, ինչպես նաև հեռահաղորդակցության օպերատորի հետ կնքված պայմանագրի պայմանները:

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 22. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ և ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակցության բնագավառում պետական կառավարումն ու կարգավորումն իրականացնում է լիազորված մարմինը:

Լիազորված մարմինը`

ա) իրականացնում է հեռահաղորդակցության բնագավառում պետական քաղաքականություն.

բ) իրականացնում է հեռահաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորում և սահմանում է դրա նկատմամբ անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման և ներկայացման պահանջները.

գ) սահմանում է հեռահաղորդակցության կանոնները, հեռահաղորդակցության ցանցերի և տեխնիկական միջոցների, տվյալ բնագավառի կառույցների, ինչպես նաև ռադիոհաճախության տիրույթի պաշտպանության ու պահպանման նորմերն ու դրանց կիրառման կարգը.

դ) սահմանում է հանրային համակցված հեռահաղորդակցության ցանցին այլ ցանցերի լծորդման տեխնիկական պայմանները.

ե) համակարգում է գործող հեռահաղորդակցության ցանցերի գործունեությունն արտակարգ իրավիճակներում.

զ) իրականացնում է սույն օրենքի, գործող լիցենզիաների և հեռահաղորդակցության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման, ինչպես նաև հեռահաղորդակցության կանոնների և նորմերի պահպանման պետական վերահսկողություն.

է) իրականացնում է հեռահաղորդակցության ծառայությունների համար հատկացված ռադիոհաճախության տիրույթի բաշխումը.

ը) կարգավորում է հեռահաղորդակցության արբանյակների ուղեծրային դիրքի օգտագործման պայմանները.

թ) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերը հեռահաղորդակցության միջազգային կազմակերպություններում.

ժ) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  VII

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 23. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Սույն օրենքի դրույթները խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  VIII

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 24. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հայաստանի Հանրապետության հանրային համակցված հեռահաղորդակցության ցանցի օրինական սեփականատեր հանդիսացող «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» («Արմենտել») փակ բաժնետիրական ընկերությանը 15 տարի ժամկետով տրված հեռահաղորդակցության և «Արմենտելի» հեռահաղորդակցության ցանցերով բարձր հաճախության տեսափոխանցման (այդ թվում` մալուխային հեռուստատեսության) ծառայություններ մատուցելու բացառիկ իրավունքները հաստատող` մինչև սույն օրենքի ընդունումը Հայաստանի Հանրապետության կապի նախարարության կողմից տրված և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի թիվ 218 որոշմամբ հաստատված թիվ 60 լիցենզիան ուժի մեջ է սույն օրենքին և լիցենզիայի պայմաններին համապատասխան: Նշված լիցենզիայով սահմանված իրավունքների գործողությունը պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` հակամենաշնորհային օրենսդրությամբ):

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված այլ լիցենզիաները պետք է համապատասխանեցվեն սույն օրենքի պահանջներին մինչև 1998 թվականի հունիսի 1-ը:

Ներմուծեք նկարագրությունը_21506(24-րդ հոդվածը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5 և 8 հոդվածների պահանջներին այնքանով, որքանով որ պետական լիցենզավորման ենթակա, պետական կամ բնական մենաշնորհ հանդիսացող գործունեության տեսակների հստակեցումը, այդ ոլորտներում հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը և պետության ու հասարակության անվտանգության և օրինական շահերից, այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակներից ելնելով տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության շրջանակների հնարավոր սահմանափակումները որպես համընդհանուր պարտադիր վարքագծի կանոններ նախապես ոչ թե սահմանվել են օրենքով, այլ գործադիր իշխանության կողմից, իսկ օրենսդիրն անցումային դրույթների ձևով օրենքի ուժ է հաղորդել կոնկրետ հասցեագրված պայմանների, որոնցում նաև տեղ են գտել ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանող ձևակերպումներ համաձայն 27.01.99 ՍԴՈ-152 որոշման:)

 

Գ Լ ՈՒ Խ  IX

 

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Հոդված 25. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնակատար, Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան


Երևան
20 փետրվարի 1998 թ.
ՀՕ-197

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.07.2005, ՀՕ-176-Ն 03.09.2005, ՀՕ-197
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան