Գլխավոր տեղեկություն
Համար
N 368-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.03.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 28.03.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2020 թվականի N 368-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-489-26.02.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. մարտի 27

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-489-26.02.2020-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ

 

 Քրեական օրենսդրությամբ վաղեմության ժամկետները՝ որպես քրեական պատաս- խանատվությունից ազատման իրավական հիմք նախատեսելն ինքնանպատակ չէ: Բանն այն է, որ օրենքով նախատեսված ժամկետներն անցնելուց հետո կատարված կոնկրետ հանցանքը և այն կատարող անձը կորցնում են իրենց վտանգավորությունը, ինչը և հիմք է ծառայում անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար: Հատկանշական է, որ վաղեմության ժամկետների ընթացքում անձի հասարակական վտանգավորության կորստի կամ ծավալի փոքրացման տեսակետը լայն տարածում ունի քրեական իրավունքի տեսության մեջ1. դրանով է հիմնավորվում նաև մեղադրական դատավճռի նկատմամբ վաղեմության ժամկետներ կիրառելու անհրաժեշտությունը:

Բացի այդ, իրավապահ մարմինները հանցագործության կատարման պահից երկար ժամանակ անցնելու դեպքում օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում արդյունավետ քննություն իրականացնել, քանի որ ժամանակի հետ հանցագործությունների բացահայտումը դժվարանում է. ապացույցները ոչնչանում են կամ կորցնում են իրենց ապացուցողական նշանակությունը, մոռացվում կամ աղավաղվում է վկաներին հայտնի տեղեկատվությունը: Այդ հանգամանքներով պայմանավորված՝ դժվարանում կամ երբեմն անհնար է դառնում օրինական և հիմնավորված դատավճռի կայացումը:

Այս ամենով հանդերձ՝ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ այլ պետությունների քրեական օրենսդրություններն առանձնացնում են որոշակի խումբ հանցագործություններ, որոնց նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում: Միջազգային փորձի վերլուծության արդյունքում փաստում ենք, որ արտասահմանյան երկրներում հանցագործությունների շրջանակը, որոնց նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում, գրեթե նույնական է: Մասնավորապես՝ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում ցեղասպանության, մարդկության, մարդու կյանքի, պատերազմական, ագրեսիայի, զինված ընդհարումների ժամանակ պաշտպանությունից օգտվող անձանց և գույքի դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ2:

Հարկ է նշել, որ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում նաև խոշտանգման նկատմամբ: ՄԻԵԴ-ն ընդգծել է այս հանցագործության նկատմամբ վաղեմության ժամկետներ չկիրառելու անհրաժեշտությունը3: Խոշտանգման արգելքն ունի բացարձակ բնույթ (absolute character), և այս հատկանիշով այն նմանվում է պատերազմական և միջազգային իրավունքով նախատեսված այլ հանցագործություններին4: Ոչ մի բացառիկ հանգամանք, ինչպիսին էլ այն լինի՝ պատերազմական դրություն կամ պատերազմի վտանգ, ներքին քաղաքական անկայունություն կամ ցանկացած այլ արտակարգ իրավիճակ, չի կարող վկայակոչվել որպես խոշտանգումների արդարացում5։ Հատկանշական է, որ ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում ևս վերջինիս նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում:

Այսպիսով, հանցագործությունները, որոնց նկատմամբ չեն կիրառվում վաղեմության ժամկետներ, ոտնձգում են այնպիսի արժեքների դեմ, ինչպիսիք են՝ համընդհանուր խաղաղությունը և միջազգային անվտանգությունը, ժողովուրդների և պետությունների բարիդրացիական հարաբերությունները, մարդկության խաղաղ գոյության պայմանները (ագրեսիայի, խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ), պատերազմի օրենքները և սովորույթները (պատերազմական հանցագործություններ), ազգային, էթնիկական, ռասայական, կամ կրոնական խմբերի գոյությունը և անվտանգությունը (ցեղասպանություն), հասարակական անվտանգությունը (ահաբեկչություն), մարդու կյանքը (սպանություն) և այլն:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ վերոնշյալ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետներ չկիրառելու իրավական անհրաժեշտությունը մեծամասամբ բխում է պետությունների ստանձնած միջազգային պարտավորություններից: Օրինակ՝ 26.11.1968 թ. ՄԱԿ-ի շրջանակներում ստորագրվել է «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիան, որով մասնակից պետությունները պարտավորություն են ստանձնել անկախ կատարման ժամանակից վաղեմության ժամկետներ չկիրառել կոնվենցիայով սահմանված հանցագործությունների նկատմամբ6:

ՄԻԵԴ-ի վճիռներում ևս ընդգծվում է, որ պատերազմական7 և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների8 նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ փաստում ենք, որ քրեական օրենսդրությամբ հանցագործությունների համար վաղեմության ժամկետներ նախատեսելը դետերմինավորված է որոշակի օբյեկտիվ և ծանրակշիռ հանգամանքներով, ինչը արդարացնում է քրեաիրավական այս ինստիտուտի առկայությունը: Միևնույն ժամանակ, որոշակի խումբ հանցագործությունների համար վաղեմության ժամկետներ չնախատեսելն ունի գիտական հիմնավորվածություն և արդարացված է այդ հանցագործությունների առանձնահատուկ բնույթով: Վերջիններս բացառություն են ընդհանուր օրինաչափությունից, և յուրաքանչյուր դեպքում որևէ հանցագործություն այդ խմբում ընդգրկելը չպետք է լինի ինքնանպատակ և պետք է ստանա պատշաճ և ծանրակշիռ հիմնավորում:

Այս համատեքստում գտնում ենք, որ 300.1-ին հոդվածով նախատեսված հանցագործության նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու և մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետներ չկիրառելը Նախագծով հիմնավորված չէ:

Ամփոփելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախագծով քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ:

 

________________________

1 Տե՛ս Курс уголовного права. Общая часть. Под ред. Н.Ф. Кузнецовой, И.М. Тяжковой. М., 1999, էջ 196:

2 Տե՛ս Իսպանիայի, Խորվաթիայի, Գերմանիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Էստոնիայի, Չեխիայի, Դանիայի, Լիտվիայի, Լատվիայի, Հունգարիայի, Վրաստանի քրեական օրենսդրությունները:

3 Տե՛ս Abdülsamet Yaman v. Turkey, Judgment of 2 November 2004, application no. 32446/96, para. 55.

4 Տե՛ս Exper opinion on definition of torture and ill-treatment and statute of Limitation, prepared by Mr Eric Svanidze:

5 Տե՛ս «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» կոնվենցիա:

6 Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի սեպտեմբերի 21-ից:

7 Տե՛ս Kononov v Latvia:

8 Տե՛ս Kolk and Kislyiy v Estonia և Penart v Estonia:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան