ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2020 թվականի N 354-Լ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱԿԱԶԴՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածը, 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել սույն ծրագրի իրականացման նպատակով պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին ուղղված հանձնարարականների վերաբերյալ առաջարկություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 26 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 354-Լ որոշման |
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱԿԱԶԴՄԱՆ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ
ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրով նախատեսված միջոցառումների հիմնական նպատակները.
● ըստ ոլորտների օժանդակել ՀՀ առանձին տնտեսավարողներին՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու նպատակով,
● տնտեսության կայուն և շարունակական զարգացումը,
● պետության կողմից կապիտալ ներդրումների առաջնահերթությունների ճշգրտումը և իրականացման գործընթացի ակտիվացումը,
● կորոնավիրուսի հետևանքով աշխատանք կորցրած անձանց այն խմբերի (այդ թվում՝ ինքնազբաղվածներին) բացահայտումը և օժանդակումը, որոնց համար այլ աշխատանք գտնելը մոտակա ժամանակահատվածում կարող է անհնարին լինել,
● ապահովել սոցիալապես անապահով, սոցիալական խոցելի խմբերի սոցիալական անվտագությունը, աջակցել նրանց և նրանց ընտանիքների տնտեսական կայունացմանը,
● կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի նպատակով առողջապահական համակարգի վերազինումը,
● պարենային, դեղորայքային, հումքային, իրային և այլ անհրաժեշտ պահուստների կառավարման արդյունավետության բարձրացումը,
● ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման պլանի հաստատումը՝ ըստ աղբյուրների և ինդիկատիվ չափերի:
2. Տնտեսավարողներին օժանդակության նպատակը.
2.1. Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար պայմաններ և հնարավորություն ստեղծել՝ պահանջարկի փոփոխվող պայմանները վերլուծելու, դրանց արձագանքելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու և զարգանալու համար։
2.2. Միջոցառումները կիրականացվեն հաշվի առնելով՝
● թիրախային ոլորտները և ենթաոլորտները,
● տնտեսավարողների չափերը (միկրո, ՓՄՁ, խոշոր),
● սպառման ներկա և հեռանկարային շուկաները (արտաքին, ներքին):
3. Տնտեսության կայուն և շարունակական զարգացման միջոցառումների նպատակը.
3.1. Ընթացիկ տնտեսական շոկերի հետևանքով համաշխարհային տնտեսության մեջ տեղի կունենան զգալի վերադասավորումներ, ինչպես նաև՝ պահանջարկի և առաջարկի վերաիմաստավորում: Կբացվեն նոր շուկաներ, կառաջանա նոր տիպի ապրանքների և ծառայությունների պահանջարկ:
3.2. Ըստ այդմ, կիրականացվեն՝
● նոր հեռանկարային ոլորտների ուղղությամբ տնտեսավարողների ռազմավարական նախաձեռնությունների իրականացման խթանմանը նպաստող միջոցառումներ, այդ թվում՝ դրանց ֆինանսավորման և համաֆինանսավորման գործիքների ներդրման միջոցով,
● նոր հեռանկարային ոլորտներում նոր ուղղությունների համար մասնագիտական ներուժի կարողությունների զարգացմանը և վերամասնագիտացման հնարավորությունների ընձեռմանն ուղղված միջոցառումներ:
4. Պետության կողմից իրականացվող ներդրումների ակտիվացման միջոցառումները.
4.1. Հաշվի առնելով համաշխարհային տնտեսության մեջ սպասվող զգալի վերադասավորումները և դրանց ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա՝ կիրականացվեն պետության կողմից ներդրումների առաջնահերթությունների ճշգրտման և իրականացման գործընթացի ակտիվացման միջոցառումներ:
5. Առանձին սոցիալական խմբերին օժանդակելու միջոցառումների նպատակը.
5.1. Ընթացիկ իրավիճակում անհրաժեշտ կլինի բացահայտել և օժանդակել աշխատանք կորցրած անձանց այն խմբերին (այդ թվում՝ ինքնազբաղվածներին), որոնց համար այլ աշխատանք գտնելը, այդ թվում՝ վերամասնագիտանալը և դրա արդյունքում աշխատանք գտնելը, մոտակա ժամանակահատվածում կարող է անհնարին լինել:
5.2. Ըստ այդմ, կիրականացվեն խոցելի խմբերին նյութական օժանդակության, ինչպես նաև այդ խմբերի վերամասնագիտացման կամ վերապրոֆիլավորման միջոցառումներ:
6. Առողջապահական համակարգի վերազինման միջոցառումների նպատակը.
6.1.Հաշվի առնելով աշխարհում կորոնավիրուսի տարածման դրսևորումները և միտումները՝ դրա դեմ արդյունավետ պայքարի նպատակով կիրականացվեն հանրային առողջապահական համակարգի հզորացման և վերազինման միջոցառումներ:
6.2. Ըստ այդմ, կիրականացվեն՝
● հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների, համաճարակաբանական դիտարկման, կանխարգելիչ միջոցառումների և ախտորոշման համակարգերի հզորացում,
● կորոնավիրուսային հիվանդության հետ կապված առողջապահության ոլորտում կանխարգելիչ գործառույթներ, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մարդկային ներուժի զարգացման միջոցառումներ,
● կորոնավիրուսային հիվանդության բուժման և պացիենտների վերականգնողական ծառայությունների շարունակականության և արդյունավետության բարձրացման գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ բժշկական նյութատեխնիկական բազայի ձևավորում, այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և բուժման նպատակով դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերում:
7.Պարենային և ապրանքանյութական պահուստների արդյունավետ համալրման միջոցառումների նպատակը.
7.1. Հաշվի առնելով աշխարհում կորոնավիրուսի տարածման դրսևորումները և միտումները՝ կիրականացնվեն պարենային, դեղորայքային, հումքային, իրային և այլ անհրաժեշտ պահուստների արդյունավետ համալրման միջոցառումներ:
7.2. Ըստ այդմ, հաշվի առնելով սեզոնայնության, պահանջարկի և այլ երկրների կանխարգելիչ միջոցառումների տրամաբանությունը՝ կսահմանվեն առաջին անհրաժեշտության ապրանքների նոր ցանկեր և կիրականացվեն դրանց պահուստավորման և պահպանման միջոցառումներ՝ հաշվի առնելով հայաստանյան ձեռնարկությունների արտադրական ներուժը վերոնշյալ ցանկերի ապրանքների արտադրության համար:
8.Անհրաժեշտ ֆինանսական միջոցների հասանելիության և արդյունավետ օգտագործման միջոցառումներ.
8.1. Համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող իրադարձությունները ենթադրում են ֆինանսական միջոցների ծախսման ուղղությունների ճշգրտումներ և ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետության կտրուկ աճ:
8.2.Ըստ այդմ, կիրականացվեն հետևյալ միջոցառումները․
● պետական գնումների նպատակով բյուջետային ծախսերի անհրաժեշտ վերադասավորումներ,
● միջազգային ֆինանսական կառույցների հետ իրականացվող վարկային ծրագրերի ճշգրտումներ,
● դոնոր կազմակերպությունների հետ դրամաշնորհային ծրագրերի նպատակների ճշգրտումներ,
● անհրաժեշտության դեպքում, սույն ծրագրի իրականացման նպատակով ֆինանսավորման նոր աղբյուրների ստեղծում:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.07.2020, N 1143-Լ | 08.07.2020, N 354-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|