Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-168
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (11.01.1998-01.07.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.01.11/1
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.01.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

9 դեկտեմբերի 1997 թ.

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

 

(1997 թվականի դեկտեմբերի 9-ի խմբագրությամբ)

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ և ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Սահմանադրական դատարանը կազմված է ինն անդամից, որից հինգին նշանակում է Ազգային ժողովը, չորսին` Հանրապետության Նախագահը:

Ազգային ժողովը սահմանադրական դատարանի անդամ է նշանակում Սահմանադրությամբ նախատեսված կարգով:

Սահմանադրական դատարանը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է դատարանի կազմի կեսից ավելին:

 

Հոդված 2. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Ազգային ժողովը, Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ, սահմանադրական դատարանի կազմից նշանակում է սահմանադրական դատարանի նախագահ:

Սահմանադրական դատարանի կազմավորումից հետո երեսնօրյա ժամկետում Ազգային ժողովի կողմից սահմանադրական դատարանի նախագահ չնշանակվելու դեպքում Հանրապետության Նախագահը նշանակում է սահմանադրական դատարանի նախագահ:

Հանրապետության Նախագահը սահմանադրական դատարանի նախագահ է նշանակում սահմանադրական դատարանի կազմից:

 

Հոդված 3. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Սահմանադրական դատարանի անդամ կարող է լինել 35 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի բարձրագույն կրթություն, առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժ, պետական մարմիններում կամ գիտական հաստատություններում իրավունքի ասպարեզի աշխատանքի փորձ, բարոյական բարձր հատկանիշներ և տիրապետում է հայերենին:

Սահմանադրական դատարանի անդամը չի կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Սահմանադրական դատարանի անդամը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ:

Սահմանադրական դատարանի անդամը չի կարող լինել Սահմանադրության 100 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված նորմատիվ իրավական ակտերի մշակման հեղինակ կամ համահեղինակ:

 

Հոդված 4.  ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄԻ ԵՐԴՈՒՄԸ

 

Սահմանադրական դատարանի անդամը պաշտոնը ստանձնում է Հանրապետության Նախագահի ներկայությամբ Ազգային ժողովի նիստում տրված հետևյալ երդմամբ` «Ստանձնելով սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը, Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ` պահպանել Սահմանադրությունը, լինել անաչառ, բարձր պահել սահմանադրական դատարանի անդամի կոչումը»:

 

Հոդված 5.  ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սահմանադրական դատարանը Սահմանադրության 100 հոդվածին համապատասխան և սույն օրենքով սահմանված կարգով`

1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը.

2) մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է նրանում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը.

3) լուծում է հանրաքվեների, Հանրապետության Նախագահի և պատգամավորների ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերը.

4) անհաղթահարելի կամ վերացած է ճանաչում Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտները.

5) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին.

6) եզրակացություն է տալիս Սահմանադրության 55 հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների մասին.

7) եզրակացություն է տալիս Հանրապետության Նախագահի` իր լիազորությունների կատարման անհնարինության մասին.

8) եզրակացություն է տալիս սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցնելու, նրան կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու մասին.

9) օրենքով նախատեսված դեպքերում որոշում է կայացնում կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու մասին:

 

Հոդված 6.  ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Սահմանադրական դատարանի գործունեության հիմնական սկզբունքներն են` անկախությունը, մրցակցությունը, կոլեգիալությունն ու հրապարակայնությունը:

 

Հոդված 7. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Սահմանադրական դատարանի նախագահը սահմանադրական դատարանի ծախսերի նախահաշիվը ներկայացնում է կառավարություն` պետական բյուջեի նախագծում այն ընդգրկելու համար:

Սահմանադրական դատարանի բյուջեն պետական բյուջեի մասն է:

Կառավարությունը սահմանադրական դատարանին` նրա բնականոն գործունեության ապահովման համար հատկացնում է առանձին շենք և անհրաժեշտ գույք:

 

Հոդված 8. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ նրա կազմավորման ու գործունեության կարգը` Սահմանադրությամբ և սույն օրենքով:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄԸ

 

Հոդված 9. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Սահմանադրական դատարանի անդամներն ունեն հավասար իրավունքներ:

Սահմանադրական դատարանի որոշում կամ եզրակացություն ընդունելիս սահմանադրական դատարանի անդամն ունի մեկ ձայնի իրավունք:

 

Հոդված 10. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Սահմանադրական դատարանի անդամն անկախ է և ենթարկվում է միայն օրենքին:

Սահմանադրական դատարանի անդամի գործունեության կապակցությամբ նրա նկատմամբ որևէ ներգործություն անթույլատրելի է և հետապնդվում է օրենքով:

 

Հոդված 11. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄԻ ԱՆՓՈՓՈԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

Սահմանադրական դատարանի անդամն անփոփոխելի է և պաշտոնավարում է մինչև իր 70 տարին լրանալը:

Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցվում են Սահմանադրությամբ և սույն օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:

 

Հոդված 12. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

Սահմանադրական դատարանի անդամն անձեռնմխելի է:

Սահմանադրական դատարանի անդամը չի կարող կալանավորվել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել` առանց սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա տրված նրան նշանակած մարմնի համաձայնության: Սահմանադրական դատարանի անդամի ձերբակալման կամ խուզարկության դեպքում այդ մասին անմիջապես տեղյակ է պահվում նրան նշանակած մարմնին և սահմանադրական դատարանի նախագահին:

Սահմանադրական դատարանի անդամին կարելի է ձերբակալել կամ խուզարկել միայն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի թույլտվությամբ:

Օրենքով սահմանված կարգով ապահովվում է սահմանադրական դատարանի և նրա անդամների անվտանգությունը:

 

Հոդված 13. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ և ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Սահմանադրական դատարանի անդամի գործունեությունը երաշխավորելու նպատակով պետությունը նրա համար ապահովում է կյանքի և աշխատանքի արժանավայել պայմաններ:

Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների վարձատրության չափը սահմանվում է օրենքով:

Սույն օրենքի 14 հոդվածի առաջին մասի 1-ին կամ երկրորդ կետերով նախատեսված հիմքերով սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում նրան տրվում է կենսաթոշակ` սահմանադրական դատարանի անդամի վարձատրության 75 տոկոսի չափով:

Սահմանադրական դատարանի անդամի համար սահմանվում է արձակուրդ` 36 աշխատանքային օր:

Դիմումի նախնական ուսումնասիրման և գործի քննության անհրաժեշտությունից ելնելով սահմանադրական դատարանի նախագահը կարող է սահմանադրական դատարանի անդամներին արձակուրդից հետ կանչել:

Սահմանադրական դատարանի անդամներին, սահմանադրական դատարանի նախագահի ներկայացմամբ, կարող է շնորհվել դատավորի բարձրագույն որակավորման դաս:

Սահմանադրական դատարանի աշխատակազմի համապատասխան մասնագետներին դատարանի աշխատողների դասային կոչումներ շնորհում է սահմանադրական դատարանի նախագահը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Հոդված 14. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարում են, և պաշտոնը համարվում է թափուր, եթե`

1) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը.

2) նա մահացել է.

3) դադարեցվել է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

4) նա, իրեն նշանակած պետական մարմին` իր լիազորությունները դադարեցնելու համար գրավոր դիմելուց և այդ մասին սահմանադրական դատարանին տեղեկացնելուց առնվազն տասնհինգ օր հետո, բայց ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, կրկնում է իր լիազորությունները դադարեցնելու մասին դիմումը.

5) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

6) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ:

Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել, եթե նա`

1) երեք անգամ անընդմեջ անհարգելի պատճառով չի մասնակցել սահմանադրական դատարանի նիստերին.

2) ժամանակավոր անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով չորս ամիս շարունակ ի վիճակի չի եղել կատարել սահմանադրական դատարանի անդամի պարտականությունները.

3) կատարել է սահմանադրական դատարանի անդամի պատիվն ու արժանապատվությունն արատավորող արարք:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների դադարեցման ու պաշտոնը թափուր մնալու դեպքում` սահմանադրական դատարանի նախագահը պաշտոնը թափուր մնալու օրվանից հաշված երկօրյա ժամկետում դիմում է համապատասխանաբար Հանրապետության Նախագահին կամ Ազգային ժողով` սահմանադրական դատարանի նոր անդամ նշանակելու խնդրանքով: Ազգային ժողովի նախագահն այդ մասին առաջիկա նիստում տեղյակ է պահում Ազգային ժողովին:

Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում սահմանադրական դատարանի նախագահն այդ մասին գրավոր տեղեկացնում է սահմանադրական դատարանի անդամին նշանակած մարմին:

Սույն հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների դադարեցման հարցը կարող է դատարանի անդամին նշանակած մարմնի քննարկման առարկա դառնալ սահմանադրական դատարանի` օրենքով սահմանված կարգով տրված եզրակացության հիման վրա:

 

Հոդված 15. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ և ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր անդամի նշանակումը կատարվում է երկամսյա ժամկետում` սահմանադրական դատարանի անդամի նշանակման համար Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված կարգով:

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո երեսնօրյա ժամկետում Ազգային ժողովի կողմից սահմանադրական դատարանի նախագահ չնշանակվելու դեպքում Հանրապետության Նախագահը մեկամսյա ժամկետում նշանակում է սահմանադրական դատարանի նախագահ:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼԸ

 

Հոդված 16. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Սահմանադրական դատարանի աշխատանքները կազմակերպում և նրա գործունեությունը ղեկավարում է սահմանադրական դատարանի նախագահը, վերջինիս բացակայության ժամանակ և նրա հանձնարարությամբ` տեղակալը, իսկ տեղակալի բացակայության դեպքում` սահմանադրական դատարանի նախագահի հանձնարարությամբ` դատարանի անդամներից որևէ մեկը` Սահմանադրությանը, սույն օրենքին և սահմանադրական դատարանի կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան:

 

Հոդված 17. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

Սահմանադրական դատարանի նախագահը`

1) նախապատրաստում է սահմանադրական դատարանի նիստերը.

2) սահմանադրական դատարանի նիստերում հարցերի քննարկումները նախապատրաստելու համար հանձնարարություններ է տալիս սահմանադրական դատարանի անդամներին.

3) հրավիրում և վարում է սահմանադրական դատարանի նիստերը.

4) սահմանադրական դատարան է ներկայացնում նիստերում քննարկման ենթակա հարցերը.

5) սահմանադրական դատարանում գործերի քննության կանոնների պահպանման վերաբերյալ դիտողություններ է անում, պահանջներ ներկայացնում կողմերին և հրավիրված անձանց, որոնք պարտադիր են կատարման.

6) ներկայացնում է սահմանադրական դատարանը այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.

7) իրականացնում է սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը` նշանակում և ազատում է աշխատակազմի ղեկավարին, հաստատում է աշխատակազմի կանոնադրությունը և հաստիքացուցակը.

8) տնօրինում է սահմանադրական դատարանի ֆինանսական միջոցները և ապահովում նրա բնականոն գործունեությունը.

9) իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

Հոդված 18. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Սահմանադրական դատարանը, սահմանադրական դատարանի նախագահի առաջարկությամբ, ընտրում և հետ է կանչում սահմանադրական դատարանի նախագահի տեղակալին` դատարանի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 19. ԿՈԼԵԳԻԱԼՈՒԹՅՈՒՆԸ

 

Սահմանադրական դատարանում գործերի քննությունն ու դրանց վերաբերյալ որոշումների ու եզրակացությունների ընդունումը կատարվում է կոլեգիալ:

Սահմանադրական դատարանի որոշումներն ու եզրակացություններն ընդունվում են քվեարկությամբ:

 

Հոդված 20. ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Սահմանադրական դատարանի նիստերը դռնբաց են:

Հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, կողմերի անձնական կյանքի կամ գործի քննության շահերի պաշտպանության նկատառումներով` լրատվության միջոցների և հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը սահմանադրական դատարանի նիստերին կամ դրանց մի մասին կարող է արգելվել սահմանադրական դատարանի որոշմամբ` սահմանադրական դատարանի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Սահմանադրական դատարանի ընդունած որոշումները և եզրակացությունները հայտարարվում են հրապարակայնորեն` սահմանադրական դատարանի նիստում:

Սահմանադրական դատարանի որոշմամբ նիստը կարող է լուսանկարվել, տեսագրվել, ձայնագրվել և հեռարձակվել:

 

Հոդված 21. ԲԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Սահմանադրական դատարանի նիստերում գործերի քննությունը կատարվում է բանավոր` բացառությամբ սույն օրենքի 21(1) հոդվածով նախատեսված դեպքերի: Գործերի քննության ընթացքում սահմանադրական դատարանը լսում է կողմերի և վկաների բացատրությունները, մասնագետների եզրակացությունները, հրապարակում է գործերում առկա փաստաթղթերը:

Սահմանադրական դատարանի նիստում կարող են չհրապարակվել այն փաստաթղթերը, որոնց պատճենները դատարանի անդամներին և կողմերին վաղօրոք ուղարկվել են:

 

Հոդված 21(1). ԳՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Պատգամավորների ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերի հարցով, ինչպես նաև սույն օրենքի 56 և 62 հոդվածներով նախատեսված դեպքերում, սահմանադրական դատարանի որոշմամբ, սահմանադրական դատարանի նիստում գործի քննությունը կարող է անցկացվել գրավոր ընթացակարգով:

Կողմերի գրավոր դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի քննությունը կատարվում է բանավոր:

Գրավոր ընթացակարգով անցկացվող նիստերին դիմող կողմերը, նրանց ներկայացուցիչները, պաշտոնատար անձինք, գործով սահմանադրական դատարան հրավիրված անձինք և մասնագետներն իրենց բացատրությունները, եզրակացությունները և սահմանադրական դատարանի անդամների հարցերի պատասխանները, սահմանադրական դատարանի որոշմամբ, ներկայացնում են ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր` սահմանադրական դատարանի կողմից սահմանված ժամկետներում:

Գրավոր ընթացակարգի դեպքում գործի բոլոր նյութերը սահմանադրական դատարանի անդամներին տրվում են նիստից առնվազն հինգ օր առաջ:

 

Հոդված 21(2). ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Սահմանադրական դատարանի նիստում գործերի քննությունը կատարվում է մրցակցության սկզբունքով: Կողմերն իրենց դիրքորոշումն ազատ արտահայտելու և փաստարկներն ու հակափաստարկները շարադրելու միջոցով նպաստում են դատարանի կողմից գործով որոշում ընդունելուն:

 

Հոդված 22. ԱՆԸՆԴՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Սահմանադրական դատարանի` յուրաքանչյուր գործով նիստը շարունակվում է անընդհատ` բացի հանգստի և սահմանադրական դատարանի որոշմամբ ընդմիջման համար նախատեսված ժամանակից:

Մինչև գործի քննության ավարտը կամ քննության հետաձգումը նիստում այլ գործեր կարող են քննվել բացառիկ դեպքերում` սահմանադրական դատարանի որոշմամբ:

 

Հոդված 23. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Սահմանադրական դատարանի նիստում կողմերն ունեն հավասար դատավարական իրավունքներ և օգտվում են դրանք իրագործելու հավասար հնարավորություններից:

 

Հոդված 24. ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒՆ

 

Սահմանադրական դատարանի նիստում քննությունը տարվում է հայերենով:

Նիստին մասնակցող և հայերենին չտիրապետող անձինք իրավունք ունեն հանդես գալ այլ լեզվով: Թարգմանչի ծառայություններն ապահովում է սահմանադրական դատարանը:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼԸ

 

Հոդված 25. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Սահմանադրական դատարան կարող են դիմել`

1) Հանրապետության Նախագահը.

2) պատգամավորների առնվազն մեկ երրորդը.

3) Հանրապետության Նախագահի և պատգամավորության թեկնածուները` ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով.

4) կառավարությունը` Սահմանադրության 59 հոդվածով նախատեսված դեպքում.

5) Ազգային ժողովը` Սահմանադրության 57 հոդվածով նախատեսված դեպքում:

 

Հոդված 26. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԻԹԸ

 

Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:

 

Հոդված 27. ԴԻՄՈՒՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Դիմումը սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր` իրավասու անձի, անձանց կամ մարմնի կողմից ստորագրված:

Դիմումում պետք է նշվեն`

1) սահմանադրական դատարանի անվանումը.

2) դիմողի անունը (անվանումը), հասցեն (իրավաբանական հասցեն).

3) դիմողի ներկայացուցչի մասին անհրաժեշտ տվյալներ, եթե կան այդպիսիք.

4) Սահմանադրության այն հոդվածը, որը սահմանադրական դատարան դիմելու իրավունք է տալիս.

5) դիմողի դիրքորոշումն իր առաջադրած հարցի առնչությամբ` Սահմանադրության համապատասխան նորմերին կատարված հղումներով.

6) սահմանադրական դատարան ներկայացվող խնդրանքը` դիմումի էությունը.

7) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը:

Բացի սույն հոդվածի երկրորդ մասում նշված պահանջներից, Սահմանադրության 100 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հարցերով դիմում ներկայացնողը նշում է վիճարկվող ակտն ընդունող մարմնի անվանումը, ակտի անվանումը և դրա ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը:

 

Հոդված 28. ԴԻՄՈՒՄԻՆ ԿՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին կցվում են`

1) լիազորագիրը կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ.

2) օտար լեզվով շարադրված բոլոր փաստաթղթերի և այլ նյութերի` օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.

3) վիճարկվող ակտի տեքստը` Սահմանադրության 100 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հարցերով:

Դիմումին կարող է կցվել այն վկաների և մասնագետների անվանացանկը, որոնց առաջարկվում է հրավիրել սահմանադրական դատարանի նիստին, ինչպես նաև այլ փաստաթղթեր և նյութեր:

Դիմումն ընդունվելուց հետո դիմող կողմը նոր փաստաթղթեր կարող է ներկայացնել միայն սահմանադրական դատարանի որոշմամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԴԻՄՈՒՄԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 29. ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ

 

Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը ենթակա է պարտադիր գրանցման:

Մուտքագրված դիմումը ներկայացվում է սահմանադրական դատարանի նախագահին:

Եթե դիմումի մեջ բարձրացված հարցն ակնհայտորեն ընդդատյա չէ սահմանադրական դատարանին, կամ ըստ ձևի դիմումը չի համապատասխանում սույն օրենքի 27 և 28 հոդվածների պահանջներին կամ այն ներկայացված է սահմանադրական դատարան դիմելու իրավունք չունեցող մարմնի, անձի (անձանց) կողմից, ապա դիմողը հնգօրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է սույն օրենքի պահանջներին` իր դիմումի անհամապատասխանության մասին:

Սույն օրենքի պահանջներին դիմումի անհամապատասխանությունը վերացնելուց հետո դիմողը սահմանադրական դատարան կրկին դիմելու իրավունք ունի:

 

Հոդված 30. ԴԻՄՈՒՄԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ

 

Սույն օրենքի 29 հոդվածի երրորդ մասով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում անցկացվում է դիմումի նախնական ուսումնասիրում:

Սահմանադրական դատարանի նախագահը սահմանադրական դատարանի մեկ կամ մի քանի անդամների հանձնարարում է դիմումի նախնական ուսումնասիրումը, որը պետք է ավարտվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրումից 8 օր հետո, եթե սույն օրենքով այլ ժամկետներ չեն նախատեսվում:

 

Հոդված 31. ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼԸ

 

Դիմումի նախնական ուսումնասիրման արդյունքներով սահմանադրական դատարանի անդամը (անդամները) սահմանադրական դատարանի նախագահին զեկուցում է (զեկուցում են) դիմումի ուսումնասիրման արդյունքների մասին:

Զեկուցումից հետո եռօրյա ժամկետում սահմանադրական դատարանի նախագահը հրավիրում է սահմանադրական դատարանի նիստ` գործը քննության ընդունելու հարցը լուծելու համար:

Գործը քննության ընդունելու մասին որոշում կայացնելու դեպքում սահմանադրական դատարանը քննությունը սկսում է ոչ ուշ, քան դիմումի մուտքագրումից քսան օր հետո, եթե սույն օրենքով այլ ժամկետներ չեն նախատեսված:

Սահմանադրական դատարանի ընդունած որոշման մասին դիմողը, ինչպես նաև շահագրգիռ անձինք և մարմինները տեղեկացվում են:

 

Հոդված 32. ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼԸ

 

Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում, եթե`

1) դիմումում առաջադրված հարցերը ընդդատյա չեն սահմանադրական դատարանին.

2) դիմողն իրավասու չէ դիմել սահմանադրական դատարան.

3) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի որոշումը:

 

Հոդված 33. ԴԻՄՈՒՄԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼԸ

 

Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը կարող է հետ վերցվել դիմողի կողմից մինչև սահմանադրական դատարանի նիստում գործի քննության սկսվելը:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Հոդված 34. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԻՍՏԸ

 

Սահմանադրական դատարանը գործերը քննում է սահմանադրական դատարանի նիստում:

Նիստն իրավազոր է, եթե նիստում ներկա է սահմանադրական դատարանի անդամների ընդհանուր թվի մեծամասնությունը:

 

Հոդված 35. ՆԻՍՏԻ ՀՐԱՎԻՐՈՒՄԸ

 

Սահմանադրական դատարանի նիստը հրավիրում և վարում է սահմանադրական դատարանի նախագահը:

Սահմանադրական դատարանի նախագահի հանձնարարությամբ իր բացակայության ժամանակ սահմանադրական դատարանի նիստ կարող է հրավիրել և վարել սահմանադրական դատարանի նախագահի տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` սահմանադրական դատարանի նախագահի հանձնարարությամբ` սահմանադրական դատարանի անդամներից որևէ մեկը:

 

Հոդված 36. ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼԸ

 

Գործը քննության նախապատրաստելու և գործի հանգամանքները նիստում շարադրելու համար սահմանադրական դատարանը սահմանադրական դատարանի անդամներից նշանակում է զեկուցող (զեկուցողներ):

Սահմանադրական դատարանը որոշում է կայացնում գործի քննության բանավոր կամ գրավոր ընթացակարգի վերաբերյալ:

Դիմումն ուսումնասիրելիս և գործը քննության նախապատրաստելիս սահմանադրական դատարանի անդամը (անդամները), սահմանադրական դատարանի նախագահի գիտությամբ, իրավունք ունի (ունեն) պետական մարմիններից, պաշտոնատար անձանցից, ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից և քաղաքացիներից պահանջել փաստաթղթեր, եզրակացություններ և այլ նյութեր, հանձնարարել կատարելու ստուգումներ, ուսումնասիրություններ, հետազոտություններ:

Սահմանադրական դատարանի նախագահը և զեկուցողը (զեկուցողները) որոշում են դատարանի նիստին հրավիրվող անձանց շրջանակը:

Սահմանադրական դատարանի նիստի մասին ծանուցումը, դիմումների և գործի քննության նախապատրաստության ժամանակ ձեռք բերված փաստաթղթերի պատճենները սահմանադրական դատարանի անդամներին, կողմերին, իսկ անհրաժեշտության դեպքում` սահմանադրական դատարանի նախագահի որոշմամբ, հրավիրվածներին են ուղարկվում նիստից առնվազն 3 օր առաջ, եթե սույն օրենքով այլ ժամկետներ չեն նախատեսված:

Սահմանադրական դատարանի նիստի օրվա և ժամի մասին կողմերիը և հրավիրվողներին ծանուցում է սահմանադրական դատարանի աշխատակազմը:

 

Հոդված 37. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Սահմանադրական դատարանի անդամն իրավունք ունի`

1) ծանոթանալ նիստում քննարկվելիք և քննարկված հարցերին առնչվող նյութերին.

2) նիստում քննարկվող հարցերի առնչությամբ հարցեր տալ, պարզաբանումներ ստանալ.

3) աշխատակարգային հարցերի վերաբերյալ արտահայտել իր կարծիքը.

4) առաջարկություններ անել, միջնորդություններ հարուցել:

 

Հոդված 38. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սահմանադրական դատարանի անդամը պարտավոր է`

1) կատարել դատարանի նախագահի հանձնարարությունները նիստերում քննարկվելիք հարցերի նախապատրաստման վերաբերյալ.

2) մասնակցել դատարանի նիստերին և քվեարկություններին.

3) պահպանել դռնփակ խորհրդակցություններում անցկացված քննարկումների և քվեարկությունների գաղտնիությունը.

4) հավատարիմ մնալ սահմանադրական դատարանի անդամի երդմանը:

 

Հոդված 39. ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԸ

 

Սույն օրենքի 5 հոդվածի 1-ին և 3-9-րդ կետերով նախատեսված հարցերի լուծման ժամանակ սահմանադրական դատարանում կողմեր կարող են լինել`

1) սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող պետական մարմիններն ու անձինք.

2) սահմանադրական դատարանում վիճարկվող` սույն օրենքի 5 հոդվածի 1-ին կետում նշված իրավական ակտեր ընդունած կամ հրապարակած պետական մարմինն ու պաշտոնատար անձը.

3) այն պետական մարմինը, որի որոշումները վիճարկվում են սահմանադրական դատարանում.

4) Հանրապետության Նախագահը` Սահմանադրության 55 հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների հիմնավորվածության մասին հարցի քննության ժամանակ.

5) այն կուսակցությունը, որի գործունեության կասեցման կամ արգելման հարցը որոշվում է սահմանադրական դատարանում.

6) սահմանադրական դատարանի անդամը` սույն օրենքի 5 հոդվածի 8-րդ կետով նախատեսված դեպքերում:

 

Հոդված 40. ՈՐՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԿՈՂՄ ՆԵՐԳՐԱՎԵԼԸ

 

Եթե սույն օրենքի 25 հոդվածում նշված պետական մարմիններն ու անձինք սահմանադրական դատարան հղած դիմումում չեն նշել պատասխանող կողմին կամ նշել են ոչ պատշաճ կողմի, ապա սահմանադրական դատարանը գործը քննության ընդունելու մասին որոշմամբ գործի քննությանը որպես կողմ ներգրավում է պատասխանողին կամ պատշաճ պատասխանողին:

 

Հոդված 41. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

 

Կողմերը սահմանադրական դատարանում կարող են հանդես գալ ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցիչների միջոցով:

Կողմի ի պաշտոնե ներկայացուցիչ կարող է հանդես գալ սահմանադրական դատարան դիմում ներկայացրած մարմնի ղեկավարը, վիճարկվող ակտն ընդունած մարմնի ղեկավարը, պատգամավորների առնվազն մեկ երրորդը ներկայացնող որևէ պատգամավոր:

Սահմանադրական դատարանում որպես կողմի ներկայացուցիչ կարող են հանդես գալ նրա լիազորած անձինք:

Յուրաքանչյուր կողմ սահմանադրական դատարանում կարող է ունենալ ոչ ավել, քան երեք ներկայացուցիչ:

 

Հոդված 42. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Կողմերն իրավունք ունեն`

1) ծանոթանալ գործի նյութերին, անել քաղվածքներ.

2) ներկայացնել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստաթղթեր.

3) գործի առնչությամբ ներկայացնել իրենց դիրքորոշումը.

4) հարցեր տալ մյուս կողմին, նրա ներկայացուցչին, մասնագետին, վկային.

5) միջնորդություններ հարուցել, առաջարկություններ անել:

 

Հոդված 43. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Կողմերը պարտավոր են`

1) ներկայանալ սահմանադրական դատարանի հրավերով.

2) բացատրություններ տալ և պատասխանել հարցերին.

3) սահմանադրական դատարանի պահանջով ներկայացնել գործին առնչվող փաստաթղթեր, տեղեկանքներ, նյութեր.

4) ենթարկվել սահմանադրական դատարանում գործերի քննության կանոններին:

 

Հոդված 44. ՆԻՍՏԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Նախագահողը նշանակված ժամին, հավաստիանալով, որ նիստն իրավազոր է, բացում է այն և հայտարարում քննության ենթակա գործը:

Նախագահողը պարզում է կողմերի և հրավիրված անձանց ներկայությունն ու ստուգում կողմերի ներկայացուցիչների լիազորությունները, այնուհետև քննարկման է դնում գործի քննությունը սկսելու հարցը: Եթե դատարանը հնարավոր չի համարում սկսել գործի քննությունը, որոշում է կայացնում այն հետաձգելու մասին:

Նախագահողը կողմերին պարզաբանում է նրանց իրավունքներն ու պարտականությունները:

Սահմանադրական դատարանի նիստում գործի քննությունը սկսվում է զեկուցողի հաղորդմամբ: Զեկուցողին կարող են հարցեր տալ սահմանադրական դատարանի անդամները:

Զեկուցման ավարտից հետո սահմանադրական դատարանը լսում է գործի նյութերի հետազոտման կարգի մասին դատարանի անդամների կարծիքը, կողմերի առաջարկությունները և այդ կապակցությամբ ընդունում է որոշում: Սահմանադրական դատարանի որոշմամբ գործի նյութերի հետազոտման համար սահմանված կարգը կարող է փոփոխվել: Գործի քննության ընթացքում նյութերի հետազոտման կարգի վերաբերյալ սահմանադրական դատարանի անդամների առաջարկությունները քննարկվում են անհապաղ:

 

Հոդված 45. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼԸ

 

Սահմանադրական դատարանում յուրաքանչյուր գործ քննվում է դատարանի առանձին նիստում:

Սահմանադրական դատարանի որոշմամբ կարող են միավորվել և դատարանի նույն նիստում քննվել միայն նույն հարցին վերաբերող գործերը:

 

Հոդված 46. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Սահմանադրական դատարանի նիստերն արձանագրվում են սահմանադրական դատարանի քարտուղարության կողմից:

Նիստի արձանագրությունը ստորագրում են նախագահողն ու արձանագրող քարտուղարը:

Կողմերն իրավունք ունեն ծանոթանալ նիստի արձանագրությանը և ներկայացնել իրենց դիտողությունները, որոնք կցվում են արձանագրությանը:

 

Հոդված 47. ԿՈՂՄԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Նախագահողը կողմերին առաջարկում է բացատրություններ տալ քննվող գործի մասին և ներկայացնել իրենց դիրքորոշումները հիմնավորող փաստարկներ:

Սահմանադրական դատարանը կողմերի բացատրությունները լսում է ամբողջ ծավալով:

Կողմի բացատրություններից հետո նրան կարող են հարցեր տալ սահմանադրական դատարանի անդամները, մյուս կողմը, իսկ դատարանի թույլտվությամբ` նաև մասնագետները:

Կողմերն իրավունք չունեն իրենց ելույթներն օգտագործել քաղաքական հայտարարությունների համար:

 

Հոդված 48. ՄԱՍՆԱԳԵՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սահմանադրական դատարանի նիստում որպես մասնագետ կարող է հրավիրվել այն անձը, որը քննվող գործին առնչվող հարցերով օժտված է հատուկ գիտելիքներով և շահագրգռված չէ գործի արդյունքով:

Մասնագետը սահմանադրական դատարանի նախագահի կողմից զգուշացվում է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու և եզրակացություն տալուց հրաժարվելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

Սահմանադրական դատարանը որոշում է մասնագետի եզրակացություն պահանջող հարցերի շրջանակը:

Մասնագետն իրավունք ունի`

1) սահմանադրական դատարանի թույլտվությամբ ծանոթանալ գործի նյութերին.

2) սահմանադրական դատարանի թույլտվությամբ հարցեր տալ կողմերին և վկաներին.

3) իրեն լրացուցիչ նյութեր տրամադրելու միջնորդություններ հարուցել:

Եզրակացության շարադրումից հետո մասնագետը պարտավոր է պատասխանել դատարանի անդամների և կողմերի հարցերին:

Եզրակացությունը գրավոր ներկայացվում է սահմանադրական դատարան` մասնագետի ստորագրությամբ:

 

Հոդված 49. ՎԿԱՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սահմանադրական դատարանը, անհրաժեշտության դեպքում, նիստին հրավիրում և որպես վկա լսում է այն անձանց բացատրությունները, որոնց կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ հանգամանք:

Վկան սահմանադրական դատարանի նախագահի կողմից զգուշացվում է ակնհայտ սուտ բացատրություն տալու և բացատրություն տալուց հրաժարվելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

Վկան պարտավոր է դատարանին հայտնել քննվող գործի էությանն առնչվող այն հանգամանքները, որոնք հայտնի են անձամբ իրեն, պատասխանել դատարանի անդամների և կողմերի հարցերին:

 

Հոդված 50. ՄԱՍՆԱԳԵՏԻ և ՎԿԱՅԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Սահմանադրական դատարանում ակնհայտ կեղծ եզրակացություն կամ ակնհայտ սուտ բացատրություն տալը, ինչպես նաև եզրակացություն և բացատրություն տալուց հրաժարվելն առաջ է բերում պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 51. ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ

 

Սահմանադրական դատարանը կողմերի եզրափակիչ ելույթներից հետո որոշում է կայացնում գործի քննությունը վերսկսելու մասին, եթե անհրաժեշտ է համարում պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ կամ հետազոտել նոր նյութեր:

Վերսկսված քննությունից հետո կողմերը եզրափակիչ ելույթների իրավունք ունեն` հետազոտված նոր հանգամանքների և նյութերի առնչությամբ:

Կողմերի եզրափակիչ ելույթներից հետո նախագահողը հայտարարում է գործի քննության ավարտի մասին:

 

Հոդված 52. ԳՈՐԾՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

Սահմանադրական դատարանը գործով որոշում կամ եզրակացություն է ընդունում դատարանի դռնփակ խորհրդակցությունում, որին կարող են ներկա գտնվել միայն սահմանադրական դատարանի անդամները:

Խորհրդակցությունում դատարանի անդամն իրավունք ունի արտահայտել իր կարծիքը քննարկվող հարցերի, ինչպես նաև շարադրել իր դիրքորոշումը` գործի լուծման վերաբերյալ: Խորհրդակցությունում ելույթների թիվը և տևողությունը չեն սահմանափակվում:

Խորհրդակցության արդյունքներն արձանագրում է սահմանադրական դատարանի անդամներից որևէ մեկը` սահմանադրական դատարանի նախագահի հանձնարարությամբ:

Արձանագրության մեջ նշվում են քվեարկության դրված հարցերը և քվեարկության արդյունքները: Արձանագրությունը ստորագրում են խորհրդակցությանը մասնակցած սահմանադրական դատարանի անդամները:

Քվեարկության անվանական արդյունքները հրապարակման ենթակա չեն:

Խորհրդակցությունը շարունակվում է մինչև դատարանի կողմից որոշում կամ եզրակացություն ընդունելը:

 

Հոդված 53. ԳՈՐԾԻ ԿԱՐՃՈՒՄԸ

 

Սահմանադրական դատարանը գործը կարճում է, եթե`

1) նիստի ընթացքում բացահայտվել են սույն օրենքի 32 հոդվածով նախատեսված գործի քննությունը մերժելու հիմքեր.

2) ակտը, որի համապատասխանությունը Սահմանադրությանը վիճարկվում է, վերացվել է կամ ուժը կորցրել է գործի քննությունից առաջ կամ դրա ընթացքում և չի կիրառվել:

 

Հոդված 54. ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ

 

Սույն օրենքի 5 հոդվածով սահմանված լիազորությունների իրականացման կապակցությամբ սահմանադրական դատարանի կողմից պետական մարմիններին, պաշտոնատար անձանց, հիմնարկներին, ձեռնարկություններին, կազմակերպություններին և քաղաքացիներին ներկայացվող պահանջների կատարումը պարտադիր է:

Սահմանադրական դատարանի պահանջներին պատասխան է տրվում դրանք ստանալուց հետո հնգօրյա ժամկետում, եթե դատարանի կողմից այլ ժամկետ չի սահմանված:

Սահմանադրական դատարանը` գործի քննության ընթացքում իրավախախտման փաստեր հայտնաբերելիս, դրանց մասին տեղեկացնում է համապատասխան պետական մարմիններին և պաշտոնատար անձանց:

Սահմանադրական դատարանի պահանջների կատարումից հրաժարվելը կամ խուսափելը, կատարման ժամկետները խախտելը, չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջ են բերում պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 55. ՕՐԵՆՔՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԻ, ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով նախատեսված հարցերով սահմանադրական դատարան կարող են դիմել`

1) Հանրապետության Նախագահը.

2) պատգամավորների առնվազն մեկ երրորդը:

Սահմանադրական դատարանը դիմումում առաջադրված հարցի առնչությամբ պարզում է դրանում նշված իրավական ակտի կամ վերջինիս առանձին դրույթների համապատասխանությունը Սահմանադրությանը` հիմք ընդունելով`

1) իրավական ակտի ձևը.

2) իրավական ակտն ընդունելու ժամանակը, ստորագրելու, հրապարակելու և գործողության մեջ դնելու սահմանված կարգի պահպանումը.

3) իրավական ակտի նորմերի բովանդակությունը.

4) մարդու և քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների պաշտպանության, ազատ իրականացման անհրաժեշտությունը, դրանց թույլատրելի սահմանափակումների շրջանակները և հիմքերը.

5) Սահմանադրությամբ նախատեսված` իշխանությունների տարանջատման սկզբունքը.

6) պետական մարմինների և պաշտոնատար անձանց լիազորությունների թույլատրելի սահմանները.

7) Սահմանադրության անմիջական գործողության ապահովման անհրաժեշտությունը:

 

Հոդված 56. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը, նրանում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցով սահմանադրական դատարան դիմում է Հանրապետության Նախագահը:

Տվյալ գործով սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից որևէ մեկը.

1) միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող,

2) միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները, ամբողջությամբ կամ դրանց մի մասը, ճանաչել Սահմանադրությանը չհամապատասխանող:

 

Հոդված 57. ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ և ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Սահմանադրության 100 հոդվածի 3-րդ կետով նախատեսված հարցերով սահմանադրական դատարան կարող են դիմել`

1) Հանրապետության Նախագահը.

2) պատգամավորների առնվազն մեկ երրորդը.

3) Հանրապետության Նախագահի և պատգամավորության թեկնածուները` ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով:

Որպես պատասխանող կողմ կարող է հանդես գալ հանրաքվեների կամ ընտրությունների արդյունքներն ամփոփող պետական մարմինը:

Սահմանադրական դատարանում քննվող գործին առնչվող փաստական հանգամանքները քննության առարկա չեն կարող հանդիսանալ:

Հանրաքվեների, Հանրապետության Նախագահի և պատգամավորների ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:

 

Հոդված 58. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՑԱԾ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐՆ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ԿԱՄ ՎԵՐԱՑԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Սահմանադրության 100 հոդվածի 4-րդ կետով նախատեսված հարցերով սահմանադրական դատարան կարող են դիմել`

1) Հանրապետության Նախագահը.

2) պատգամավորների առնվազն մեկ երրորդը:

Հանրապետության Նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու հարցով սահմանադրական դատարան կարելի է դիմել ոչ ուշ, քան Հանրապետության Նախագահի ընտրության օրվանից տասն օր առաջ:

Սահմանադրական դատարանը դիմումն ընդունում է նախնական քննարկման, գործը քննում և գործով որոշում է կայացնում դիմումը ստանալուց հետո չորսօրյա ժամկետում:

 

Հոդված 59. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Սահմանադրության 100 հոդվածի 5-րդ կետով նախատեսված հարցով սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովը` Սահմանադրության 57 հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում և կարգով:

Սույն լիազորությունն իրականացնելիս սահմանադրական դատարանն իրավունք ունի`

1) դատական, դատախազական և քննչական մարմիններից պահանջել նյութեր, քրեական, քաղաքացիական, վարչական գործեր, դատավճիռներ, վճիռներ, որոշումներ, տեղեկանքներ և այլ փաստաթղթեր.

2) հրավիրել և լսել այն պաշտոնատար անձանց և քաղաքացիներին, որոնց բացատրությունները կարող են նշանակություն ունենալ գործով կայացվելիք եզրակացության համար:

 

Հոդված 60. ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 55 ՀՈԴՎԱԾԻ 13-ՐԴ և 14-ՐԴ ԿԵՏԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Սահմանադրության 100 հոդվածի 6-րդ կետով նախատեսված հարցերով սահմանադրական դատարան կարող են դիմել`

1) Հանրապետության Նախագահը.

2) պատգամավորների առնվազն մեկ երրորդը:

Սույն լիազորությունն իրականացնելիս սահմանադրական դատարանն իրավունք ունի`

1) հրավիրել և լսել Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովի նախագահին, վարչապետին, կառավարության անդամներին, զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմին, այլ պաշտոնատար անձանց և քաղաքացիների.

2) բոլոր պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից ստանալ գործին առնչվող ցանկացած, այդ թվում` պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ:

Սահմանադրական դատարանը Սահմանադրության 100 հոդվածի 6-րդ կետով նախատեսված հարցերով դիմումն ընդունում է նախնական քննարկման, գործը քննում և եզրակացություն է տալիս դիմումն ստանալուց հետո քսանչորս ժամվա ընթացքում:

 

Հոդված 61. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ` ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Սահմանադրության 100 հոդվածի 7-րդ կետով նախատեսված հարցով սահմանադրական դատարան կարող է դիմել կառավարությունը:

Սույն լիազորությունն իրականացնելիս սահմանադրական դատարանն օգտվում է սույն օրենքի 60 հոդվածով նախատեսված իրավունքներից:

 

Հոդված 62. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՆՐԱՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ, ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱՄ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Սահմանադրության 100 հոդվածի 8-րդ կետով նախատեսված հարցերով սահմանադրական դատարան կարող են դիմել`

1) Հանրապետության Նախագահը.

2) պատգամավորների առնվազն մեկ երրորդը:

Սույն լիազորությունն իրականացնելիս սահմանադրական դատարանն օգտվում է սույն օրենքի 59 հոդվածով նախատեսված իրավունքներից:

Սույն լիազորությունն իրականացնելիս քվեարկությանը չի մասնակցում դատարանի այն անդամը, որի լիազորությունների դադարեցման, նրան կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու մասին եզրակացություն է տրվելու:

Ազգային ժողովը սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների դադարեցման մասին որոշումն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

 

Հոդված 63. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Սահմանադրության 100 հոդվածի 9-րդ կետով նախատեսված հարցերով սահմանադրական դատարան կարող են դիմել`

1) Հանրապետության Նախագահը.

2) պատգամավորների առնվազն մեկ երրորդը:

Սույն լիազորություններն իրականացնելիս սահմանադրական դատարանն օգտվում է սույն օրենքի 59 և 60 հոդվածներով նախատեսված իրավունքներից:

Սահմանադրական դատարանը, կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու մասին որոշում կարող է ընդունել նրա գործունեության մեջ Սահմանադրության կամ կուսակցությունների մասին համապատասխան օրենքի պահանջների խախտման դեպքում:

Սույն լիազորությունն իրականացնելիս սահմանադրական դատարանն ընդունում է որոշում` դատարանի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

 

Գ Լ ՈՒ Խ 10

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱԿՏԵՐԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 64. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱԿՏԵՐԸ

 

Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ և եզրակացություններ:

Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

Սահմանադրական դատարանի որոշումները պարտադիր են կատարման Հայաստանի Հանրապետության տարածքում:

 

Հոդված 65. ԱԿՏԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Սահմանադրական դատարանը Սահմանադրության 100 հոդվածի 1-4-րդ և 9-րդ կետերում թվարկված հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ:

Սահմանադրական դատարանը Սահմանադրության 100 հոդվածի 5-8-րդ կետերում թվարկված հարցերի վերաբերյալ ընդունում է եզրակացություններ:

Սահմանադրական դատարանը, գործերի քննության նախապատրաստման և քննության հարցերով, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հետ կապված այլ հարցերով ընդունում է աշխատակարգային որոշումներ` նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ` բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 66. ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ և ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

Սահմանադրական դատարանի որոշումներն ու եզրակացություններն ընդունվում են բաց քվեարկությամբ` անդամների անվանական հարցման միջոցով:

Նախագահողը քվեարկում է վերջում:

Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ` անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` բացառությամբ սույն օրենքի 63 հոդվածով նախատեսված դեպքի:

Սահմանադրական դատարանն ընդունում է եզրակացություններ` անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Սահմանադրական դատարանի անդամն իրավունք չունի ձեռնպահ մնալ կամ հրաժարվել քվեարկությունից:

Եթե սահմանադրական դատարանը դռնփակ խորհրդակցությունում քննարկվող հարցի վերաբերյալ որոշում և եզրակացություն չի ընդունում, դիմումը համարվում է մերժված:

 

Հոդված 67. ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՆ և ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Սահմանադրության 100 հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նախատեսված հարցերով որոշումն ընդունվում է` գնահատելով ինչպես ակտի տառացի իմաստը, այնպես էլ ձևավորված իրավակիրառական պրակտիկան:

Սահմանադրական դատարանը որոշումներ և եզրակացություններ ընդունում է միայն դիմումում նշված առարկայի վերաբերյալ:

Որոշումներ և եզրակացություններ ընդունելիս սահմանադրական դատարանը կաշկանդված չէ դիմումում շարադրված հիմքերով և փաստարկներով:

Սահմանադրական դատարանի որոշումներն ու եզրակացությունները հրապարակվում են նիստում և կցվում գործին:

 

Հոդված 68. ՈՐՈՇՄԱՆ ԿԱՄ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՇԱՐԱԴՐԱՆՔԸ

 

Սահմանադրական դատարանի որոշումը կամ եզրակացությունը, կախված գործի բնույթից, պարունակում է հետևյալ տեղեկությունները`

1) որոշման կամ եզրակացության անվանումը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

2) կողմերի մասին անհրաժեշտ տվյալները.

3) քննվող հարցը, առիթները և հիմքերը.

4) Սահմանադրության այն հոդվածը, որի համաձայն դատարանն իրավասու է քննել տվյալ գործը.

5) դիմումի համառոտ բովանդակությունը.

6) փաստական և այլ հանգամանքներ, որոնք հետազոտվել են դատարանի կողմից.

7) Սահմանադրության և սույն օրենքի այն հոդվածները, որոնցով ղեկավարվել է դատարանը որոշում կամ եզրակացություն ընդունելիս.

8) դատարանի կողմից ընդունված որոշումը կամ եզրակացությունը հիմնավորող փաստարկները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այն փաստարկները, որոնք հերքում են կողմերի պնդումները.

9) որոշման կամ եզրակացության ձևակերպումը.

10) որոշման վերջնական լինելու և վերանայման ենթակա չլինելու մասին նշումը.

11) որոշման` հրապարակման պահից ուժի մեջ մտնելու մասին նշումը:

Սահմանադրական դատարանի գործով կայացված որոշումը կամ եզրակացությունը ստորագրում է նիստը վարողը:

 

Հոդված 69. ՈՐՈՇՄԱՆ ԿԱՄ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՔՈՒՄԸ և ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ

 

Սահմանադրական դատարանի որոշումներն ու եզրակացությունները, դրանց ընդունման օրվանից եռօրյա ժամկետում, առաքվում են`

1) կողմերին.

2) Հանրապետության Նախագահին, Ազգային ժողով, կառավարություն, վճռաբեկ դատարան (իսկ մինչև դրա կազմավորումը` գերագույն դատարան) և գլխավոր դատախազին:

Սահմանադրական դատարանի որոշումներն ու եզրակացությունները հրատարակվում են պաշտոնական մամուլում և տեղեկագրում:

 

Հոդված 70. ՈՐՈՇՈՒՄԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

 

Սահմանադրական դատարանի որոշումը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարմանն արգելք հանդիսանալն առաջ է բերում օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Գ Լ ՈՒ Խ 11

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 71. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

 

Սահմանադրական դատարանի նիստերն անցկացվում են նրա մշտական գտնվելու վայրում` Երևան քաղաքում:

Սահմանադրական դատարանն անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ կարող է նիստեր անցկացնել նաև այլ վայրում:

 

Հոդված 72. ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

 

Սահմանադրական դատարանի նստավայրի վրա բարձրացվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:

Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում տեղադրվում են Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերն ու Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:

Սահմանադրական դատարանի անդամները նիստի ժամանակ կրում են հատուկ համազգեստ, որի ձևը հաստատում է սահմանադրական դատարանը:

 

Հոդված 73. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՆԻՔԸ

 

Սահմանադրական դատարանն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվանումով կնիք:

 

Հոդված 74. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

Սահմանադրական դատարանի գործունեությունն ապահովում է նրա աշխատակազմը` իր կանոնադրությանը համապատասխան:

 

Հոդված 75. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Սահմանադրական դատարանը դիմումներ ընդունում է սահմանադրական դատարանի առաջին նախագահի նշանակումից մեկ ամիս հետո:

Մինչև սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված ժամկետը, անցկացված հանրաքվեների արդյունքների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան կարելի է դիմել սահմանադրական դատարանի նախագահի նշանակումից ոչ շուտ, քան մեկ ամսվա և ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
29 դեկտեմբերի 1997 թ.
ՀՕ-168 (ՆԽ-9)