ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2020 թվականի N 427-Լ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև ապրիլի 9-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված միանվագ աջակցության տրամադրման կարգ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 2 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 427-Լ որոշման |
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին:
2. Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և երեխայի ծնողներից ոչ մեկը կամ միայնակ ծնողը չի ունեցել գրանցված աշխատանք 2020 թ. մարտի 12-ի դրությամբ և չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թ. մարտի 12-ից մինչև 2020 թ. մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում:
3. Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամ գումարի չափով:
4. Աջակցությունը տրամադրվում է ծնողներից մեկի կողմից online.ssa.am կայքէջին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա:
5. Սույն միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած ընտանիքների տվյալները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:
6. Սույն միջոցառման իմաստով ընտանիքը կարող է հանդիսանալ շահառու, եթե մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020 թ. մարտի 12-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գտնվել են Հայաստանում:
7. Սույն միջոցառման իմաստով ընտանիքը չի կարող հանդիսանալ շահառու՝
1) եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը.
2) երեխայի ընտանիքը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված է եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ընտանիքի անապահովության միավորը բարձր է 28.00-ից.
3) երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թ. մարտի 31-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:
4) (ենթակետն ուժը կորցրել է 14.04.20 N 555-Լ)
(7-րդ կետը լրաց. 09.04.20 N 500-Լ, փոփ. 10.04.20 N 536-Լ, 14.04.20 N 555-Լ)
8. (կետն ուժը կորցրել է 14.04.20 N 555-Լ)
(հավելվածը լրաց. 09.04.20 N 500-Լ, փոփ. 10.04.20 N 536-Լ, 14.04.20 N 555-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.09.2020, N 1464-Լ | 10.09.2020, N 427-Լ | |
18.05.2020, N 759-Լ | 21.05.2020, N 427-Լ | |
21.04.2020, N 584-Լ | 24.04.2020, N 427-Լ | |
16.04.2020, N 558-Լ | 19.04.2020, N 427-Լ | |
14.04.2020, N 555-Լ | 17.04.2020, N 427-Լ | |
10.04.2020, N 536-Լ | 15.04.2020, N 427-Լ | |
09.04.2020, N 500-Լ | 12.04.2020, N 427-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|