Գլխավոր տեղեկություն
Համար
N 565-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 18.04.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 ապրիլի 2020 թվականի N 565-Լ

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ առաջարկության մասին

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-529-26.03.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. ապրիլի 17

Երևան

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-529-26.03.2020-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ առաջարկությՈՒնԸ

 

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 13-րդ կետով, որի համաձայն՝ խմբակցությունից դուրս եկած անկախ պատգամավորը իրավունք ունի ընդգրկվելու առնվազն երկու միջազգային խորհրդարանական կազմակերպությունների պատվիրակությունների կազմում և առնվազն հինգ միջխորհրդարանական բարեկամական խմբերի կազմում՝ համաձայն Ազգային ժողովի նախագահին ուղղված իր դիմումի, որում պատշաճ կերպով պետք է ներկայացված լինեն հիմնավորումներ իր կողմից նախընտրելի միջազգային խորհրդարանական կազմակերպություններում և բարեկամական խմբերում աշխատելու կարողության, անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների տիրապետման, ինչպես նաև անելիքների վերաբերյալ:

Համաձայն Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ Օրենքով պատգամավորը ունի խմբակցության կազմից դուրս գալու և որպես անկախ պատգամավոր հանդես գալու իրավունք, որի պարագայում նա ևս պետք է իրավունք ունենա ընդգրկվելու միջազգային խորհրդարանական կազմակերպությունների պատվիրակությունների և միջխորհրդարանական բարեկամական խմբերի կազմերում:

1. Այս առումով հարկ ենք համարում անդրադառնալ հետևյալ իրավական կարգավորումներին:

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

« 1. Պատգամավորն իրավունք ունի՝

1) հանդես գալու օրենսդրական նախաձեռնությամբ.

2) ներկայացնելու Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ.

3) ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում.

4) գրավոր հարցեր ուղղելու Կառավարությանը.

5) բանավոր հարցերով դիմելու Կառավարության անդամներին.

6) զբաղեցնելու իր կարգավիճակով պայմանավորված պաշտոններ.

7) ընդգրկվելու մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքային խմբի կազմում.

8) ընդգրկվելու իր հանձնաժողովի ստեղծած ենթահանձնաժողովի կազմում.

9) դուրս գալու խմբակցության կազմից.

10) ծանոթանալու Ազգային ժողովին, իր խմբակցությանը կամ հանձնաժողովին հասցեագրված ցանկացած փաստաթղթի, բացառությամբ անվանական կամ անձնական նյութերի, ինչպես նաև պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող այնպիսի տեղեկության, որին իրավասու չէ իրազեկվելու.

11) հարցումներով և առաջարկներով դիմելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց.

12) ունենալու երկու օգնական, որոնցից մեկը վճարովի, իսկ մյուսը՝ հասարակական հիմունքներով»:

Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ և 14-րդ կետերի համաձայն՝

«1. Խմբակցությունն իրավունք ունի Կանոնակարգով սահմանված կարգով՝

(...)

13) իր անդամին առաջարկելու միջազգային խորհրդարանական կազմակերպության, ինչպես նաև միջխորհրդարանական հանձնաժողովում Ազգային ժողովի կամ այլ պաշտոնական պատվիրակության կազմում.

14) իր անդամին առաջարկելու Ազգային ժողովի բարեկամական խմբի կազմում.

(...)» :

Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝

«2. Իր լիազորություններն իրականացնելիս խմբակցությունն ընդունում է որոշումներ:

3. Խմբակցության որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած խմբակցության անդամների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է խմբակցության անդամների ընդհանուր թվի կեսից ավելին»:

Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն՝

Խորհուրդը ՝

(...)

16) հաստատում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը, դրանց կազմավորման և գործունեության կարգերը,

(...)» :

Վերոգրյալ իրավական կարգավորումների բովանդակային և համակարգային վերլուծությունից բխում է, որ միջազգային խորհրդարանական կազմակերպության, միջխորհրդարանական հանձնաժողովում Ազգային ժողովի կամ այլ պաշտոնական պատվիրակության կազմում և Ազգային ժողովի բարեկամական խմբի կազմում իր անդամին առաջարկելու իրավունքը օրենսդիրը վերապահել է խմբակցությանը՝ կարևորելով վերջիններիս կազմում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական որակյալ կազմ ունենալու հանգամանքը: Ընդ որում, խմբակցությունների կողմից՝ իր անդամին հիշյալ կազմերում առաջարկելու իրավունքը իրացվում է բարդեցված ընթացակարգերով, մասնավորապես՝ խմբակցությունը միջազգային խորհրդարանական կազմակերպության, միջխորհրդարանական հանձնաժողովում Ազգային ժողովի կամ այլ պաշտոնական պատվիրակության կազմում և Ազգային ժողովի բարեկամական խմբի կազմում իր անդամին առաջարկելու վերաբերյալ ընդունում է որոշում՝ քվեարկությանը մասնակցած խմբակցության անդամների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է խմբակցության անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Այնուհետև նրանց թեկնածությունը ներկայացվում է Ազգային ժողովի խորհրդին, որն էլ հաստատում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը, դրանց կազմավորման և գործունեության կարգերը:

Վերոգրյալից բխում է, որ միջազգային խորհրդարանական կազմակերպության, միջխորհրդարանական հանձնաժողովում Ազգային ժողովի կամ այլ պաշտոնական պատվիրակության կազմում և Ազգային ժողովի բարեկամական խմբի կազմում պատգամավորի ընտրությունն իրականացվում է կոլեգիալ մարմնի որոշման հիման վրա և դրա արդյունքում, այսինքն՝ վերջինս հիշյալ կազմակերպություններում կամ կազմում ընտրվում է ոչ թե Ազգային ժողովի պատգամավորին տրված լիազորության, այլ՝ խմբակցությանը օրենքով տրված իրավունքի իրացման արդյունքում, ինչն էլ ապահովում է այդ գործընթացի օբյեկտիվությունը և պատշաճ իրականացումը: Հետևաբար գտնում ենք, որ պատգամավորին նման իրավունք վերապահելը չի բխում օրենսդրի՝ Օրենքի հիմքում դրած նպատակներից:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի պատգամավորի՝ խմբակցության կազմից դուրս գալու իրավունքին և դրա արդյունքում միջազգային խորհրդարանական կազմակերպության, միջխորհրդարանական հանձնաժողովում Ազգային ժողովի կամ այլ պաշտոնական պատվիրակության կազմում և Ազգային ժողովի բարեկամական խմբի կազմում ընդգրկվելու հնարավորությունից զրկվելու վերաբերյալ նախագծի հեղինակի վկայակոչած փաստարկներին, գտնում ենք, որ օրենսդրի կողմից խմբակցության կազմից դուրս գալը դիտարկվում է որպես բացառիկ դեպք և չի ենթադրում օրենքով խմբակցությանը վերապահված բոլոր, այդ թվում՝ նախագծով նախատեսված լիազորության ուղղակիորեն փոխանցում պատգամավորին:

Ինչ վերաբերում է պատգամավորի՝ միջազգային խորհրդարանական կազմակերպության, միջխորհրդարանական հանձնաժողովում Ազգային ժողովի կամ այլ պաշտոնական պատվիրակության կազմում և Ազգային ժողովի բարեկամական խմբի կազմում ընդգրկվելուն՝ համաձայն Ազգային ժողովի նախագահին ուղղված իր դիմումի, որում պատշաճ կերպով պետք է ներկայացված լինեն հիմնավորումներ իր կողմից նախընտրելի միջազգային խորհրդարանական կազմակերպություններում և բարեկամական խմբերում աշխատելու կարողության, անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների տիրապետման, ինչպես նաև անելիքների վերաբերյալ, ապա պետք է նշել, որ Ազգային ժողովի նախագահի լիազորությունները հստակ նախատեսված են Օրենքով, և պատգամավորի աշխատելու կարողությունը, անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների տիրապետումը գնահատելու լիազորություն Ազգային ժողովի նախագահին տրված չէ:

Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է՝ սույն առաջարկությամբ բարձրացված խնդիրների համատեքստում: