ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2020 թվականի N 311-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ԵՎ ԶԻՆԱՆՇԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանության մասին» օրենքի 3.1-ին հոդվածի 2-րդ մասի՝
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության դրոշի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության դրոշի նկարագրությունը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության ոստիկանության զինանշանի կանոնադրությունը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության ոստիկանության զինանշանի նկարագրությունը՝ համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 6 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2020 թ. մարտի 6-ի N 311-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության դրոշը (այսուհետ՝ դրոշ) պատվի և արժանապատվության, արիության և նվիրումի խորհրդանիշ է։ Դրոշը ոստիկանության յուրաքանչյուր աշխատակցի սրբազան պարտքի հիշեցումն է՝ հայրենիքին անձնուրաց ծառայելու, յուրաքանչյուր մարդու կյանքը, իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը պաշտպանելու, հասարակական կարգը պահպանելու և հասարակական անվտանգությունն ապահովելու մասին:
2. Դրոշը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ նրա կողմից լիազորված անձը:
3. Դրոշի հետ միասին հանձնվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի ստորագրությամբ վկայագիր:
4. Դրոշը մշտապես պահվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում:
5. Դրոշի պահման, պահպանման և օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:
6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնակազմը պարտավոր է պահպանել և պաշտպանել դրոշը:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2020 թ. մարտի 6-ի N 311-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության դրոշը (այսուհետ՝ դրոշ)՝ համաձայն ձևի, բաղկացած է երկդեմ պաստառից և ծոպափնջերով քուղերից։
2. Դրոշի պաստառն ուղղանկյունաձև է, երկարությունը՝ 1450 մմ, լայնությունը՝ 1150 մմ:
3. Կարված է երկտակ մետաքսե մուգ բալագույն կտորից (կտորի գույնի համակարգչային հարաբերակցությունն է՝ M=100%, Y=20%, K=50%)՝ երեք կողմից երիզված ոսկեգույն ծոպերով:
4. Պաստառի երեսի կողմի վերին ձախ անկյունում պատկերված է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը՝ 500 մմ երկարությամբ և 400 մմ բարձրությամբ:
5. Պաստառի կենտրոնական մասում ոսկեգույն մետաքսաթելով ասեղնագործված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը, տառերի բարձրությունը 7 մմ է, լայնությունը՝ 5 մմ:
6. Պաստառի հակառակ կողմի կենտրոնական մասում պատկերված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության մետաքսակար զինանշանը՝ 450 մմ բարձրությամբ և 250 մմ լայնությամբ:
7. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զինանշանի տակ, պաստառի երկայնքով, ոսկեգույն մետաքսաթելով ասեղնագործված են «ՀԱՆՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՐԳԻ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ» բառերը, տառերի բարձրությունը 4 մմ է, լայնությունը՝ 3 մմ:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՊԱՏԿԵՐԸ
Հավելված N 3 ՀՀ վարչապետի 2020 թ. մարտի 6-ի N 311-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զինանշանը (այսուհետ՝ զինանշան) անձանց՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայող (աշխատող) և զինծառայող հանդիսանալու, ինչպես նաև սպառազինության, տեխնիկայի և այլ գույքի՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը պատկանելությունը մատնանշող խորհրդանիշ է:
2. Զինանշանը դրվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի աշխատասենյակում, ինչպես նաև պատկերվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության դրոշի (դրոշակի) վրա։
3. Զինանշանի պատկերը զետեղվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի վարչությունների և ինքնուրույն բաժինների, կենտրոնական ապարատի անմիջական ենթակայության ստորաբաժանումների, ոստիկանության Երևան քաղաքի, մարզային վարչությունների և դրանց ենթակա ստորաբաժանումների, ոստիկանության ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ոստիկանության զորքերի և ենթակա ստորաբաժանումների անկյունադրոշմակների կամ անկյունադրոշմակով դրոշմաթղթերի վրա: Զինանշանի պատկերն օրենքով սահմանված կարգով օգտագործվում է նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների և ոստիկանության զորքերի զինծառայողների համազգեստների տարբերանշանների ու առանձնանշանների, ծառայողական վկայականների, ինչպես նաև անվանական զենքի վրա։
4. Զինանշանի պատկերը կարող է կիրառվել տպագրական, գովազդային-տեղեկատվական և հուշանվերային արտադրանքի (ծրագրեր, օրացույցներ, կրծքանշաններ, ժամացույցներ, թղթապանակներ և այլն), տեսաժապավենների վրա՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ:
5. Զինանշանի պատկերի կիրառման այլ դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից։
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 4 ՀՀ վարչապետի 2020 թ. մարտի 6-ի N 311-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զինանշանը (այսուհետ` զինանշան)՝ համաձայն ձևի, բաղկացած է սրից և վահանից (սուրը խորհրդանշում է ուժ և հարկադրանք, իսկ վահանը՝ պաշտպանություն, անվտանգություն):
2. Զինանշանի լայնության և երկարության հարաբերությունն է՝ 1 : 2:
3. Զինանշանի վերին մասում նշած է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ», իսկ ստորին մասում՝ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը:
4. Արույրից պատրաստված վահանի կենտրոնում Հայաստանի Հանրապետության զինանշանն է:
5. Վահանի եզրին կից շրջանակն ունի խորություն, որը լցված է Հայաստանի Հանրապետության դրոշի եռագույն արծնով:
6. Վահանի միջով անցնող սուրը, որը զինանշանի վրա երևում է իր ծայրով և բռնակով, նույնպես պատրաստված է արույրից:
7. Բռնակն ունի 10 ուռուցիկ փաթույթ և վահանի մոտ սահմանափակվում է երկկողմանի երիզով:
8. Զինանշանի հիմնական գույնը ոսկեգույնն է:
9. Արույրից պատրաստված զինանշանը տեղադրվում է բարձր որակի մուգ շագանակագույն փայտե պատվանդանի վրա:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|