Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.04.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.13/21(1576).1 Հոդ.257.3
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.04.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

ԵԱՔԴ/0135/01/13

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նաև Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    Ս. Օհանյանի
 

 

քարտուղարությամբ` Մ. Ավագյանի

 

2019 թվականի ապրիլի 12-ին 

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Գագիկ Գենոդիկի Գալստյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

  

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2014 թվականի հունվարի 15-ի դատավճռով Գագիկ Գալստյանը մեղավոր է ճանաչվել ութ դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով: Գ.Գալստյանը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ութ դրվագներից յուրաքանչյուրով դատապարտվել է ազատազրկման՝ 6 (վեց) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով երկու դրվագներից յուրաքանչյուրով՝ ազատազրկման՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով երկու դրվագներից յուրաքանչյուրով՝ ազատազրկման՝ 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով 2 դրվագներից յուրաքանչյուրով՝ տուգանքի՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ՝ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի 1-ին դրվագով նշանակված 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի՝ 1-ին և 2-րդ, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի՝ 1-ին և 2-րդ դրվագներից յուրաքանչյուրով նշանակված պատիժներից 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասի՝ 1-ին և 2-րդ դրվագներից յուրաքանչյուրով նշանակված 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով տուգանքը և Գ.Գալստյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 8 (ութ) տարի 9 (ինը) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման և տուգանք՝ 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով: Պատժի սկիզբը հաշվվել է 2013 թվականի մայիսի 18-ից: ՀՀ քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածի կարգով Գ.Գալստյանի նկատմամբ նշանակվել է հարկադիր բուժում` ափիոնային թմրամոլության դեմ:

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Արսեն Եղիշի Լևոնյանը:

2. Ամբաստանյալ Գ.Գալստյանի պաշտպան Ռ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հունիսի 2-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հունվարի 15-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

3. Վերոգրյալ որոշման դեմ ամբաստանյալ Գ.Գալստյանի պաշտպան Ռ.Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ վերադարձվել է:

4. Դատապարտյալ Գ.Գալստյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Գ.Գալստյանը դատապարտվել է այն բանի համար, որ. «(…) [նա] (...) ապօրինի ձեռք է բերել և պահել (...) ընդհանուր` խոշոր չափերով` 1 (մեկ) գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց, ապա (...) Հայկ Հովհաննիսյանին (...) ապօրինի իրացրել է 1 (մեկ) գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց:

Բացի այդ, Գագիկ Գենոդիկի Գալստյանը, (...) իրացնելու նպատակով (...) ապօրինի ձեռք է բերել (...) զգալի չափերով` 0.5 գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց, ապա (...) Հայկ Հովհաննիսյանին (...) ապօրինի իրացրել է 0.5 գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց:

Բացի այդ, Գագիկ Գենոդիկի Գալստյանը (...) Սեյրան Գևորգյանին ապօրինի թմրամիջոց իրացնելու նպատակով (...) ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափերով` 0.1 գրամ քաշով «Տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ պարունակող թվով երկու դեղահաբեր, ապա (...) Սեյրան Գևորգյանին ապօրինի իրացրել է նշված` զգալի չափերով` 0.1 գրամ քաշով «Տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ պարունակող թվով երկու դեղահաբեր: 

(...) Հայկ Հովհաննիսյանի գործածման համար նրան խոշոր չափերով «Ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու նպատակով Գագիկ Գենոդիկի Գալստյանը (...) ապօրինի ձեռք է բերել և պահել (...) խոշոր չափերով` 1 (մեկ) գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոց, ապա (...) Հայկ Հովհաննիսյանին (...) ապօրինի իրացրել է խոշոր չափերով` 1 (մեկ) գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց: 

Բացի այդ, Գագիկ Գենոդիկի Գալստյանը (...) Հայկ Հովհաննիսյանին իրացնելու նպատակով (...) ապօրինի ձեռք է բերել և պահել (...) խոշոր չափերով` 1 (մեկ) գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց, ապա (...) ապօրինի իրացրել է Հայկ Հովհաննիսյանին:

Բացի այդ, Գագիկ Գենոդիկի Գալստյանը (...) Հայկ Հովհաննիսյանին ապօրինի իրացնելու նպատակով (...) ապօրինի ձեռք է բերել ու պահել (...) խոշոր չափերով` 2.5 գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց, ապա (...) Հայկ Հովհաննիսյանին (...) ապօրինի իրացրել է նշված` 2.5 գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոցը:

Բացի այդ, Գագիկ Գենոդիկի Գալստյանը (...) ապօրինի իրացնելու նպատակով (...) ապօրինի ձեռք է բերել և պահել (...) խոշոր չափերով` 1.5 գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց, ապա (...) Հայկ Հովհաննիսյանին (...) ապօրինի իրացրել է 1.5 գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց:

Բացի այդ, Գագիկ Գենոդիկի Գալստյանը Հայկ Հովհաննիսյանին իրացնելու նպատակով, (...) ապօրինի ձեռք է բերել (...) ընդհանուր` 1.5 գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց, ապա (...) ապօրինի Հայկ Հովհաննիսյանին է իրացրել խոշոր չափերով` 1.5 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոցը:

Բացի այդ, Հայկ Հովհաննիսյանին խոշոր չափերով «Ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու նպատակով, Գագիկ Գենոդիկի Գալստյանը (...) ապօրինի ձեռք է բերել և պահել (...) խոշոր չափերով` 3.5 գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց, ապա (...) Հայկ Հովհաննիսյանին ապօրինի իրացրել է 3.5 գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց:

Բացի այդ, Գագիկ Գենոդիկի Գալստյանը ամբաստանյալ Արսեն Եղիշի Լևոնյանին խոշոր չափերով «Ափիոն» տեսակի թմրամիջոց և պրեկուրսոր հանդիսացող «քացախաթթվի անհիդրիդ» ապօրինի իրացնելու նպատակով (...) ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով` 2.75 գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց և 0.00361 կգ «քացախաթթվի անհիդրիդ», ապա (...) Արսեն Լևոնյանին (...) ապօրինի իրացրել է 2.75 գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց և 0.00361 կգ պրեկուրսոր հանդիսացող «քացախաթթվի անհիդրիդ»:

Բացի այդ, Գագիկ Գենոդիկի Գալստյանն առանց իրացնելու նպատակի, իր գործածման համար (...) ապօրինի ձեռք է բերել և (...) ապօրինի պահել է զգալի չափերով` 0.19 գրամ քաշով «մզվածքային ափիոն» և ընդհանուր 0.9 գրամ քաշով չորացված «մարիխուանա» տեսակների թմրամիջոցներ, ինչպես նաև թմրամիջոցներ պատրաստելու համար նախատեսված պրեկուրսոր հանդիսացող 0.00945 կգ «քացախաթթվի անհիդրիդ»(…)»1:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.

6. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:

7. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին, և փոփոխել իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը կամ ազատել հետագա պատիժը կրելուց` արարքի ապաքրեականացման հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Գագիկ Գալստյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 24-ի որոշումը վերանայելու համար:

9. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

10. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն2:

11. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)»3:

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»4:

12. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։

13. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն` «1.Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը՝

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով։

2. Նույն արարքները, որոնք կատարվել են`

(...)

2) խոշոր չափերով՝

(...)

պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

(...)

4. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով»։

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.1 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ, իսկ որպես խոշոր չափ՝ 0.5 գրամից մինչև 10.0 գրամը ներառյալ: «Մզվածքային ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.1 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ: «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.5 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ: «Տրամադոլ» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.05 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ: Նույն օրենսգրքի թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող 4-րդ հավելվածում «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսորի համար որպես խոշոր չափ է սահմանվել 0.23-2.3 կիլոգրամը ներառյալ, իսկ որպես առանձնապես խոշոր չափ՝ ավելի քան 2.3 կիլոգրամը:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, իսկ խոշոր չափ` 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ, «մզվածքային ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես մանր չափ է սահմանվել 0.1 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ, իսկ զգալի չափ՝ 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես մանր չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, իսկ զգալի չափ՝ 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ։ «Տրամադոլ» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութի համար որպես մանր չափ է սահմանվել 0.05 գրամից մինչև 0.25 գրամը ներառյալ, իսկ որպես զգալի չափ՝ 0.25 գրամից մինչև 1.25 գրամը ներառյալ: Նույն որոշման 3-րդ հավելվածով «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսորի համար նախկինում սահմանված չափերը փոփոխության չեն ենթարկվել:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Գ.Գալստյանը դատապարտվել է`

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ զգալի չափի՝ 0.5 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց, զգալի չափի՝0.1 գրամ «տրամադոլ» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութ իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` խոշոր չափի՝ 1 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց (3 դրվագ), խոշոր չափի՝ 2.5 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց, խոշոր չափի՝ 1.5 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց (երկու դրվագ), խոշոր չափի՝3.5 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց, խոշոր չափի՝2.75 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` 0.00361 կգ և 0.00945 կգ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսոր հանդիսացող «քացախաթթվի անհիդրիդ» իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերելու և իրացնելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` զգալի չափի՝ 0.19 գրամ «մզվածքային ափիոն» տեսակի թմրամիջոց, զգալի չափի՝ 0.9 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերելու և պահելու համար5:

 15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք չեն Գ.Գալստյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1-ին և 2-րդ դրվագներով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` 7-րդ և 8-րդ դրվագներով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 1-ին և 2-րդ դրվագներով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Գ.Գալստյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ դրվագներով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության։ 

 Մասնավորապես, «ափիոն» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 1, 1.5 և 2.5 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է։ Ուստի` դատապարտյալ Գ.Գալստյանի արարքները ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ դրվագներով համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասին։

16. Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները վերացնում են Գ.Գալստյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1-ին և 2-րդ դրվագներով նախատեսված արարքների հանցավորությունը։

Մասնավորապես, «մզվածքային ափիոն» և «մարիխուանա» տեսակի թմրամիջոցների զգալի չափերի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ 0.19 գրամ «մզվածքային ափիոն» և 0.9 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներն այսուհետ ոչ թե զգալի, այլ մանր չափերի են։ Այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` 1-ին և 2-րդ դրվագներով Գ.Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, այն է՝ արարքի մեջ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

17. Նման պայմաններում թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և դրանց գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Գ.Գալստյանի կողմից կատարված արարքների վրա, քանի որ դրանք բարելավում են վերջինիս վիճակը:

18. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Գ.Գալստյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 24-ի որոշումը վերանայելու համար։

19. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել և փոփոխել դատապարտյալ Գ.Գալստյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հունվարի 15-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի հունիսի 2-ի որոշումը. Գ.Գալստյանին երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում պետք է արդարացնել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Գ.Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքները՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ դրվագներով, պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, և յուրաքանչյուր դրվագով նրա նկատմամբ այդ հոդվածի սանկցիայի շրջանակներում պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ հաշվի առնելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև գործի նյութերում առկա` Գ.Գալստյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված պատիժները պետք է թողնել անփոփոխ: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ՝ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի 7-րդ դրվագով նշանակված 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկմանը պետք է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի 8-րդ դրվագով նշանակված 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկում պատժից 3 (երեք) ամիսը, վեց դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` յուրաքանչյուր դրվագով նշանակված 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը, երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված 50.000-ական ՀՀ դրամ գումարի չափով տուգանքը և Գ.Գալստյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 8 (ութ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման և տուգանք՝ 100.000 ՀՀ դրամ գումարի չափով՝ պատժի սկիզբը հաշվելով՝ 2013 թվականի մայիսի 18-ից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Գագիկ Գենոդիկի Գալստյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 24-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Դատապարտյալ Գագիկ Գենոդիկի Գալստյանի վերաբերյալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հունվարի 15-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի հունիսի 2-ի որոշումը բեկանել և փոփոխել:

3. Գագիկ Գենոդիկի Գալստյանին երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Գագիկ Գենոդիկի Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքները՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ դրվագները, վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, և յուրաքանչյուր դրվագով նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված պատիժները թողնել անփոփոխ: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ՝ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի 7-րդ դրվագով նշանակված 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի 8-րդ դրվագով նշանակված 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկում պատժից 3 (երեք) ամիսը, վեց դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` յուրաքանչյուր դրվագով նշանակված 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը, երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով, նշանակված 50.000-ական ՀՀ դրամ գումարի չափով տուգանքը և Գագիկ Գենոդիկի Գալստյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 8 (ութ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման և տուգանք՝ 100.000 ՀՀ դրամ գումարի չափով: Պատժի սկիզբը հաշվել 2013 թվականի մայիսի 18-ից:

4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

__________________

1 Տե՛ս քրեական գործ հատոր 4, թերթ 40-43։

2 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։

3 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

4 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

5 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան