Գլխավոր տեղեկություն
Համար
N 207-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.03.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 29.02.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 փետրվարի 2020 թվականի N 207-Լ

 

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-454-29.01.2020-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

        

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. փետրվարի 28

Երևան

     

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-454-29.01.2020-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

   

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է օրենքով սահմանել դպրոցներում «դասարանի ղեկավար» հասկացությունը և այդ պարտականությունների կատարման համար նախատեսվում է հավելավճար, որի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ՝

Առաջարկվող փոփոխությունը կարող է դրական ազդեցություն ունենալ հանրակրթության ոլորտի և, մասնավորապես, դասարանների ղեկավարների մասով, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքները, որ առաջարկվող կարգավորումներն ունեն լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն թե՛ սահմանման, թե՛ դրա ընդունմամբ մանկավարժական աշխատողների ցանկի լրամշակման տեսանկյունից, առաջարկում ենք ներկայացվող փոփոխությունը քննարկել շահագրգիռ կողմերի մասնակցությամբ առաջիկայում նախատեսվող «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համալիր և ամբողջական վերանայման շրջանակներում:

Հարկ է նշել, որ օրենքի 29-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններից է սահմանել ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը:

Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի համաձայն ուսումնական հաստատության ֆինանսական միջոցները գոյանում են պետական բյուջեից և օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից: Ուսումնական հաստատություններին պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ուսումնական հաստատության ֆինանսավորումը պետական բյուջեից կատարվում է ըստ իրականացվող հանրակրթական ծրագրերի՝ կախված սովորողների թվից:

Միաժամանակ հայտնում եմ, որ օրենքի 12-րդ հոդվածի 18-րդ մասի համաձայն պետական ուսումնական հաստատության տնօրենը խորհրդի քննարկմանն է ներկայացնում ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական հաշվետվությունը, արտաքին և ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանքը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, իսկ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն պետական ուսումնական հաստատության խորհուրդը տնօրենի ներկայացմամբ քննարկում է ուսումնական հաստատության ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, տալիս է հավանություն և ներկայացնում պետական լիազորված մարմնի հաստատմանը:

Փաստացի, ուսումնական հաստատությունները պետական բյուջեից ֆինանսավորում ստանում են կախված սովորողների թվից, հետևաբար որքան քիչ են սովորողները, այնքան քիչ է ֆինանսավորումը, ուստի ուսումնական հաստատության որևէ աշխատակցի համար հավելավճարի սահմանումը լրացուցիչ ֆինանսական բեռ կդառնա հիշյալ ուսումնական հաստատությունների համար, իսկ ֆինանսական միջոցների առկայության դեպքում օրենքի վերը նշված դրույթների համաձայն ուսումնական հաստատության տնօրենը խորհրդի հավանությամբ կարող է սահմանել հավելավճարներ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի գտնում ուսումնական հաստատության որևէ աշխատակցի համար օրենքով առանձին ֆինանսավորման կամ հավելավճար տրամադրելու կարգ սահմանել՝ ի նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ օրենքով արդեն իսկ ամրագրված է, որ ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հետևաբար նախագծով ներկայացված առաջարկությունը կարող է կանոնակարգվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի N 773 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ն որոշման շրջանակում:

Նախագծի 1-ին հոդվածի վերաբերյալ, որով օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվում է սահմանել «դասարանի ղեկավար» հասկացությունը, հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված սույն առարկությունները հաշվի առնելով նախագծի 2-րդ հոդվածը հանելու դեպքում 1-ին հոդվածի ընդունումը կկորցնի իր նշանակությունը, քանի որ «Հանրակրթության մասին» օրենքում «դասարանի ղեկավար» պաշտոնը հիշատակված չէ, հետևաբար նշված հասկացություն սահմանելու անհրաժեշտությունը բացակայում է:

Այդուհանդերձ, հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները, անհրաժեշտ է՝

1. Նախագծի վերնագրից հանել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ» բառերը:

2. 1-ին հոդվածում «2009 թ. հուլիսի 10-ին ընդունված Հայաստանի Հանրապետության «Հանրակրթության մասին» բառերը փոխարինել «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով» բառերով:

3. Նախագծում նախատեսել անցումային դրույթ, որով կնախատեսվի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման ժամկետը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան