Գլխավոր տեղեկություն
Համար
N 427-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.04.2020-12.04.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 04.04.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 2020 թվականի N 427-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև ապրիլի 9-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված միանվագ աջակցության տրամադրման կարգ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. ապրիլի 2

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 2-ի N 427-Լ որոշման

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին:

2. Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և երեխայի ծնողներից ոչ մեկը կամ միայնակ ծնողը չի ունեցել գրանցված աշխատանք 2020 թ. մարտի 12-ի դրությամբ և չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թ. մարտի 12-ից մինչև 2020 թ. մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում:

3. Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամ գումարի չափով:

4. Աջակցությունը տրամադրվում է ծնողներից մեկի կողմից online.ssa.am կայքէջին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա:

5. Սույն միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած ընտանիքների տվյալները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:

6. Սույն միջոցառման իմաստով ընտանիքը կարող է հանդիսանալ շահառու, եթե մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020 թ. մարտի 12-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գտնվել են Հայաստանում:

7. Սույն միջոցառման իմաստով ընտանիքը չի կարող հանդիսանալ շահառու՝

1) եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը.

2) երեխայի ընտանիքը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված է եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը բարձր է 28.01-ից.

3) երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թ. մարտի 31-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:

8. Անկախ սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված նույնականացման կանոններից, սույն միջոցառման շահառու են հանդիսանում նաև բոլոր այն ծնողները կամ ընտանիքները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 358-Լ և մարտի 30-ի NN 410-Լ, 411-Լ, 412-Լ որոշումներով հաստատված միջոցառումներից մեկի շահառու, սակայն սույն միջոցառմամբ սահմանված կարգով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամ գումարի չափով աջակցություն ստանալու հաշվարկի դեպքում ստացվում է ավելի մեծ գումար: Այս դեպքում, շահառուն իրավունք ունի հրաժարվելու նշված որոշումներով հաստատված միջոցառման աջակցությունից և դիմելու սույն միջոցառմամբ սահմանված չափով աջակցության համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան