ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
23 հունիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230 հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) հարկերի, պետական և համայնքների բյուջեներ և արտաբյուջետային հիմնադրամներ գանձվող այլ պարտադիր վճարումների ապառքները, հաշվարկված տուժանքները բռնագանձելու վերաբերյալ գործերը»:
Հոդված 2. Օրենսգրքի 25 գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գ Լ ՈՒ Խ 25.
Հարկերի, պետական ԵՎ համայնքների բյուջեներ ԵՎ արտաբյուջետային հիմնադրամներ գանձվող այլ պարտադիր վճարումների ապառքները, հաշվարկված տուժանքները բռնագանձելու վերաբերյալ գործեր
Հոդված 239.
Դիմում տալը
Հարկային պարտքը (հարկային պարտավորությունը) բռնագանձելու և բռնագանձումն ապառքատիրոջ գույքի վրա տարածելու վերաբերյալ դիմումը տրվում է հարկային տեսչության մարմնի կողմից:
Պետական և համայնքների բյուջեներ և արտաբյուջետային հիմնադրամներ գանձվող այլ պարտադիր վճարումների ապառքները, հաշվարկված տուժանքները բռնագանձելու և բռնագանձումն ապառքատիրոջ գույքի վրա տարածելու վերաբերյալ դիմումը տրվում է տվյալ տեսակի վճարման հաշվարկման և վճարման կարգի նկատմամբ հսկողություն իրականացնող իրավասու մարմնի կողմից:
Դիմումը տրվում է ապառքատիրոջ գտնվելու (բնակության) վայրի դատարանին կամ ապառքատիրոջ գույքի գտնվելու վայրի դատարանին:
Հոդված 240. | Դիմումի բովանդակությունը |
Դիմումը տրվում է գրավոր և պետք է բովանդակի`
1) այն դատարանի անվանումը, որին ներկայացվում է դիմումը.
2) դիմումը տվող մարմնի անվանումը, հասցեն.
3) ապառքատիրոջ անվանումը (ազգանունը, անունը), հասցեն.
4) հղում այն օրենքին, որի հիման վրա ապառքատերը ենթարկվել է համապատասխան հարկման, վճարման. հարկերի, վճարումների գումարը և դրանց վճարման ժամկետները, ապառքի` հարկի, այլ պարտադիր վճարման չվճարված գումարի չափը.
5) հղում այն օրենքին, որի հիման վրա հաշվարկվել են տուժանքներ և այն ժամկետը, որի համար հաշվարկվել են տույժերը, տույժի և տուգանքի չափերը.
6) բռնագանձման ենթակա ընդհանուր գումարը և բռնագանձման պահանջը:
Դիմումին կից ներկայացվում են`
1) սեփականության (լրիվ տնտեսավարման) իրավունքով ապառքատիրոջը պատկանող գույքի կազմի մասին տեղեկանքը.
2) ապառքատիրոջ նկատմամբ այլ անձանց գույքային պարտավորությունները հաստատող փաստաթուղթը, եթե ապառքատերը չունի բավարար քանակության գույք, որի վրա ըստ օրենքի կարող է բռնագանձում տարածվել:
Հոդված 2401. |
Գույքի արգելադրումը որպես բռնագանձման պահանջի ապահովման միջոց |
Դիմումն ընդունելուց հետո դատարանը կամ դատավորը, սույն օրենսգրքի 239 հոդվածում նշված մարմինների դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ, կարող է որոշում կայացնել բռնագանձման պահանջի ապահովման վերաբերյալ, եթե այդպիսի միջոց ձեռք չառնելը կարող է դժվարացնել կամ անհնար դարձնել բռնագանձման մասին դատարանի վճռի կատարումը:
Հոդված 241. | Դիմումի քննարկումը |
Գործը քննելիս դատարանը պետք է ստուգի, թե հարկի, այլ վճարման տվյալ տեսակն արդյոք նախատեսված է օրենքով. օրինական հիմքեր կան արդյոք համապատասխան մարմինների կողմից պատասխանողին ենթարկելու տվյալ հարկմանը, վճարմանը պահպանված է արդյոք հարկմանը, վճարմանը ենթարկելու օրենսդրությամբ սահմանված կարգը, նկատի առնվել են արդյոք պատասխանողի սահմանված արտոնությունները, տուժանքների կիրառման օրինականությունը:
Եթե գործի քննության ժամանակ դատարանը կասկածներ է ունենում վճարման չափի հաշվարկման ճշտության վերաբերյալ, ապա նա իր որոշմամբ կասեցնում է գործի վարույթը և նյութն ուղարկում է դիմումը ներկայացրած մարմին` ստուգման համար: Գործի վարույթը վերսկսվում է դիմումը ներկայացրած մարմնի կողմից վճարման չափի վերահաշվարկում կատարելուց կամ նրա վերադաս մարմնի կողմից դիմումը հաստատվելուց հետո:
Հոդված 242. | Դատարանի վճիռը դիմումի վերաբերյալ |
Դատարանը, պարզելով, որ ապառքը, հաշվարկված տուժանքը բռնագանձելու վերաբերյալ պահանջն օրինական է, վճիռ է կայացնում հարկային պարտքը բռնագանձելու և բռնագանձումն ապառքատիրոջ գույքի վրա տարածելու մասին:
Հարկային պարտքը բռնագանձելու և բռնագանձումն ապառքատիրոջ գույքի վրա տարածելու մասին վճռում նշվում է նաև մինչև պարտքի մարումը բռնագանձվող ապառքի նկատմամբ հաշվարկվող տույժերի գումարի բռնագանձման մասին:
Եթե դատարանը պարզում է, որ ապառքը, հաշվարկված տուժանքը բռնագանձելու վերաբերյալ պահանջն օրինական չէ` մերժում է պահանջը:
Հոդված 243. | Վճռի կատարումը |
Ապառքի, հաշվարկված տուժանքի բռնագանձումը գույքի վրա տարածելու վերաբերյալ դատարանի վճիռը կատարվում է դատարանի կողմից` դիմումը ներկայացրած մարմնի մասնակցությամբ:
Բռնագանձումն առաջին հերթին տարածվում է ապառքատիրոջ բանկային հաշիվների կամ դրամարկղի դրամական միջոցների վրա: Դրամական միջոցների բացակայության (անբավարարության) դեպքում վճիռը կատարող մարմնի կողմից արգելանք է դրվում բանկային հաշիվների և դրամարկղի վրա` արգելք է հայտարարվում հետագայում մուտքագրվող դրամական միջոցների ինքնուրույն տնօրինման նկատմամբ, և բռնագանձումը տարածվում է այլ գույքի վրա:
Բռնագանձումն այլ գույքի վրա տարածելն ներառում է այդ գույքի վրա արգելանք դնելը, այն վաճառելը և վաճառքից ստացված դրամական միջոցները պարտքի մարմանն ուղղելը:
Գրավադրված գույքի վրա բռնագանձում չի տարածվում:
Արգելադրվող գույքի (բացի դրամական միջոցներից) ընտրությունը կատարվում է ապառքատիրոջ առաջարկությամբ: Այդպիսի առաջարկության կամ առաջարկված գույքի պահանջարկի բացակայության դեպքում արգելադրվող գույքի ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հերթականությամբ:
Գույքն արգելադրվում է այն քանակությամբ, որ դրա վաճառքից ստացված դրամական միջոցները բավարարեն պարտքը մարելուն, բռնագանձման ընթացքում կատարվող ծախսերը հատուցելուն, վաճառքի վարձատրությունը վճարելուն, իսկ հարկային պարտքի բռնագանձման դեպքում` նաև գույքի վաճառքից առաջացող հարկերը վճարելուն: Բռնագանձման ընթացքում կատարվող ծախսերը և վաճառքի վարձատրությունը չեն կարող գերազանցել բռնագանձման ենթակա գումարի 20 տոկոսը:
Արգելադրված գույքի վաճառքը կատարվում է աճուրդով կամ կոմիսիոն հիմունքներով:
Գույքի վերագնահատման, ինչպես նաև այն դեպքում, երբ դրա վաճառքից ստացված դրամական միջոցները բավարար չեն սույն հոդվածի վեցերորդ մասում նշված պարտավորությունները կատարելու համար, կատարվում է լրացուցիչ գույքի արգելադրում:
Գույքի վաճառքից ստացված դրամական միջոցներով առաջին հերթին վճարվում է վաճառքի վարձատրությունը և հատուցվում են բռնագանձման ընթացքում կատարված ծախսերը, այնուհետև մարվում են դատարանի վճռում նշված պարտքերը: Վճարումները կատարելուց և պարտքերը մարելուց հետո բռնագանձումը համարվում է ավարտված, ավելացված գումարները վերադարձվում են սեփականատիրոջը:
Արգելադրված գույքի գնահատումը, վաճառքի իրականացումը, չվաճառվող գույքի վերագնահատումը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով»:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|