Գլխավոր տեղեկություն
Համար
N 418-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2020-17.04.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 31.03.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2020 թվականի N 418-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԾՆՈՂՆԵՐԻՆ ՀՐԱՏԱՊ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառումը հաստատելու մասին» 2020 թվականի մարտի 26-ի N 358-Լ որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված ծնողներին հրատապ դրամական աջակցություն տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ մինչև 2020 թվականի ապրիլի 3-ը ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված շահառուների ցանկի ձևավորումը և տրամադրումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մեկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղությամբ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող միջոցառումների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. մարտի 31

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 31-ի N 418-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԾՆՈՂՆԵՐԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հրատապ դրամական աջակցություն նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:

2. Հրատապ դրամական աջակցությունը նշանակվում է 2006 թվականի ապրիլի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխա խնամող ծնողին (ծնողներին), եթե 2020 թվականի մարտի 13-ից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում՝

1) երեխայի երկու ծնողներն ազատվել են աշխատանքից (լուծվել է երեխայի երկու ծնողների հետ կնքված աշխատանքային պայմանագիրը), կամ.

2) երեխայի ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից (լուծվել է երեխայի ծնողներից մեկի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը), իսկ մյուս ծնողը 2020 թվականի մարտի 25-ի դրությամբ չի աշխատում, կամ զրկված է ծնողական իրավունքներից, կամ մահացած է, կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ կորած, կամ.

3) միայնակ մայրն ազատվել է աշխատանքից:

3. Հրատապ դրամական աջակցությունը չի նշանակվում, եթե՝

1) աշխատանքից ազատված ծնողի (սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում՝ ծնողներից մեկի) համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը (միջին ամսական աշխատավարձի չափը հաշվարկվում է ծնողի համար հունվար և փետրվար ամիսներին հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարը երկուսի բաժանելու միջոցով).

2) ծնողը (սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում՝ ծնողներից մեկը) 2020 թվականի մարտի 25-ի (ներառյալ) դրությամբ՝

ա. աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա, կամ

բ. հանդիսացել է անհատ ձեռնարկատեր և գործունեությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չէ:

4. Հրատապ դրամական աջակցության չափը հաշվարկվում է 100 000 դրամի չափով 2006 թվականի ապրիլի 1-ին կամ դրանից հետո ծնված՝ ծնողի խնամքին գտնվող յուրաքանչյուր երեխայի համար՝ 100 000 դրամը բազմապատկելով այդ երեխաների թվով:

5. Հրատապ դրամական աջակցությունը նշանակում և վճարում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն)՝ Պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալների հիման վրա։

6. Պետական եկամուտների կոմիտեն, հիմք ընդունելով «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա տվյալները և սույն կարգի 2-րդ ու 3-րդ կետերի դրույթները, ձևավորում է շահառուների ցանկ։

7. Շահառուների ցանկում ներառվում են՝

1) երեխայի հոր և մոր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը,

2) սույն կարգի 2-րդ կետում նշված երեխայի (երեխաների) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը,

3) եթե երեխայի ծնողներից մեկը զրկված է ծնողական իրավունքներից, կամ մահացած է, կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ կորած, ապա նշում այդ մասին,

4) երեխայի ծնողներից մեկի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)։

8. Շահառուների ցանկը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգով էլեկտրոնային եղանակով տրամադրվում է Ծառայությանը։

9. Ծառայությունը Պետական եկամուտների կոմիտեից շահառուների ցանկը ստանալուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորում է վճարման ցուցակներ՝ ըստ բանկերի։

10. Վճարման ցուցակում ներառվում են՝

1) բանկի անվանումը,

2) երեխայի հոր և մոր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը, եթե նպաստը նշանակվել է սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա,

3) երեխայի ծնողի (միայնակ մոր) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը, եթե նպաստը նշանակվել է սույն կարգի 2-րդ կետի 2-րդ կամ 3-րդ ենթակետի հիման վրա,

4) վճարման ենթակա գումարը։

11. Հրատապ դրամական աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 1.1-ին ենթակետով երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու համար սահմանված կարգով՝ այդ հավելվածի 18-րդ կետում նշված համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր) կնքած բանկերի միջոցով, բացառությամբ այն դեպքի, երբ շահառուն ներկայացրել է Հրատապ դրամական աջակցությունը իր բանկային հաշվի համարին փոխանցելու միջոցով ստանալու դիմում։ Դիմումը ներկայացվում է Ծառայության տարածքային բաժին կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ Ծառայություն։ Ընդ որում, եթե Հրատապ դրամական աջակցության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում անձը բանկին չի ներկայացնում Հրատապ դրամական աջակցության գումարը ստանալու պահանջ, ապա գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

12. Եթե շահառուն ներկայացրել է Հրատապ դրամական աջակցությունն իր բանկային հաշվի համարին փոխանցելու միջոցով ստանալու դիմում, ապա գումարը փոխանցվում է շահառուի բանկային հաշվի համարին։

13. Վճարման ցուցակում բանկի ընտրությունը կատարվում է պատահականության սկզբունքով՝ բոլոր շահառուներին հավասարապես բաշխելով Համաձայնագիր կնքած բանկերի միջև, բացառությամբ այն դեպքի, երբ շահառուն սույն կարգի 11-րդ կետով նախատեսված կարգով ներկայացրել է գումարը Համաձայնագիր կնքած այլ բանկի միջոցով վճարելու դիմում։

14. Վճարման ցուցակը բանկին փոխանցելու օրվան հաջորդող օրը Ծառայությունն այդ մասին գրավոր տեղեկացնում է շահառուներին՝ էլեկտրոնային փոստին հաղորդագրություն ուղարկելու, իսկ էլեկտրոնային փոստի հասցեի բացակայության դեպքում՝ գրավոր նամակը բնակչության պետական ռեգիստրում անձի հաշվառման վայրի հասցեով ուղարկելու միջոցով։

15. Հրատապ դրամական աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

16. Հրատապ դրամական աջակցության գումարը ընտանիքի անապահովությունը գնահատելիս ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չի մտնում, ինչպես նաև եկամտային հարկով հարկման բազայում չի ներառվում։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.09.2020, N 1464-Լ 10.09.2020, N 418-Լ
18.05.2020, N 759-Լ 21.05.2020, N 418-Լ
14.04.2020, N 555-Լ 17.04.2020, N 418-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան