ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/3804/05/15
Վարչական գործ
2017 թ.
Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ |
Ն. Տավարացյանի |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. հակոբյանի | ||
|
|
Ռ. հակոբյանի |
Տ. Պետրոսյանի | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ |
2017 թվականի մարտի 14-ին,
քննարկելով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 02.10.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Վարուժան Ավետիքյանի ներկայացուցիչ Վարուժան Վարդանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Վարուժան Ավետիքյանը պահանջել է անվավեր ճանաչել (վերացնել) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) 26.06.2015 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 17.08.2015 թվականի որոշմամբ հայցադիմումը՝ Ծառայության 26.06.2015 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» որոշումը՝ արգելանք դնելու մասով, անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասով, ընդունվել է վարույթ, իսկ նույն որոշումը՝ կատարողական վարույթ հարուցելու մասով անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասով, հայցադիմումի ընդունումը մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.10.2015 թվականի որոշմամբ Վարուժան Ավետիքյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.08.2015 թվականի «Հայցադիմումի ընդունումը մասով վարույթ ընդունելու, մասով դրա ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարուժան Ավետիքյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 10-րդ հոդվածը, 35-րդ հոդվածի 1-ին մասը և 80-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Վարուժան Ավետիքյանը Դատարանից պահանջել էր ամբողջությամբ վերացնել Ծառայության 26.06.2015 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» որոշումը, որն ընդունված է եղել մեկ միասնական վարչական ակտի տեսքով:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Ծառայության 26.06.2015 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» որոշումը՝ կատարողական վարույթ հարուցելու մասով, արտաքին ներգործություն ունեցող անհատական իրավական ակտ է, որն ընդունվել է վարչական մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ գործի կարգավորման նպատակով և ուղղված է վարքագծի կանոն սահմանելուն: Այսինքն՝ Ծառայության 26.06.2015 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» որոշումը՝ կատարողական վարույթ հարուցելու մասով, միջամտող վարչական ակտ է, որի վերացման պահանջը ենթակա է դատարանում քննության:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 02.10.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և փոփոխել այն՝ մասնակիորեն՝ Ծառայության 26.06.2015 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» որոշումը կատարողական վարույթ հարուցելու մասով անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասով հայցադիմումը վարույթ ընդունելը մերժելու մասով, վերացնել Դատարանի 17.08.2015 թվականի «Հայցադիմումի ընդունումը մասով վարույթ ընդունելու, մասով դրա ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշման՝ դատական կարգով բողոքարկման իրավական կառուցակարգի վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
1. անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշման բողոքարկման վերաբերյալ հայցապահանջն ընդդատյա է արդյո՞ք վարչական, թե՞ ընդհանուր իրավասության դատարանին,
2. արդյո՞ք անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը ՀՀ իրավական համակարգում վարչական ակտ է,
3. ի՞նչ կանոններով պետք է քննվի անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը վերացնելուն ուղղված հայցապահանջը:
1. 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Համանման բովանդակությամբ իրավադրույթներ են նախատեսված նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ դատական օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարաններն են ընդհանուր իրավասության դատարանները, վարչական դատարանը:
ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանն ըստ էության քննում է Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը (...)։
ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio"): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը (...) առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել նույն օրենսգրքի 66-68-րդ հոդվածներին համապատասխան։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել վարչական ակտի առ ոչինչ լինելը։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի համաձայն՝ հանրային իրավական դրամական պահանջները, օրենքով սահմանված կարգով, վարչական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջե պարտադիր կարգով դրամական գումարներ վճարելու պահանջներն են (...):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դրամական պահանջները նույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարկադիր կատարման ներկայացնելիս վարչական մարմինը ներկայացնում է դրամական պահանջները հավաստող համապատասխան վարչական ակտը, այդ ակտի մասին նույն օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը, ինչպես նաև ուժի մեջ մտնելը և անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները և կատարման վերաբերյալ գրություն (...):
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ (...) նույն օրենքը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխին համապատասխան, սահմանում է նաև հանրային իրավական դրամական պահանջների կատարման պայմանները և կարգը` այնքանով, որքանով դրա նորմերն իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են անբողոքարկելի վարչական ակտի կատարման նկատմամբ:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ հարկադիր կատարման ենթակա են անբողոքարկելի վարչական ակտերը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածի համաձայն՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող, ինչպես նաև ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը երկու հարյուր հազար դրամը գերազանցելու (...) դեպքերում ներկայացված փաստաթղթերը հարկադիր կատարողը վերադարձնում է վարչական մարմին:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողը կայացնում է որոշում: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան կամ վերադասության կարգով որոշումն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հարկադիր կատարողի որոշումները վերացվում կամ փոփոխվում են դատարանի վճռի հիման վրա կամ հարկադիր կատարողի վերադասի կողմից:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում (...):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդդատությունը՝ որպես դատավարական ինստիտուտ, դատավարական նորմերի այնպիսի համակցություն է, որոնք կարգավորում են դատարանի քննությանը ենթակա բոլոր գործերի բաշխումը ՀՀ դատական իշխանության առաջին ատյանի կոնկրետ դատարանների միջև։
ՀՀ սահմանադրական դատարանը 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է հանդիսանում անձի՝ այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը:
ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ հոդվածում և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածում ամրագրված իրավադրույթներով օրենսդիրը կանխորոշել է ընդհանուր իրավասության դատարանի ընդդատության շրջանակը, որն ընդգրկում է բոլոր գործերը՝ բացառությամբ վարչական դատարանի քննությանը վերապահված գործերի: Իսկ ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածում ամրագրված իրավադրույթներով օրենսդիրը սահմանել է ՀՀ վարչական դատարանի ընդդատության շրջանակը, որը կազմված է հանրային իրավահարաբերություններից բխող վեճերից ծագող գործերից։ Փաստորեն, դատական գործերի տարանջատումը քաղաքացիականի և վարչականի պայմանավորված է այդ գործերով վիճելի իրավահարաբերության բնույթով. կոնկրետ գործի՝ առարկայական ընդդատության հարցը բացահայտելու համար անհրաժեշտ է պարզել այդ գործով վիճելի իրավահարաբերության բնույթը, այսինքն՝ այն հարցը, թե արդյոք տվյալ գործը ծագում է հանրային, թե մասնավոր իրավահարաբերություններից բխող վեճից:
Այսպիսով, իրավունքների պաշտպանության հայցի կամ դիմումի հիման վրա հարուցված գործերի առարկայական ընդդատության հարցը որոշվում է՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչպիսի (հանրային կամ մասնավոր) իրավահարաբերություններից ծագող վեճից է բխում այդ գործերի հարուցման համար հիմք հանդիսացած պահանջը (իսկ մի քանի փոխկապակցված հայցապահանջների առկայության դեպքում՝ դրանցից հիմնականը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մի շարք որոշումներում անդրադարձել է հանրային և մասնավոր իրավահարաբերությունների տարբերակման և դրա հիման վրա դատական գործերի ընդդատության տարանջատման հարցին: Այսպես, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի բնորոշման՝ հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները: Իրավահարաբերության հանրային լինելու և դրանից բխող վեճը վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետևյալ հանգամանքները.
1. արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե՝ ոչ,
2. արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե՝ ոչ,
3. արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը), թե՝ ոչ:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես նաև այդ հարաբերությունից բխող վեճերի ընդդատության հարցը (տե՛ս, «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0823/05/14, թիվ ՎԴ/0830/05/14 և թիվ ՎԴ/1621/05/14 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումները):
ՀՀ վճռաբեկ դատարանն անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշման՝ դատական կարգով բողոքարկման իրավական կառուցակարգին անդրադարձել է թիվ ՎԴ/3540/05/14 վարչական գործով 25.05.2016 թվականին կայացված որոշման շրջանակներում: Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումը ենթակա է բողոքարկման դատական կարգով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասում օրենսդրի կողմից սահմանված իրավադրույթի ուժով, որի համաձայն՝ հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ՀՀ դատական օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում առաջին ատյանի դատարաններ են համարվում ընդհանուր իրավասության դատարանները և վարչական դատարանը: Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել պարզել, թե անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումները բողոքարկելու վերաբերյալ հայցապահանջները և դրանց հիման վրա հարուցված գործերն առաջին ատյանի կոնկրետ ո՞ր դատարանին են ընդդատյա՝ ընդհանուր իրավասության դատարանների՞ն, թե՞ վարչական դատարանին:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումները բողոքարկելու վերաբերյալ հայցապահանջները բխում են հանրային իրավահարաբերություններից և ընդդատյա են վարչական դատարանի քննությանը: Այսպես՝
1. անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումները բողոքարկելու վերաբերյալ գործով քննության ենթակա վեճի կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է՝ հարկադիր կատարողը (Ծառայությունը),
2. անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումները բողոքարկելու վերաբերյալ գործով քննության ենթակա վեճը ծագում է այնպիսի իրավահարաբերությունից, որի բովանդակությունը հանգում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի՝ հարկադիր կատարողի (Ծառայության) կողմից հարկադիր կատարման ենթակա իրավական ակտերի կատարումն ապահովելու իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությանը,
3. անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումները բողոքարկելու վերաբերյալ գործով վիճելի իրավահարաբերությունը ծագում է հարկադիր կատարման ենթակա հանրային իրավական դրամական պահանջների պարտադիրությունն ու կատարելիությունն ապահովելու հանրային շահի՝ սոցիալ-իրավական պրակտիկայում իրացման և առարկայացման կապակցությամբ:
Այսպիսով, վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշման բողոքարկման վերաբերյալ հայցապահանջներն ընդդատյա են վարչական դատարանին:
2. Օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող ոչ իրավաչափ վարչական ակտը։
Վերոգրյալից հետևում է, որ վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործերի քննության ընթացքում առաջին հերթին անհրաժեշտ է պարզել, թե արդյոք ներկայացված հայցապահանջի նյութական օբյեկտը վարչական ակտ է, թե՝ ոչ: Այլ կերպ ասած՝ ՀՀ վարչական դատավարության օրենսդրությամբ սահմանված վիճարկման հայցատեսակով որևէ փաստաթուղթ անվավեր ճանաչելու պահանջի քննությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե արդյոք այդ փաստաթուղթը ՀՀ իրավական համակարգում հանդիսանում է վարչական ակտ, թե՝ ոչ։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների շրջանակներում վարչական ակտը սահմանված է որպես արտաքին ներգործություն ունեցող որոշում, կարգադրություն, հրաման կամ այլ անհատական իրավական ակտ, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական ակտին բնորոշ են հետևյալ հատկանիշները.
- վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն ունի հստակորեն որոշված հասցեատեր,
- վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,
- վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,
- վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,
- վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,
- վարչական ակտն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում իր հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար (տե՛ս, Ռոբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4651/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ թվարկված որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը՝ բավարար, գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար. այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ:
Օրենսդիրը վարչական ակտերով սահմանված հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքներով: Քննարկվող օրենքները սահմանում են, որ հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման, այսինքն՝ կատարողական գործողություններ իրականացնելու համար հիմք է հանդիսանում օրենքով սահմանված կարգով կազմված և հարկադիր կատարողին ուղարկված դիմումը (գրությունը), որին կից համապատասխան վարչական մարմինը ներկայացնում է նաև հանրային իրավական դրամական պահանջ պարունակող վարչական ակտը, ինչպես նաև այդ վարչական ակտի մասին հասցեատիրոջը պատշաճ ծանուցելը, տվյալ վարչական ակտի ուժի մեջ մտնելը և անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները: Բացի այդ, այն դեպքում, երբ հանրային իրավական դրամական պահանջով պարտապանը ֆիզիկական անձ է, ապա այդ դրամական պահանջը ենթակա է հարկադիր կատարման, եթե այն չի գերազանցում 200.000 ՀՀ դրամը:
ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/3540/05/14 վարչական գործով 25.05.2016 թվականի որոշմամբ արձանագրել է, որ վերը նշված պահանջներին համապատասխանող դիմումը (գրությունը) և դրան կցված փաստաթղթերը հարկադիր կատարողին ներկայացնելու դեպքում վերջինս հարուցում է հանրային իրավական դրամական պահանջի կատարմանն ուղղված վարչական վարույթ՝ կայացնելով համապատասխան որոշում: Հակառակ պարագայում, այսինքն՝ այն դեպքում, երբ հանրային իրավական դրամական պահանջ պարունակող վարչական ակտն ընդունած վարչական մարմնի կողմից հարկադիր կատարողին ուղարկված դիմումը (գրությունը) և դրան կցված փաստաթղթերը չեն համապատասխանում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքներով սահմանված պահանջներին, կամ եթե պարտապան ֆիզիկական անձից գանձման ենթակա հանրային իրավական դրամական պահանջը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը, ապա հարկադիր կատարողը պարտավոր է ներկայացված փաստաթղթերը վերադարձնել համապատասխան վարչական մարմին:
Նշված որոշմամբ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշման իրավական բնույթը համադրելով վարչական ակտին բնորոշ հատկանիշների հետ՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.
- հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումն անհատական իրավական ակտ է,
- հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումն ընդունվում է վարչական մարմնի՝ հարկադիր կատարողի (Ծառայության) կողմից,
- հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,
- հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում,
- հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,
- հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումն ուղղակի իրավական հետևանքներ չի առաջացնում իր հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը չի սահմանում, չի փոփոխում, չի վերացնում կամ չի ճանաչում իրավունքներ և պարտականություններ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար:
Այսպիսով, անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումը՝ որպես անհատական իրավական ակտ, օժտված չէ վարչական ակտին բնորոշ այնպիսի կարևոր առանձնահատկությամբ, ինչպիսին է՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար ուղղակի իրավական հետևանքներ առաջացնելու՝ վերջիններիս համար իրավունքներ և պարտականություններ սահմանելու, փոփոխելու, վերացնելու կամ ճանաչելու հատկանիշը: Հետևաբար վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումը ՀՀ իրավական համակարգում չի կարող համարվել վարչական ակտ, քանի որ այն օժտված չէ վարչական ակտին բնորոշ վերը նշված հատկանիշով և իր բնույթով ընդամենը վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթի՝ որպես իրավական ընթացակարգի, սկիզբն ազդարարող իրավական ակտ է հանդիսանում:
3. Վերոգրյալ իրավական վերլուծությունների արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.
1) մի կողմից՝ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշման իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործն ընդդատյա է վարչական դատարանին և պետք է քննվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կանոններին համապատասխան,
2) մյուս կողմից՝ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումը չի հանդիսանում վարչական ակտ, և այդ որոշման վերացման պահանջը չի կարող դառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցի առարկա:
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված խնդրահարույց իրավիճակի առաջացումը պայմանավորված է կատարողական վարույթի վերաբերյալ հարկադիր կատարողի կայացրած որոշումների, այդ թվում նաև՝ վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշման դատական կարգով բողոքարկման իրավական կառուցակարգի թերի և հանրային իշխանության մարմինների իրավական ակտերի, գործողությունների ու անգործության դատական կարգով բողոքարկման հարցում ընդհանուր հայեցակարգային մոտեցումներին հակասող օրենսդրական կարգավորումներով:
ՀՀ սահմանադրական դատարանը 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ մասնագիտացված արդարադատության, այդ թվում` վարչական արդարադատության ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովելու տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը՝ արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ:
Համաձայն թիվ ՎԴ/3540/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.05.2016 թվականի որոշման՝ գործող օրենսդրությունը պատշաճ կերպով չի ապահովում հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթի շրջանակներում ընդունվող և վարչական ակտ չհանդիսացող անհատական իրավական ակտերի դեմ անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ և լիարժեք իրացումը: Ուստի անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշման դատական կարգով վիճարկման հարցում առկա իրավական խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է որպես ելակետ ընդունել այն հանգամանքը, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումների ուժով վերը նշված որոշումը ենթակա է բողոքարկման դատական կարգով: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ վերոգրյալ իրավազորող նորմի կիրառումը չի կարող խաթարվել դատավարական ընթացակարգերի անկատար կամ թերի լինելու պատճառով: Այլ կերպ ասած, օրենքով ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված՝ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումների վիճարկման իրավական հնարավորությունը պետք է երաշխավորված իրացվի՝ անկախ վարչադատավարական օրենսդրությամբ այդ որոշումների իրավաչափությունը դատական քննության անմիջական առարկա դարձնելու վերաբերյալ պատշաճ կառուցակարգի բացակայության հանգամանքից:
Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումների՝ դատական կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն տվող միակ դատավարական կառուցակարգը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցն է: Նշված հայցատեսակի միջոցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը՝ դրանով իսկ, ըստ էության, դատական քննության առարկա դարձնելով վիճելի կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը:
Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ իրավակիրառ պրակտիկան պետք է ընթանա այն ուղղությամբ, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումները վերացնելուն ուղղված հայցապահանջները վարչական դատարանում ենթակա լինեն քննության ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցի կանոններով: Այսինքն՝ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումները վերացնելուն ուղղված հայցապահանջի հիման վրա հարուցված վարչական գործերը պետք է քննվեն այն նույն կարգով, որով քննվում են ճանաչման հայցի հիման վրա հարուցված գործերը: Նման եզրահանգման համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել այն իրավաբանական իրողությունը, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումների վերացման նպատակով անձը չի կարող դատարան դիմել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-68-րդ հոդվածներով նախատեսված հայցատեսակներից որևէ մեկով, քանի որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումների վերացման հայցապահանջը չի համապատասխանում ո՛չ վիճարկման, ո՛չ պարտավորեցման, ո՛չ գործողության կատարման հայցատեսակներին:
Վերոգրյալ դատողություններից բխում է, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումները վերացնելուն ուղղված հայցադիմումը չի կարող չընդունվել վարչական դատարանի վարույթ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նման հայցատեսակ նախատեսված չլինելու պատճառաբանությամբ: Հետևաբար, վարչական դատարանը պարտավոր է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ լուծել նշված հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը:
ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել նաև հատուկ ընդգծել, որ վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումը վերացնելուն ուղղված և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցատեսակին համապատասխան ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու արդյունքում հարուցված վարչական գործի շրջանակներում վարչական դատարանը պետք է ստուգի այդ որոշման իրավաչափությունը, այսինքն՝ դրա համապատասխանությունը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքներով սահմանված պահանջներին և քննարկվող անհատական իրավական ակտի՝ օրենքի խախտմամբ ընդունված լինելու դեպքում վճիռ կայացնի անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու մասին:
4. Թիվ ՎԴ/3540/05/14 վարչական գործով կայացված 25.05.2016 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել հավելել, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի գործող իրավակարգավորումները սահմանում են անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթի շրջանակներում հարկադիր կատարողի ընդունած որոշումների, այդ թվում նաև՝ կատարողական վարույթ հարուցելու մասին որոշման, կամ կատարած գործողությունների դեմ անձի իրավունքների և օրինական շահերի իրավական պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ:
Այսպես, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճում է, եթե`
(...)
11) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ժամանակ պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչև անբողոքարկելի վարչական ակտը հարկադիր կատարման ուղարկելը.
12) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ժամանակ պարզվել է, որ բացակայում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական ակտը անբողոքարկելի դառնալու հիմքը.
13) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ընթացքում պարզվել է, որ առկա են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հարկադիր կատարման սահմանափակումները.
14) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ընթացքում պարզվել է, որ հանրային իրավական դրամական պահանջի կատարման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին չեն համապատասխանում (...):
Ընդ որում, վերոգրյալ իրավադրույթներն ընդունվել են ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-252-Ն ՀՀ օրենքով, որն ուժի մեջ է մտել 09.01.2015 թվականին:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 11-14-րդ կետերով նախատեսել է անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման նպատակով հարուցված կատարողական վարույթը կարճելու պարտադիր հիմքերը: Այսինքն՝ վերոգրյալ իրավանորմերի ուժով հարկադիր կատարողը պարտավոր է կարճել անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման նպատակով հարուցված կատարողական վարույթը, եթե կատարողական վարույթի ընթացքում պարզվել են հետևյալ հանգամանքները.
1) անձը կատարել է իր պարտավորությունը մինչև անբողոքարկելի վարչական ակտը հարկադիր կատարման ուղարկելը,
2) բացակայում է վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրենքով սահմանված հիմքը,
3) առկա են անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հարկադիր կատարման օրենքով սահմանված սահմանափակումները,
4) հանրային իրավական դրամական պահանջի կատարման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին:
Այսպիսով, հարկադիր կատարողը, անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված յուրաքանչյուր կատարողական վարույթի ընթացքում պարզելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 11-14-րդ կետերում ամրագրված հանգամանքներից որևէ մեկի առկայությունը, պարտավոր է սեփական նախաձեռնությամբ կարճել հարուցված կատարողական վարույթը:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթի կարճման վերոգրյալ իրավական հիմքերից որևէ մեկի առկայության պայմաններում հարկադիր կատարողը սեփական նախաձեռնությամբ չի կարճում հարուցված կատարողական վարույթը, ապա հանրային իրավական դրամական պահանջով պարտապան հանդիսացող անձը կարող է օգտվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված՝ կատարողական վարույթի ընթացքում միջնորդություններ անելու իր իրավունքից՝ միջնորդելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 11-14-րդ կետերով ամրագրված համապատասխան հիմքով կարճել հարուցված կատարողական վարույթը: Հարկադիր կատարողի կողմից հանրային իրավական դրամական պահանջով պարտապան հանդիսացող անձի նշված միջնորդությունը մերժվելու դեպքում վերջինս կարող է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված պարտավորեցման հայցով դիմել վարչական դատարան՝ պահանջելով ընդունել անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթը կարճելու մասին բարենպաստ վարչական ակտ, որի ընդունումը մերժվել է հարկադիր կատարողի կողմից:
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ պարագայում անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթը կարճելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելու հայցապահանջի հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում կատարողական վարույթը կարճելու օրենքով նախատեսված իրավական հիմքերի առկայության կամ բացակայության և կատարողական վարույթի՝ կարճման ենթակա լինելու կամ չլինելու հանգամանքները կդառնան դատական քննության առարկա: Հետևաբար վարչական դատարանը, քննարկվող վարչական գործերի քննության ընթացքում պարզելով հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթի կարճման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 11-14-րդ կետերով նախատեսված համապատասխան հիմքի առկայությունը, կարող է վճիռ կայացնել հանրային իրավական դրամական պահանջով պարտապան հանդիսացող անձի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու, այսինքն՝ կատարողական վարույթը կարճելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու և հարկադիր կատարողին այդ վարչական ակտի ընդունմանը, այսինքն՝ կատարողական վարույթը կարճելուն, պարտավորեցնելու մասին:
Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում կատարված և 09.01.2015 թվականին ուժի մեջ մտած լրացումներով օրենսդիրը նախատեսել է անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթի շրջանակներում հարկադիր կատարողի ընդունած որոշումների կամ կատարած գործողությունների արդյունքում անձի իրավունքների և օրինական շահերի իրավական պաշտպանության լրացուցիչ կառուցակարգ, որը կարող է նույնքան արդյունավետ կերպով ապահովել անձի խախտված իրավունքների գործնական վերականգնումը, որքան վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումների անմիջական բողոքարկումը վարչական դատարան (տե՛ս, Հայկ Ալումյանն ընդդեմ Ծառայության թիվ ՎԴ/3540/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.05.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշման՝ վարչական դատավարության կարգով անմիջական բողոքարկման միջոցով շահագրգիռ անձն ըստ էության ձգտում է հասնել հարուցված կատարողական վարույթի ընդհատմանը, վերացմանը կամ այդ վարույթով պայմանավորված՝ միջամտող գործողությունների դադարեցմանը: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 11-14-րդ կետերում ամրագրված հիմքերից որևէ մեկով կատարողական վարույթը կարճելու իրավական կառուցակարգը ևս կարող է կիրառական լինել շահագրգիռ անձի նշված նպատակին հասնելու համար: Մասնավորապես՝ քննարկվող պարագայում շահագրգիռ անձի սուբյեկտիվ իրավունքների պաշտպանությունը տեղի է ունենում անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական բուն վարույթի շրջանակներում, և կատարողական վարույթը կարճելու հարցը լուծվում է վարչական մարմնի կողմից՝ առանց դատական միջամտության: Նշված հանգամանքն էապես ազդում է շահագրգիռ անձի խախտված իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման վրա, քանի որ տվյալ դեպքում կատարողական վարույթը կարող է վերանալ (կարճվել) սեղմ ժամկետներում, առանց դատական քննության և դատավարական օրենսդրությունից բխող լրացուցիչ գործողություններ կատարելու անհրաժեշտության: Բացի այդ, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 11-14-րդ կետերում ամրագրված հիմքերից որևէ մեկով կատարողական վարույթը կարճելու իրավական կառուցակարգի պատշաճ իրացման միջոցով շահագրգիռ անձն ի վերջո հասնում է այն նույն իրավական դրությանը (վիճակին), որը կարող էր վրա հասնել վարչական դատարանի կողմից անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու մասին վճիռ կայացնելու արդյունքում:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Ծառայության 26.06.2015 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» որոշման համաձայն՝ Ծառայության Երևան քաղաքի վարչական ակտերով բռնագանձումների բաժնի հարկադիր կատարող Կարապետ Քեշիշյանը, ուսումնասիրելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ 6172443 գրությունը, որոշել է հարուցել թիվ 01110791 կատարողական վարույթը՝ Վարուժան Ավետիքյանից 4.500 ՀՀ դրամ և 2.250 ՀՀ դրամ՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախս, բռնագանձելու մասին, ինչպես նաև 6.750 ՀՀ դրամի չափով արգելանք դնել Վարուժան Ավետիքյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա (գործի հավելված, գ.թ. 5):
Սույն գործով դիմելով դատարան՝ Վարուժան Ավետիքյանը պահանջել է վերացնել Ծառայության 26.06.2015 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» որոշումը: Դատարանը Վարուժան Ավետիքյանի հայցադիմումը՝ վիճարկվող որոշումը՝ արգելանք դնելու մասով, վերացնելու պահանջի մասով, ընդունել է վարույթ, իսկ վիճարկվող որոշումը` կատարողական վարույթ հարուցելու մասով, վերացնելու պահանջի մասով՝ հայցադիմումի ընդունումը մերժել է: Դատարանը որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը վարչական ակտ չի հանդիսանում, և Վարուժան Ավետիքյանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի շրջանակներում չունի Ծառայության 26.06.2015 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» որոշումը՝ կատարողական վարույթ հարուցելու մասով, վիճարկելու որևէ իրավական հնարավորություն. այդ մասով ներկայացված հայցը ենթակա չէ դատարանում քննության (գործի հավելված, գ.թ. 12-14):
Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը և Դատարանի «Հայցադիմումի ընդունումը մասով վարույթ ընդունելու, մասով դրա ընդունումը մերժելու մասին» որոշումը թողել անփոփոխ՝ ըստ էության վերահաստատելով Ծառայության 26.06.2015 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» որոշումը՝ կատարողական վարույթ հարուցելու մասով, վերացնելու հայցապահանջը դատարանում քննության ենթակա չլինելու վերաբերյալ Դատարանի դիրքորոշումը (գործի հավելված, գ.թ. 56-63):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Նախևառաջ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ծառայության 26.06.2015 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» որոշումը՝ կատարողական վարույթ հարուցելու մասով, վերացնելու կամ անվավեր ճանաչելու հայցապահանջն ընդդատյա է վարչական դատարանին, քանի որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշման բողոքարկման վերաբերյալ հայցապահանջը բխում է հանրային իրավահարաբերություններից ծագող վեճից:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայության 26.06.2015 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» որոշումը՝ կատարողական վարույթ հարուցելու մասով, ՀՀ իրավական համակարգում չի հանդիսանում վարչական ակտ, քանի որ հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումը՝ որպես անհատական իրավական ակտ, օժտված չէ վարչական ակտին բնորոշ այնպիսի կարևոր յուրահատկությամբ, ինչպիսին է ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար ուղղակի իրավական հետևանքներ առաջացնելու՝ վերջիններիս համար իրավունքներ և պարտականություններ սահմանելու, փոփոխելու, վերացնելու կամ ճանաչելու հատկանիշը, և իր բնույթով ընդամենը վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթի՝ որպես իրավական ընթացակարգի սկիզբն ազդարարող իրավական ակտ է հանդիսանում:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության 26.06.2015 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» որոշման կատարողական վարույթ հարուցելու մասը վարչական ակտ չէ, և անձը չի կարող որոշման այդ մասի վերացման պահանջով հայց ներկայացնել ո՛չ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված վիճարկման, ո՛չ նույն օրենսգրքի 67-րդ և 68-րդ հոդվածներով նախատեսված՝ պարտավորեցման և գործողության կատարման հայցատեսակներին համապատասխան: Հետևաբար նշված անհատական իրավական ակտի վերացմանն ուղղված հայցադիմումը վարույթ ընդունելու և այդ հայցապահանջը քննության առնելու նկատմամբ պետք է կիրառվեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցի կանոնները:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ վարչական արդարադատությանը բնորոշ կարևորագույն առանձնահատկություններից մեկը դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքն է, որը նպատակաուղղված է վարչական արդարադատության առջև դրված առանձնահատուկ խնդիրների լուծմանը և հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի կենսագործունեության ապահովմանը: Վարչադատական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ: Քննարկվող իրավական սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի համաձայն՝ դատարանի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու՝ վարչական դատարանի պարտականությամբ: Այսպես, գործնականում հնարավոր են դեպքեր, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ որպես վարչական դատավարության մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները՝ ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպում իրենց հայցային պահանջները: Նշված դեպքերում վարչական դատարանի՝ դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականությունը ստանում է գործնական մեծ նշանակություն, քանի որ ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելու վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքննությունը, այլ նաև՝ անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ հայցատեսակի ընտրության սուբյեկտիվ իրավունքը բոլոր դեպքերում պատկանում է հայցվորին, և եթե ոչ հստակ կամ ոչ ճիշտ հայցատեսակը հստակեցնելու կամ ճիշտ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ դատարանի մատնանշումից հետո էլ հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է գործի քննությունն իրականացնել հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջի շրջանակներում: Այդ պարագայում դատարանի մատնանշման պարտականությունը համարվում է կատարված (տե՛ս, նաև Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով ամրագրված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու վարչական դատարանի՝ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի էությունից բխող պարտականությունը վարչական դատավարությունում կարող է իրականացվել թե՛ գործի հարուցման, թե՛ գործը դատաքննության նախապատրաստելու, թե՛ դատաքննության փուլերի ընթացքում: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական դատավարության վերոգրյալ փուլերի ընթացքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտության և բավարար հիմքերի առկայության պարագայում վարչական դատարանը պարտավոր է ձեռնամուխ լինել այդ գործողությունների կատարմանը: Այլ կերպ ասած, եթե գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող այս կամ այն դատավարական գործողությունը գործի քննության սկզբնական (գործի հարուցման կամ հայցադիմումի ընդունելիության) փուլում կատարելու համար առկա են բավարար իրավական և փաստական հիմքեր, ապա վարչական դատարանը պարտավոր է տվյալ դատավարական պարտականությունը կատարել հենց այդ փուլում՝ ելնելով գործի հետագա քննության արդյունավետությունն ապահովելու նկատառումներից:
Վերոգրյալ իրավական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական դատարանի կողմից ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) վերաբերյալ հայցվորին առաջարկ անելու պարտականությունը կարող է կատարվել նաև գործի հարուցման փուլում: Ըստ Վճռաբեկ դատարանի՝ հայցադիմումի ընդունելիության (գործի հարուցման) փուլում նշված դատավարական գործողությունը պետք է կատարվի հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման շրջանակներում: Այսպես՝
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 73-րդ հոդվածի և 74-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված` հայցադիմումին առաջադրվող պահանջները (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ հայցադիմումը բովանդակում է հայցվորի պահանջը։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի ուժով հայցադիմումում պետք է նշվի հայցվորի պահանջը, որը կազմում է հայցի առարկան և որի մերժման կամ բավարարման վերաբերյալ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (հայցի առարկան) հայցադիմումում պետք է շարադրված լինի այն կերպ, որ դատարանի համար առնվազն պարզ լինի, թե ինչ է ակնկալում հայցվորը՝ դատական պաշտպանություն հայցելով։ Այլ կերպ ասած՝ հայցադիմումը պետք է բովանդակի հայցի առարկան բավարար հստակությամբ, որպեսզի դատարանը հնարավորություն ունենա ներկայացված նյութաիրավական պահանջի կապակցությամբ իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին բավարարող դատական ակտ կայացնել: Ասվածը հատկապես կարևոր նշանակություն ունի վարչական դատավարությունում, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է այն հայցատեսակները, որոնց միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են վարչական դատարանից հայցել իրենց խախտված իրավունքների և շահերի դատական պաշտպանություն: Ընդ որում, նշված հայցատեսակները միմյանցից առաջին հերթին տարբերվում են հայցի առարկայով, այսինքն՝ այն նյութաիրավական պահանջի բովանդակությամբ, որը ֆիզիկական և իրավաբանական անձինք ուղղում են այս կամ այն վարչական մարմնին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ հայցադիմումում հայցվորի պահանջը չբովանդակելու իրավաբանական հետևանքն այն է, որ այդ դեպքում վարչական դատարանը վերադարձնում է ներկայացված հայցադիմումը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալ օրենսդրական կարգավորումը պետք է մեկնաբանվի հետևյալ կերպ. վարչական դատարանը պարտավոր է վերադարձնել հայցադիմումն ինչպես այն դեպքում, երբ հայցադիմումում հայցվորի պահանջն իսպառ բացակայում է, այնպես էլ այն դեպքում, երբ հայցվորի պահանջը բավարար չափով հստակ կամ որոշակի չէ: Ըստ Վճռաբեկ դատարանի՝ հայցվորի պահանջը կարող է դիտարկվել որպես բավարար չափով հստակ կամ որոշակի չձևակերպված, մասնավորապես այն դեպքերում, երբ այն հնարավորություն չի տալիս պարզելու հայցի կոնկրետ նյութական օբյեկտը, կամ հայցվորի կողմից ներկայացվող նյութաիրավական պահանջի բովանդակության կապակցությամբ տարակերպ մեկնաբանությունների տեղիք է տալիս և ողջամտորեն անհասկանալի է դարձնում այն՝ դատարանին հնարավորություն չտալով ըստ էության քննության առնել տվյալ վեճը և վերջնական դատական ակտով լուծել հայցը լրիվ կամ մասնակիորեն մերժելու կամ բավարարելու հարցը:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ անձը, իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դիմում է վարչական դատարան, ապա վերջինիս իրավունքների և շահերի դատական պաշտպանությունը պետք է իրականացվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հիման վրա հարուցված վարչական գործի ըստ էության քննության և լուծման միջոցով: Այսինքն՝ վարչական դատավարությունում հայցվորի պահանջը պետք է համապատասխանի օրենքով սահմանված այն հայցատեսակին բնորոշ հայցի առարկային, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր է գործնականում հասնել անձի իրավունքների և շահերի դատական պաշտպանության ապահովմանը: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ հայցադիմումի ընդունելիության փուլում առկա են բավարար իրավական հիմքեր առ այն, որ հայցվորը դատարան է դիմել ոչ ճիշտ հայցատեսակով, ապա վարչական դատարանը պարտավոր է գործի քննության հենց այդ սկզբնական փուլում կատարել ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) վերաբերյալ իր դատավարական պարտականությունը:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական դատարան ներկայացված հայցադիմումում հայցվորի պահանջը տվյալ վիճելի իրավահարաբերությունից բխող և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ճիշտ հայցատեսակին չհամապատասխանող կերպով ձևակերպված լինելը հիմք է հանդիսանում տվյալ հայցադիմումը վերադարձնելու համար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի խախտման հիմքով: Այլ կերպ ասած՝ այն դեպքում, երբ հայցադիմումի ընդունելիության փուլում առկա են բավարար հիմքեր հանգելու այն եզրակացության, որ անձի կողմից վարչական դատարան ներկայացված հայցապահանջը ձևակերպված չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հայցի առարկային համահունչ, ապա տվյալ հայցադիմումը ենթակա է վերադարձման՝ որպես բավարար չափով հստակ կամ որոշակի չձևակերպված պահանջ պարունակող հայցադիմում:
Այսպես, օրինակ, դատական պրակտիկայում կարող են հանդիպել այնպիսի իրավիճակներ, երբ անձը, դիմելով վարչական դատարան, ցանկանում է հասնել վարչական ակտ չհանդիսացող անհատական իրավական ակտի վերացմանը և իր իրավունքների և շահերի դատական պաշտպանության համար ընտրել է ոչ ճիշտ հայցատեսակ՝ իր պահանջը ձևակերպելով տվյալ պարագայում ոչ կիրառելի` վիճարկման հայցատեսակի հայցի առարկային համապատասխան՝ պահանջելով վերացնել ոչ թե վարչական ակտ, այլ վարչական ակտ չհանդիսացող անհատական իրավական ակտ: Նման պայմաններում հայցվորի իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանության համար պատշաճ հայցատեսակի ընտրության իրավական հնարավորության առկայության դեպքում վարչական դատարանը պարտավոր է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման միջոցով մատնանշել հայցվորին այդ իրավական հնարավորությունը և առաջարկել վերջինիս ներկայացնելու տվյալ վիճելի իրավահարաբերությունից բխող և օրենքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հայցի առարկային բնորոշ հայցապահանջ:
Վճռաբեկ դատարանն արդեն իսկ արձանագրել է, որ հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումը վերացնելուն ուղղված հայցապահանջը չի կարող քննվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված վիճարկման հայցի շրջանակներում, քանի որ հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումը վարչական ակտ չէ: Ըստ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների՝ նշված անհատական իրավական ակտի վերացմանն ուղղված հայցադիմումը վարույթ ընդունելու և այդ հայցապահանջը քննության առնելու նկատմամբ պետք է կիրառվեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցի կանոնները: Հետևաբար հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումը վերացնելուն ուղղված հայցապահանջը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված վիճարկման հայցատեսակին համապատասխան ներկայացված լինելը հիմք է հանդիսանում տվյալ հայցադիմումը վերադարձնելու համար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի խախտման հիմքով: Այլ կերպ ասած՝ այն դեպքում, երբ հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումը վերացնելուն ուղղված հայցապահանջը ձևակերպված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված վիճարկման հայցի առարկային համահունչ, ապա տվյալ հայցադիմումը ենթակա է վերադարձման՝ որպես բավարար չափով հստակ կամ որոշակի չձևակերպված պահանջ պարունակող հայցադիմում:
Վերոգրյալ իրավական վերլուծությունները կիրառելով սույն գործի փաստերի նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վարուժան Ավետիքյանը, Ծառայության 26.06.2015 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» որոշումը վերացնելու կամ անվավեր ճանաչելու պահանջով դիմելով դատարան, նպատակ է ունեցել իրացնել նաև անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշման՝ դատական կարգով բողոքարկման իր իրավունքը և արդյունավետ դատական պաշտպանության միջոցով հասնել այդ անհատական իրավական ակտի վերացմանը: Հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու դատավարական սկզբունքի ուժով Դատարանը պարտավոր էր առաջարկել (մատնանշել) Վարուժան Ավետիքյանին իր կողմից ներկայացված ոչ ճիշտ հայցատեսակը՝ Ծառայության 26.06.2015 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» որոշման՝ կատարողական վարույթ հարուցելու մասը վերացնելու կամ անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ, փոխարինել պատշաճ հայցատեսակով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցով:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության 26.06.2015 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» որոշումը՝ կատարողական վարույթ հարուցելու մասով, վերացնելու կամ անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ Վարուժան Ավետիքյանի հայցադիմումի ընդունելիության (գործի հարուցման) փուլում Դատարանը պարտավոր էր հայցվորին մատնանշել պատշաճ հայցատեսակը, այսինքն՝ կատարել ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ Վարուժան Ավետիքյանին առաջարկ անելու (ճիշտ հայցատեսակը մատնանշելու) իր պարտականությունը: Միայն այդ դատավարական գործողությունը կատարելու պայմաններում Դատարանը կարող էր լուծել Վարուժան Ավետիքյանի հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վարուժան Ավետիքյանի կողմից ներկայացված հայցադիմումը ենթակա էր վերադարձման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի խախտման հիմքով, քանի որ տվյալ հայցադիմումը ներկայացվել է ոչ պատշաճ հայցատեսակով՝ վիճարկման հայցով, և չի բովանդակում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցատեսակին համապատասխան պահանջ: Հետևաբար սույն գործով Ծառայության 26.06.2015 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» որոշումը՝ կատարողական վարույթ հարուցելու մասով, վերացնելու կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ Վարուժան Ավետիքյանի կողմից ներկայացված հայցը ճիշտ հայցատեսակով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցով, փոխարինելու վերաբերյալ Վարուժան Ավետիքյանին առաջարկ անելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) Դատարանի դատավարական պարտականության պատշաճ կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ էր վերադարձնել Վարուժան Ավետիքյանի հայցադիմումը:
Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Ծառայության 26.06.2015 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» որոշումը՝ կատարողական վարույթ հարուցելու մասով, վերացնելու կամ անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ Վարուժան Ավետիքյանի հայցադիմումի ընդունումը չէր կարող մերժվել՝ այդ պահանջի մասով հայցը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով այն պայմաններում, երբ Դատարանը հայցադիմումը վերադարձնելու միջոցով չի կատարել ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) վերաբերյալ Վարուժան Ավետիքյանին առաջարկ անելու իր դատավարական պարտականությունը: Հետևաբար սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վարուժան Ավետիքյանի հայցադիմումը վերադարձնելու միջոցով պատշաճ հայցատեսակը մատնանշելու համար անհրաժեշտ է վերացնել Վերաքննիչ դատարանի 02.10.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և վերացնել Դատարանի 17.08.2015 թվականի «Հայցադիմումի ընդունումը մասով վարույթ ընդունելու, մասով դրա ընդունումը մերժելու մասին» որոշման՝ հայցադիմումի ընդունումը մերժելու մասը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 02.10.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. մասնակիորեն՝ Վարուժան Ավետիքյանի հայցադիմումի ընդունումը մերժելու մասով, վերացնել ՀՀ վարչական դատարանի 17.08.2015 թվականի «Հայցադիմումի ընդունումը մասով վարույթ ընդունելու, մասով դրա ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Ն. Տավարացյան |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
ռ. Հակոբյան | |
Տ. Պետրոսյան | |
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |