Գլխավոր տեղեկություն
Համար
N 268-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.03.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.18/22(1577) Հոդ.260
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մարտի 2020 թվականի N 268-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի և «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 9-րդ ու 10-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածում`

ա. 11-րդ կետն «օրն է» բառից հետո լրացնել «, երբվանից նշանակվում է կենսաթոշակը։ Ընդ որում, օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթվից» բառերով,

բ. 14.4-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.5-րդ կետով.

«14.5. Մինչև 1996 թվականի նոյեմբերի 10-ը աշխատած ժամանակահատվածի համար սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում, եթե անձն աշխատել է քաղաքային, շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներում (առանց ենթակա կազմակերպությունների):»,

գ. 25-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 25.1-ին, 25.2-րդ և 25.3-րդ կետերով.

«25.1. Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակաշրջանի մեջ հաշվառվում են նաև զինված ուժերի, ավիացիոն տրանսպորտային էսկադրիլիայի (ավիաէսկադրիլիայի) թռիչքային և թռիչքափորձարկման անձնակազմերի պաշտոններում ծառայելու (աշխատելու) ժամանակահատվածները:

25.2. Քաղաքացիական ավիացիայի ինժեներատեխնիկական ծառայության աշխատողների ծառայելու ժամանակահատվածների մեջ հաշվառվում են նաև զինված ուժերի ինժեներատեխնիկական ծառայությունում, ավիացիոն տրանսպորտային էսկադրիլիայի (ավիաէսկադրիլիայի) ինժեներաավիացոն ծառայությունում սույն որոշման N 5 հավելվածի 4-րդ կետում նշված պաշտոններում աշխատելու ժամանակահատվածները:

25.3. Օդանավերի տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարող կազմակերպությունում 2009 թվականի մայիսի 1-ից հետո սույն որոշման N 5 հավելվածի 4-րդ կետում նշված պաշտոններում աշխատած ժամանակահատվածները հաշվառվում են այդ կազմակերպության` օդանավերի տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարելու իրավունք տվող սերտիֆիկատի վավերականության ժամանակահատվածում:»,

դ. 28-րդ և 29-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած,

ե. 41-րդ կետի 7-րդ ենթակետում «լրացուցիչ փաստաթուղթ» բառերը փոխարինել «փաստաթուղթ (տեղեկատվություն)» բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետի 6-րդ և 7-րդ ենթակետերի դրույթները տարածվում են նաև այն դեպքերի վրա, երբ այդ ենթակետերում նշված փաստաթղթերը հայտնաբերվել են զինծառայողի անձնական գործում:»,

զ. 42-րդ կետի 2-րդ և 3-րդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կարգի 41-րդ կետի 7-րդ ենթակետում նշված դեպքում կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է այն օրվանից, երբվանից պետք է հաշվարկվեր (վերահաշվարկվեր)` հաշվի առնելով կենսաթոշակի գործում հայտնաբերված փաստաթուղթը (տեղեկատվությունը), բայց ոչ շուտ, քան դիմումը (որի հետ ներկայացվել է այդ փաստաթուղթը) ներկայացնելու օրը: Եթե կենսաթոշակի գործում առկա չէ դիմում, որի հետ ներկայացվել է հայտնաբերված փաստաթուղթը (տեղեկատվությունը), ապա կենսաթոշակը վերահաշվարկվում է այն օրվանից, երբ հայտնաբերվել է այդ փաստաթուղթը (տեղեկատվությունը)։»,

է. 43-րդ կետի 3-րդ ենթակետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին ենթակետով.

«3.1) կենսաթոշակ ստանալու իրավունքն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով վերականգնվելու դեպքում անձը ներկայացրել է տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակելուց հետո ընկած ժամանակահատվածում աշխատանքային ստաժի մասին փաստաթուղթ.»,

ը. 49-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 49.1-ին կետով.

«49.1. Եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվա դրությամբ անձն ունեցել է այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու մասին դիմում ներկայացրել է 2018 թվականի հունվարի 1-ից հետո` կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում, ապա նրա կենսաթոշակի նշանակման օր է համարվում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրը, և դիմելուն նախորդող ժամանակահատվածի համար նրան վճարվում է չվճարված կենսաթոշակի գումարը:»,

թ. 50.2-րդ կետում «նշանակելու» բառը փոխարինել «ստանալու իրավունքը վերականգնելու» բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն կետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթվից:»,

ժ. 61-րդ կետում «կենսաթոշակառուի հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում» բառերը փոխարինել «ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում» բառերով,

ի. 69-րդ կետը «դեպքի» բառից հետո լրացնել «, կամ այդ ժամկետում վերափորձաքննության ներկայանալու և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահանալու դեպքի» բառերով.

2) որոշման N 2 հավելվածում`

ա. 21.3-րդ կետում «ժամանակավորապես» բառը փոխարինել «անորոշ կամ որոշակի ժամկետով» բառերով,

բ. 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը խնամելու ժամանակահատվածը նրա ծնողի աշխատանքային ստաժում հաշվառվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված` հաշմանդամ երեխա ճանաչելու, հաշմանդամության ժամանակահատվածի մասին վարչական ակտի քաղվածքով, իսկ հաշմանդամ երեխայի խնամակալ ճանաչված անձի աշխատանքային ստաժում` նաև խնամակալություն իրականացնող լիազոր մարմնի տված` խնամակալ ճանաչված լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին տեղեկանքով:»,

գ. 28-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 28.1-ին կետով.

«28.1. Առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը խնամակալ ճանաչված անձի աշխատանքային ստաժում հաշվառվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված` խնամարկյալի հաշմանդամության խմբի և ժամանակահատվածի մասին վարչական ակտի քաղվածքով և խնամակալություն իրականացնող լիազոր մարմնի տված` խնամակալ ճանաչված լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին տեղեկանքով:»,

դ. 51-րդ կետը «մասնակի» բառից հետո լրացնել «, կամ երկարամյա ծառայության» բառերով.

3) որոշման N 5 հավելվածում`

ա. 4-րդ կետի 1-ին ենթակետը «բոլոր անվանումներ» բառերից հետո լրացնել «(այդ թվում` դիագնոստիկ լաբորատորիայի)» բառերով,

բ. 4-րդ կետի 3-րդ ենթակետում «ավիացիոն» բառը փոխարինել «(այդ թվում` վերահսկողության բաժնի)» բառերով,

գ. 4-րդ կետի 4-րդ ենթակետը «պետեր» բառից հետո լրացնել «, նրանց տեղակալներ» բառերով.

4) որոշման N 6 հավելվածի աղյուսակի`

ա. 8-րդ կետի 3-րդ սյունակը «մարզիչ» բառից հետո լրացնել «, դասատու, ուսուցիչ, մանկավարժ» բառերով,

բ. 9-րդ կետի 3-րդ սյունակը «խմբագիր,» բառից հետո լրացնել «ավագ,» բառով.

5) որոշման N 10 հավելվածում`

ա. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Օդանավերի տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարող կազմակերպությունում աշխատած անձն անհրաժեշտության դեպքում ներկայացնում է նաև այդ կազմակերպության հետ կնքած աշխատանքային պայմանագիրը և օդանավերի տեխնիկական սպասարկման վկայականը կամ քաղաքացիական ավիացիայի տեխնիկական սպասարկման վկայականը:»,

բ. 28-րդ կետի 3-րդ ենթակետը «վկայականը» բառից հետո լրացնել «կամ մահվան փաստը հավաստող` օտարերկրյա պետության տված փաստաթուղթը` վավերացված ապոստիլով» բառերով,

գ. 28-րդ կետի 4-րդ ենթակետը «վկայականը» բառից հետո լրացնել «կամ մահվան փաստը հավաստող փաստաթուղթը» բառերով,

դ. 29-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 30-րդ կետով.

«30. Հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության ներկայացած և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը մահացած անձի դեպքում, բացի սույն ցանկի 28-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը մահացած անձի` վերափորձաքննության ներկայանալու և նրա վերաբերյալ որոշում չկայացնելու մասին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

  

2020 թ. մարտի 12

Երևան