ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2020 թվականի N 144-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-449-21.01.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. փետրվարի 14 Երևան |
|
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (Պ-449-21.01.2020-ՏՀ-011/0) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ, հսկիչ-դրամարկղային մեքենայի (այսուհետ՝ ՀԴՄ) աշխատանքի ընթացքում անսարքություն հայտնաբերելիս, պատասխանատու անձը պարտավոր է անջատել ՀԴՄ-ն և դրա մասին տեղեկացնել իրավասու ղեկավար անձին։ Իրավասու ղեկավար անձը հայտն ստանալուց հետո տեխնիկական սպասարկում իրականացնող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը տեղեկացնում է ՀԴՄ-ի անսարքության մասին։ Նշված սուբյեկտները դիմումատուի հայտի հիման վրա՝ իրավասու ղեկավար անձի կողմից ՀԴՄ-ի անսարքության մասին տեղեկանալուց հետո առավելագույնը 24 ժամվա ընթացքում ստուգում են անսարք ՀԴՄ-ն և անհրաժեշտության դեպքում կազմում են անսարք լինելու մասին ակտ։ Վերանորոգման աշխատանքների ամբողջ ընթացքում սպասարկում իրականացնող սուբյեկտը ՀԴՄ կիրառողի պահանջով տվյալ աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավոր օգտագործման համար վերջինիս տրամադրում է ՀԴՄ սարք։ Մինչև ՀԴՄ-ի նորոգումը կամ այն նորով փոխարինելը ՀԴՄ-ների պարտադիր կիրառմամբ գործարքներ կատարելն արգելվում է։
Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ առաջարկությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ գործնականում տնտեսավարող սուբյեկտները հաճախ ՀԴՄ-ների տեխնիկական անսարքության հետևանքով խնդիրներ են ունենում, իսկ գործող օրենսդրությունը հստակ չի սահմանում անսարքության պատճառով տվյալ ժամանակահատվածում շահագործվող ՀԴՄ-ների վերանորոգման կամ նոր ՀԴՄ-ների տրամադրման հստակ ժամկետներ։
Շարադրվածի կապակցությամբ հայտնում ենք, որ նույն նախագիծը հեղինակի կողմից արդեն իսկ մեկ անգամ ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ քննարկման, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ինչպես պատգամավորի նախորդ նախաձեռնության դեպքում, այնպես էլ՝ այժմ ունի հետևյալ դիտարկումը:
Նախագծով, ըստ էության, առաջարկվում է նշված որոշմամբ սահմանված կարգավորումները սահմանել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով այսուհետ՝ օրենսգիրք՝ միաժամանակ կիրառելով որոշ ժամանակային սահմանափակումներ:
Հայտնում ենք, որ նշված հարաբերություններն օրենսգրքով կարգավորելը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով այն, որ օրենսգրքի 381-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ՀԴՄ-ին և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, ՀԴՄ-ն հարկային մարմնում գրանցելու և գրանցումից հանելու կարգը, ՀԴՄ-ի կիրառման կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Բացի դրանից, գտնում ենք, որ օրենսգրքով պետք է սահմանվեն հարաբերությունները կարգավորող հիմնական դրույթները, իսկ ընթացակարգային հարցերը պետք է կարգավորվեն ենթաօրենսդրական ակտերով. հակառակ պարագայում կստացվի այնպես, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կարգավորված հարաբերությունների մեծ մասը պետք է սահմանվի օրենսգրքով, ինչն ակնհայտ է, որ բացատրություն չունի:
Շարադրվածով պայմանավորված՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արդեն իսկ ընդունվել է 2020 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1318-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 130-Ն որոշումը: Մասնավորապես, նշված որոշմամբ սահմանվել է, որ՝
1) ՀԴՄ-ի անսարքության մասին սպասարկման կենտրոնին տեղեկացվում է առավելագույնը 3 ժամվա ընթացքում.
2) սպասարկման կենտրոնը ՀԴՄ-ի անսարքության մասին տեղեկանալուց հետո Երևան քաղաքում 24 ժամվա, իսկ մարզերում 72 ժամվա ընթացքում ստուգում է անսարք ՀԴՄ-ն և անհրաժեշտության դեպքում ՀԴՄ կիրառող կազմակերպության ղեկավարի կամ պատասխանատու անձի հետ կազմում է ՀԴՄ-ն անսարք լինելու մասին ակտ.
3) ՀԴՄ կիրառողի պահանջով սպասարկման կենտրոնը Երևան քաղաքում 24 ժամվա, իսկ մարզերում 72 ժամվա ընթացքում ՀԴՄ կիրառողին տրամադրում է ժամանակավոր օգտագործման ՀԴՄ՝ վերանորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածի համար, իսկ ՀԴՄ սարքի վերանորոգման անհնարինության մասին ակտ կազմելուց հետո՝ առավելագույնը 10 աշխատանքային օր ժամկետով:
Հաշվի առնելով շարադրվածը՝ հայտնում ենք, որ խնդրո առարկա հարաբերություններն արդեն իսկ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1318-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 130-Ն որոշմամբ, հետևաբար, օրենքի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։ Ուստի, առաջարկում ենք ձեռնպահ մնալ նախագծի հետագա քննարկումներից: