Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.12.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.02.19/12(1567) Հոդ.162
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.12.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի

քաղաքացիական և վարչական 
պալատի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3974/02/16

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3974/02/16
2019 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. հակոբյան

 

զեկուցող

Գ. հակոբյան

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

   

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

 

 

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

 

2019 թվականի դեկտեմբերի 26-ին

գրավոր ընթացակարգով քննելով դատական ակտը վերանայելու վերաբերյալ Գայանե Հայրոյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի Գայանե Հայրոյանի ընդդեմ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ)՝ հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.06.2018 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գայանե Հայրոյանը պահանջել է անվավեր ճանաչել Բանկի 01.09.2016 թվականի թիվ 275/3 հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` այն հաշվարկելով 01.09.2016 թվականից մինչև աշխատանքի վերականգման պահը, ինչպես նաև բռնագանձել փաստաբանի վարձատրության գումարը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Հ. Զարգարյան) (այսուհետ` Դատարան) 19.09.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Ս. Միքայելյան, Ա. Սմբատյան, Հ. Ենոքյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.03.2018 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 19.09.2017 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.06.2018 թվականի որոշմամբ Գայանե Հայրոյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գայանե Հայրոյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը  

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

ՀՀ սահմանադրական դատարանը, իր դիմումի հիման վրա քննելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 105-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, 19.03.2019 թվականի թիվ ՍԴՈ-1449 որոշմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` աշխատանքի էական պայմանները փոփոխվելու հիմքով աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել, երբ սահմանված կարգով տեղի է ունեցել աշխատանքի մեկ կամ մի քանի էական պայմանի փոփոխում՝ գործատուի կողմից համապատասխան ակտ կայացնելու միջոցով, որում հիմնավորվում է այդ պայմանների փոփոխության անհրաժեշտությունը՝ կապված գործատուի արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման հետ:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ կազմակերպությունների վերակազմակերպումն ինքնին չի ենթադրում արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխում և դրանից բխող աշխատանքի էական պայմանների փոփոխություն: Ավելին, նպատակ ունենալով աշխատողներին ապահովագրել գործատուների հնարավոր չարաշահումներից` օրենսդիրը բացառել է գործատուի վերակազմակերպումը դիտել որպես աշխատանքի էական պայմանների փոփոխման հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու հանգամանք` հաշվի առնելով, որ նման իրավիճակներում գործատուի նախաձեռնությամբ աշխատողների թվաքանակի և (կամ) հաստիքների կրճատման հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման պարագայում կգործեն ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված մի շարք երաշխիքներ, այդ թվում՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի լուծման արգելքը:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետն իր նկատմամբ այլ մեկնաբանությամբ կիրառելը հիմք է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ իր նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով վերանայելու համար։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «նոր հանգամանքի ուժով ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 22.03.2018 թվականի որոշումը՝ փոփոխել այն՝ մերժելով վերաքննիչ բողոքը և օրինական ուժ տալ Դատարանի 19.09.2017 թվականի վճռին, կամ բեկանել Վերաքննիչ դատարանի 22.03.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Գայանե Հայրոյանի հայցն ընդդեմ Բանկի՝ 01.09.2016 թվականի թիվ 275-Ա/3 հրամանն անվավեր ճանաչելու, իրեն նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին, Դատարանի 19.09.2017 թվականի վճռով բավարարվել է (հատոր 1-ին, գ.թ. 93-107).

2) Վերաքննիչ դատարանի 22.03.2018 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 19.09.2017 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 81-90).

3) Վերաքննիչ դատարանը վերոնշյալ որոշումը կայացնելիս կիրառել է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը (հատոր 2-րդ, գ.թ. 81-90).

4) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.06.2018 թվականի որոշմամբ Գայանե Հայրոյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 139-142).

5) ՀՀ սահմանադրական դատարանը Գայանե Հայրոյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 105-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 19.03.2019 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1449 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով արձանագրել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իսկ նույն որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի   1-ին մասի 9-րդ կետը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող՝ սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ աշխատանքի էական պայմանները փոփոխվելու հիմքով աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել, երբ սահմանված կարգով տեղի է ունեցել աշխատանքի մեկ կամ մի քանի էական պայմանի փոփոխում՝ գործատուի կողմից համապատասխան ակտ կայացնելու միջոցով, որում հիմնավորվում է այդ պայմանների փոփոխության անհրաժեշտությունը՝ կապված գործատուի արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման հետ:

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշման եզրափակիչ մասի 3-րդ կետում նշել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Գայանե Հայրոյանի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման oրենքով uահմանված կարգով, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը վերջինիս նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է, երբ ՀՀ սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը թեկուզև ճանաչում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտնում է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է՝ նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում՝ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:

Այսպիսով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասով ամրագրված իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործին մասնակցող անձինք, ինչպես նաև նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`

-    գործին մասնակցող անձի նկատմամբ կայացված դատական ակտը վերջնական է,

-    տվյալ դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանն ընդունել է որոշում, որով օրենքի այդ դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ ՀՀ սահմանադրական դատարանը, օրենքի այդ դրույթը ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ,

- համապատասխան հիմքն ի հայտ գալուց հետո նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու դրությամբ 3 ամսվա ժամկետը չի լրացել:

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես` 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Գայանե Հայրոյանի հայցն ընդդեմ Բանկի՝ 01.09.2016 թվականի աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին թիվ 275-Ա/3 հրամանն անվավեր ճանաչելու, իրեն նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին, Դատարանի 19.09.2017 թվականի վճռով բավարարվել է:

Վերաքննիչ դատարանը, քննելով Դատարանի 19.09.2017 թվականի վճռի դեմ բերված Բանկի վերաքննիչ բողոքը, 22.03.2018 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը բավարարելու՝ Դատարանի վճիռը բեկանելու և փոփոխելու՝ հայցը մերժելու մասին: Այդ որոշումը կայացնելիս Վերաքննիչ դատարանը կիրառել է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.06.2018 թվականի որոշմամբ Գայանե Հայրոյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը մերժվել է:

ՀՀ սահմանադրական դատարանը, Գայանե Հայրոյանի դիմումի հիման վրա որոշելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 105-րդ հոդվածի   2-րդ մասի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, 19.03.2019 թվականի թիվ ՍԴՈ-1449 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով համարել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իսկ նույն որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետով համարել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի   109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ աշխատանքի էական պայմանները փոփոխվելու հիմքով աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել, երբ սահմանված կարգով տեղի է ունեցել աշխատանքի մեկ կամ մի քանի էական պայմանի փոփոխում՝ գործատուի կողմից համապատասխան ակտ կայացնելու միջոցով, որում հիմնավորվում է այդ պայմանների փոփոխության անհրաժեշտությունը՝ կապված գործատուի արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման հետ:

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշման եզրափակիչ մասի 3-րդ կետում նշել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Գայանե Հայրոյանի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման oրենքով uահմանված կարգով, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը վերջինիս նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանը 19.03.2019 թվականի թիվ ՍԴՈ-1449 որոշմամբ բացահայտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի սահմանադրաիրավական բովանդակությունը, որը հայցվորի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ: Ընդ որում, Վերաքննիչ դատարանի որոշմամբ Դատարանի վճիռը բեկանվել է և փոփոխվել՝ հայցը մերժվել է, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.06.2018 թվականի որոշմամբ Գայանե Հայրոյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 19.03.2019 թվականի թիվ ՍԴՈ-1449 որոշումը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.06.2018 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման վերանայման հիմք:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի  1-ին կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.06.2018 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և Վերաքննիչ դատարանի 22.03.2018 թվականի որոշումը բեկանելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու արդյունքում սույն գործը պետք է ուղարկել նոր քննության ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ կիրառման արդյունքում Գայանե Հայրոյանի համար առաջացած անբարենպաստ հետևանքների վերացումը կարող է ապահովվել միայն գործի՝ վերաքննության կարգով քննության արդյունքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ և 427-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.06.2018 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:

2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.03.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան 
 

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան
 

Տ. Պետրոսյան

 

Է. Սեդրակյան

  Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան