Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1517
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.03.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.24/25(1580) Հոդ.290
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
17.03.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2020

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

  

Քաղ. Երևան

17 մարտի 2020 թ.

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ԻՆ ՉՈԼՊՈՆ ԱՏԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Է. Գրիգորյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի օգոստոսի 9-ին Չոլպոն Ատայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2020 թվականի հունվարի 29-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի օգոստոսի 9-ին Չոլպոն Ատայում: Համաձայնագրի նպատակն է կարգավորել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման հետ կապված հարաբերությունները:

 

2. Ըստ Համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ՝ ՀՀ) ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.

- իրականացնել թափոնների անդրսահմանային տեղափոխումը ՀՀ տարածքից այլ անդամ պետության տարածք Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով՝ Բազելյան կոնվենցիայի դրույթներին համապատասխան («Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» 1989 թվականի մարտի 22-ի Բազելյան կոնվենցիային Հայաստանի Հանրապետությունը միացել է 1999 թվականի մարտի 26-ին Ազգային Ժողովի Ն-322-1 որոշմամբ (ՍԴՈ-50)) (հոդված 4),

- չթույլատրել թափոնների անդրսահմանային տեղափոխումը ՀՀ և Միության անդամ պետություններ` դրանց թաղման և (կամ) վնասազերծման նպատակով (հոդված 5, մաս 2),

- ապահովել, որ թափոնների անդրսահմանային տեղափոխումն իրականացվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում դիմումատուին տրամադրված եզրակացության (թույլատրագրի) հիման վրա, որը ՀՀ իրավասու մարմինը տրամադրում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող միասնական ձևով (հոդված 6, մասեր 1, 2),

- որպես թափոններ արտահանող կամ որպես տարանցիկ երկիր՝ թափոնների արտահանման եզրակացությունը (թույլատրագիրը) տրամադրել միայն թափոնների ներմուծման եզրակացության (թույլատրագրի) առկայությամբ (հոդված 6, մասեր 3, 4),

- ապահովել, որ համապատասխան թափոնների՝ առանց եզրակացությունների (թույլատրագրերի) ՀՀ տարածք ներմուծման և (կամ) ՀՀ տարածքով անդրսահմանային տեղափոխման իրականացման փաստերի հայտնաբերման, ինչպես նաև եզրակացություններում (թույլատրագրերում) նշված տեղեկությունների՝ թափոնների անդրսահմանային տեղափոխման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացման ընթացքում ստացված տեղեկությունների հետ անհամապատասխանության դեպքերում այդ փաստերի հայտնաբերման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան պետական մարմիններն իրավասու մարմնի միջոցով այդ մասին տեղեկացնեն այն անդամ պետության իրավասու մարմնին, որի տարածքից իրականացվել է թափոնների արտահանումը (հոդված 7),

- ՀՀ տարածքից թափոնների արտահանում իրականացնելիս թափոնների՝ առանց եզրակացությունների (թույլատրագրերի) ՀՀ տարածք ներմուծման և (կամ) ՀՀ տարածքով անդրսահմանային տեղափոխման դեպքում ապահովել, որ ՀՀ իրավասու մարմինը միջոցներ ձեռնարկի, Բազելյան կոնվենցիայի նորմերին համապատասխան, թափոնները վերադարձնելու կամ դրանք էկոլոգիապես հիմնավորված եղանակով հեռացնելու ուղղությամբ, իսկ թափոնների անդրսահմանային տեղափոխման նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու ժամանակ ստացված տեղեկությունների հետ եզրակացության (թույլատրագրի) մեջ նշված տեղեկությունների անհամապատասխանության դեպքում ապահովել, որ ՀՀ իրավասու մարմինը որոշում ընդունի եզրակացության (թույլատրագրի) գործողության դադարեցման մասին, այդ որոշումն ընդունելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնի այն դիմումատուին, որին տրամադրվել էր եզրակացությունը (թույլատրագիրը), այն անդամ պետության իրավասու մարմնին, որի տարածք իրականացվել է (նախատեսվել է) թափոնների ներմուծումը, և այն անդամ պետության իրավասու մարմնին, որի տարածքով իրականացվել է թափոնների անդրսահմանային տեղափոխումը (ինչը հիմք է հանդիսանում նշված իրավասու մարմինների կողմից դիմումատուին տրամադրված եզրակացությունները (թույլատրագրերը) չեղյալ ճանաչելու համար), և միջոցներ ձեռնարկի, Բազելյան կոնվենցիայի նորմերին համապատասխան թափոնները, վերադարձնելու կամ դրանք էկոլոգիապես հիմնավորված եղանակով հեռացնելու ուղղությամբ (հոդված 8),

- ապահովել, որ ՀՀ իրավասու մարմինը` ՀՀ տարածքից թափոնների արտահանման իրականացման պարագայում յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 20-ը, Համաձայնագրի Հավելվածի համաձայն՝ սահմանված ձևով (էլեկտրոնային փոստով) համապատասխան ժամանակաշրջանում տրամադրված՝ թափոնների արտահանման եզրակացությունների (թույլատրագրերի) վերաբերյալ հաշվետվություն ուղարկի այն անդամ պետության իրավասու մարմնին, որի տարածք ներմուծվել են թափոնները (հոդված 11),

- մյուս անդամ պետությունների կառավարություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել ՀՀ իրավասու մարմնի մասին, ինչպես նաև իրավասու մարմնի փոփոխության մասին (հոդված 12):

 

3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից Համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 12-րդ հոդվածի պահանջներին, և դրանց կատարումը կարող է նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2019 թվականի օգոստոսի 9-ին Չոլպոն Ատայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

17 մարտի 2020 թվականի

ՍԴՈ-1517

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան