Գլխավոր տեղեկություն
Համար
N 91-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.02.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 01.02.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.01.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 2020 թվականի N 91-Լ

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-430-20.12.2019-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունվարի 30

Երևան

 

        

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-430-20.12.2019-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆՆԵՐԸ

           

Ձեզ ենք ներկայացնում ՀՀ կառավարության առաջարկությունները «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

Նախևառաջ հարկ է նշել, որ նախագծով առաջարկվող՝ նվիրատվության պայմանագրի կնքված համարվելու պահին վերաբերող ձևակերպումը խնդրահարույց է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ պայմանագրի կնքման պահին վերաբերող կարգավորումների հետ հակասության տեսանկյունից:

Այսպես՝ նշված օրենսգրքի 448-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ:

Նույն օրենսգրքի 449-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե օրենքին համապատասխան պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է նաև հանձնել գույք, ապա պայմանագիրը կնքված է համարվում համապատասխան գույքը հանձնելու պահից:

Օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությունն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կա՛մ իրեն, կա՛մ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), կամ ազատում է, կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից:

Նվիրատվության պայմանագրի օրենսդրական բնորոշումից բխում է, որ այն կարող է հանդես գալ և՛ որպես կոնսենսուալ, և՛ որպես ռեալ պայմանագիր, այսինքն՝ այս պայմանագիրը կարող է կնքված համարվել, համապատասխանաբար, կա՛մ կողմերի միջև համաձայնություն կայացնելու, կա՛մ նվիրատվության առարկան նվիրառուին հանձնելու պահից:

Վերոշարադրյալ նորմերի համադրված վերլուծությունից ակնհայտ է, որ օրենսգիրքը հստակ սահմանել է նվիրատվության պայմանագրի կնքված համարվելու պահը, այն է՝ կամ նվիրատուի և նվիրառուի միջև համաձայնություն կայացնելու պահը, կամ նվիրատվության առարկան նվիրառուին հանձնելու պահը, ուստի նախագծով նախատեսվող կարգավորումն առ այն, որ նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը՝ ընդունված միայն համայնքի ավագանու կողմից նվիրատվության ընդունմանը հավանություն տալու դեպքում, չի բխում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ կարգավորումներից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածով օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվող 23.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23.1) իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու է կնքելու նվիրատվության պայմանագիրը.»:

Բացի այդ, առաջարկում ենք սահմանել ավագանու հավանությանը ներկայացվելիք նվիրատվության գումարի (ապրանքների դեպքում՝ արժեքի) ստորին շեմ՝ այդ շեմից ցածր գումարի (արժեքի) դեպքում ավագանու նիստ հրավիրելու անհրաժեշտությունը բացառելու համար: