ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԿԴ/0229/01/16 |
ԵԿԴ/0229/01/16 |
Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան |
Դատավորներ՝ |
Ռ. Մխիթարյան |
Ս. Համբարձումյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ` | Մ. Ավագյանի | |
մասնակցությամբ տուժողի իրավահաջորդ` |
Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ |
2019 թվականի ապրիլի 11-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գոռ Իշխանի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի փետրվարի 27-ի որոշման դեմ ամբաստանյալ Գ.Սարգսյանի պաշտպաններ Վ.Էլբակյանի և Կ.Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2016 թվականի ապրիլի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է թիվ 13139216 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
2016 թվականի ապրիլի 9-ին Գոռ Սարգսյանը ձերբակալվել է։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ Գ.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով:
Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ Գ.Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
2016 թվականի սեպտեմբերի 6-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճռով Գ.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 9 (ինը) տարի ժամկետով:
3. Տուժողի իրավահաջորդ Ա.Աբրահամյանի և Գ.Սարգսյանի պաշտպաններ Վ.Էլբակյանի ու Կ.Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ պաշտպանների բողոքը մերժել է, տուժողի իրավահաջորդի բողոքը՝ բավարարել, և Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճիռը պատժի մասով բեկանել է՝ Գ.Սարգսյանին դատապարտելով ազատազրկման` 11 (տասնմեկ) տարի ժամկետով:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպաններ Վ.Էլբակյանը և Կ.Հովհաննիսյանը բերել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի պետի կողմից ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետին հասցեագրված` 2016 թվականի ապրիլի 8-ի թիվ 30/5736 գրության համաձայն` «(...) [Թ]իվ 13139216 քրեական գործով անցկացված (…) օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ (…) հանցագործությունը կատարել է Գ.Սարգսյանը (…)»1:
5.1 ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի պետին հասցեագրված` 2016 թվականի ապրիլի 9-ի զեկուցագրի համաձայն` «(...) [Ս]ույն թվականի ապրիլի 9-ին` ժամը 6:50-ի սահմաններում տարված` բացատրական աշխատանքների արդյունքում, [ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին] ինքնակամ ներկայացել է Գ.Սարգսյանը (...) և հայտնել, որ սույն թվականի ապրիլի 8-ին` [Երևանի պետական համալսարանի] հարող տարածքում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Ա.Աբրահամյանին պատճառված մարմնական վնասվածքը հասցրել է ինքը (…)»2:
5.2 Ինքնակամ ներկայանալու մասին 2016 թվականի ապրիլի 9-ի արձանագրության համաձայն` «(...) [2016 թվականի ապրիլի 9-ին`] ժամը 6:50-ի սահմաններում` [ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին] ինքնակամ ներկայաց[ել է] Գ.Սարգսյանը, (...) և հայտարարել, որ [2016 թվականի ապրիլի 8-ին՝] ժամը 13:30-ի սահմաններում` Երևան քաղաքի Չարենցի փողոցում դանակով հարվածել է [Ա.Աբրահամյանին] (…)»3:
6. «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու վերաբերյալ դատարանի որոշումը գաղտնազերծելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի մայիսի 17-ի որոշման համաձայն` «(…) 2016 թվականի ապրիլի 9-ին [ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի պետ] Գ.Ղուկասյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ[ին] (...)` դիմելու Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` [Գ.Սարգսյանի] (…) նկատմամբ [ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի] պետի օպերատիվ գծով տեղակալի թիվ 402 աշխատասենյակում «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու համար (…)»4:
6.1 2017 թվականի հունիսի 2-ի թիվ ԴԴ17 Ե-28690 գրության համաձայն՝ «(…) Գոռ Սարգսյանի նկատմամբ «Ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառումն անցկացնելու թույլտվություն ստանալու մասին (...) միջնորդությունը դատարան է ներկայացվել 09.04.2016թ. ժամը 06:30-ի սահմաններում, նշված միջնորդության քննության կապակցությամբ նշանակված դատական նիստը (…) սկսվել է 09.04.2016թ. ժամը 07:00-ին և ավարտվել է 07:10-ին: (…)»5:
6.2 Քրեական գործում առկա՝ «Հետաքննության մարմնին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին» հանձնարարությունը թվագրված չէ։ Նշված փաստաթղթում առկա են տեղեկություններ այն մասին, որ. «(…) 09.04.2016թ.-ին՝ ժամը 08:43-ին, Գ.Սարգսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ-ի ՁՊՎ։ (…)»6:
7. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում 2016 թվականի ապրիլի 9-ին անցկացված «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքներն ամփոփող լազերային սկավառակի զննության մասին արձանագրության համաձայն` «(...) Տեսագրության սկզբում տեսախցիկի հանդիպակաց կողմում գտնվող դռնից սենյակ է մտնում (…) [Գ.Սարգսյանը]։ Զրույցը վարող տղամարդու և աշխատասեղանի [դիմացի] ձախ կողմում նստած տղամարդու հարցերին ի պատասխան` Գ.Սարգսյանը հայտնում է [տեղեկություններ` քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ իր մեղավորության, ինչպես նաև` գործի համար նշանակություն ունեցող այլ փաստական հանգամանքների վերաբերյալ] (…)»7:
8. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) [Առաջին ատյանի դատարանը], անդրադառնալով [ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում] 2016 թվականի ապրիլի 9-ին իրականացված «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման ամփոփ տեսաձայնագրությունն անթույլատրելի ապացույց ճանաչելու մասին պաշտպանի եզրահանգմանն ու դրա պատճառաբանություններին, գտնում է, որ դրանք անհիմն են, նշված միջոցառումն անցկացվել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի և քրեադատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան»8:
9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) [Ա]նդրադառնալով (...) վերաքննիչ բողոքի փաստարկներին, որով [բողոքաբերները] խնդրել են անթույլատրելի ապացույց ճանաչել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում` 2016 թվականի ապրիլի 9-ին իրականացված «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառման տեսաձայնագրությունը (…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բերված փաստարկն անհիմն է, նշված ապացույցը ձեռք է բերվել քրեադատավարական օրենքի նորմերի պահպանմամբ, այն անթույլատրելի ճանաչելու հարցին արդեն իսկ անդրադարձել է [Առաջին ատյանի դատարանն] իր դատավճռով` հանգելով ճիշտ հետևության (...)»9:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
10. Բողոքի հեղինակների կարծիքով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, ինչի արդյունքում կայացվել է անհիմն և անօրինական դատական ակտ:
Բողոքաբերները վկայակոչել են օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարգավորող իրավական նորմերը և փաստել, որ անհիմն են «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները` որպես թույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները: Բողոքաբերների պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է հիշյալ միջոցառման իրականացման ընթացակարգին և արդյունքների օգտագործմանը ներկայացվող պահանջների խախտումը հիմնավորող փաստական տվյալները:
11. Բողոք բերած անձինք նշել են նաև, որ Գ.Սարգսյանի արարքին տրվել է սխալ քրեաիրավական գնահատական: Մասնավորապես, բողոքի հեղինակները գտել են, որ սույն գործով Գ.Սարգսյանի վարքագծի հետաֆեկտային փուլին լիարժեք գնահատական չի տրվել և նրա արարքը ենթակա էր որակման ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով:
12. Անդրադառնալով նշանակված պատժի համաչափությանը` բողոք բերած անձինք գտել են, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել ամբաստանյալի պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները` անտեսելով Վճռաբեկ դատարանի՝ Պարույր Բայրամյանի գործով 2007 թվականի հունիսի 1-ի թիվ ՎԲ-84/07 և Ալեքսան Սարգսյանի գործով 2009 թվականի հունիսի 2-ի թիվ ՀՅՔՐԴ3/0109/01/08 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները:
13. Վերոշարադրյալի հիման վրա պաշտպաններ Վ.Էլբակյանը և Կ.Հովհաննիսյանը խնդրել են բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և ամբաստանյալ Գ.Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
14. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառմանն առնչվող օրենսդրական նորմերի մեկնաբանման և կիրառման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. hիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Գ.Սարգսյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել է և դրա արդյունքները որպես ապացույց օգտագործվել են օրենսդրության պահանջներին համապատասխան:
16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «Քրեական դատավարություն իրականացնող մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում`քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի և քրեական օրենքով նախատեսված դեպքերում և սույն օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի»։
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեությունը մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պետական ու հասարակական անվտանգությունը հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով` օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումն է»:
Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` «1. Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են`
1) հանցագործությունների հայտնաբերումը, բացահայտումը, կանխումը և խափանումը.
2) հանցագործությունը նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերումը. (…)»։
Նույն օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` «1. Ներքին դիտումը բնակարանում հատուկ և այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց անձին (անձանց) հետևելն ու առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքի վերահսկումն է, ինչպես նաև դիտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, ձայնագրման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց։
2. Սույն օրենքում բնակարան հասկացությունը օգտագործվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իմաստով»:
Նույն օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «[Ներքին դիտում, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում, հեռախոսային խոսակցությունների վերահսկում, ֆինանսական տվյալների մատչելիության ապահովում և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկում] օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է»:
⚖17. Օպերատիվ-հետախուզական գործունեությունն իրավապահ մարմինների կողմից օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացվող պետական գործունեության ինքնուրույն տեսակ է, որը նպատակ է հետապնդում բացահայտել, կանխել և խափանել հանցագործությունները, ինչպես նաև հայտնաբերել հանցագործությունը նախապատրաստող, կատարող և կատարած անձանց։ Այսինքն` օպերատիվ-հետախուզական գործունեության շրջանակներում ձեռնարկվող միջոցառումներն ընդհանուր առմամբ հետապնդելով հանցագործությունների բացահայտման նպատակ, օժանդակում են քրեական դատավարություն իրականացնող մարմինների առջև դրված խնդիրների լուծմանը և բարձրացնում են քրեական հետապնդման արդյունավետությունը։
17.1 Միևնույն ժամանակ, օպերատիվ-հետախուզական գործունեությունն առանձնանում է իր հետախուզական-որոնողական բնույթով։ Մասնավորապես, օպերատիվ-հետախուզական միջոցառումների ձեռնարկումը նպատակաուղղված է ենթադրյալ հանցանքների, դրանք ենթադրաբար նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերմանն ու պարզմանը, այդ կապակցությամբ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրմանը։ Այսինքն` օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրենց հետախուզական-որոնողական բնույթով միտված են նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործության դեպքերի և դրանք կատարող անձանց հնարավորինս արագ բացահայտմանը, որին անմիջապես հաջորդում է ստացված տվյալների ամրագրումը քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված գործողությունների կատարմամբ։ Այսպես, հետաքննության փուլում օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմամբ ապահովվում է «տաք հետքերով» հանցագործության քննությունը, իսկ նախաքննության ընթացքում այն նաև օժանդակում է քննիչի դատավարական գործունեությանը, երբ քրեադատավարական գործիքակազմը բավարար չէ քրեական հետապնդման խնդիրների արդյունավետ իրացման համար, և հանցավորության դեմ պայքարի հանրային շահը պահանջում է նաև գործի համար նշանակություն ունեցող առանձին հանգամանքների բացահայտման համար օպերատիվ-հետախուզական գործունեության մեթոդների և միջոցների կիրառում։
17.2 Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է ընդգծել, որ որոշ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման դեպքում միջամտություն է տեղի ունենում մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին։ Այդ պարագայում, իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում հարկավոր է հաշվի առնել նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վերաբերյալ պետության կողմից ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայով (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) ստանձնած պոզիտիվ և նեգատիվ պարտավորությունները` մշտապես պահպանելով հանրային շահի և անհատի շահերի միջև անհրաժեշտ հավասարակշռությունը։ Մասնավորապես, օպերատիվ-հետախուզական գործունեության բնույթից ելնելով` իրավասու մարմիններն առաջադրված խնդիրները լուծելու նպատակով, համապատասխան միջոցառման տեսակն ընտրելիս և այն իրականացնելիս, անձի իրավունքների նկատմամբ իրականացվող միջամտության դեպքում` համաչափության սկզբունքին համահունչ պետք է ապահովեն նաև արդար դատաքննության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և այլ հիմնարար իրավունքների ու ազատությունների համարժեք պաշտպանությունը։
Այդ համատեքստում, հարկ է վկայակոչել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դիրքորոշումներն այն մասին, որ «երբ (…) հավասարակշռության էր բերվում մի կողմից` գաղտնի հսկողության միջոցների օգնությամբ անվտանգությունը պաշտպանելու պատասխանող պետության շահը, իսկ մյուս կողմից` դիմումատուի անձնական կյանքը հարգելու իրավունքի իրացման նկատմամբ միջամտության լրջությունը, իրավասու ազգային մարմիններն ունեն սեփական հայեցողության որոշակի լուսանցք պատշաճ այն միջոցների ընտրության հարցում, որոնք կօգտագործվեն ազգային անվտանգության պաշտպանության օրինական նպատակին հասնելու համար: Այդուհանդերձ, [ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի`] պետք է գոյություն ունենան չարաշահումներից զերծ պահող բավարար և արդյունավետ երաշխիքներ: Այսպիսով, դատարանը հաշվի է առնում գործի բոլոր հանգամանքները, օրինակ` հնարավոր միջոցառումների բնույթը, տարածման տիրույթը և տևողությունը, դրանց կարգադրման համար պահանջվող պատճառները, դրանց թույլատրելու, կատարելու և հսկելու իրավասություն ունեցող մարմինները, ինչպես նաև` ներպետական իրավունքով նախատեսված իրավական պաշտպանության միջոցի տեսակը»10։
Ավելին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է նաև, որ հետապնդվող նպատակների կատարմանն ուղղված միջոցների ընտրությունը սկզբունքորեն ընկնելով պետության սեփական հայեցողության լուսանցքի շրջանակներում` ունենում է լայն կամ նեղ դրսևորում` ելնելով պաշտպանության ենթակա իրավունքի բնույթից։ Օրինակ` «հաշվի առնելով անձի ինքնության ինքնորոշման և ֆիզիկական ու բարոյական անձեռնմխելիության համար [Եվրոպական կոնվենցիայի] 8-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների առանցքային կարևորությունը, պետություններին վերապահված սեփական հայեցողության լուսանցքը բնակարանի հարցերում ավելի նեղ է, եթե խոսքը գնում է միայն [Եվրոպական կոնվենցիայի] թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանված իրավունքների մասին»11։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների կոնկրետ տեսակն ընտրելիս, ելնելով անձի իրավունքների նկատմամբ իրականացվող միջամտության բնույթից, պետությանը վերապահված սեփական հայեցողության լուսանցքի տիրույթի տարբերակման գաղափարն արտացոլված է նաև «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասում։ Մասնավորապես, օրենսդիրը որոշ խումբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման համար նախատեսելով լրացուցիչ չափանիշներ` սահմանափակել է դրանք ընտրելու իրավակիրառողի հայեցողության լուսանցքը։ Այդպիսի միջոցառումների շարքին է դասվում «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի նպատակն անձին (անձանց) բնակարանում հետևելն ու առանձին դեպքերի և իրադարձությունների օբյեկտիվ ընթացքը վերահսկելն է, դրա արդյունքներն ամրագրելը՝ առանց այդ դեպքերի և իրադարձությունների ընթացքն ուղղորդելու կամ դրանք նախապես ծրագրելու։ Հաշվի առնելով, որ այդ գործողության իրականացմամբ լուրջ միջամտություն է տեղի ունենում անձի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքին՝ օրենսդիրն ամրագրել է, որ այն կարող է իրականացվել բացառապես երբ`
ա) անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և
բ) եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է:
Հարկ է ընդգծել, որ վերջին չափանիշի ամրագրմամբ օրենսդիրն inter alia սահմանել է, որ նշված միջոցառումը կարող է իրականացվել միայն որպես ծայրահեղ (վերջին) միջոց (last resort), երբ այլընտրանքային եղանակով անհնարին է առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը։ Այսինքն` նշված միջոցառումը ոչ միայն պետք է իրականացվի դրա բնույթին և նպատակային նշանակությանը համապատասխան, այլ նաև այն դեպքում, երբ բացակայում են անձի իրավունքների և ազատությունների ոլորտ նվազ միջամտության եղանակով նույն տեղեկությունների ձեռքբերման այլ միջոցներ, այդ թվում` քրեական գործով վարույթի շրջանակում քրեական դատավարության օրենսգրքով կոնկրետ տեղեկությունների ձեռքբերման համար նախատեսված միջոցները:
Այսպիսով, վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օպերատիվ-հետախուզական գործունեությունը լինելով իրավապահ մարմինների կողմից օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացվող պետական գործունեության ինքնուրույն տեսակ` ենթակա է իրականացման այդ գործունեության բնույթին, նպատակային նշանակությանը և օրենսդրությամբ առաջադրվող համաչափության պայմաններին համապատասխան` մշտապես երաշխավորելով հանրային շահի և անհատի իրավունքների միջև արդարացի հավասարակշռությունը։
18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- 2016 թվականի ապրիլի 8-ին նախաքննության մարմնի կողմից հարուցվել է թիվ 13139216 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով12,
- նույն օրվա թիվ 30/5736 գրության համաձայն` անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Գ.Սարգսյանը13,
- ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի պետին հասցեագրված՝ 2016 թվականի ապրիլի 9-ի զեկուցագրի համաձայն` ապրիլի 9-ին, ժամը 6:50-ի սահմաններում տարված բացատրական աշխատանքների արդյունքում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին, նույն ժամին, ինքնակամ ներկայացել է Գ.Սարգսյանը և հայտնել, որ ապրիլի 8-ին` Երևանի պետական համալսարանին հարող տարածքում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Ա.Աբրահամյանին մարմնական վնասվածքը պատճառել է ինքը14,
- 2016 թվականի ապրիլի 9-ին, ժամը 06:30-ի սահմաններում հետաքննության մարմինը՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի պետը, միջնորդություն է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալին` դիմելու Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Գ.Սարգսյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի թիվ 402 աշխատասենյակում «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու համար։ Նշված միջնորդության քննության կապակցությամբ` նշանակված դատական նիստը սկսվել է նույն օրը ժամը 07:00-ին և ավարտվել ժամը 07:10-ին15,
- քրեական գործում առկա՝ «Հետաքննության մարմնին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին» հանձնարարությունը թվագրված չէ։ Նշված փաստաթղթում առկա են տեղեկություններ այն մասին, որ 2016 թվականի ապրիլի 9-ին ժամը, 08:43-ին Գ.Սարգսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ16,
- ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում 2016 թվականի ապրիլի 9-ին անցկացված «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքներն ամփոփող լազերային սկավառակի զննության արձանագրության համաձայն` «(...) Տեսագրության սկզբում տեսախցիկի հանդիպակաց կողմում գտնվող դռնից սենյակ է մտնում (…) [Գ.Սարգսյանը]։ Զրույցը վարող տղամարդու և աշխատասեղանի [դիմացի] ձախ կողմում նստած տղամարդու հարցերին ի պատասխան` Գ.Սարգսյանը հայտնում է [տեղեկություններ` քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ իր մեղավորության, ինչպես նաև` գործի համար նշանակություն ունեցող այլ փաստական հանգամանքների վերաբերյալ] (…)»17,
- Առաջին ատյանի դատարանը Գ.Սարգսյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքում, և մեղադրական դատավճռի հիմքում, ի թիվս այլ ապացույցների, դրել է «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները՝ գտնելով, որ նշված միջոցառումն իրականացվել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի և քրեադատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան18,
- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ միաժամանակ փաստելով, որ «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառման տեսաձայնագրությունը ձեռք է բերվել օրենսդրական նորմերի պահպանմամբ19:
19. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով, սույն որոշման 16-17.2-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման տեսաձայնագրությունը Գ.Սարգսյանի վերաբերյալ մեղադրական դատավճռի հիմքում դնելիս այն պատշաճ ուսումնասիրության չի ենթարկվել։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ՝
- «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել է ոչ թե օրենքով սահմանված՝ որոնողական-հետախուզական բնույթին համապատասխան երևույթների և դեպքերի օբյեկտիվ ընթացքը վերահսկելու, այլ, ըստ էության, հարցաքննության եղանակով Գ.Սարգսյանից գործի համար նշանակություն ունեցող տեղեկությունների ստացման գործընթացը գաղտնի տեսաձայնագրելու նպատակով: Այսինքն` «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում փաստացի իրականացվել է քողարկված հարցաքննություն` արժանահավատության բարձր աստիճան ունեցող ապացույց ձեռքբերելու նպատակով20` անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ հարցաքննության դատավարական կարգի այնպիսի առանցքային պահանջներ, ինչպիսիք են՝ հարցաքննվող անձին իր իրավունքները և պարտականությունները, այդ թվում` լռելու, իրավաբանական օգնություն ստանալու հիմնարար իրավունքները պարզաբանելը, ինչպես նաև տեխնիկական միջոցների կիրառման մասին տեղեկացնելը` անձին իրավունք վերապահելով այդ առնչությամբ ներկայացնելու իր դիտողություններն ու հայտարարությունները,
- քննարկվող միջոցառումն իրականացվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի աշխատասենյակում, որպիսի պայմաններում Գ.Սարգսյանի անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի նկատմամբ միջամտություն տեղի չի ունեցել, ինչը բնորոշ է «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառմանը։ Այսպես, Գ.Սարգսյանը գտնվելով ոստիկանության պաշտոնատար անձի աշխատասենյակում` չի ունեցել և չէր էլ կարող ունենալ ողջամիտ ակնկալիք իր մասնավոր կյանքի գաղտնիության ապահովման երաշխիքի վերաբերյալ։ Նման պայմաններում, նրա նկատմամբ չէր կարող իրականացվել մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը սահմանափակող «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը,
- «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել է անձի իրավունքների և ազատությունների ոլորտ նվազ միջամտության եղանակի` նույն տեղեկությունների ձեռքբերման դատավարական միջոցի ակնհայտ առկայության պարագայում: Մասնավորապես, եթե ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի պետին հասցեագրված` 2016 թվականի ապրիլի 9-ի զեկուցագրի համաձայն` նույն օրը ժամը 6:50-ի սահմաններում տարված բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին ինքնակամ ներկայացել էր Գ.Սարգսյանը և հայտնել, որ ինքն է Ա.Աբրահամյանին պատճառել մարմնական վնասվածքը21, ապա գործի համար կարևորություն ներկայացնող տեղեկությունները Գ.Սարգսյանից կարող էին ձեռքբերվել ոչ թե հաջորդիվ նրա նկատմամբ գաղտնիության ռեժիմով «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելով, այլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգով` նրան որպես կասկածյալ հարցաքննելով։ Այսինքն` տվյալ պարագայում չի պահպանվել նաև համաչափության սկզբունքը,
- նախաքննության փուլում գտնվող քրեական գործով հետաքննության մարմնի կողմից իրականացվել է «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում, այնինչ քրեական գործի նյութերում բացակայում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով նախատեսված` դատախազի ցուցումը կամ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ մասի 4-րդ մասի 7-րդ կետով նախատեսված` քննիչի հանձնարարությունը՝ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ։ Ինչ վերաբերում է քրեական գործում առկա՝ «Հետաքննության մարմնին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին» վերտառությամբ հանձնարարությանը, ապա այն թվագրված չէ22։ Բացի այդ, այն տեղեկություններ է պարունակում Գ.Սարգսյանին 2016 թվականի ապրիլի 9-ին, ժամը 8:43-ին ձերբակալելու մասին, մինչդեռ 2017 թվականի հունիսի 2-ի՝ թիվ ԴԴ17 Ե-28690 գրության համաձայն՝ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը դատարան է ներկայացվել 2016 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 6։30-ի սահմաններում, միջնորդության քննության կապակցությամբ նշանակված դատական նիստը սկսվել է ժամը 07:00-ին և ավարտվել 07:10-ին23: Ակնհայտ է, որ 2016 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 6։30-ի սահմաններում` դատարան ներկայացված «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու միջնորդության հիմքում դրված հանձնարարությունն օբյեկտիվորեն չէր կարող տեղեկություն պարունակել նույն օրը, ժամը 8:43-ին Գ.Սարգսյանին ձերբակալելու մասին, ինչից հետևում է, որ նշված հանձնարարությունը ժամանակագրական առումով ոչ թե նախորդել, այլ հաջորդել է քննարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացմանը։
20. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոնշյալ փաստական հանգամանքները պատշաճ ուշադրության չարժանացնելը և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում 2016 թվականի ապրիլի 9-ին իրականացված «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները Գ.Սարգսյանի մեղադրանքի հիմքում դնելը հանգեցրել են վարույթի արդարացիության և ըստ այդմ` Գ.Սարգսյանի արդար դատաքննության իրավունքի խախտման։ Այլ կերպ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված ապացույցը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ուժով անթույլատրելի է և չէր կարող դրվել մեղսագրվող արարքում Գ.Սարգսյանի մեղավորությունը հիմնավորող ապացույցների զանգվածում։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Գ.Սարգսյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել է և դրա արդյունքները որպես ապացույց օգտագործվել են օրենսդրության պահանջներին համապատասխան, հիմնավոր չէ։
21. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործով թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 105-րդ և 106-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է դատական ակտը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է գնահատի քրեական գործում առկա այլ ապացույցները և հանգի համապատասխան հետևության` անդրադառնալով նաև բողոքաբերի կողմից սույն որոշման 11-12-րդ կետերում բարձրացված` Գ.Սարգսյանի արարքին տրված քրեաիրավական գնահատականի և վերջինիս նկատմամբ նշանակված պատժի համաչափության վերաբերյալ փաստարկներին:
22. Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ չեն վերացել Գոռ Սարգսյանին կալանքի տակ պահելու հիմքերն ու պայմանները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը պետք է թողնել անփոփոխ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Գոռ Իշխանի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի փետրվարի 27-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Ամբաստանյալ Գոռ Իշխանի Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնել անփոփոխ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
________________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 67:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 71:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 73:
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 165:
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթ 4:
6 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 97-99:
7 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 167:
8 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 52-60:
9 Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 71-106:
10 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Roman Zakharov v. Russia գործով 2015 թվականի դեկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 47143/06, կետ 232, Irfan Guzel v. Turkey գործով 2017 թվականի փետրվարի 7-ի վճիռը, գանգատ թիվ 35285/08, կետ 85:
11 Տե՛ս Gladysheva v. Russia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 7097/10, կետ 93։
12 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
13 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
14 Տե՛ս սույն որոշման 5.1-5.2-րդ կետերը։
15 Տե՛ս սույն որոշման 6-6.1-րդ կետերը:
16 Տե՛ս սույն որոշման 6.2-րդ կետը:
17 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
18 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
19 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
20 Տե՛ս mutatis mutandis Արամայիս Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14 որոշման 16-րդ կետը։
21 Տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը:
22 Տե՛ս սույն որոշման 6.2-րդ կետը:
23 Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը:
Նախագահող` |
Լ. Թադևոսյան |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան |
Ս. Ավետիսյան | |
Ե. Դանիելյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|