ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵԿԴ/0091/01/12 |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Լ. Թադևոսյանի մասնակցությամբ' դատավորներ Հ. Ասատրյանի Ս. Ավետիսյանի Ե. Դանիելյանի ա. պողոսՅԱՆԻ
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ`
Մ. Ավագյանի
մասնակցությամբ' պաշտպան
Կ. Գրեյանի
2019 թվականի հունիսի 12-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Վլադիմիր Հայկազի Խաչյանի և նրա պաշտպան Կ.Գրեյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2013 թվականի հունիսի 1-ի դատավճռով Վլադիմիր Հայկազի Խաչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով Վ.Խաչյանը դատապարտվել է ազատազրկման՝ 11 (տասնմեկ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ազատազրկման` 2 (երկու) տարի 1 (մեկ) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկման` 5 (հինգ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Վ.Խաչյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 13 (տասներեք) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Պատժի սկիզբը հաշվվել է՝ 2012 թվականի հունվարի 25-ից: Վ.Խաչյանի նկատմամբ նշանակվել է հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում:
Նույն դատավճռով դատապարտվել են նաև Թոլիբ Սոյիմի Պարտոևը, Սաիդ Ահմադի Դոուդքանլուի Միլանիին, Արթուր Միհրանի Ալեքսանյանը և Կարապետ Լեռնիկի Բաղդասարյանը:
2. Վ.Խաչյանի և նրա պաշտպան Ռ.Սաֆարյանի, Ա.Ալեքսանյանի պաշտպան Կ.Հակոբյանի, Թ.Պարտոևի, Կ.Բաղդասարյանի պաշտպան Ա.Ստեփանյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2013 թվականի օգոստոսի 2-ի որոշմամբ բողոքները մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի հունիսի 1-ի դատավճիռը թողել օրինական ուժի մեջ:
3. Վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Վ.Խաչյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ վերադարձվել է:
4. Դատապարտյալ Վ.Խաչյանի և նրա պաշտպան Կ.Գրեյանի՝ նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Դատապարտյալ Վ.Խաչյանը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է այն բանի համար, որ «(…) [նա] Թոլիբ Սոյիմի Պարտոևից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել, (…) 200 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց, որոնք նույն ժամանակահատվածում, (…) ապօրինի իրացրել է քննությամբ չպարզված անձին:
Վլադիմիր Խաչյանը, (…) Թոլիբ Սոյիմի Պարտոևից անվճար, առանց իրացնելու նպատակի, իր գործածման համար ապօրինի ձեռք է բերել և պահել խոշոր չափերի` 1.8 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց (…):
Բացի այդ, Վլադիմիր Խաչյանը, (…) Թոլիբ Պարտոևին ապօրինի իրացրել է 0.45 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց (…)»1:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոշարադրյալ հիմնավորումներով.
6. Բողոք բերած անձինք, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել են, որ նշված փոփոխություններով բարելավվել է Վ.Խաչյանի վիճակը, հետևաբար, դրանք ենթակա են կիրառման Վ.Խաչյանի նկատմամբ:
7. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք խնդրել են Վ.Խաչյանի վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին, և փոփոխել նրա նկատմամբ նշանակված վերջնական պատիժը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Վլադիմիր Խաչյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումը վերանայելու համար:
9. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:
ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:
10. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում՝ Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար, նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ, ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կամ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կամ մեղմացնում է պատիժը, կամ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն2:
11. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում՝ անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում՝ արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով՝ որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)»3:
Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»4:
12. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ՝ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։
13. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն` «1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը՝
պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով։
(...)
3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
(...)
2) առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամբ` յոթից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա (...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝
պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով»։
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
(...)
2) խոշոր չափերով,
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով (...)»:
Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ է սահմանված եղել՝ 0.5 գրամից մինչև 10.0 գրամը ներառյալ, որպես առանձնապես խոշոր չափ՝ ավելի քան 10.0 գրամը, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ՝ 0.5 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ։
Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ՝ 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ,որպես առանձնապես խոշոր չափ՝ ավելի քան 12.5 գրամը, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես մանր չափ՝ 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ։
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վլադիմիր Խաչյանը դատապարտվել է՝
- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ իրացնելու նպատակով ընդհանուր` 200 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու համար,
- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ 0.45 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար,
- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ առանց իրացնելու նպատակի, խոշոր չափի` 1.8 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար5:
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք չեն Վ.Խաչյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության:
16. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Վ.Խաչյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության:
Մասնավորապես, «ափիոն» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում՝ 1.8 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է։ Ուստի` դատապարտյալ Վ.Խաչյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասին։
Նման պայմաններում թմրամիջոցի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և դրանց գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Վ.Խաչյանի կողմից կատարված արարքի վրա:
17. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Վ.Խաչյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումը վերանայելու համար:
18. Վերանայման արդյունքում, անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել դատապարտյալ Վլադիմիր Խաչյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի հունիսի 1-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2013 թվականի օգոստոսի 2-ի որոշումը:
Վ.Խաչյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 9 (ինը) ամիս ժամկետով` hաշվի առնելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, ինչպես նաև գործի նյութերում առկա` Վ.Խաչյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքը: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ Վ.Խաչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նշանակված առանց գույքի բռնագրավման՝ 11 (տասնմեկ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկմանը պետք է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 5 (հինգ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումից՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 9 (ինը) ամիս ժամկետով ազատազրկումից՝ 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և Վ.Խաչյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 12 (տասներկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման, պատժի սկիզբը հաշվելով՝ 2012 թվականի հունվարի 25-ից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Վլադիմիր Հայկազի Խաչյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:
2. Դատապարտյալ Վլադիմիր Հայկազի Խաչյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի հունիսի 1-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2013 թվականի օգոստոսի 2-ի որոշումը բեկանել ու փոփոխել:
3. Վլադիմիր Հայկազի Խաչյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 9 (ինը) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ Վլադիմիր Հայկազի Խաչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նշանակված առանց գույքի բռնագրավման՝ 11 (տասնմեկ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 5 (հինգ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումից՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 9 (ինը) ամիս ժամկետով ազատազրկումից՝ 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և Վլադիմիր Հայկազի Խաչյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 12 (տասներկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Պատժի սկիզբը հաշվել՝ 2012 թվականի հունվարի 25-ից:
4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 6-7:
2 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։
3 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:
4 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:
5 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
Նախագահող` Լ. Թադևոսյան Դատավորներ` Հ. Ասատրյան Ս. Ավետիսյան Ե. Դանիելյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան