Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-23
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (28.12.1995-10.11.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1995/10 հոդ. 170, ՀՀ 28.12.95/317
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.12.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.12.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.11.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է Ազգային ժողովի կողմից
14 դեկտեմբերի 1995 թ.

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

 

Հոդված 1. Մինչև տեղական ինքնակառավարման մասին օրենքի ընդունումը և տեղական ինքնակառավարման նոր մարմինների կազմավորումը պատգամավորների գյուղական ու քաղաքային խորհուրդները և նրանց գործադիր մարմինները շարունակում են իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից լուծարվում են պատգամավորների շրջանային, Երևանի քաղաքային, Երևան և Գյումրի քաղաքների շրջանային խորհուրդները, իսկ նրանց գործադիր մարմինները (բացառությամբ Գյումրի քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր մարմինների) շարունակում են գործել մինչև համապատասխան մարզպետների նշանակումը և մարզպետարանների կազմավորումը, որից հետո այդ մարմինները կառավարության կողմից սահմանված կարգով լուծարվում են:

Գյումրի քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր մարմինները լուծարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից: Գյումրի քաղաքի շրջանային խորհուրդների և նրանց գործադիր մարմինների լիազորություններն իրականացնում են համապատասխանաբար Գյումրիի քաղաքային խորհուրդը և նրա գործադիր մարմինը:

 

Հոդված 3. Մարզպետին կից ստեղծվում է խորհրդակցական մարմին` մարզի խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են համայնքների ղեկավարները և մարզպետը: Խորհրդի նիստերը նախագահում է մարզպետը:

 

Հոդված 4. Մարզպետը`

1) դատական կարգով գանգատարկում է տեղական ինքնակառավարման մարմինների օրենսդրությանը հակասող ակտերն ու գործողությունները.

2) օրենսդրության պահանջները խախտելու դեպքում կարող է քաղաքային, գյուղական խորհրդի նախագահին պաշտոնանկ անելու մասին առաջարկություն ներկայացնել կառավարություն: Կառավարությունը կարող է անվստահություն հայտնել գյուղական խորհրդի նախագահին.

3) պաշտոնը թափուր մնալու դեպքում նշանակում է գյուղական խորհրդի նախագահի պաշտոնակատար.

4) կարգադրություններ է անում համայնքների ղեկավարներին քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների, ինչպես նաև տեխնոլոգիական և տարերային աղետների վտանգների նվազեցման ու հետևանքների վերացման հետ կապված աշխատանքների կազմակերպման վերաբերյալ.

5) հրավիրում և վարում է մարզի խորհրդի նիստ` իր սահմանած օրակարգով.

6) խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել համայնքների ավագանիների (գյուղական և քաղաքային խորհուրդների) նիստերին.

7) իրականացնում է սույն օրենքով և օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 5. Սույն օրենքում օգտագործվող մարզ, մարզպետ, մարզպետարան, համայնք հասկացությունները համապատասխանաբար պետք է հասկանալ նաև Երևան, Երևանի քաղաքապետ, Երևանի քաղաքապետարան, թաղային համայնք:

Երևանում ստեղծվում է Երևանի խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են Երևանի քաղաքապետը և թաղային համայնքների ղեկավարները: Երևանի քաղաքապետը խորհրդի ղեկավարն է: Մինչև թաղային համայնքների կազմավորումը Երևանի քաղաքային խորհրդի նախագահությունը իրականացնում է Երևանի խորհրդի լիազորությունները:

 

Հոդված 6. Երևանի քաղաքապետը, օրենսդրությամբ մարզպետի համար սահմանված լիազորություններից բացի, քաղաքապետարանի միջոցով`

1) օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է պետական, ոչ պետական ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքը և վերահսկում է հասարակական տրանսպորտի երթուղիները և չվացուցակները.

2) կազմակերպում է փողոցների և ճանապարհների շինարարությունը, վերանորոգումը և շահագործումը.

3) կազմակերպում է Երևանի ջեռուցումը, տաք ջրամատակարարումը, ջրամատակարարումը, ջրմուղ-կոյուղու, սանիտարական մաքրման կառուցվածքների և կայանքների շինարարությունը, վերանորոգումը և շահագործումը.

4) կառավարության հաստատմանն է ներկայացնում Երևանի գլխավոր հատակագիծը.

5) հաստատում է թաղային համայնքների մանրամասն հատակագծման և կառուցապատման նախագծերը, համաձայնեցնում է կառուցվող շենքերի, շինությունների և այլ օբյեկտների, քաղաքի ինժեներական կառուցվածքների և բարեկարգման նախագծերը.

6) սահմանում է տների համարակալումը.

7) կազմակերպում է աղբահանությունը, աղբի և թափոնների վերամշակումը.

8) կազմակերպում է հանրային բնակելի տների շինարարությունը.

9) կազմակերպում է քաղաքային ենթակայության մարզական և մշակութային հիմնարկների, զբոսայգիների, կանաչ գոտիների, ջրավազանների և ջրամբարների շինարարությունը, վերանորոգումը և շահագործումը:

Երևանի քաղաքապետը Երևանի խորհրդի համաձայնությամբ`

1) անվանում և վերանվանում է Երևանի փողոցները, պողոտաները, հրապարակները, զբոսայգիները, քաղաքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հաստատությունները.

2) օրենսդրությամբ սահմանված իր իրավասության շրջանակում կանոնակարգում է առևտրի և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների գործունեությունը.

3) հաստատում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու կարգը:

 

Հոդված 7. Երևանի խորհուրդը Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևան քաղաքի համար օրենքով սահմանված աղբյուրներից ձևավորվող եկամուտների սահմաններում ծախսերի նախահաշիվը և բաշխումը:

Երևանի խորհրդի աշխատակարգը հաստատում է Երևանի քաղաքապետը:

Երևանի խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է խորհրդի անդամների կեսից ավելին:

 

Հոդված 8. Սահմանադրությամբ սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ նշանակել 1996 թվականի նոյեմբերի 10-ին:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
27 դեկտեմբերի 1995 թ.
ՀՕ-23