ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2019 թվականի N 1952-Լ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-391-26.11.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-391-26.11.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 27 Երևան |
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-391-26.11.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում (այսուհետ՝ օրենք) լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) նախատեսվում են նոր կարգավորումներ, որոնց համաձայն՝ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության կազմից ընտրված Ազգային ժողովի նախագահի տեղակալը իրավունք ունի գրավոր հարցապնդումներով դիմելու Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին: Հիշյալ կարգավորմանը համապատասխան փոփոխություններ են կատարվում նաև օրենքի 38-րդ (Հերթական նստաշրջանի օրակարգը) և 40-րդ (Հերթական նիստերի ընթացքը) հոդվածների՝ հարցապնդումներին վերաբերող դրույթներում:
Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ «օրենսդրական այս նախաձեռնությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88-րդ հոդվածով ամրագրված Ազգային ժողովի կողմից գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողության իրականացման լիազորության իրացմամբ: Վերահսկողությունն իրական կերպով կարող է իրականացվել հատկապես ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից, ինչն էլ առավել արդյունավետ կդարձնի վերահսկողության մեխանիզմի իրականացումը: Առհասարակ օրենսդրական այս նախաձեռնությունն անհրաժեշտ է պառլամենտի վերահսկողությունն ուժեղացնելու և ընդդիմադիր ուժին իրական հնարավորություն տալու արդյունավետ վերահսկողություն իրականացնել կառավարության նկատմամբ։ Ուստի Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության կազմից ընտրված Ազգային ժողովի նախագահի տեղակալին գրավոր հարցապնդմամբ հանդես գալու օրենսդրական հնարավորությամբ օժտելը բխում է հանրության շահերից»։
Վերոգրյալի համատեքստում անհրաժեշտ ենք համարում դիտարկել հետևյալ իրավական կարգավորումները: Այսպես`
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«1. Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:»:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի համաձայն՝
«1. Խմբակցություններն ունեն Կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու իրավունք:
2. Խմբակցությունը նույն հերթական նստաշրջանի ընթացքում Կառավարության անդամներին հարցապնդումով կարող է դիմել ոչ ավելի, քան մեկ անգամ:
3. Խմբակցությունը Կառավարությանը գրավոր հարցապնդումով դիմելու իրավունքն իրականացնում է իր որոշմամբ:»:
Այս առումով հարկ ենք համարում անդրադառնալ Ազգային ժողովի նախագահի տեղակալի լիազորությունները սահմանող «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի կարգավորումներին, համաձայն որոնց՝
«(…)
2. Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ Ազգային ժողովի նախագահի տեղակալը՝
1) նախագահում է Ազգային ժողովի նիստերը.
2) նախագահում է Խորհրդի նիստերը.
3) փոխարինում է Ազգային ժողովի նախագահին կամ իրականացնում է Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված այլ հանձնարարություններ:
3. Ազգային ժողովի նախագահի տեղակալները մասնակցում են Խորհրդի նիստերին:
4. Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության նախագահի պարտականությունները կատարելիս Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել է առավել շատ ձայներ, իսկ ձայների հավասարության դեպքում՝ տարիքով ավագը:»:
Հիշյալ կարգավորումների և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալների դերի, լիազորությունների և վերջիններիս վերապահված գործառույթների բովանդակային վերլուծությունից պարզ է դառնում, որ Ազգային ժողովի նախագահի տեղակալներն ըստ էության իրականացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի կազմակերպման, կանոնակարգման և առհասարակ Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված գործառույթներ, մասնավորապես՝ Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ նախագահում են Ազգային ժողովի և խորհրդի նիստերը, մասնակցում խորհրդի նիստերին, փոխարինում Ազգային ժողովի նախագահին, իսկ մնացած, այսինքն՝ կարգավիճակից բխող գործունեությունը վերջիններս իրականացնում են իրենց պատգամավորական լիազորությունների շրջանակում: Մասնավորապես՝ հարկ է նշել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու իրավունքը վերապահված է խմբակցություններին: Հետևաբար, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության կազմից ընտրված Ազգային ժողովի նախագահի տեղակալն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին գրավոր հարցապնդմամբ դիմելու իր իրավունքն իրացնել խմբակցության միջոցով:
Վերոգրյալից հետևում է, որ Ազգային ժողովի նախագահի տեղակալին գրավոր հարցապնդումներով Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին դիմելու իրավասության վերապահումը չի բխում Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված Ազգային ժողովի նախագահի տեղակալի կարգավիճակից, ինչպես նաև վերջիններիս վերապահված գործառույթների և լիազորությունների շրջանակից:
Այս առումով հիմնավորված չէ նաև նախագծի հիմնավորմամբ վկայակոչված վերահսկողության առավել արդյունավետ իրականացման ապահովումը հատկապես ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից, ինչպես նաև նշված վերահսկողության ապահովումը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տեղակալի պաշտոնով պայմանավորելը:
Հարկ է նաև նշել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկը ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Այսինքն՝ ստացվում է, որ բոլոր ընդդիմադիր խմբակցություններից ընտրվում է միայն մեկ թեկնածու, իսկ մյուս ընդդիմադիր խմբակցություններից որևէ պատգամավոր չի ընտրվում որպես տեղակալ:
Տվյալ դեպքում խնդրահարույց է վերահսկողության առավել արդյունավետ իրականացման նպատակով Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության կազմից ընտրված Ազգային ժողովի նախագահի տեղակալին՝ գրավոր հարցապնդումներով դիմելու իրավունքի վերապահումը, քանի որ նման իրավասության վերապահումը կհանգեցնի անհավասարակշռության մյուս ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ՝ ելնելով այն հանգամանքից, որ նախագծով նախատեսված կարգավորման պարագայում կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու լիազորություն կվերապահվի միայն այն ընդդիմադիր խմբակցությանը, որի կազմում ընդգրկված պատգամավորների թվից առաջադրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տվյալ տեղակալը:
Միաժամանակ հարկ է նշել նաև, որ նախագծում առկա են օրենսդրական տեխնիկայի կանոնների խախտումներ:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող օրենքի գործող հոդվածները թողնել անփոփոխ: