Գլխավոր տեղեկություն
Համար
N 188-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.02.26/14(1569) Հոդ.180
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 փետրվարի 2020 թվականի N 188-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի «Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 1179-Ն որոշման N 1 հավելվածի`

1) 4-րդ կետի 4-րդ ենթակետում «հավաստագիրը,» բառից հետո լրացնել «բացառությամբ այն դեպքի, երբ դիմումը ներկայացվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո.» բառերով, իսկ «իսկ եթե դիմումը ներկայացվել է երեխայի ծնվելուց հետո` ծննդօգնության պետական հավաստագրի պատճենը (վավերացված այն բժշկական կազմակերպության կնիքով և տնօրենի ստորագրությամբ, որտեղ ծննդաբերել է հղին) և երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը (ծննդյան վկայական, երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթուղթ կամ մահվան վկայական).» բառերը հանել.

2) 4.1-ին կետից հանել «սույն կարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետում նշված փաստաթղթերի փոխարեն ներկայացվում է Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպության տված ծննդօգնության պետական հավաստագիրը, իսկ եթե դիմումը ներկայացվել է երեխայի ծնվելուց հետո` ծննդօգնության պետական հավաստագրի պատճենը (վավերացված այն բժշկական կազմակերպության կնիքով և տնօրենի ստորագրությամբ, որտեղ ծննդաբերել է հղին): Այս դեպքում» բառերը.

3) 4.2-րդ կետից հանել «, ինչպես նաև ներկայացված փաստաթղթի (ծննդօգնության պետական հավաստագրի կամ դրա պատճենի) հավաստիությունը ճշտելու համար Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հարցումը կատարում է» բառերը.

4) 8-րդ և 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

3. Եթե 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածում չաշխատող անձի մայրության նպաստ նշանակելու դիմումը մերժվել է ծննդօգնության պետական հավաստագիրը չներկայացվելու հիմքով, ապա մայրության նպաստը նշանակվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ին` անկախ նոր դիմում ներկայացնելու հանգամանքից:

4. Եթե հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի ավարտը 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածում է, ապա մայրության նպաստ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 140-օրյա ժամանակահատվածում ներկայացվելու դեպքում համարվում է, որ անձը դիմել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

          

2020 թ. փետրվարի 21

Երևան