Գլխավոր տեղեկություն
Համար
N 1865-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.12.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 21.12.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2019 թվականի N 1865-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

          

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-344-06.11.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

     

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

  

2019 թ. դեկտեմբերի 20

Երևան

        

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-344-06.11.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆՆԵՐԸ

     

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում է հետևյալ դիտարկումները:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2019 թվականի հունիսի 25-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ներդրվել է միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ, որի շրջանակներում էականորեն ընդլայնվել է հարկման արտոնյալ համակարգերի կիրառության շրջանակը: Մասնավորապես, նշյալ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ընդլայնվել է իրացման շրջանառության թույլատրելի առավելագույն մեծությունը, հանվել են ինչպես գործունեության իրականացման վայրերի, այնպես էլ աշխատողների թվի ու շրջանակի հետ կապված սահմանափակումները։ Բացի դրանից, հարկերից ազատված գործունեության տեսակների շարքում են հայտնվել նաև ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների և ներմուծողների գործունեությունը, առևտրական (առք ու վաճառքի) գոր-ծունեությունը (բացառությամբ Երևան քաղաքի վարչական սահմաններում, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում իրականացվող առևտրական գործունեության), Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս իրականացվող՝ հանրային սննդի կազմակերպման գործունեությունը: Այս առումով վերոնշյալ օրենսդրական փոփոխություններն էականորեն ընդլայնել են իրացման շրջանառությունների իրական ծավալները թերհայտարարագրելու և դրանով իսկ միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգում արհեստականորեն հայտնվելու տնտեսական շարժառիթները՝ դրանով իսկ իրացման շրջանառությունների իրական ծավալները վերահսկելու խնդիրը մեծ մարտահրավեր դարձնելով հարկային մարմինների համար։ Իրացման շրջանառությունների թերհայտարարագրմամբ հարկման արտոնյալ համակարգերում հայտնվելու հնարավորությունները խնդիրներ են ստեղծում նաև հարկային քաղաքականության հասցեականության և շուկայական մրցակցության առումներով՝ հաշվի առնելով այն, որ, երբ խոշոր տնտեսավարող սուբյեկտները հայտնվում են ի սկզբանե իրենց համար չնախատեսված հարկման արտոնյալ համակարգերում, բացի այն, որ խեղաթյուրվում է հարկային քաղաքականության հասցեականությունը, նաև խաթարվում է հավասար մրցակցությունը, քանի որ խոշոր տնտեսավարող սուբյեկտներն անհավասար պայքարի մեջ են մտնում նույն հարկային միջավայրում աշխատող, սակայն տնտեսական հնարավորություններով իրենցից էականորեն փոքր տնտեսավարող սուբյեկտների հետ։

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ նույն խնդիրներն առկա են նաև շրջանառության հարկի համակարգի պարագայում, քանի որ շրջանառության հարկի գծով հարկային բեռը մի քանի անգամ ավելի ցածր է, քան գործունեության համապատասխան տեսակը հարկման ընդհանուր համակարգում իրականացնելու պարագայում ձևավորվող՝ ԱԱՀ-ի և շահութահարկի արդյունավետ դրույքաչափերի հանրագումարն է։

Ուստի, գտնում ենք, որ հարկման այս համակարգերում գործող տնտեսավարող սուբյեկտների (հատկապես վերջիններիս իրացման շրջանառությունների) նկատմամբ արդյունավետ հարկային վարչարարություն իրականացնելու գործիքակազմի առկայությունը շատ կարևոր է, քանի որ նշյալ հարկման համակարգերը նախատեսված են իրական փոքր և միջին ձեռնարկատերերի համար, և անթույլատրելի է, որպեսզի իրացման շրջանառությունները թաքցնելու միջոցով այս հարկման համակարգերից օգտվեն փոքր և միջին ձեռնարկատիրության հատկանիշներով չբնութագրվող տնտեսավարող սուբյեկտները: Հետևաբար, վերոնշյալ ռիսկերը կառավարելի դարձնելու տեսանկյունից գտնում ենք, որ ՀԴՄ-ների կիրառության խախտումների համար հարկային օրենսդրությամբ սահմանված տուգանքների չափերը պետք է լինեն այնպիսին, որ՝

1) տնտեսավարող սուբյեկտների համար խթաններ չստեղծվեն ՀԴՄ-ների կիրառության խախտումներ կատարելու համար, այսինքն, ՀԴՄ-ների կիրառության խախտումներ կատարելը պետք է լինի տնտեսապես ոչ շահավետ.

2) տուգանքների կիրառությունը հնարավորինս նպաստի հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը, այսինքն, այդ չափով տուգանվելու և ֆինանսական ռեսուրսներ կորցնելու ռիսկը բավարար լինի իրացման շրջանառությունները թաքցնելու վարքագիծ չդրսևորելու համար:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով, որպես ծրագրային դրույթ, ամրագրվել է ստվերային շրջանառությունների կրճատումը և նշյալ ծրագրային խնդրի լուծման համար առանձնակի կարևորվել է տնտեսությունում բոլոր գործարքների լիարժեք փաստաթղթավորման ապահովումը՝ գտնում ենք, որ ՀԴՄ-ների կիրառության խախտումների մասով իրականացվող քաղաքականությունը պետք է ունենա տրամագծորեն հակառակ ուղղվածություն: Մասնավորապես, գտնում ենք, որ անհրաժեշտ է ավելի խստացնել ՀԴՄ-ների կիրառության կանոնները խախտելու համար սահմանված պատասխանատվության միջոցները՝ զուգահեռաբար կատարելագործելով նաև դրանց կիրառության ընթացակարգերը:

Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով ՀԴՄ-ների կիրառության խախտումների համար ավելի խիստ տուգանքներ սահմանվել են այն ժամանակ, երբ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մի մասի հարկումը հաստատուն ելակետային տվյալների (սպասարկման սրահի մակերեսի) հիման վրա հաշվարկվող՝ արտոնագրային վճարի համակարգից տեղափոխվել է իրացման շրջանառության հիման վրա հաշվարկվող՝ շրջանառության հարկի համակարգ կամ հարկման ընդհանուր համակարգ: Ընդ որում, ՀԴՄ-ների կիրառության խախտումների համար ավելի խիստ տուգանքներ սահմանելու անհրաժեշտությունը պայմանավորված էր մի կողմից ոլորտում հարկային վարչարարություն իրականացնելու հետ կապված բարդություններով, մյուս կողմից՝ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների շահութաբերության բավական բարձր մակարդակով, որի պայմաններում այլ գործունեության տեսակների մասով ՀԴՄ-ների կիրառության խախտումների համար նախատեսված տուգանքների կիրառությունը արդյունավետ հարկային վարչարարություն իրականացնելու հնարավորություն չէր ընձեռում: Մասնավորապես, ՀԴՄ-ների կիրառության խախտումների համար խիստ տուգանքներ սահմանելու անհրաժեշտությունը պայմանավորված է եղել նրանով, որ գործունեության այդ տեսակով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մի մասի (600 մ2 գերազանցող սպասարկման սրահի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների մասով) հարկային պարտավորություններն սկսել են հաշվարկվել իրացման շրջանառությունների հիման վրա: Այս առումով պետք է ընդգծել, որ օրենսգրքում 2018 թվականի հուլիսի 1-ից կատարված փոփոխությունների արդյունքում հանրային սննդի ոլորտի հարկումն ամբողջությամբ տեղափոխվել է շրջանառության հարկի կամ հարկման ընդհանուր համակարգ, որոնց շրջանակներում հարկային պարտավորությունները հաշվարկվում են իրացման շրջանառության և կատարված ձեռքբերումների մեծությունների հիման վրա: Ակնհայտ է, որ 2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների արդյունքում իրացման շրջանառությունները թաքցնելու ռիսկերի կառավարման առումով կամ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության նկատմամբ իրականացվող վարչարարության բարդությունների մասով փոփոխություններ տեղի չեն ունեցել, և այս պայմաններում ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից թույլ տրված՝ ՀԴՄ-ների կիրառության խախտումների համար սահմանված՝ առավել խիստ տուգանքների նվազեցումը հիմնավորված չէ: Ավելին, պետք է նշել, որ, եթե մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը ոլորտի մի մասի հարկային պարտավորությունները հաշվարկվում էին սպասարկման սրահի մակերեսների հիման վրա, որի դեպքում տնտեսավարող սուբյեկտների այդ մասի համար իրացման շրջանառությունները թաքցնելու ռիսկերն էական չէին, ապա 2018 թվականի հուլիսի 1-ից հետո կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանրային սննդի ոլորտն ամբողջությամբ հարկվում է շրջանառության հարկի կամ հարկման ընդհանուր համակարգերում, որտեղ ՀԴՄ կտրոններ չտրամադրելու միջոցով հարկային պարտավորություններից խուսափելու ռիսկերը շատ ավելի մեծ են:

Ամփոփելով վերոնշյալը՝ հայտնում ենք, որ ՀԴՄ-ների կիրառության խախտումների համար գործունեության բոլոր տեսակների համար միասնական տուգանքներ կիրառելու առաջարկությունն ընդունելի է, սակայն պայմանով, որ տուգանքների միասնականացման արդյունքում ոչ թե նվազեցվեն հանրային սննդի ոլորտի մասով սահմանված տուգանքները, այլ մյուս ոլորտների համար նախատեսված տուգանքները սահմանվեն առնվազն հանրային սննդի ոլորտի համար սահմանված տուգանքների չափով:

Հաշվի առնելով վերոգրյալը` նախագիծն այս տեսքով ընդունելը համարում ենք ոչ նպատակահարմար:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան