Գլխավոր տեղեկություն
Համար
N 635-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (23.01.2020-04.12.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.07.09/36(1049) Հոդ.563
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2014 թվականի N 635-Ն

 

ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՊԱՍՏԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ԿԱՄ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՊԱՍՏ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ մասերը, 35-րդ հոդվածի 5-րդ մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասը, 39-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով, իսկ սկսած 2017 թվականի հունվարի 1-ից` «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ քաղաքացու բնակության վայրի տարածքային կենտրոն է համարվում այն տարածքային կենտրոնը, որտեղ փաստացի ներկայացվում են սույն որոշմամբ սահմանված դիմումները:

(1-ին կետը լրաց. 08.12.16 N 1250-Ն)

2. Հաստատել`

1) ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը և ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու, ինչպես նաև չվճարված նպաստի գումարը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը և տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հունիսի 30

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունիսի 26-ի N 635-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՊԱՍՏԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ԿԱՄ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՊԱՍՏ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:

2. Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը (այսուհետ՝ նաև նպաստ) նշանակում, վճարումն ապահովում, նպաստի գործերը (փաստաթղթերը) հաշվառում և վարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ իր տարածքային բաժինների միջոցով (այսուհետ՝ տարածքային բաժին):

3. Նպաստը նշանակվում է ըստ փաստացի բնակության վայրի հասցեի, որը սույն կարգի իմաստով համարվում է Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալներում առկա հաշվառման վայրը:

3.1. Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հիման վրա նույնականացված՝ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին նպաստ է նշանակվում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 1 հավելվածի 3.2-րդ կետով սահմանված կարգով:

(3.1-ին կետը լրաց. 09.11.17 N 1414-Ն)

4. Նպաստ նշանակելու համար դիմող անձի` բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները (ներառյալ հաշվառման վայրը և հաշվառվելու օրը, ամիսը, տարեթիվը) ճշտում է տարածքային բաժինը` ինքնաշխատ եղանակով:

5. Օրենքով սահմանված պայմանները բավարարելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունի այն անձը, ով դիմել է տարածքային բաժին և նրան նշանակվել է ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ (այսուհետ՝ նպաստառու):

 

II. ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ

 

6. Նպաստ նշանակելու համար անձը գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է ծառայության տարածքային բաժին:

(6-րդ կետը փոփ. 08.12.16 N 1250-Ն)

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձին կամ 18 տարին չլրացած (անչափահաս) անձին նպաստ նշանակելու համար գրավոր դիմում է ներկայացնում նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը:

8. 14 տարին լրացած անձն իրավունք ունի նպաստ նշանակելու համար դիմել անձամբ:

8.1. Ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին և առաջին խմբի հաշմանդամին նպաստ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 1 հավելվածի 6.1-ին կետով սահմանված կարգով:

(8.1-ին կետը լրաց. 09.11.17 N 1414-Ն)

9. Նպաստ նշանակելու դիմումը գրանցվում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի (այսուհետ՝ շտեմարան) էլեկտրոնային մատյանում: Դիմումում նշվում են դիմողի անունը, ազգանունը, հաշվառման վայրի հասցեն, նպաստի տեսակը և ստանալու եղանակը, դիմելու օրը, ամիսը, տարեթիվը:

 

III. ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼԸ, ՆՊԱՍՏ ՎՃԱՐԵԼԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ ԵՎ ՎԵՐՍԿՍԵԼԸ

 

10. Նպաստ նշանակելու, նպաստ վճարելը դադարեցնելու կամ վերսկսելու մասին դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ տարածքային բաժնի մասնագետը`

1) դիմումում լրացված տվյալները համեմատում է անձը հաստատող փաստաթղթի և ներկայացված մյուս փաստաթղթերի տվյալների հետ.

2) տեսաներածում է փաստաթղթերի բնօրինակները և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում շտեմարան.

3) հաշվառում է անձի դիմումը և տալիս է դիմումն ընդունելու վերաբերյալ իր կողմից ստորագրված ստացականը, իսկ փաստաթղթերի բնօրինակները վերադարձնում է դիմողին:

11. Հաշմանդամության նպաստը նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի հիման վրա, որի «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված առաջին ամսաթիվը հաշմանդամություն սահմանելու օրն է, երբվանից նշանակվում է հաշմանդամության նպաստը:

(11-րդ կետը լրաց. 16.01.20 N 31-Ն)

12. Տարածքային բաժինն անձի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է`

1) նպաստը նշանակել կամ նպաստ նշանակելը մերժել.

2) նպաստ վճարելը դադարեցնել կամ վերսկսել՝ նշելով օրենքով սահմանված հիմքը:

13. Տարածքային բաժինը նպաստ նշանակելը մերժելու որոշում ընդունելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է նպաստ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները:

14. Տարածքային բաժինը նպաստը նշանակելու, նպաստը նշանակելը մերժելու, նպաստի տեսակը փոխելու, նպաստի տեսակը փոխելը մերժելու, նպաստն ստանալու իրավունքը վերականգնելու, նպաստը վճարելը վերսկսելու և նպաստ վճարելը դադարեցնելու որոշումը ձևակերպում է համապատասխան էլեկտրոնային հաշվարկ-կարգադրությամբ։ Էլեկտրոնային հաշվարկ-կարգադրությունը ձևավորվում է ինքնաշխատ եղանակով և պահվում է շտեմարանում (նպաստի էլեկտրոնային գործում)։ Էլեկտրոնային հաշվարկ-կարգադրության մեջ ներառվող տեղեկատվության կազմն ու բովանդակությունը սահմանում է ծառայությունը:

(14-րդ կետը խմբ. 09.11.17 N 1414-Ն)

15. Ծերության նպաստը նշանակվում է այդ նպաստի իրավունք տվող տարիքը (65 տարեկանը) լրանալու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո երեք ամսվա ընթացքում:

16. Հաշմանդամության նպաստը նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է երեք ամսվա ընթացքում: Ընդ որում, սույն կետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթվից:

(16-րդ կետը փոփ., լրաց. 16.01.20 N 31-Ն)

17. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստը նշանակվում է կերակրողի մահվան օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան օրվանից հետո վեց ամսվա ընթացքում:

18. Սույն կարգի 15-17-րդ կետերում նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում նպաստը նշանակվում է դիմելու օրվանից:

19. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստ է նշանակվում ընտանիքի` այդ նպաստի իրավունքն ունեցող անդամներից յուրաքանչյուրին:

20. Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետության (այսուհետ՝ համաձայնագրի մասնակից պետություն)` Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող քաղաքացիներին նպաստ է նշանակվում ըստ Հայաստանի Հանրապետությունում նրանց հաշվառման վայրի:

21. Համաձայնագրի մասնակից պետության քաղաքացիություն ունեցող` Հայաստանի Հանրապետության երկքաղաքացուն, համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն նպաստ է նշանակվում այդ պետությունում կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու և ստացված կենսաթոշակի գործի կամ այդ պետությունում կենսաթոշակ նշանակված չլինելու մասին այդ պետության կենսաթոշակ նշանակող մարմնի գրությամբ տված տեղեկանքի հիման վրա: Տեղեկանքը չներկայացնելու դեպքում, այն ստանալու համար, տարածքային բաժինը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 1 հավելվածի 33.1-ին, 33.2-րդ և 33.3-րդ կետերով սահմանված կարգով և ժամկետներում համաձայնագրի մասնակից պետության կենսաթոշակ նշանակող մարմին կատարում է հարցում, հարցման պատասխանի հիման վրա նշանակում է նպաստ կամ մերժում է նպաստ նշանակելը:

(21-րդ կետը լրաց. 09.11.17 N 1414-Ն)

22. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին, ինչպես նաև կալանավորված անձին նպաստ նշանակվում և վճարվում է, ինչպես նաև նա բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման 2-րդ կետի 8-րդ ենթակետով հաստատված կարգով:

(22-րդ կետը լրաց. 09.11.17 N 1414-Ն)

23. Նպաստը վերահաշվարկվում է՝

1) նպաստի չափը փոխվելու դեպքում՝ այդ հանգամանքն առաջանալու ամսվա 1-ից.

2) հաշմանդամության խումբը փոխվելու (հաշմանդամություն սահմանելու մասին որոշումը վերադասության կարգով վերանայելու հետևանքով) դեպքում՝ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի հիման վրա՝ այդ հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

3) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող երեխայի կամ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող զավակի մյուս ծնողը մահանալու դեպքում` նրա մահվան օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

24. Նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում է օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով:

25. Նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված` նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու համար հիմք համարվող հանգամանքներին վերաբերող տեղեկատվության հիման վրա:

26. Նպաստ վճարելը դադարեցվում է՝

1) նպաստ ստանալու իրավունքն օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով դադարեցնելու դեպքում՝ նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից.

2) ըստ շտեմարանում առկա տվյալների՝ նպաստն անկանխիկ եղանակով ստացող նպաստառուն, վերջին անգամ բանկ ներկայանալու (նպաստն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ բանկ չի ներկայացել և հայտարարություն չի ստորագրել Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին՝ այդ հանգամանքներն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

(26-րդ կետը փոփ. 09.11.17 N 1414-Ն)

27. Առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի` կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ին:

28. Նպաստ վճարելը վերսկսվում է նպաստ ստանալու իրավունքն օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով վերականգնվելու դեպքում:

29. Եթե նպաստ ստանալու իրավունքը վերականգնվել է օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով սահմանված կարգով, ապա նպաստ վճարելը վերսկսվում է նպաստառուի գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերն անձամբ ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, 2-րդ կետով սահմանված կարգով վերականգնվելու դեպքում՝ 18 տարին լրացած անձի` կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` գրավոր դիմելու օրվանից:

(29-րդ կետը փոփ., լրաց. 16.01.20 N 31-Ն)

30. Եթե հաշմանդամության նպաստ ստանալու իրավունքը վերականգնվել է օրենքով սահմանված կարգով, ապա նպաստ վճարելը վերսկսվում է`

1) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամ ճանաչվելու դեպքում` դադարեցնելու օրվանից, իսկ հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո տասներկու ամսվա ընթացքում, հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից՝ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի հիման վրա.

2) հաշմանդամության ժամկետը լրանալուց տասներկու ամիս հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է հաշմանդամ ճանաչվելուց հետո երեք ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից: Սույն ենթակետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթվից:

(30-րդ կետը լրաց. 16.01.20 N 31-Ն)

31. Հաշմանդամության ժամկետը (ինչպես նաև մանկուց հաշմանդամ երեխայի 18 տարին) լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում, հաշմանդամ ճանաչվելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնելիս` նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվան հաջորդող ժամանակահատվածի համար նպաստը վճարվում է հաշմանդամության նոր խմբի համար հաշվարկված նպաստի չափով:

31.1. Հաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում և նպաստ վճարելը վերսկսվում է նաև այդ նպաստն օրենքով սահմանված կարգով ստանալու իրավունք ունեցող ծնողի` նպաստը մյուս ծնողին վճարելու մասին նոտարական կարգով վավերացված համաձայնության հիման վրա, եթե գրավոր դիմումը և համաձայնությունը ներկայացվել են տարածքային բաժին: (նախադասությունը հանվել է 16.01.20 N 31-Ն)

(31.1-ին կետը լրաց. 09.11.17 N 1414-Ն, փոփ. 16.01.20 N 31-Ն)

31.2. Հաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստն ստանալու իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում հաշմանդամության նպաստի վճարումը վերականգնվում և նպաստը վճարվում է մյուս ծնողին, եթե այդ ծնողն իր գրավոր դիմումը և մահացած ծնողի մահվան վկայականը ներկայացրել է տարածքային բաժին:

(31.2-րդ կետը լրաց. 16.01.20 N 31-Ն)

31.3. Սույն կարգի 31.1-ին և 31.2-րդ կետերում նշված դեպքերում էլեկտրոնային շտեմարանում կատարվում է նպաստառուի նպաստն ստանալու իրավունք ունեցող անձի տվյալների փոփոխություն:

(31.3-րդ կետը լրաց. 16.01.20 N 31-Ն)

32. Նպաստ վճարելը վերսկսվում և չվճարված նպաստի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա` նպաստառուի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու մասին տեղեկատվության հիման վրա` անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացվելու ամսվան հաջորդող ամսվա նպաստների վճարման համար սահմանված ժամկետում: Ուսումնական հաստատությունում սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքն օրենքի 33-րդ հոդվածի 9-րդ մասի հիման վրա վերականգնելու դեպքում նպաստ վճարելը վերսկսվում է՝ անկախ նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը նպաստառուի կողմից անձամբ ներկայացվելու հանգամանքից:

(32-րդ կետը լրաց. 09.11.17 N 1414-Ն)

33. Նպաստ վճարելը վերսկսելու դեպքում չվճարված նպաստի գումարը վճարվում է միանվագ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում: Նպաստ վճարելը դադարեցված լինելու դեպքում չվճարված նպաստի գումարը լիազորագրով չի վճարվում՝ բացառությամբ նպաստառուի՝ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու, հոգեբուժական հաստատությունում բուժվելու, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքերի:

34. Եթե նպաստ վճարելը դադարեցվել է, ապա չվճարված նպաստի գումարը վճարվում է դիմելու կամ նպաստ վճարելը վերսկսելու (նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունն ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը նպաստ ստանալու իրավունք է ունեցել` հաշվի առնելով դիմելու ամսվան նախորդող ժամանակահատվածում նպաստի չափի վերահաշվարկման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանների փոփոխությունները:

35. Օտարերկրյա քաղաքացուն նպաստ վճարելը վերսկսվում և չվճարված նպաստի գումարը վճարվում է միայն այն պետությունում կենսաթոշակ նշանակած չլինելու մասին փաստաթղթի առկայությամբ, որի քաղաքացին է նա:

36. Համաձայնագրի մասնակից պետության քաղաքացիություն ունեցող` Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու, համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացու նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում և նպաստ վճարելը վերսկսվում է (չվճարված նպաստի գումարը վճարվում է) միայն այդ պետությունում կենսաթոշակ նշանակած չլինելու մասին փաստաթղթի առկայությամբ: Փաստաթուղթը չներկայացնելու դեպքում, այն ստանալու համար, տարածքային բաժինը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 1 հավելվածի 51.6-րդ և 51.7-րդ կետերով սահմանված կարգով և ժամկետներում համաձայնագրի մասնակից պետության կենսաթոշակ նշանակող մարմին կատարում է հարցում, հարցման պատասխանի հիման վրա վերականգնում է անձի նպաստ ստանալու իրավունքը և (կամ) վերսկսում է նպաստ վճարելը և (կամ) վճարում է չվճարված նպաստի գումարը կամ մերժում դիմումը:

(36-րդ կետը լրաց. 09.11.17 N 1414-Ն)

37. Նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում և նպաստ վճարելը վերսկսվում է (չվճարված նպաստի գումարը վճարվում է), եթե նպաստառուն, ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի:

(37-րդ կետը լրաց. 09.11.17 N 1414-Ն)

38. Նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու և նպաստ վճարելը վերսկսելու համար դիմած նպաստառուի` բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները (ներառյալ հաշվառման վայրի հասցեն և հաշվառվելու օրը, ամիսը, տարեթիվը) ճշտում է տարածքային բաժինը` ինքնաշխատ եղանակով:

 

IV. ՆՊԱՍՏ ՎՃԱՐԵԼԸ

 

39. Նպաստն անկանխիկ կամ կանխիկ եղանակով վճարվում է նպաստառուի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ հաստատված կարգով:

40. 14 տարին լրացած անձն իրավունք ունի նպաստ ստանալու անձամբ: 18 տարին լրացած նպաստառուի նպաստը վճարվում է անձամբ նրան կամ նրա փոխարեն նպաստն ստանալու իրավունք ունեցող անձին:

41. Եթե օրենքով սահմանված կարգով նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու կամ նպաստ վճարելը վերսկսելու համար նպաստառուն գրավոր դիմումը և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ներկայացրել է անձամբ, ապա նպաստը (այդ թվում` չստացված նպաստի գումարը) կարող է վճարվել նաև նպաստառուի (տասնչորս տարեկան չդարձած կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցչի՝ ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) տված և նոտարի վավերացրած լիազորագրով: Չվճարված նպաստի գումարներն այս դեպքում միանվագ վճարվում են նպաստ վճարելու համար դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը նպաստ ստանալու իրավունք է ունեցել: Նշված լիազորագրով կարող է վճարվել նաև հետագա 12 ամսվա նպաստի գումար՝ սկսած լիազորագիրը տալու ամսվանից, բայց մինչև լիազորագրի գործողությունը դադարելը:

42. Զինվորական ուսումնական հաստատությունում սովորող, քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող նպաստառուի նպաստը վճարվում է (նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է, նպաստ վճարելը վերսկսվում է) նաև տվյալ կազմակերպության ղեկավարի վավերացրած լիազորագրով:

43. Լիազորագրով նպաստ չի վճարվում (լիազորագրով նպաստ վճարելը դադարեցվում է), եթե`

1) լրացել է լիազորագրի գործողության ժամկետը.

2) նպաստը լիազորագրով վճարվել է տասներկու ամիս անընդմեջ.

3) լիազորագիրը տալու ամսվանից հետո անցել է տասներկու ամիս:

44. Նպաստառուի մահվան պատճառով չվճարված նպաստի գումարները վճարվում են նրա ընտանիքի անդամներին: Այդ գումարներն ամուսնուն կամ 14 տարին լրացած երեխային վճարվում են անկախ նրա հաշվառման վայրից, իսկ զավակին կամ ծնողին, կամ ընտանիքի այլ անդամի` նպաստառուի մահվան օրվա դրությամբ բնակության նույն վայրի հասցեում նրա հետ հաշվառված լինելու դեպքում:

45. Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուի մահվան դեպքում չվճարված նպաստի գումարը վճարվում է նաև նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:

46. Նպաստառուի մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային բաժին են ներկայացվում նպաստառուի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում նպաստառուի մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը ենթակա է ժառանգման:

(46-րդ կետը փոփ. 09.11.17 N 1414-Ն)

47. Նպաստառուին հասանելիք, սակայն նրա մահվան պատճառով չվճարված նպաստի գումարները վճարվում են նաև այդ գումարներն ստանալու իրավունք ունեցող անձի տված և նոտարի վավերացրած լիազորագրով:

48. Օրենքի 35-րդ հոդվածով սահմանված դեպքում հուղարկավորությունը կատարած անձը թաղման նպաստ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային բաժին է ներկայացնում անձի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում: Թաղման նպաստը նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ տարածքային բաժնի մասնագետը՝

1) դիմումում լրացված տվյալները համեմատում է անձը հաստատող փաստաթղթի և ներկայացված մյուս փաստաթղթերի տվյալների հետ.

2) տեսաներածում է փաստաթղթերի բնօրինակները և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում շտեմարան.

3) մահվան վկայականի բնօրինակի դարձերեսին կատարում է «Թաղման նպաստի դիմումն ընդունված է» գրառումը և ստորագրում.

4) հաշվառում է անձի դիմումը և տալիս է դիմումն ընդունելու վերաբերյալ իր կողմից ստորագրած ստացականը:

49. Թաղման նպաստ չի նշանակվում, եթե նպաստառուի մահվան օրվա դրությամբ նպաստ ստանալու իրավունքը դադարեցվել է՝ բացառությամբ հաշմանդամ ճանաչված անձի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու և մահանալու, ինչպես նաև վերափորձաքննության ներկայանալու և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահանալու դեպքերի:

(49-րդ կետը փոփ. 16.01.20 N 31-Ն)

 

V. ՆՊԱՍՏԻ ԳՈՐԾԵՐԸ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ) ՎԱՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

50. Նպաստի գործը նպաստ նշանակելու դիմումի և նպաստ նշանակելու համար անհրաժեշտ (տարածքային բաժին ներկայացված)՝ բնօրինակ փաստաթղթերի ամբողջությունն է։ Նպաստի գործին տրվում է հերթական համար` գրանցելով շտեմարանի էլեկտրոնային գլխավոր մատյանում: Նպաստի գործը պահվում է այն տարածքային բաժնում, որտեղ ներկայացվել է նպաստ նշանակելու դիմումը։ Եթե նպաստի տեսակը փոխելու, նպաստը լիազորագրով վճարելու, նպաստը վճարելու եղանակը (բանկը, կամ կազմակերպությունը) փոխելու, նպաստն ստանալու իրավունքը վերականգնելու, նպաստը վճարելը վերսկսելու համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են այն տարածքային բաժին, որտեղ գտնվում է նպաստի գործը, ապա բնօրինակ փաստաթղթերը կարվում են նպաստի գործին։ Եթե սույն կետում նշված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են այլ տարածքային բաժին (որտեղ չի գտնվում նպաստի գործը), ապա բնօրինակ փաստաթղթերը կարվում են դիմումին և պահվում են տարածքային այդ բաժնում:

(50-րդ կետը խմբ. 09.11.17 N 1414-Ն)

51. Նպաստի էլեկտրոնային գործը նպաստ նշանակելու, նպաստի տեսակը փոխելու, նպաստը լիազորագրով վճարելու, նպաստը վճարելու եղանակը (բանկը, կամ կազմակերպությունը) փոխելու, նպաստն ստանալու իրավունքը վերականգնելու, նպաստը վճարելը վերսկսելու դիմումին կից տարածքային բաժին ներկայացված փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենների, ինչպես նաև սույն կարգի 14-րդ կետում նշված հաշվարկ-կարգադրությունների ամբողջությունն է։ Նպաստի էլեկտրոնային գործին կցվում են նաև տվյալ գործին առնչվող այլ փաստաթղթեր՝ հարցումները, գրությունները, դրանց պատասխանները, պահանջագրերը և այլն։ Նպաստի էլեկտրոնային գործը պահվում է շտեմարանում:

(51-րդ կետը  խմբ. 09.11.17 N 1414-Ն)

52. Ընտանիքի՝ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեցող անդամներից յուրաքանչյուրի համար կազմվում է նպաստի գործ: Եթե նպաստի իրավունք ունեցողն անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անձ է, և նպաստը վճարվում է նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին, ապա նպաստ նշանակելու էլեկտրոնային հաշվարկ-կարգադրության մեջ նշվում են նաև օրինական ներկայացուցչի անունը, հայրանունը և ազգանունը:

(52-րդ կետը փոփ. 09.11.17 N 1414-Ն)

53. Նպաստի գործին կարվում են բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքները:

54. (կետն ուժը կորցրել է 09.11.17 N 1414-Ն)

55. Եթե նպաստառուն Հայաստանի Հանրապետության տարածքում փոխում է իր հաշվառման վայրը, ապա գրավոր դիմում է հաշվառման նոր վայրի տարածքային բաժին: Հաշվառման նոր վայրի տարածքային բաժինն ինքնաշխատ եղանակով ճշտում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները և հաշվառման նախկին վայրի տարածքային բաժնից պահանջում է նպաստի գործը: Գործն ստանալուց հետո նպաստ վճարելը վերսկսվում է նպաստառուի հաշվառման նախկին վայրում նպաստ վճարելը դադարեցնելու օրվանից: Այս դեպքում նպաստի էլեկտրոնային գործը հաշվառվում է նպաստառուի հաշվառման նոր վայրի տարածքային բաժնում:

(55-րդ կետը խմբ. 09.11.17 N 1414-Ն)

56. (կետն ուժը կորցրել է 09.11.17 N 1414-Ն)

57. Հաշվառման նոր վայրի տարածքային բաժինը պահանջագիրը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է հաշվառման նախկին վայրի տարածքային բաժին, որը 15 աշխատանքային օրվա ընթացքում նպաստի գործն ուղարկում է հաշվառման նոր վայրի տարածքային բաժին:

58. Նպաստառուի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունքի՝ օրենքով սահմանված ժամկետը լրանալու դեպքում նպաստի գործերը նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո 10 տարի պահվում են տարածքային բաժնում: Նշված ժամկետը լրանալուց հետո ծառայությունը նպաստի թղթային գործերը ոչնչացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` պահպանելով դրանց էլեկտրոնային տարբերակները:

(58-րդ կետը փոփ. 09.11.17 N 1414-Ն)

 

VI. ՆՊԱՍՏԻՑ ՊԱՀՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
(բաժինը լրաց. 09.11.17 N 1414-Ն)

 

59. Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի՝ նպաստառուին ավելի վճարված գումարներն ամբողջությամբ ենթակա են վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման, սակայն ավելի գումարների վճարման հանգամանքի հայտնաբերման ամսվան նախորդած 12 ամիսների ընթացքում ստացած ավելի գումարի չափից ոչ ավելի: Այդ գումարները կարող են հետ գանձվել անձի (նպաստ նշանակող ստորաբաժանման աշխատողի, նպաստառուի, նրա օրինական ներկայացուցչի, նրանց փոխարեն նպաստն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձի կամ այլ անձի) և նպաստ նշանակող տարածքային բաժնի փոխհամաձայնությամբ կազմված ժամանակացույցի հիման վրա:

(հավելվածը փոփ. 08.12.16 N 1250-Ն, լրաց., փոփ., խմբ. 09.11.17 N 1414-Ն, լրաց., փոփ. 16.01.20 N 31-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունիսի 26-ի N 635-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ, ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՊԱՍՏԸ ԵՎ ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ԿԱՄ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՊԱՍՏ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՉՎՃԱՐՎԱԾ ՆՊԱՍՏԻ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ցանկում ներառված է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը (այսուհետ՝ նաև նպաստ) և ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի (այսուհետ՝ նպաստառու) մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու, ինչպես նաև չվճարված նպաստի գումարը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

2. Նպաստ նշանակելու համար անձը հաստատող փաստաթուղթ է`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար (այդ թվում` երկքաղաքացիների)` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը (մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայականը) կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը.

2) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` Հայաստանի Հանրապետության օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը.

3) փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:

3. Այն դեպքում, երբ անձը հաստատող փաստաթղթում նշված է միայն ծննդյան տարեթիվը` առանց ամսվա և օրվա, ապա ծննդյան ամիս և օր է համարվում տվյալ տարվա հուլիսի 1-ը, իսկ եթե նշված չէ օրը` համապատասխան ամսվա 15-ը:

4. Հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց հրաժարվող անձը ներկայացնում է բնակչության պետական ռեգիստրը վարող մարմնի տրամադրած՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը: Անձը հանրային ծառայությունների համարանիշի փոխարեն կարող է ներկայացնել նաև մինչև «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելն ստացած սոցիալական ապահովության քարտը:

 

II. ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՆՊԱՍՏ ՎՃԱՐԵԼԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՉՎՃԱՐՎԱԾ ՆՊԱՍՏԻ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

5. Նպաստ նշանակելու, նպաստ վճարելը վերսկսելու և չվճարված նպաստի գումարը վճարելու համար անձը ներկայացնում է դիմում, անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ:

6. Հաշմանդամության նպաստ նշանակելու համար անձը, բացի սույն ցանկի 5-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացնում է նաև իրեն հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքը:

7. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու համար անձը, բացի սույն ցանկի 5-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացնում է նաև կերակրողի մահվան վկայականը կամ նրան մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը:

8. Նպաստառուի մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը վճարելու համար անձը ներկայացնում է սույն ցանկի 5-րդ կետում նշված փաստաթղթերը, նպաստառուի մահվան վկայականը կամ նրան մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը, անհրաժեշտության դեպքում՝ նաև ժառանգության իրավունքի վկայագիրը:

9. Նպաստառուի մահվան օրվա դրությամբ բնակության միևնույն վայրում նրա հետ հաշվառված չլինելու դեպքում ամուսինը ներկայացնում է ամուսնության վկայականը, երեխան` ծննդյան վկայականը:

10. Նպաստ նշանակելու, նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, նպաստ վճարելը վերսկսելու, չվճարված նպաստի գումարը վճարելու համար դիմելու դեպքում, բացի սույն ցանկով սահմանված փաստաթղթերից, ներկայացվում են նաև՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացին` հայտարարություն Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի չլինելու և Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններում (այսուհետ՝ համաձայնագրի մասնակից պետություն) իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին, իսկ համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին` նաև փաստաթուղթ այդ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու կամ կենսաթոշակ նշանակված լինելու մասին (հայտարարության և փաստաթղթի բնօրինակները պահվում են նպաստի գործում).

2) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին`

ա. օտարերկրյա պետության իրավասու պետական մարմնի տված` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագիրը,

բ. հայտարարություն համաձայնագրի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ լինելու մասին, իսկ համաձայնագրի մասնակից պետության քաղաքացի հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին` նաև փաստաթուղթ այդ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակած չլինելու կամ լինելու մասին (հայտարարության և փաստաթղթի բնօրինակները պահվում են նպաստի գործում).

3) օտարերկրյա քաղաքացին`

ա. օտարերկրյա պետության իրավասու պետական մարմնի տված` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագիրը,

բ. այլ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու կամ լինելու մասին փաստաթուղթ, որի բնօրինակը պահվում է նպաստի գործում:

11. Սույն ցանկով սահմանված` օտարերկրյա պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերը, բացառությամբ այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագրի և համաձայնագրի մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերի, ընդունվում են ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ` հայերեն թարգմանությամբ:

12. Համաձայնագրի մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերն ընդունվում են հայերեն թարգմանությամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փաստաթղթերը ռուսերեն են: Փաստաթղթերի հայերեն թարգմանությունը պետք է վավերացրած լինի Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարը կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկը:

13. Նպաստ նշանակելու համար գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն անձամբ տարածքային բաժին է ներկայացնում նպաստի իրավունք ունեցող անձը, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Ծնողը, որդեգրողը կամ խնամակալը ներկայացնում է նաև օրինական ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթուղթը:

 

III. ՆՊԱՍՏԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

14. Նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելու համար անձը ներկայացնում է`

1) դիմումը.

2) անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը.

3) մահացած նպաստառուի մահվան վկայականը կամ մահվան փաստը հավաստող` օտարերկրյա պետության տված փաստաթուղթը` վավերացված ապոստիլով:

(14-րդ կետը լրաց. 16.01.20 N 31-Ն)

15. Հաշմանդամության ժամկետը լրացած և վերափորձաքննության չներկայացած անձի մահվան դեպքում, բացի սույն ցանկի 14-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը վերափորձաքննության չներկայանալու մասին:

15.1. Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում վերափորձաքննության ներկայացած և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը մահացած անձի դեպքում, բացի սույն ցանկի 14-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը մահացած անձի` վերափորձաքննության ներկայանալու և նրա վերաբերյալ որոշում չկայացնելու մասին:

(15.1-ին կետը լրաց. 16.01.20 N 31-Ն)

16. Թաղման նպաստ ստանալու համար անձը, անհրաժեշտության դեպքում, ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ սահմանված` գերեզմանատան տնօրինության տված տեղեկանքն անձին Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորելու մասին (տեղեկանքի բնօրինակը պահվում է տարածքային բաժնում), եթե մահվան վկայականը կամ մահվան փաստը հավաստող փաստաթուղթը տվել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը կամ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի տված մահվան վկայականում կատարված գրառման համաձայն` կենսաթոշակառուն մահացել է օտարերկրյա պետությունում:

(16-րդ կետը լրաց. 16.01.20 N 31-Ն)

(հավելվածը լրաց. 16.01.20 N 31-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան