ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԱՎԴ/0101/01/13 |
ԱՎԴ/0101/01/13 |
Նախագահող դատավոր՝ Ռ. Մխիթարյան |
Դատավորներ՝ |
Ս. Չիչոյան |
Ռ. Բարսեղյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ` դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ` | Մ. Ավագյանի |
2019 թվականի փետրվարի 7-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի մարտի 5-ի որոշման դեմ Նապոլեոն Օգսենի Մաթևոսյանի պաշտպան Տ.Ղազարյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2013 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճռով, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, Նապոլեոն Օգսենի Մաթևոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվել ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով: Ն.Մաթևոսյանի նկատմամբ կիրառվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2013 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը, և նա ազատվել է պատժից:
Նշված դատավճիռը չի բողոքարկվել և 2014 թվականի հունվարի 21-ին մտել է օրինական ուժի մեջ:
2. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ 2018 թվականի փետրվարի 6-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) բողոք է ներկայացրել Ն.Մաթևոսյանի պաշտպան Տ.Ղազարյանը: Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մարտի 5-ի որոշմամբ պաշտպանի բողոքը թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ։
3. Վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել պաշտպան Տ.Ղազարյանը: Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ պաշտպանի բողոքն ընդունվել է վարույթ։
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
4. Ներկայացված վերաքննիչ բողոքում պաշտպան Տ.Ղազարյանը խնդրել է հիմնարար խախտման հիմքով բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճիռը և կայացնել արդարացման դատական ակտ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ճանաչելով և հռչակելով Նապոլեոն Օգսենի Մաթևոսյանի անմեղությունը:
5. Վերաքննիչ դատարանը 2018 թվականի մարտի 5-ի որոշմամբ պաշտպանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ. « (...) համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի` վերաքննիչ բողոք բերվում են` «(…) [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքի 376.1 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում` դատական ակտը` օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում (…)»:
Տվյալ դեպքում (…) Առաջին ատյանի դատարանի՝ Նապոլեոն Օգսենի Մաթևոսյանի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ ԱՎԴ/0101/01/13 դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 21-ին, իսկ դրա դեմ սույն վերաքննիչ բողոքը բերվել է 2018 թվականի փետրվարի 6-ին՝ չորս տարուց ավելի ժամանակ անց: (...) [Ու]ստի այն ժամկետանց է և պետք է թողնվի առանց քննության»1։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
6. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մարտի 5-ի` վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը հիմնավորված, պատճառաբանված և օրինական չէ։
Ըստ բողոքի հեղինակի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումներից ակնհայտ է դառնում, որ ի տարբերություն հիմնարար խախտման հիմքով վերաքննիչ բողոք բերելու օրենքով սահմանված վեցամսյա ժամկետի՝ նույն հիմքով վճռաբեկ բողոք բերելը որևէ ժամկետով սահմանափակված չէ, եթե դա ուղղված է անձի վիճակի բարելավմանը: Բողոքաբերի կարծիքով նման պայմաններում առաջանում է անհավասար իրավիճակ, քանի որ այն անձինք, ովքեր նախկինում բողոքարկել են իրենց վերաբերյալ կայացված դատական ակտը վերաքննիչ դատարան, կարող են առանց որևէ ժամանակային սահմանափակման բողոքարկել դատական ակտը Վճռաբեկ դատարան, իսկ այն անձինք, ովքեր վերաքննիչ բողոք չեն բերել, իրենց նկատմամբ կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վեց ամիս անց զրկվում են դատական ակտի վերանայման իրավունքից, որն ուղղակիորեն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ:
7. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մարտի 5-ի` վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը և կայացնել նոր դատական ակտ։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքներից բխու՞մ է արդյոք Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ պաշտպանի կողմից ներկայացված բողոքը ժամկետանց է, և որ վերջինիս կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ վերաքննիչ բողոք բերելու ժամկետները:
9. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝ (...) Առաջին ատյանի դատարանների՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` «Վերաքննիչ բողոք բերվում են՝ (…) սույն օրենսգրքի 3761 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում՝ դատական ակտը` օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում»:
9.1 ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՀՀ սահմանադրական դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն այնքանով, որքանով ժամկետային սահմանափակում է նախատեսում անձի իրավական վիճակի բարելավմանն ուղղված առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման համար, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 69-րդ և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր2:
9.2 Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանը խնդրո առարկա դրույթի սահմանադրականության առնչությամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) [Օ]րինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման համար նախատեսված վեցամսյա ժամկետն ընդհանուր առումով ուղղված է դատական ակտերի կայունության, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի որոշակիության և անխախտելիության սկզբունքի ապահովմանը:
Մյուս կողմից՝ «(…) իրավական որոշակիության պահանջները բացարձակ չեն։ Այս սկզբունքից շեղումն արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհաղթահարելի բնույթ ունեցող հանգամանքների թելադրանքով կամ եթե լուրջ իրավաչափ նկատառումները գերակայում են իրավական որոշակիության սկզբունքի նկատմամբ։ Քրեական գործի վարույթը նորոգելու հնարավորությունն ինքնին համատեղելի է [«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական] [կ]ոնվենցիայի հետ, ներառյալ` 6-րդ հոդվածի երաշխիքները։ 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ կետը հստակորեն թույլատրում է նոր փաստերի կամ նախորդ վարույթում տեղ գտած` գործի ելքի վրա ազդող հիմնարար թերության հիմքով նորոգել գործի վարույթը»:
Հարկ է նշել նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք վճիռներում վերահաստատել է այն դիրքորոշումը, համաձայն որի՝ էական կամ անհաղթահարելի բնույթի հանգամանքներով պայմանավորված օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերացման գործընթացը կարող է համապատասխանել իրավական որոշակիության սկզբունքին, երբ դա անհրաժեշտ է դատական սխալը շտկելու համար (Pravednaya v. Russia, 18 նոյեմբերի 2004):
(...)
Նյութական կամ դատավարական հիմնարար խախտման արդյունքում կայացված և արդարադատության բուն էությունը խաթարող արդեն իսկ ուժի մեջ մտած առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման հնարավորությունը վեցամսյա ժամկետով սահմանափակելը դատական պաշտպանության իրավունքը դարձնում է անարդյունավետ՝ միաժամանակ զրկելով անձին արդար դատաքննության իրավունքի իրականացման հնարավորությունից: Անկախ սահմանված ժամկետում համապատասխան դատական ակտը չբողոքարկելու պատճառից՝ իրավական պետությունում չպետք է հանդուրժվի արդարադատության բուն էությունը խաթարող՝ դատապարտյալի հիմնարար իրավունքները խախտող դատական ակտի գոյությունը:
Բացի դրանից, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրի տարբերակված մոտեցումը, կապված արդեն իսկ ուժի մեջ մտած դատական ակտերի՝ վերաքննության կամ վճռաբեկության կարգով վերանայման հնարավորության հետ, արդարացված չէ: Այսպես՝ [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ՝ «Սույն օրենսգրքի 21-րդ հոդվածի վեցերորդ մասով սահմանված դեպքերում անձի վիճակի բարելավման հիմքով վճռաբեկ բողոք կարող է բերվել առանց ժամկետի սահմանափակման, իսկ անձի վիճակի վատթարացման հիմքով` դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդիրը նույն հիմքով վճռաբեկ բողոք ներկայացնելու համար չի նախատեսել որևէ ժամկետային սահմանափակում, վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վեցամսյա ժամկետի նախատեսումը չի հանդիսանում դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգ:
Բացի դրանից, հարկ է նկատի ունենալ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի՝ վճռաբեկ բողոքի ներկայացման պահանջները կարող են լինել ավելի խիստ, քան ստորադաս դատական ատյաններ ներկայացվող դիմումների պահանջները (Levages Prestations Services v. France, 23 հոկտեմբերի 1996):
Վճռաբեկ բողոքների թույլատրելիության շեմը չհաղթահարած, սակայն արդարադատության բուն էությունը խաթարելու վերաբերյալ ենթադրյալ փաստեր պարունակող բողոքների համար ժամկետային սահմանափակումներ սահմանելը պատշաճ հնարավորություն չի տալիս նաև հենց երկրորդ՝ «փաստի ատյանում», ինչպիսին է վերաքննիչ դատարանը, վերանայելու առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը: Հետևապես, օրենսդրի կողմից որդեգրված տարբերակումը վերաքննիչ և վճռաբեկ բողոքների միջև դուրս է դատական պաշտպանության արդյունավետ երաշխավորման համակարգային տրամաբանության շրջանակներից և համարժեք չէ դատական ակտերի կայունությունը երաշխավորելու նպատակի հարադրությամբ:
Այսպիսով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ արդարադատության բուն էությունը խաթարող և նյութական կամ դատավարական հիմնարար խախտումների արդյունքում անձանց համար անբարենպաստ հետևանքներ առաջացնող առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերը բողոքարկելու հնարավորության սահմանափակումը՝ դրանց ուժի մեջ մտնելու պահից՝ վեցամսյա ժամկետով, համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին, այն է՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի որոշակիության և անփոփոխելիության սկզբունքի ապահովմանը, ինչի արդյունքում անհամաչափորեն սահմանափակվում են անձի՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, ինչպես նաև դատապարտվածի՝ իր նկատմամբ կայացված դատավճռի՝ օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունքը (...)»3։
10. Սահմանադրական դատարանի վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն պայմաններում, երբ անձի վիճակի բարելավմանն ուղղված հիմնարար խախտման հիմքով վճռաբեկ բողոք կարող է բերվել առանց ժամկետի սահմանափակման, նույն հիմքով Վերաքննիչ դատարան բողոք բերելու համար վեցամսյա ժամկետի սահմանումը վտանգում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության, արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության, դատավճռի բողոքարկման հիմնարար իրավունքները: Դեռ ավելին` օրենսդրի կողմից, ի տարբերություն վճռաբեկ բողոքարկման, վերաքննիչ բողոքի ներկայացման ավելի լայն սահմանափակումներ նախատեսելը չի բխում նաև դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի տրամաբանությունից:
11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ն.Մաթևոսյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճիռը Վերաքննիչ դատարան չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ4։
2018 թվականի փետրվարի 6-ին պաշտպան Տ.Ղազարյանը հիմնարար խախտման հիմքով բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան5։ Վերաքննիչ դատարանը բողոքը թողել է առանց քննության` բողոքարկման վեցամսյա ժամկետը բաց թողած լինելու հիմքով6:
12. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-10-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ պաշտպանի կողմից ներկայացված բողոքը ժամկետանց է, և որ վերջինիս կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ վերաքննիչ բողոք բերելու ժամկետները, չի բխում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքներից:
13. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի մարտի 5-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության քննության առնի Ն.Մաթևոսյանի պաշտպան Տ.Ղազարյանի բողոքը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Նապոլեոն Օգսենի Մաթևոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մարտի 5-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_________________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 203-205:
2 Տե'ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշումը:
3 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշման 4.2-4.3-րդ կետերը։
4 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
5 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
Նախագահող` Լ. Թադևոսյան Դատավորներ` Հ. Ասատրյան Ս. Ավետիսյան Ե. Դանիելյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան