Գլխավոր տեղեկություն
Համար
N 1781-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.12.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.16/91(1544) Հոդ.1194
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2019 թվականի N 1781-Ն

 

 ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայտարարել 2019 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2020 թվականի հունվարի 20-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ (այսուհետ՝ պահեստազորի սպայական կազմի զորակոչ)՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:

2. Սահմանել պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թիվը՝ մինչև 74 բժիշկ-մասնագետ:

3. Պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակներում մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ զորացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝

1) օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում, ընդունել պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի զորակոչի անցկացման և օրենքով սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման.

2) ապահովել օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն պահեստազորի սպայական կազմի զորակոչի մանդատային հանձնաժողովի ստեղծումը.

3) պահեստազորի սպայական կազմի զորակոչից խուսափող քաղաքացիների տվյալներն ուղարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո նրանց վերաբերյալ կազմված նյութերը՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին շարունակել պահեստազորի սպայական կազմի զորակոչից խուսափող քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:

6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին՝

1) հայտարարված պահեստազորի սպայական կազմի զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող քաղաքացիների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հայաստանի Հանրապետության  արտաքին գործերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնած և պահեստազորի սպայական կազմի զորակոչին ենթակա քաղաքացիներին ծանուցել օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.

2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պահեստազորի սպայական կազմի զորակոչին ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:

8. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողին` պահեստազորի սպայական կազմի զորակոչին ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով պահեստազորի սպայական կազմի զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 13

Երևան