Գլխավոր տեղեկություն
Համար
N 68-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 01.02.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.01.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 2020 թվականի N 68-Լ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ՝

1) գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգին՝ համաձայն N 1 հավելվածի.

2) գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգի միջոցառումների ծրագրին՝ համաձայն N 2 հավելվածի:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. հունվարի 30

Երևան

 

   

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունվարի 23-ի N 68-Լ որոշման

   

Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ

   

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ

   

I. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ

      

1. Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգը (այսուհետ՝ հայեցակարգ) մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

      

II. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

     

2. Գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործումը գյուղատնտեսության ոլորտի զարգացման հենասյուներից մեկն է։ Համաձայն 2018 թվականի հողային հաշվեկշռի՝ գյուղատնտեսության նշանակության հողերը կազմում են 2044.5 հազ. հա, որից վարելահողերը՝ 445.6 հազ. հա, բազմամյա տնկարկները՝ 35.3 հազ. հա, խոտհարքները՝ 121.0 հազ. հա, արոտները՝ 1051.6 հազ. հա։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2018 թվականին նպատակային օգտագործվել է 242.8 հազ. հա վարելահող կամ շուրջ 54.5 %-ը։

3. Գյուղատնտեսական հողերի չմշակման պատճառները բազմաթիվ են. փոքր և մասնատված հողակտորների վրա եկամտաբեր գործունեության վարման դժվարություն, ոռոգման ջրի անհասանելիություն կամ անբավարար մատակարարում, գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման անմատչելիություն, հողի բերրիության ցածր մակարդակ, հողօգտագործողի կամ հողի սեփականատիրոջ, ինչպես նաև անհրաժեշտ շրջանառու միջոցների բացակայություն։

4. Ոլորտի խնդիրներից է ոչ միայն ոռոգման համակարգերի հասանելիության, այլև վերջիններիս արդյունավետ կառավարման ցածր մակարդակը։ Մասնավորապես, խնդիրը ոչ այնքան ջրային պաշարների պակասն է, որքան վերջինիս ճիշտ բաշխման կառուցակարգերի բացակայությունը, օրինակ՝ ոռոգման առավել արդյունավետ և ժամանակակից համակարգերի կիրառությունը։

5. Հայեցակարգը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ ընդունված Կառավարության ծրագրի 5.10 կետի, ինչպես նաև ՀՀ վարչապետի մոտ 2019 թվականի հուլիսի 14-ին կայացած՝ հողային բարեփոխումներ և հողերի խոշորացման առաջարկների մասին խորհրդակցության արձանագրության 2-րդ կետի «ա» ենթակետի հանձնարարականի պահանջների:

6. Սույն հայեցակարգը ոլորտի կայուն զարգացման ռազմավարության հիմնական առաջնահերթությունների լուծման՝ գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման համար Կառավարության ընդհանուր մոտեցումները կանխորոշող հիմնական փաստաթուղթն է։

7. Հայեցակարգն անդրադառնում է չօգտագործվող հողերի շրջանառության մեջ ներգրավմանը և հողի շուկայի զարգացմանը։

      

III. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

      

8. ՀՀ-ում ընդունվել և գործում են հողային հարաբերությունները կարգավորող մի շարք իրավական ակտեր, որոնցում ամրագրվել է ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականությունը:

9. Ոլորտը կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ հողային օրենսգրքով, ՀՀ քաղաքացիական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերով, «Հողերի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողության մասին», «Գյուղատնտեսական մելիորացիայի մասին», «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով և մի շարք այլ իրավական ակտերով։

10. Վերը նշված իրավական ակտերը կարգավորում են հողային պաշարների կառավարման, տիրապետման, տնօրինման և օգտագործման բնագավառում պետական քաղաքականությունը:

      

IV. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

      

11. Հայեցակարգի նպատակն է՝ հստակեցնել գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնց կիրառման արդյունքում կբարձրանան գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման մակարդակը, գյուղատնտեսական արտադրության արդյունավետությունը և երկրի պարենային անվտանգության մակարդակը, ինչպես նաև կավելանա գյուղատնտեսության համախառն արտադրանքը:

12. Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման խնդիրներն են՝

1) գյուղատնտեսական նշանակության հողերի ոչ արդյունավետ օգտագործումը.

2) գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման գործընթացի կառավարման և իրականացման լիազորություն ունեցող մարմինների, կառույցների գործառույթների և իրավասությունների հստակեցումը.

3) տնտեսական և իրավական կառուցակարգերի բացակայությունը.

4) չօգտագործվող հողերի հաշվառման և դասակարգման համակարգի բացակայությունը.

5) գյուղատնտեսական նշանակության հողերի թվայնացված աշխարհագրական քարտեզների, կադաստրային տվյալների բազայի ներդրման համակարգի բացակայությունը.

6) պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության հնարավորությունների լիարժեք օգտագործման մոտեցումների հստակեցումը.

7) իրականացվող միջոցառումների մոնիթորինգի համակարգի ապահովման մեխանիզմների հստակեցումը.

8) հողի սեփականատերերի իրազեկվածության ցածր մակարդակը.

9) հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման գործընթացում հողի սեփականատերերի մասնակցության ցածր մակարդակը.

10) գյուղատնտեսական երկարաժամկետ նպատակային ծրագրերի խթանման առկա մեխանիզմների ցածր մակարդակը:

      

V. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

      

13. Սույն հայեցակարգի 4-րդ գլխում ներառված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է՝

1) քաղաքականությունն (հատկապես քաղաքականության աջակցության միջոցառումները) ուղղորդել լքված հողերի հիմնախնդրի լուծմանը.

2) ստեղծել հողի շուկայի զարգացման մեխանիզմներ՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա.

3) չօգտագործվող հողերի դասակարգման չափանիշները և հաշվառման կարգը սահմանող ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում.

4) հողային բանկի ստեղծում և գործունեության իրավական կարգավորում.

5) հողային բանկերը և աճուրդները զարգացնելու միջոցով լքված հողերի մարկետինգը և չօգտագործված կամ թերօգտագործվող պետական հողերի վաճառքը խթանելու նպատակով հողի վարձակալական իրավունքը տրամադրել ամենաբարձր գին առաջարկողին՝ հատուկ նախապատվություն տալով հարևաններին և երիտասարդ տնտեսավարողներին.

6) հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման գործընթացում հողի սեփականատերերի մասնակցությունը խթանող մեխանիզմների առաջադրում.

7) իրականացնել հողերի կոնսոլիդացիայի երկարաժամկետ ծրագրեր՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա.

8) գյուղացիական տնտեսությունների թվային ռեգիստրի մշակում և գործարկում.

9) գյուղատնտեսական նշանակության հողերի թվայնացված քարտեզների և ագրոքիմիական հետազոտությունների հիման վրա տեղեկատվական բազաների ստեղծում և կիրառման մեխանիզմների առաջադրում:

14. Առաջարկվող լուծումներին հասնելու համար առաջնահերթ են համարվում գյուղատնտեսական հողատարածքների, այդ թվում՝ չօգտագործվող հողերի հաշվառումն ու թվայնացումը, որոնք պետք է ուղեկցվեն հողային օրենսդրության բարելավված փաթեթով և հողերի սեփականատերերի ու հողօգտագործողների միջև նոր կապերի հաստատման խթանմամբ:

   

VI. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  

15. Հայեցակարգի իրականացման արդյունքում ակնկալվում են հետևյալ արդյունքները՝

1) գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացում.

2) գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելացում.

3) գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների աճ, գյուղական աղքատության կրճատում, արտագաղթի տեմպերի նվազում.

4) երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացում.

5) առաջին անհրաժեշտության պարենամթերքի տեղական արտադրանքի աճ.

6) արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշռի և երկրի մակրոտնտեսական իրավիճակի բարելավում:

   

VII. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

    

16. Ներդրումների համար ֆինանսական աղբյուրներ կարող են հանդիսանալ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող դրամաշնորհային միջոցները, ինչպես նաև պետական բյուջեից և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հատկացվող համապատասխան միջոցները, օրենսդրությամբ չարգելված այլ միջոցները:

17. Հայեցակարգի դրույթների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ճշգրիտ գնահատականը հնարավոր է տալ հայեցակարգի դրույթներից բխող ծրագրերի շրջանակներում:

   

VIII. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

   

18. Գյուղատնտեսությունը, որպես երկրի տնտեսության ռազմավարական կարևորություն ունեցող ոլորտ, արտադրական ներուժի օգտագործման և հողօգտագործման տեսանկյունից դեռևս ցածր մակարդակ ունի։ Դրա հիմնական պատճառը գյուղացիական տնտեսությունների փոքր չափերն են, ինչը խոչընդոտում է հողի շուկայի (հատկապես՝ երկրորդային շուկայի) աշխուժացմանը, ինչպես նաև հողային ֆոնդի կառավարմանն ու գյուղատնտեսական արտադրության արդյունավետ կազմակերպմանը։

19. Ներկայումս չունենալով գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն՝ խնդիրներ են առաջանում ինչպես օբյեկտիվ պատճառներով չօգտագործվող կամ ոչ նպատակային օգտագործվող հողերի՝ գյուղատնտեսական շրջանառության մեջ ներառումը խթանող գործուն կառուցակարգեր մշակելու և ներդնելու, այնպես էլ ներդրողներին անհրաժեշտ հողատարածքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու գործում։ Իսկ գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից տեղեկատվական և ավտոմատացված կառավարման համակարգերի թույլ զարգացվածությունը բացասաբար է ազդում ոլորտի առավել ճշգրիտ քաղաքականության մշակման և արդյունավետ իրականացման գործընթացների վրա։

20. Հայեցակարգի դրույթները պետք է հիմք հանդիսանան հողային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև հողային հարաբերություններում ներառված անձանց իրավահարաբերություններն օրենսդրորեն կարգավորելու համար, ինչի կիրառությունը կհանգեցնի բնագավառում առկա բացերի վերացմանն ու ոլորտի արդյունավետ կառավարմանը, տարբեր պատճառներով չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերը շրջանառության մեջ ընդգրկելու (առանց սեփականության իրավունքից զրկելու կամ առգրավվելու), հանրապետությունում հողօգտագործման արդյունավետությունը բարձրացնելու համար նախադրյալների և իրավական գործուն մեխանիզմների ստեղծմանը:

21. Պետք է խրախուսել հողերի խոշորացումը, ինտենսիվ օգտագործումը, արտադրողականության բարձրացումը և գյուղատնտեսության ոլորտին առնչվող գործունեության զարգացումը, որն էլ իր հերթին կներգրավի լրացուցիչ ներդրումներ գյուղական տարածքներում։ Համագործակցելով բոլոր շահագրգիռ կողմերի և քաղաքացիական հասարակության հետ` Կառավարությունը հետամուտ պետք է լինի հողի շուկայի զարգացմանը՝ իրականացնելով հողերի ճշգրիտ գրանցում և հաշվառում, հողերի մասին նոր իրավական ակտերի ընդունում և անմշակ հողատարածքների կրճատման նպատակով տեխնիկական միջոցառումների (օրինակ՝ հողերի առք ու վաճառքի էլեկտրոնային հարթակ) մշակում, իսկ հողերի կոնսոլիդացման միջոցով արագորեն բարձրացնել հողի արտադրողականությունը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ինչպես հողի վարձակալության, այնպես էլ վաճառքի շուկաներին:

   

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունվարի 23-ի N 68-Լ որոշման

   

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

  

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ

   

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Նպատակը, խնդիրը, ոլորտում իրականացվելիք միջոցառման նկարագիրը

Պատասխանատու կատարողները և համակատարողները

Ժամկետը

Ֆինանսավոր-ման աղբյուրը, ֆինանսական միջոցների չափը

Ակնկալվող արդյունքը

1

2

3

4

5

6

7

1.

ՀՀ հողային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների մշակում

Հողօգտագործման արդյունավետության բարձրացման նախադրյալների և գործուն մեխանիզմների ստեղծում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2020 թ. երկրորդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողով օրենքի նախագծի ներկայացում

2.

«Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և որպես չօգտագործվող հողեր հաշվառելու կարգը հաստատելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում

Գյուղատնտեսական հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ օրենսդրական հենքի ստեղծում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2020 թ. երկրորդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշում և 95%-ով հաշվառված չօգտագործվող հողեր

3.

«Գյուղատնտեսական գործունեության մասին»
ՀՀ օրենքի նախագծի մշակում

Գյուղատնտեսական գործունեության տեսակների, տնտեսության կարգավիճակի հստակեցում և կանոնակարգում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2020 թ. երկրորդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողով օրենքի նախագծի ներկայացում

4.

Գյուղատնտեսական նշանակության հողերի թվայնացված աշխարհագրական քարտեզների ստեղծում, կադաստրային տվյալների բազայի ներդրում

4.1. Փաստացի հողօգտագործման և կադաստրային տվյալների հստակեցում

ՀՀ կադաստրի կոմիտե,
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

2020-2023 թթ.
չորրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե,
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Գյուղատնտեսական նշանակության հողերի ճշգրտված թվայնացված քարտեզ

4.2. ՀՀ-ում գյուղատնտե-սության համար նպատակահարմար տարածքների ընտրությունը աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) միջոցով

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածք-ների նախարարու-թյուն,
ՀՀ կադաստրի կոմիտե,
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն,
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2020-2023 թթ.
չորրորդ եռամսյակ

ՀՀ պետական բյուջե,
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Գյուղատնտեսական նշանակության հողերի ճշգրտված թվայնացված քարտեզում հողագիտական, բնակլիմայական շերտի առկայություն

5.

Հողային բարեփոխումների գործընթացին զուգընթաց իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում

Հանրային իրազեկվածության բարձրացում՝ հողային հարաբերությունների կարգավորման ոլորտում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2020 թ. և շարունակա-կան

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում տեղեկատվության տեղադրում, բուկլետների, ինֆորմացիոն հոլովակների պատրաստում, հանդիպումների/ մարզային այցելությունների անցկացում

6.

Հողային բանկի ստեղծում և գործունեության կարգավորում

Հողի շուկայի զարգացում, հողային բանկի լիազորությունների և պարտավորությունների սահմանում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
ՀՀ կադաստրի կոմիտե

2020-2021 թթ.
չորրորդ եռամսյակ

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Հողային բանկի և դրա գործունեու-թյունը կարգավո-րող իրավական փաստաթղթի առկայություն

7.

Հողերի խոշորացում՝ հողերի կոնսոլիդացման միջոցով

Հողերի կառավարման գործիքակազմի ձևավորման միջոցով, այն է՝ կամավոր սկզբունքի հիման վրա հողի վարձակալության, առք ու վաճառքի խթանման միջոցով հողակտորների խոշորացում՝ առանց սեփականության իրավունքից զրկելու մեխանիզմների ներդրմամբ, ինչպես նաև այդ գործընթացները կարգավորող իրավական ակտերի և հարակից փաստաթղթերի մշակում և ընդունում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
ՀՀ կադաստրի կոմիտե,
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (Արմավիրի մարզում), Ֆրանսիական զարգացման գործակալություն, միջազգային այլ կազմակերպություններ (համաձայնությամբ)

2020 թ. և շարունակա-կան

ՊԳԿ, ՖԶԳ, օրենքով չարգելված այլ միջոցներ,
ՀՀ պետական բյուջե

Հողերի խոշորացում ՀՀ Արմավիրի մարզի 3 համայնքներում և դրա ընդլայնում հանրապետության ողջ տարածքում

8.

Օբյեկտիվ պատճառներով (ենթակառուցվածքների բացակայություն կամ մելիորատիվ վատ վիճակ) չօգտագործվող հողատարածքների մշակման նախադրյալների ստեղծում

8.1. Խնդիրների բացահայտում, գույքագրում, ըստ առաջնահերթության միջոցառումների մշակում և իրականացում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածք-ների նախարարու-թյուն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
մարզպետարաններ, համայնքներ (համաձայնությամբ)

2020 թ. և շարունակա-կան

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

Մելիորատիվ վատ վիճակում գտնվող գույքագրված հողեր

8.2. Աղուտ-ալկալի հողերի լոկալ մելիորացման ծրագրերի իրականացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2020 թ. և շարունա-կական

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

Արարատյան հարթավայրում մասնավոր հատվածի ներգրավմամբ՝ առկա սոդային աղուտ-ալկալի յուրացված հողեր

         

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան