Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.11.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.13/90(1543).1 Հոդ.1184.12
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.11.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ԵԴ/0563/04/18

Սնանկության գործ թիվ ԵԴ/0563/04/18
2019 թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան  

Դատավորներ՝

Ա. Սմբատյան

 

Մ. Հարթենյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(
այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող

ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

զեկուցող

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

Վ. Ավանեսյան

 

 

Ա. Բարսեղյան

մ. դՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

 

 

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

Տ. Պետրոսյան

 

 

Ն. Տավարացյան

 

2019 թվականի նոյեմբերի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) դիմումի ընդդեմ Հայկ Սեդրակյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Հայկ Սեդրակյանի ներկայացուցիչ Գրիգոր Սեդրակյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Հայկ Սեդրակյանին ճանաչել սնանկ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Բաբայան) (այսուհետ` Դատարան) 19.11.2018 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.03.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը վերականգնելու մասին Հայկ Սեդրակյանի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հայկ Սեդրակյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ,  99-րդ, 179-րդ և 372-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը սույն գործով կայացված վճռի հրապարակման պահ է համարել այն դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելն այն դեպքում, երբ ՀՀ օրենսդրությունը, «հրապարակման պահ» ասելով, ի նկատի ունի դատական նիստերի դահլիճում դրա հրապարակումը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ մինչև նոր օրենսդրությամբ եզրափակիչ և միջանկյալ դատական ակտերի համար դատական իշխանության պաշտոնական կայքում պարտադիր հրապարակում նախատեսելն այդ դատական ակտերը հրապարակվում էին «www.datalex.am» կայքում և, ինչպես նախկին, այնպես էլ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով այդ ակտերի բողոքարկման ժամկետը հաշվվել է դրանց հրապարակման պահից, և երբեք հրապարակման պահ չի համարվել այդ ակտերը համապատասխան պաշտոնական կայքում կամ տեղեկատվական համակարգում հրապարակելը. այդպիսի պահ է համարվել դրանց դատական նիստերի դահլիճում հրապարակումը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ինտերնետը հասու չէ յուրաքանչյուրին, և բոլորը չէ, որ ունեն համապատասխան կայքեր մուտք գործելու կամ դրանցից օգտվելու հնարավորություն:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Հայկ Սեդրակյանը Դատարանի վճռի մասին տեղեկացել է այն փոստային ծառայության միջոցով ստանալուց հետո:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 05.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

 3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացնելիս թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ու որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը դատարանի կողմից դատական ակտը գործին մասնակցող անձին հանձնելու լիազորության պատշաճ կատարում դիտարկելու հարցին այն պարագայում, երբ գործում բացակայում են դատարանի կողմից դատական ակտի օրինակը հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձին ուղարկելու կամ մինչ այդ այն առձեռն հանձնված լինելու, ինչպես նաև դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով տվյալ դատական ակտը հրապարակելու ամսաթվի վերաբերյալ ապացույցները` նաև վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Եվրոպական դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ պետության կողմից սահմանված՝ բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայցևայնպես այդ կանոններն ու դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս, Magomedov and others v. Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):

Բացի այդ, Եվրոպական դատարանը նշել է, որ նաև բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ՝ բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս, Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):

Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս, Zavodnik v. Slovénie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):

Վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու, ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելուց հետո` 15 օրվա ընթացքում, դատավորը նշանակում է դատական նիստ, որին հրավիրվում են պարտապանը և դիմումում նշված պարտատերերը: Պատշաճ ծանուցված պարտատերերի և պարտապանի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար: Դատական նիստում դիմումի քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է վճիռ` պարտապանին սնանկ ճանաչելու կամ դիմումը մերժելու մասին:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով։ Վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի։ Պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճիռը կարող են բողոքարկել պարտապանը, պարտատերը (պարտատերերը):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Վերոգրյալ իրավական նորմերի բովանդակությունից նաև հետևում է, որ դատարաններում սնանկության գործերի վարումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրականացնելու համար անհրաժեշտ պայման է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով համապատասխան հարցի վերաբերյալ այլ կանոն սահմանված չլինելը: Հակառակ պարագայում այդ հարցի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը սնանկության վարույթի նկատմամբ կիրառելի չեն:

Տվյալ դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքով ներքոնշյալ հարցերի վերաբերյալ այլ կանոն սահմանված չէ, որի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ենթակա են կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ներքոնշյալ նորմերը և դրանց վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները: Այսպես`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերը նշված նորմերը, արձանագրել է, որ վճիռը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով և վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Փաստորեն, եթե վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելուց հետո դրա օրինակը չի հանձնվել անձին, ապա հրապարակման հաջորդ օրն այն պետք է ուղարկվի գործին մասնակցող անձանց: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգիրքը որդեգրել է այն մոտեցումը, որի համաձայն՝ առձեռն հանձնվելու եղանակի իրագործված չլինելու պայմաններում վճռի օրինակն ուղարկելը դիտարկվում է որպես առաջինին համարժեք, դրան փոխարինող միջոց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պայմաններում վճռի հրապարակումն իրականացվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, այսինքն՝ դատական նիստ հրավիրելու և նիստում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելու փոխարեն դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում: Հրապարակման նոր կարգ սահմանելն ուղղված է հանրության ավելի լայն շրջանակներին դատական ակտին հաղորդակից դարձնելուն, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափմանը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով սահմանել է նոր կարգ, սակայն դատարաններին չի ազատել դատական ակտի օրինակն անձին առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականությունից: Օրենսդիրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը չի դիտարկել դատական ակտին հաղորդակից դարձնելու դատարանի պարտականության պատշաճ իրականացում, քանի որ հակառակ պարագայում իմաստազուրկ է դառնում հրապարակման այդ կարգին զուգահեռ դատական ակտի հանձնման կամ ուղարկման եղանակների պահպանումը: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխող հրապարակման նոր կարգը չի բացառում և չի դադարեցնում դատարանի՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն նրանց չի հանձնվել (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը, ավարտելով գործի քննությունը, վճռի հրապարակման ժամանակ է հայտարարել 19.11.2018 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 105, 106): Դատական ակտը հրապարակվել է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, սակայն այդ կայքում բացակայում է դատական ակտի «ստեղծման ամսաթիվը» (հիմք`«www.datalex.am» տեղեկատվական համակարգը):

Գործում առկա է Դատարանի 19.11.2018 թվականի գրությունը` վճիռը նաև Հայկ Սեդրակյանին ուղարկելու մասին (հատոր 1-ին, գ.թ, 131): Չնայած գործում առկա չէ այդ առաքանին փոստային ծառայությանը հանձնված լինելու վերաբերյալ ապացույցը, սակայն գործում առկա է այն Հայկ Սեդրակյանի կողմից 25.12.2018 թվականին ստացված լինելու վերաբերյալ ապացույցը (հատոր 1-ին, գ.թ. 137):

Հայկ Սեդրակյանը վերաքննիչ բողոքն առձեռն ներկայացրել է 09.01.2019 թվականին` միաժամանակ միջնորդելով վերականգնել վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը՝ պատճառաբանելով, որ բողոքարկվող վճիռն ստացել է 25.12.2018 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 7-17):

Վերաքննիչ դատարանը 05.03.2019 թվականի որոշմամբ մերժել է բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը, և վերաքննիչ բողոքի ընդունումն այն պատճառաբանությամբ, որ «Դատարանի 19.11.2018 թվականի վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 19.11.2018 թվականին, և վերաքննիչ բողոք բերած անձը կարող էր վճռի հրապարակմանը հաջորդած 15-օրյա ժամկետում բողոքարկել այն` անկախ վճռի թղթային օրինակը ստացված չլինելուց»:

 

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Նախկինում կայացված իր որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական նշանակություն ունեն և´ գործով կայացված վճիռը դատարանի կողմից հայտարարված օրը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու, և´ վճիռն օրենքով սահմանված ժամկետում կողմին հանձնված կամ ուղարկված լինելու փաստերը, քանի որ թե´ վճռի հրապարակումը, թե´ դրա ուղարկումը կողմին նպատակ են հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին, ինչն իր հերթին ուղղված է բողոքարկման իրավունքի իրացումն ապահովելուն: Դատական ակտերի հրապարակման գործող եղանակը, ուղղված լինելով հրապարակայնության սկզբունքի երաշխավորմանը, արդարադատության արդյունավետության բարձրացմանը, առաջնահերթ նպատակաուղղված է բողոքարկման իրավունքի իրականացման համար նախադրյալներ ապահովելուն: Էլեկտրոնային կայքի միջոցով դատական ակտի հրապարակման պայմաններում դատական ակտն անմիջապես հրապարակվելուց հետո կարող է հասանելի լինել գործին մասնակցող անձանց և ապահովել վերջիններիս բողոքարկման իրավունքի իրականացման համար իրական երաշխիքներ: Այդուհանդերձ, օրենսդիրը, հաշվի առնելով էլեկտրոնային ռեսուրսի հասանելիության օբյեկտիվ սահմանափակումները (մասնավորապես՝ միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումների և այլ ռեսուրսների անհրաժեշտությունը, էլեկտրոնային հաղորդակցության ծառայության վճարովի բնույթը և այլն), դատական ակտի հրապարակման լիազորությանը զուգահեռ սահմանել է նաև գործին մասնակցող անձանց դատական ակտն առձեռն հանձնելու կամ ուղարկելու դատարանի պարտականությունը: Միայն նշված պարտականությունների միաժամանակյա և օրենքով սահմանված կարգով իրականացման պայմաններում կարող են լիարժեք նախադրյալներ ստեղծվել բողոքարկման իրավունքի իրականացման համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը, արժևորելով դատական իշխանության պաշտոնական կայքում դատական ակտի հրապարակումը՝ որպես դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու միջոց, անհրաժեշտ է համարել ընդգծել, որ բողոքարկման իրավունքի իրականացման լիարժեք նախադրյալներ ստեղծելու տեսանկյունից դատարանի վրա դրված է նաև դատական ակտը գործին մասնակցող անձանց առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականություն, որպիսի պայմաններում դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու պարտականության պատշաճ իրականացման մասին կարելի է եզրահանգումներ կատարել միայն այն դեպքում, երբ դատարանը պատշաճ իրագործել է վերոնշյալ հետևյալ պարտականությունները, այն է՝

ա) հայտարարված օրը դատական ակտը հրապարակել է դատական իշխանության պաշտոնական կայքում,

բ) դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկել է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրանց (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախ՝ սույն գործի փաստերից պարզ չէ, թե Դատարանի 19.11.2018 թվականի վճիռը ե՞րբ է հրապարակվել (ստեղծվել) դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, որի պայմաններում Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Դատարանի 19.11.2018 թվականի վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 19.11.2018 թվականին:

Ավելին` չնայած այն հանգամանքին, որ այդ վճիռը նաև Հայկ Սեդրակյանին ուղարկելու համար գրությունը կազմվել է 19.11.2018 թվականի ամսաթվով, սակայն գործում բացակայում է այն փոստին հանձնված լինելու մասին փոստային անդորրագիրը: Հայկ Սեդրակյանն այդ վճիռն ստացել է 25.12.2018 թվականին, իսկ վերաքննիչ բողոքն առձեռն ներկայացրել է 09.01.2019 թվականին, այսինքն` ուշացումով ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում` միաժամանակ միջնորդելով վերականգնել վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետն այն պատճառաբանությամբ, որ բողոքարկվող վճիռն ստացել է 25.12.2018 թվականին, իսկ «առանց դատական ակտը ձեռքի տակ լինելու հնարավոր չէր դրան բովանդակային ծանոթանալ և ներկայացնել բողոք»: Նշված հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չեն արժանացել:

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում Դատարանը պատշաճ կարգով չի իրականացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իր պարտականությունը, որի պայմաններում բողոքաբերը չի կարող կրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը Դատարանի կողմից չպահպանելու բացասական հետևանքը: Օրենսդրի կողմից հրապարակված դատական ակտը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության սահմանումն ինքնանպատակ չէ, այլ կոչված է ապահովելու բավարար երաշխիքներ անձի՝ դատական ակտը բողոքարկելու իրավունքի լիարժեք իրականացման համար: Ավելին, Վերաքննիչ դատարանի վերոշարադրյալ պատճառաբանությունը իմաստազրկում է դատական ակտը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության առկայությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ վերոշարադրյալ հիմնավորումներով Հայկ Սեդրակյանի միջնորդությունը ենթակա էր բավարարման, և բաց թողնված ժամկետը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է վերականգնվեր իրավունքի ուժով (ex jure), քանի որ առկա է եղել բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով Հայկ Սեդրակյանի՝ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, Վերաքննիչ դատարանը սահմանափակել է վերջինիս՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում զրկելով նրան վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 05.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.03.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Գ. Հակոբյան

  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

  Ե. Խունդկարյան
 

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

Տ. Պետրոսյան

  Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան