Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.10.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.13/90(1543).1 Հոդ.1184.4
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.10.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

   

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4063/02/15

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4063/02/15 
2019 թ.

Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան  

Դատավորներ՝

 Ա. Սմբատյան
   Հ. Ենոքյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Ռ. Հակոբյան

 

զեկուցող

Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

   

Ա. Բարսեղյան

   

Ե. Խունդկարյան

 

 

Գ. հակոբյան

 

 

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

 

2019 թվականի  հոկտեմբերի 08-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Առեքսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) իրավահաջորդ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Խաչատուր Տոնոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.10.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կոնստանտին և Կարեն Բակլաչյանների ընդդեմ Բանկի, երրորդ անձ Ստեփան Վարդանյանի` 11.04.2013 թվականի թիվ O02984 և թիվ O02983 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կոնստանտին և Կարեն Բակլաչյանները պահանջել են անվավեր ճանաչել Բանկի հետ 11.04.2013 թվականին կնքված թիվ O02984 և թիվ O02983 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրերը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 26.12.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.10.2017 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է`  Դատարանի 26.12.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի իրավահաջորդ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին կետը, խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ և 53-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործով հայցվորները վիճարկել են ոչ թե գործարքի բնույթը, այլ իրենց՝ որպես գործարքի կողմ լինելու հանգամանքը:

Վերաքննիչ դատարանը, գնահատելով միայն քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշումը, չի անդրադարձել Բանկի կողմից ներկայացված ապացույցներին, մասնավորապես՝ հաշվի չի առել վարկային դիմում-հայտերը, վարկային պայմանագրերը, երաշխավորության պայմանագրերը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ստեփան Վարդանյանի և Բակլաչյանների միջև ի սկզբանե եղել է պայմանավորվածություն՝ Բանկից վարկ վերցնելու և այն հետագայում Ստեփան Վարդանյանի կողմից մարելու վերաբերյալ, որը չի կատարվել, որպիսի պայմաններում վիճարկվող գործարքները չեն կարող դիտարկվել էական մոլորության ազդեցության տակ կնքված գործարքներ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.10.2017 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Բանկին հասցեագրված 03.04.2013 թվականի դիմում-հայտերի համաձայն՝ Կարեն և Կոնստանտին Բակլաչյանները, դիմելով Բանկին, խնդրել են իրենցից յուրաքանչյուրին տրամադրել 100.000.000 ՀՀ դրամի չափով, 24 ամիս մարման ժամկետով վարկային սահմանաչափ (վարկային գիծ)՝ որպես ապահովման միջոց առաջարկելով «Մամա Միա Գրուպ» ՍՊԸ-ի երաշխավորությունը (հատոր 2-րդ, գ.թ. 28, 79):

2) «Մամա Միա Գրուպ»  ՍՊԸ-ի մասնակիցների ընդհանուր ժողովի արտահերթ նիստի 05.04.2013 թվականի արձանագրության համաձայն՝ որոշվել է Բանկի, «Մամա Միա Գրուպ» ՍՊԸ-ի և Կոնստանտին Բակլաչյանի միջև կնքել եռակողմ երաշխավորության պայմանագիր՝ որպես Բանկի կողմից Կոնստանտին Բակլաչյանի քարտային հաշվին 100.000.000 ՀՀ դրամի կամ համարժեք գումարի չափով, 24 ամիս մարման ժամկետով վարկային սահմանաչափի ապահովվածության միջոց՝ Կոնստանտին Բակլաչյանի պարտավորությունների դիմաց ստանձնելով համապարտ պարտավորություն նույն ծավալով, ինչ նա ունի: Միաժամանակ որոշվել է  Բանկի, «Մամա Միա Գրուպ» ՍՊԸ-ի և Կարեն Բակլաչյանի միջև կնքել եռակողմ երաշխավորության պայմանագիր՝ որպես Բանկի կողմից Կարեն Բակլաչյանի քարտային հաշվին 100.000.000 ՀՀ դրամի կամ համարժեք գումարի չափով, 24 ամիս մարման ժամկետով վարկային սահմանաչափի ապահովվածության միջոց՝ Կարեն Բակլաչյանի պարտավորությունների դիմաց ստանձնելով համապարտ պարտավորություն նույն ծավալով, ինչ նա ունի (հատոր 1-ին, գ.թ. 32):

3) Կարեն Բակլաչյանի և Բանկի միջև 11.04.2013 թվականին կնքված վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի թիվ 002983 պայմանագրի (պատճեն) համաձայն` Կարեն Բակլաչյանին է տրամադրվել 235.000,0 ԱՄՆ դոլարի չափով վարկ մինչև 13.04.2015 թվականը մարման պայմանով, տարեկան 13 % տոկոսադրույքով (հատոր 2-րդ, գ.թ. 34-37):

4) «Մամա Միա Գրուպ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Երաշխավոր), Կարեն Բակլաչյանի (այսուհետ՝ Պարտապան) և Բանկի (այսուհետ՝ Պարտատեր) միջև 11.04.2013 թվականին կնքված թիվ 002983 երաշխավորության պայմանագրի համաձայն՝ «Մամա Միա Գրուպ»  ՍՊԸ-ն պարտավորվել է համապարտ պատասխանատվություն կրել նույն թվականին Կարեն Բակլաչյանի և Բանկի միջև կնքված վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի թիվ 002983 պայմանագրով պարտապանի ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման համար (հատոր 2-րդ, գ.թ. 26):

5) Կոնստանտին Բակլաչյանի և Բանկի միջև 11.04.2013 թվականին կնքված վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի թիվ 002984 պայմանագրի (պատճեն) համաձայն` Կոնստանտին Բակլաչյանին է տրամադրվել 100.000.000 ՀՀ դրամի չափով վարկ, մինչև 13.04.2015 թվականը մարման պայմանով, տարեկան 14 % տոկոսադրույքով (հատոր 2-րդ, գ.թ. 74-77):

6) «Մամա Միա Գրուպ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Երաշխավոր), Կոնստանտին Բակլաչյանի (այսուհետ՝ Պարտապան) և Բանկի միջև 11.04.2013 թվականին կնքված թիվ 002984 երաշխավորության պայմանագրի համաձայն՝ «Մամա Միա Գրուպ»  ՍՊԸ-ն պարտավորվել է համապարտ պատասխանատվություն կրել նույն թվականին Կոնստանտին Բակլաչյանի և Բանկի միջև կնքված վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի թիվ 002984 պայմանագրով պարտապանի ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման համար (հատոր 2-րդ, գ.թ. 78):

7) Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 17.06.2016 թվականի որոշման համաձայն` Կարեն և Կոնստանտին Բակլաչյանները 27.08.2015 թվականին հաղորդում են տվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում այն մասին, որ 13.04.2013 թվականից մինչև 17.04.2013 թվականն ընկած ժամանակահատվածում իրենց ծանոթներ Ստեփան Վարդանյանը և Վարդան Մուսայելյանն իրենց պատկանող «Մամա Միա Գրուպ» ՍՊԸ-ն գնելու պատրվակով, չարաշահելով իրենց վստահությունը, «Առեքսիմբանկ» ՓԲԸ-ում վարկ ձևակերպելու եղանակով իրենցից հափշտակել են 97.912.750 ՀՀ դրամին համարժեք 235.000 ԱՄՆ դոլար և 100.000.000 ՀՀ դրամ: Նշված որոշմամբ արձանագրվել է, որ ըստ տուժող եղբայրների՝ Կարեն և Կոնստանտին Բակլաչյանների ցուցմունքների, վերջիններս որոշել են վաճառել իրենց պատկանող «Մամա Միա Գրուպ» ՍՊԸ-ն և հանդիպել են իրենց մանկության ընկերներ Ստեփան Վարդանյանին և Վարդան Մուսայելյանին, ովքեր ցանկացել են գնել այն: Վերջիններս Կարեն և Կոնստանտին Բակլաչյաններին տեղեկացրել են, որ գումարի մի մասը կվճարեն կանխիկ, իսկ մյուսը մասը՝ վարկային միջոցների ներգրավմամբ: 2013 թվականի ապրիլի սկզբին Ստեփան Վարդանյանը զանգահարել է իրենց և հայտնել, որ անհրաժեշտ է շտապ ստորագրել բանկից վարկ վերցնելու համար ձևակերպված պայմանագրերը: 2013 թվականի ապրիլին Ստեփան Վարդանյանի ուղեկցությամբ գնացել են Բանկ և ստորագրել համապատասխան փաստաթղթերը, որից հետո իրենց հատկացվել են համապատասխանաբար 235.000 ԱՄՆ դոլարի և 100.000.000 ՀՀ դրամի չափով վարկերը: Ողջ գումարը նույն պահին փոխանցել են Ստեփան Վարդանյանին:

 

Միաժամանակ նույն որոշմամբ արձանագրվել է, որ որպես վկա հարցաքննված Ստեփան Վարդանյանը հայտնել է, որ տեղեկանալով ընկերության վաճառքի մասին և չունենալով անհրաժեշտ կանխիկ միջոցներ՝ առաջարկել է Բակլաչյան եղբայրներին վարկ վերցնել և տալ իրեն՝ պարտավորվելով անձամբ մարել այն: (...) վարկը վերցնելուց մի քանի օր անց ինքը Բակլաչյան եղբայրներից մեկին վճարել է ընկերության ձեռք բերման համար պայմանավորված գումարի առաջին խմբաքանակը: (...) Բակլաչյան եղբայրների անուններով ստացված երկու վարկերը փաստացի համարվում են իրենը, ինքն է պատասխանատու դրանց մարման համար, չի հրաժարվում դրանցից, սակայն ֆինանսական ծանր պայմանների պատճառով չի կարողանում մարել դրանք: Նշված հանգամանքի մասին Ստեփան Վարդանյանի հետ առերես հարցաքննության ժամանակ հավաստել են նաև Կարեն և Կոնստանտին Բակլաչյանները: (…) նախաքննության մարմինը գտել է, որ Ստեփան Վարդանյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը (…): Ինչ վերաբերում է Վարդան Մուսայելյանի անմիջական մասնակցությանը կամ ներգործությանը վերոնշյալ վարկային պայմանագրերի կազմման և ստորագրման գործընթացին, ապա այդ հանգամանքը հաստատող տվյալներ ևս ձեռք չեն բերվել: Ավելին, ապացուցվել է, որ Վարդան Մուսայելյանը 05.04.2013 թվականից մինչև 23.04.2013 թվականն ընկած ժամանակահատվածում բացակայել է Հայաստանի Հանրապետությունից (…), ուստի նրա արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի     178-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը (հատոր 2-րդ, գ.թ. 101-109):

8) Դատարանի 12.10.2016 թվականի արձանագրային որոշմամբ Ստեփան Վարդանյանը գործի քննությանը ներգրավվել է որպես երրորդ անձ և 28.10.2016 թվականին դատարան է ներկայացրել գրավոր դիրքորոշում, որով հայտնել է իր տված ցուցմունքին նույնաբովանդակ տեղեկություն և խնդրել է գործը քննել իր բացակայությամբ (հատոր 2-րդ, գ.թ. 115, 119):

9) Բանկի կանոնադրության համաձայն՝ Բանկի իրավահաջորդ է համարվում «Արդշինբանկ» ՓԲԸ(հատոր 3-րդ, գ.թ. 88-91):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.    

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին կետի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով 17.07.2015 թվականի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին կետի, ինչպես նաև իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ էական նշանակություն ունեցող մոլորության տակ կնքված գործարքի առանձնահատկություններին՝ վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:   

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:

ՀՀ քաղաքացիական  օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքն անվավեր է` նույն oրենuգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիuին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք)։

ՀՀ քաղաքացիական  օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ։ Նման գործարքն անվավեր է կնքելու պահից։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքը դատարանով կարող է անվավեր ճանաչվել մոլորության ազդեցության ներքո գործած կողմի հայցով: Էական նշանակություն ունի գործարքի բնույթի կամ դրա առարկայի այնպիսի հատկանիշների վերաբերյալ մոլորությունը, որոնք զգալիորեն պակասեցնում են այն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունները: Գործարքի շարժառիթների վերաբերյալ մոլորությունն էական նշանակություն չունի:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախևառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: «Կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը: «Կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած՝ գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է: Ընդ որում, օրենքով նախատեսված դեպքերում կնքված գործարքում կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ (տե՛ս, Նելլի Հակոբյանը և մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքներին, արձանագրել է, որ  էական նշանակություն ունի գործարքի բնույթի կամ դրա առարկայի այնպիսի հատկանիշների վերաբերյալ մոլորությունը, որոնք զգալիորեն պակասեցնում են այն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունները: Գործարքի շարժառիթների վերաբերյալ մոլորությունն էական նշանակություն չունի: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ էական նշանակություն ունեցող մոլորությունն առկա է, երբ կնքված գործարքը չի արտահայտում կողմերի իրական կամքը, չի կարող հանգեցնել այն իրավական հետևանքներին, որոնք նրանք ի նկատի են ունեցել գործարքի կնքման պահին: Էական նշանակություն ունի գործարքի բնույթի, մասնավորապես` գործարքի էության, դրա հետևանքների, կողմերի հարաբերությունների բովանդակության վերաբերյալ մոլորությունը: Գործարքի առարկայի հատկանիշների վերաբերյալ մոլորությունը նշանակում է, որ կողմերը կամ նրանցից մեկը նկատի է ունեցել ոչ այն առարկան, որին վերաբերում է կնքված գործարքը, այլ իր հատկանիշներով տարբերվող մեկ այլ առարկա (տե՛ս, Գևորգ Զուրունյանն ընդդեմ Դավիթ Քիթապսզյանի, Վարազդատ Եղոյանի թիվ ԵՔԴ/0724/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով նշված իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ մոլորությունը գործարք կնքած կողմի կամքի շեղումն է (կամքի խեղաթյուրումը) կամ շեղման արդյունքն է, որն ունի որոշիչ ազդեցություն գործարքի կնքման և (կամ) դրա կնքման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վրա: Այն, որպես կանոն, հիմնված է սխալ ենթադրության (պատկերացման) վրա: Մոլորության ազդեցության տակ կնքված գործարքում կողմի կամքը համապատասխանում է նրա կամահայտնությանը, սակայն այն ձևավորվում է գործարքի կնքման համար նշանակություն ունեցող հանգամանքների սխալ պատկերացման արդյունքում, որոնք կարող են պայմանավորված լինել տարբեր հանգամանքներով (օրինակ` անուշադրությունը, կրթության ոչ բավարար մակարդակը, գործարքի առարկայի կամ գործարքի այլ պայմանների մասին անհրաժեշտ տեղեկության բացակայությունը կամ դրա ոչ բավարար կամ թերի լինելը):

Ընդ որում, մոլորության ազդեցության տակ կնքված գործարքը կարող է անվավեր ճանաչվել միայն այն դեպքում, երբ մոլորությունն էական է:  Մոլորության էական կամ ոչ էական բնույթը դատարանը յուրաքանչյուր դեպքում պարզում է՝ ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից և այն իրողությունից, թե որքանով է մոլորությունը նշանակալից, զգալի գործարքի տվյալ մասնակցի համար: Ընդ որում, էական նշանակություն ունեցող մոլորությունը պետք է առկա լինի գործարքի կնքման պահին, այլ ոչ թե ծագի գործարքը (պայմանագիրը) կնքելուց հետո որոշ ժամանակ անց:

ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ փաստել է, որ օրենսդիրը որպես գործարքն անվավեր ճանաչելու հիմք դիտել է գործարքի բնույթի կամ դրա առարկայի վերաբերյալ էական նշանակություն ունեցող մոլորությունը: Մինչդեռ գործարքի շարժառիթների վերաբերյալ մոլորությունն էական նշանակություն ունենալ չի կարող:

Գործարքի բնույթի վերաբերյալ մոլորությունը.

Գործարքի բնույթը տվյալ գործարքի մի շարք հատկանիշների (պայմանների) համակցությունն է, որը հնարավորություն է տալիս տարբերել մեկ գործարքը մեկ այլ գործարքից: Այսինքն`գործարքի բնույթը, ըստ էության, գործարքի տեսակն է: Գործարքի բնույթի վերաբերյալ մոլորությունն առկա է այն դեպքում, երբ կողմը, որը գործել է մոլորության ազդեցության տակ, ի վերջո չի հասել այն նպատակի իրականացմանը, որին ուղղված է եղել նրա կամքը և որը նկատի է ունեցել գործարքը կնքելիս: Այլ կերպ ասած՝ գործարքը կնքած կողմերից մեկի կամքը (ցանկությունը) ուղղված է եղել որոշակի գործարքի կնքմանը, օրինակ` պահատվության պայմանագրի կնքմանը, մինչդեռ գտնվելով մոլորության ազդեցության տակ՝ կնքել է մեկ այլ գործարք, օրինակ`վարձակալության պայմանագիր:

Գործարքի առարկայի այնպիսի հատկանիշների վերաբերյալ մոլորությունը, որոնք զգալիորեն պակասեցնում են այն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունները.

Վճռաբեկ դատարանը նախևառաջ հարկ է համարում նշել, որ գործարքի առարկա կարող են լինել ինչպես նյութական առարկաները (օրինակ, առուվաճառքի պայմանագրի դեպքում` որոշակի ապրանքը, անշարժ գույքը), այնպես էլ որոշակի գործողությունները (օրինակ, ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի դեպքում` ծառայություններ մատուցելը, կապալի պայմանագրի դեպքում` համապատասխան աշխատանքների կատարումը): Հետևաբար գործարքի առարկայի հատկանիշների վերաբերյալ մոլորությունն առկա է ոչ միայն այն  դեպքում, երբ գործարքի առարկան իր է, այլ նաև այն դեպքում, երբ այն որոշակի գործողություն է:

Գործարքի առարկայի հատկանիշների վերաբերյալ մոլորությունը դրսևորվում է այն դեպքում, երբ կնքված գործարքի առարկան չի համապատասխանում այն հատկանիշներին, որը կողմը նկատի է ունեցել ի սկզբանե նման գործարք կնքելիս: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ գործարքի առարկայի հատկանիշների վերաբերյալ մոլորությունն անհրաժեշտ է տարբերել այն իրավիճակից, երբ պայմանագրի կողմը թույլ է տալիս պայմանագրի առարկայի որակի պայմանին ներկայացվող խախտում, օրինակ` առուվաճառքի պայմանագրով վաճառվել է ոչ պատշաճ որակի ապրանք (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 472-րդ, 485-րդ, 486-րդ հոդվածներ), կապալի պայմանագրով կատարված աշխատանքները պատշաճ որակի չեն (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 718-րդ, 719-րդ, 721-րդ հոդվածներ): Նշված դեպքերը հանգեցնում են այլ իրավական հետևանքների (օրինակ՝ պայմանագրի լուծման, պայմանագրի գնի վերանայման և այլն):

Էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքը (պայմանագիրը) կարող է վիճարկվել միայն այդ գործարքի (պայմանագրի) կողմ հանդիսացող անձի կողմից: Նման սահմանափակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մոլորության ազդեցության տակ կնքված գործարքի դեպքում կողմի կամքի խեղաթյուրման փաստի առկայության մասին օբյեկտիվորեն կարող է փաստարկել միայն այն անձը, ով գտնվել է էական մոլորության ազդեցության ներքո (տե՛ս, Նելլի Հակոբյանը և մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

 

Վերը նշված դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Դատարանը, բավարարելով հայցը, պատճառաբանել է, որ հայցվորները երբևէ մտադրություն չեն ունեցել սպառողական վարկեր ստանալ Բանկից և վարկային պայմանագրերը ստորագրելու պահին վստահ էին, որ դրանք կնքում են «Մամա Միա գրուպ» ՍՊԸ-ի անունից` համաձայն Ստեփան Վարդանյանի հետ ունեցած նախնական համաձայնության, հետևաբար Դատարանը գտել է, որ տվյալ դեպքում առկա է գործարքի բնույթի վերաբերյալ մոլորություն, քանի որ հայցվոր կողմը, որը գործել է մոլորության ազդեցության տակ, ի վերջո չի հասել այն նպատակի իրականացմանը, որին ուղղված է եղել վերջինիս կամքը, այն է` վարկերը ձևակերպել «Մամա Միա գրուպ» ՍՊԸ-ի անվամբ, որն էլ հիմք է վարկային պայմանագրերն անվավեր ճանաչելու համար:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, վերահաստատել է Դատարանի պատճառաբանությունները և մերժելով վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ հայցվորների մոտ առկա էր գործարքների բնույթի վերաբերյալ մոլորություն, քանի որ նրանց կամքն ուղղված էր ընկերության անունով վարկ ձևակերպելուն, մինչդեռ գտնվելով մոլորության ազդեցության ներքո` կնքել են այլ գործարքներ, որոնք հաստատվում են նաև որպես վկա հարցաքննված Ստեփան Վարդանյանի կողմից տրված ցուցմունքով:  

 

Մինչդեռ սույն գործի փաստերը համադրելով վերը նշված իրավական դիրքորոշումների հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականի ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է նաև այն իրավական դիրքորոշումը, որ թեև քրեական գործերով հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումներով, այդ ընթացքում անձանց տված բացատրություններով հաստատված հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի իմաստով չունեն նախապես հաստատված ապացույցի ուժ, այդուհանդերձ դրանք դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տալ դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (տե´ս, Վարթկես Հագոփյանն ընդդեմ Անահիտ Հակոբջանյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0093/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2010 թվականի որոշումը):

Տվյալ դեպքում գործում առկա՝ Կարեն և Կոնստանտին Բակլաչյանների դիմում-հայտերի,  «Մամա Միա Գրուպ» ՍՊԸ-ի մասնակիցների ընդհանուր ժողովի արտահերթ նիստի 05.04.2013 թվականի արձանագրության, հետագայում նաև կնքված վարկային և երաշխավորության պայմանագրերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Կարեն ու Կոնստանտին Բակլաչյաններն ի սկզբանե գիտակցել են իրենց կողմից Բանկի հետ կնքված վարկային պայմանագրերի էությունը և դրանից բխող իրավական հետևանքները և ցանկացել են ու կնքել են այդ գործարքները:

Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը մասնավորապես պայմանավորված է այն հանգամանքով, որ Կարեն և Կոնստանտին Բակլաչյաններն իրենց անունով ներկայացրել են դիմում-հայտեր վարկ ստանալու խնդրանքով, այնուհետև կնքել են վարկային պայմանագրերը, ավելին նշված պայմանագրերի կնքման նույն օրը, ի ապահովումն վերը նշված վարկային պայմանագրերի, Կարեն և Կոնստանտին Բակլաչյանների, Բանկի և «Մամա Միա Գրուպ» ՍՊԸ-ի միջև կնքվել են նաև երաշխավորության պայմանագրեր:

Ինչ վերաբերում է հայցվորների` էական նշանակություն ունեցող մոլորությունը հիմնավորող այն պնդումներին, որ պայմանագրերը ստորագրելիս մտածել են, որ գործարքները կնքում են «Մամա Միա գրուպ» ՍՊԸ-ի անվամբ, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դրանք անհիմն են, քանի որ մինչ վարկային և երաշխավորության պայմանագրերի կնքումը, այն է՝ «Մամա Միա Գրուպ» ՍՊԸ-ի մասնակիցների ընդհանուր ժողովի 05.04.2013 թվականի արտահերթ նիստում, արդեն իսկ որոշվել էր «Մամա Միա Գրուպ» ՍՊԸ-ի երաշխավոր հանդես գալու հարցը՝ որպես Բանկի կողմից Կոնստանտին և Կարեն Բակլաչյաններին տրամադրվող վարկային սահմանաչափի ապահովվածության միջոց՝ Կոնստանտին և Կարեն Բակլաչյանների պարտավորությունների դիմաց ստանձնելով համապարտ պարտավորություն նույն ծավալով, ինչ նրանք ունեն:

 Այսինքն` 11.04.2013 թվականին կնքված վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի թիվ Օ02983 և թիվ Օ02984 պայմանագրերը կնքելիս Կոնստանտին և Կարեն Բակլաչյանների ներքին կամքն ու կամահայտնությունն իրականում համապատասխանել են, քանի որ վերջիններս հստակ գիտակցել են, թե ինչ գործարք են կնքում, ինչը նշանակում է, որ կնքված գործարքներն արտահայտել են հայցվորների իրական կամքը, հանգեցրել են այն իրավական հետևանքներին, որոնք նրանք ի նկատի են ունեցել գործարքների կնքման պահին, այն է` Կարեն Բակլաչյանին 11.04.2013 թվականին կնքված վճարային քարտերով տրվող թիվ Օ02983 պայմանագրով տարեկան 13% տոկոսադրույքով տրամադրվել է վարկային գիծ` 235.000,0 ԱՄՆ դոլարի չափով վարկ` մինչև 13.04.2015 թվականը մարման պայմանով, իսկ Կոնստանտին Բակլաչյանին նույն օրը կնքված վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի թիվ Օ02984 պայմանագրով` 100.000.000 ՀՀ դրամի չափով վարկ` մինչև 13.04.2015 թվականը մարման պայմանով` տարեկան 14 % տոկոսադրույքով:

Ավելին, հայցվորների կողմից որպես ապացույց վկայակոչված «Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշմամբ որպես վկաներ հարցաքննված Ստեփան Վարդանյանի և Վարդան Մուսայելյանի ցուցմունքներով նույնպես չի հաստատվում, որ վիճարկվող գործարքները կնքած կողմի որևէ գործողության արդյունքում խեղաթյուրվել է հայցվորների կամքը, հետևաբար վերջիններս որևէ ապացույցով չեն հիմնավորել վիճարկվող պայմանագրերի բնույթի կամ դրա առարկայի վերաբերյալ էական նշանակություն ունեցող մոլորությունը, նրանց հիմնավորումները վերաբերել են զուտ գործարքի իրական կողմ չլինելուն:  

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «Քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշման ուսումնասիրությունից հետևում է, որ վիճարկվող գործարքների կողմերից մեկը՝ Կարեն և Կոնստատին Բակլաչյանները, «Մամա Միա գրուպ» ՍՊԸ-ն վաճառելու հարցում նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել Ստեփան Վարդանյանի և Վարդան Մուսայելյանի հետ, այնուհետև ընկերության առուվաճառքը կազմակերպելու համար գիտակցաբար կնքել են վիճարկվող վարկային պայմանագրերը:

Վերը նշվածը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործարքը` որպես էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքած վիճարկելիս, այն կնքած և վիճարկող կողմը պետք է հիմնավորի, որ վիճահարույց գործարքը կնքելու պահին գտնվել է էական (գործարքի բնույթի կամ առարկայի վերաբերյալ) նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ: Այսինքն` նրա փաստարկները և հիմնավորումները պետք է բերվեն բացառապես կնքված գործարքի առարկայի և բնույթի մոլորության վերաբերյալ: Ըստ այդմ էլ՝ վիճարկվող գործարքի կնքման շարժառիթների մոլորության վերաբերյալ բերված փաստարկներն ու հիմնավորումները չեն կարող էական նշանակություն ունենալ և հիմք հանդիսանալ գործարքն անվավեր ճանաչելու համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճահարույց վարկային պայմանագրերի կնքման շարժառիթը՝ պայմանավորված «Մամա Միա գրուպ» ՍՊԸ-ի վաճառքով, հիմք չէ վիճարկվող գործարքները էական մոլորության ազդեցության տակ կնքված ճանաչելու համար, որպիսի պայմաններում հայցվորների այն փաստարկը, որ գործարքները կնքելիս վերջիններս գտնվել են էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ, քանի որ բանավոր պայմանավորվածության համաձայն` ընկերության իրենց բաժնեմասերը հանձնել էին Ստեփան Վարդանյանին, հետևաբար վարկային պարտավորությունը պետք է կրեր Ստեփան Վարդանյանը, նույնպես հիմնավոր չէ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրերից հետևում է, որ պայմանագրի կողմերը Բանկը և Կոնստանտին ու Կարեն Բակլաչյաններն են, և սույն գործում առկա որևէ ապացույցով չի հիմնավորվել, որ վիճարկվող պայմանագրերը կնքելիս Կոնստանտին և Կարեն Բակլաչյանները վարկային վճարային քարտերով տրամադրվող պայմանագրի բնույթի, մասնավորապես` պայմանագրի առարկայի, դրա էության, պայմանագրի կողմերի հարաբերությունների բովանդակության վերաբերյալ կարող էին գտնվել էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ, կամ որևէ անձի կողմից դրսևորված արարքի և վարքագծի պատճառով կամ արդյունքում է խեղաթյուրվել իրենց կամքը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 11.04.2013 թվականին կնքված Կարեն Բակլաչյանի և Բանկի միջև վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի թիվ Օ02983 և Կոնստանտին Բակլաչյանի և Բանկի միջև վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի թիվ Օ02984 պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջները բավարարման ենթակա չէին: Մինչդեռ ստորադաս դատարանները կիրառման ենթակա նյութաիրավական նորմի սխալ մեկնաբանության հիմքով սխալ եզրահանգման են եկել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, ինչն ազդել է գործի ելքի վրա:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոնների համաձայն:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման և փոփոխման, իսկ Կարեն և Կոնստանտին Բակլաչյանների հայցը՝ մերժման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոնստանտին և Կարեն Բակլաչյաններից համապարտության կարգով հօգուտ Բանկի իրավահաջորդ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի (հատոր 3-րդ, գ.թ. 26, 64) և 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1.  Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.10.2017 թվականի որոշումը և այն փոփոխել՝ Կոնստանտին և Կարեն Բակլաչյանների հայցն ընդդեմ «Առեքսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի իրավահաջորդ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի, երրորդ անձ Ստեփան Վարդանյանի` 11.04.2013 թվականի թիվ Օ02984 և թիվ Օ02983 վճարային քարտերով տրամադրվող վարկային գծի պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել:

2. Կարեն և Կոնստանտին Բակլաչյաններից համապարտության կարգով հօգուտ «Առեքսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի իրավահաջորդ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար և 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Վ. Ավանեսյան

  Ս. Անտոնյան
  Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

 

Գ. Հակոբյան

 

Տ. Պետրոսյան

  Է. Սեդրակյան
  Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան