Գլխավոր տեղեկություն
Համար
N 1971-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.27/102(1555) Հոդ.1281
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2019 թվականի N 1971-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 3-րդ կետի 9-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) որոշման 3-րդ կետի 10-րդ ենթակետից հանել «ու «Ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագիտացված կենտրոններում» ծրագրի» բառերը.

3) որոշման N 1 հավելվածի վերնագրից հանել «ու «Ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագիտացված կենտրոններում» ծրագրի» բառերը.

4) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին ենթակետով.

«6.1) պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունք՝ բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման սկզբունք, որի դեպքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական ծառայությունների մատուցման մասին պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի առանձին ծրագրերի շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց ֆինանսական փոխհատուցումն իրականացվում է փաստացի կատարված աշխատանքների ծավալին համապատասխան, սակայն ոչ ավելի, քան տվյալ ծրագրի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված տարեկան գումարը:».

5) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով.

«4.1. Սույն հավելվածի 4-րդ կետով նախատեսված սկզբունքները չեն տարածվում սույն հավելվածով սահմանված պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով ֆինանսավորվող դեպքերի վրա:».

6) որոշման N 2 հավելվածի 8-րդ կետի երկրորդ նախադասությունը «պայմանագրային գումարի 13 տոկոսի չափով» բառերից հետո լրացնել «(բացառությամբ պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով իրականացվող ծրագրերի)» բառերով.

7) որոշման N 2 հավելվածի 12-րդ կետի 7-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

8) որոշման N 2 հավելվածի 12-րդ կետի 8-րդ ենթակետում «N 10 հավելվածով» բառերը փոխարինել «N 1 հավելվածով» բառերով.

9) որոշման N 2 հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

10) որոշման N 2 հավելվածի 30-րդ կետը «առողջապահական ծրագրերին համապատասխան» բառերից հետո լրացնել «(բացառությամբ պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով իրականացվող ծրագրերի)» բառերով.

11) որոշման N 2 հավելվածի 30-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «, «Գինեկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» բառերը.

12) որոշման N 2 հավելվածի 30-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագիր՝ 18 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության և վերարտադրողական տարիքի (15 տարեկան և ավելի բարձր) իգական սեռի անձանց թվաքանակները».

13) որոշման N 2 հավելվածի 30-րդ կետի 3-րդ ենթակետի «դ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

14) որոշման N 2 հավելվածի 30-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

15) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ V.1 գլխով.

«36.1. Պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքը կիրառվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ», «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» և «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրերի վրա, իսկ գումարները նախատեսվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նպաստներ» հոդվածով:

36.2. Սույն հավելվածի 36.1-ին կետով նախատեսված ծրագրերում ընդգրկված շահառուներին ծառայություններ կարող են մատուցել այն կազմակերպությունները, որոնք բավարարում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հրապարակված հրապարակային օֆերտայի պայմանագրով սահմանված որակավորման պայմաններին: Ծառայություններ մատուցելու ցանկություն հայտնած կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հրապարակված հրապարակային օֆերտայի հիման վրա կնքված պայմանագրով: Ընդ որում, ծառայություններ մատուցելու ցանկություն հայտնած կազմակերպության դիմումը պետք է պարունակի հայտարարություն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հրապարակված հրապարակային օֆերտայի պայմաններն ամբողջությամբ և անվերապահորեն ընդունելու և ծառայությունները սույն հավելվածի 36.5-36.7-րդ կետերով սահմանված պայմաններին համապատասխան մատուցելու մասին: Սույն կետում նշված պայմանագիրը համարվում է կնքված կազմակերպությանը սույն հավելվածի 36.4-րդ կետով նախատեսված ցանկում (այսուհետ՝ ցանկ) ներառելու օրվանից: Կազմակերպության դիմումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն մուտքագրվելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում չմերժվելու դեպքում կազմակերպությունը համարվում է ներառված ցանկում:

Կազմակերպությունը ցանկում ներառվում է անժամկետ և ցանկացած ժամանակ կարող է ներկայացնել դրանից դուրս գալու դիմում: Կազմակերպությունը համարվում է ցանկից դուրս եկած դիմումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն մուտքագրվելուն հաջորդող 10-րդ աշխատանքային օրվանից:

36.3. 2020 թվականի համար սահմանված կարգով պետական պատվերի տեղադրման հայտ ներկայացրած և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հայտը բավարարած կազմակերպությունները համարվում են ներառված ցանկում: Սկսած 2021 թվականից կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հրապարակված հրապարակային օֆերտայի հիման վրա կնքվող պայմանագրային գործընթացն իրականացվում է ընդհանուր հիմունքներով:

36.4. Սույն հավելվածի 36.1-ին կետով նախատեսված ծրագրերի շրջանակում շահառուներին ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանկը, հրապարակային օֆերտայի պայմանները, ինչպես նաև մատուցվելիք ծառայությունների շրջանակը հրապարակվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

36.5. Սույն հավելվածի 36.1-ին կետով նախատեսված ծրագրերի շրջանակում մատուցված ծառայությունների դիմաց ֆինանսավորումն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման փաստացի կատարված ծավալների դիմաց, տվյալ տեսակի համար սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով հաստատված նորմատիվներով և գներով, սակայն ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնով տվյալ ծրագրի համար հաստատված տարեկան գումարը: Ընդ որում, կազմակերպությունների կողմից յուրաքանչյուր շահառուի մասով ծառայությունը մատուցվում է էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից դեպքերի նախնական հաստատման դեպքում՝ բացառությամբ անհետաձգելի դեպքերի:

36.6. Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչև հաջորդող ամսվա 2-րդ աշխատանքային օրվա ավարտը, իսկ դեկտեմբեր ամսվա համար՝ դեկտեմբերի 20-ին հաջորդող 2-րդ աշխատանքային օրվա ավարտը կազմակերպություններն էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով ներկայացնում են ընթացիկ ամսվա ընթացքում սույն հավելվածի 36.1-ին կետով թվարկված ծրագրերով կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ, իսկ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը սահմանված կարգով ապահովում է ֆինանսավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի մուտքագրումն էլեկտրոնային համակարգ` մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը, իսկ դեկտեմբեր ամսվա առաջին կեսի համար` մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 25-ը՝ կազմակերպության կողմից հաշվետվությունների ներկայացման ժամկետների պահպանման պայմանով:

36.7. Երբ սույն հավելվածի 36.1-ին կետով նախատեսված ծրագրերով կազմակերպությունների կողմից մատուցվող (մատուցվելիք) ծառայությունների արժեքը կազմում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնով տվյալ ծրագրի համար հաստատված տարեկան գումարի 90 տոկոսը, ապա տվյալ ծրագրով ծառայությունների մատուցող կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ծանուցումից հետո ծառայությունները մատուցվում են հերթագրման եղանակով՝ համաձայն որոշման 3-րդ կետի 4-րդ կետով հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման նպատակով բնակչության հերթագրման կարգի: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հրապարակվող հրապարակային օֆերտան ի թիվս այլնի պարունակում է պայման առ այն, որ պետական բյուջեով նախատեսված միջոցները սպառված լինելու դեպքում, տվյալ տարվա դեկտեմբերի 15-ի դրությամբ կազմակերպության կողմից մատուցված և չվճարված պարտավորությունները համարվում են դադարած:

36.8. Սույն հավելվածի 36.1-ին կետով նախատեսված ծրագրերի բյուջետային ծախսերը հաշվարկվում են ակտուարական հաշվարկների հիման վրա՝ հիմք ընդունելով նախորդ տարվա ընթացքում նշված ծրագրերով փաստացի կատարած և էլեկտրոնային առողջապահության համակարգ մուտքագրած դեպքերի թիվը:

36.9. Սույն հավելվածի 36.3–36.7-րդ կետերի դրույթներն ամրագրվում են հրապարակային օֆերտային պայմաններում:».

16) որոշման N 2 հավելվածի 33-րդ կետի 4-րդ ենթակետը «տարեկան պայմանագրային գումարը:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Շտապ բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում միայն «Սանիտարական ավիացիա» ծառայություն իրականացնող կազմակերպությունների պայմանագրային գումարները հաշվարկվում են սույն հավելվածի 32-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով:».

17) որոշման N 3 հավելվածի I բաժնի 7.1-ին կետը «Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի» բառերից հետո լրացնել «և «15 և ավելի մեծ MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում» ծառայությունների» բառերով.

18) որոշման N 3 հավելվածի I բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.3-րդ կետով.

«7.3. «15 և ավելի մեծ MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում» ծառայությունների մասով համավճարը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 5 հավելվածի 2-րդ կետի 1-8-րդ և 15-րդ ենթակետերով թվարկված բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի վրա։».

19) որոշման N 4 հավելվածի 2-րդ կետը «համամասնության սպառման» բառերից հետո լրացնել «կամ բժշկական կազմակերպության համապատասխան ծառայության թողունակության անբավարարության» բառերով.

20) որոշման N 4 հավելվածի 3-րդ կետը «հիվանդներին» բառից հետո լրացնել «անհրաժեշտության դեպքում» բառերով.

21) որոշման N 4 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին, 3.2-րդ և 3.3-րդ կետերով.

«3.1. Պացիենտների հերթագրումն իրականացվում է էլեկտրոնային կամ թղթային եղանակով:

3.2. Էլեկտրոնային հերթագրումը կատարվում է էլեկտրոնային առողջապահության համակարգով` էլեկտրոնային ուղեգրման միջոցով:

3.3 Էլեկտրոնային հերթագրումը կատարվում է ըստ դիմելիության ժամկետների, էլեկտրոնային ուղեգրի հիման վրա, որն արտացոլվում է էլեկտրոնային առողջապահության համակարգի համապատասխան հաշվետվողական ձևի մեջ:».

22) որոշման N 4 հավելվածի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

23) որոշման N 5 հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15-րդ ենթակետով.

«15) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք:».

24) որոշման N 5 հավելվածի 3.1-ին կետը «2-րդ կետի 1-8-րդ» բառերից հետո լրացնել «և 15-րդ» բառերով.

25) որոշման N 5 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.2-րդ կետով.

«3.2. բնակչության բոլոր խմբերին, բացառությամբ սույն կարգի 2-րդ կետի 1-8-րդ և 15-րդ ենթակետերում ընդգրկված անձանց, 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժումը իրականացվում է արտոնյալ պայմաններով՝ համավճարային սկզբունքի կիրառմամբ:».

26) որոշման N 5 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.3-րդ կետով.

«3.3. Սույն կարգի 3-րդ կետի 10-րդ ենթակետում ընդգրկված «Սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրում (ներառյալ ֆիլտրի արժեքը)» ծառայությունը պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով իրականացվում է նաև սույն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետում ընդգրկված վերարտադրության տարիքի կանանց համար` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում:».

27) որոշման N 7 հավելվածի 3-րդ կետի առաջին նախադասությունում «Ուղեգիրը» բառը փոխարինել «Թղթային ուղեգիրը» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը «Առանց ուղեգրի» բառերից հետո լրացնել «(թղթային կամ էլեկտրոնային)» բառերով.

28) որոշման N 7 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.

«3.1. Էլեկտրոնային ուղեգիրը պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար հիմք հանդիսացող էլեկտրոնային առողջապահության համակարգում գործող ձևաչափ է, որը լրացվում է առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկի կողմից` կցելով պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու հիմքերը:».

29) որոշման N 7 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով.

«5.1. Սույն հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններով նախատեսված «ԲԿ», «ՈՒՀ» և «ԱՆ» հապավումներով համարակալած ուղեգրերով ուղեգրումներն իրականացվում են էլեկտրոնային եղանակով, իսկ «դ» և «ե» պարբերություններով նախատեսված «ԳՄ» և «ԲՍՓ» հապավումներով համարակալած ուղեգրերով ուղեգրումները` թղթային եղանակով:».

30) որոշման N 9 հավելվածն ուժը կորցրած ճանաչել.

31) որոշման N 10 հավելվածի վերնագրից հանել «ու «Ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագիտացված կենտրոններում» ծրագրի» բառերը.

32) որոշման N 10 հավելվածի 10-րդ կետից հանել «12 տարեկան երեխաներ` ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայությունների մասով,» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն որոշման 1-ին կետի 29-րդ ենթակետով նախատեսված «ԲԿ», «ՈՒՀ» և «ԱՆ» հապավումներով ուղեգրերն էլեկտրոնային եղանակով ուղեգրելու պահանջը մեկնարկում է 2020 թվականի հունվարի 1-ից և ենթակա է լիարժեք ապահովման մինչև 2020 թվականի մարտի 31-ը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 27

Երևան