ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2019 թվականի N 1967-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1521-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ վերանվանելու մասին» N 1521-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը և N 2 հավելվածը.
2) որոշման N 1 հավելվածի 25-28-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25. Խորհուրդը կազմված է 11 անդամից։
26. Խորհրդի անդամներն են՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (խորհրդի նախագահ).
2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար.
3) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար.
4) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար.
5) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ.
6) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ.
7) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ.
8) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ.
9) Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական.
10) «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ).
11) Հայ բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն (համաձայնությամբ):
27. Սույն կանոնադրության 26-րդ կետում նշված պետական մարմինների ղեկավարները և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալը խորհրդի կազմում ընդգրկված են համարվում ի պաշտոնե։ Հայաստանի Հանրապետության վարչապետի համապատասխան խորհրդականին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան տեղակալին խորհրդի անդամ են նշանակում, համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։ Ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները խորհրդի կազմում ընդգրկվում են իրենց համաձայնությամբ՝ խորհրդի որոշմամբ։
28. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է, որն անձամբ նախագահում է խորհրդի նիստերը, իսկ խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները` խորհրդի որոշմամբ, կատարում է խորհրդի անդամներից մեկը:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 27 Երևան |