Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1491
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.12.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.11/87(1540).1 Հոդ.1157.2
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
03.12.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2019

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

  

Քաղ. Երևան

3 դեկտեմբերի 2019 թ.

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Հայրապետյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի նոյեմբերի 22-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ` Վարկային համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի նոյեմբերի 18-ին` կրթության և առողջապահության ոլորտների բարելավման (այսուհետ` Ծրագիր) նպատակով:

2. Սահմանադրական դատարան ներկայացված Վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ Կառավարության դիմումին կից փաթեթում առկա ՀՀ ֆինանսների նախարարության հիմնավորման մեջ նշվում է, որ Վարկային համաձայնագրով ստացվելիք վարկային միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասորդի ֆինանսավորմանը:

3. Վարկային համաձայնագիրն ունի կից չորս Ժամանակացույց` ժամանակացույց 1. «Ծրագրի նկարագրություն», Ժամանակացույց 2. «Մարման ժամանակացույց», Ժամանակացույց 3. «Վարկային միջոցների առհանումը», 3-րդ Ժամանակացույցի առդիր. «Չթույլատրվող ծախսերի ցանկ», Ժամանակացույց 4. «Ծրագրի իրականացում և այլ հարցեր»:

4. Ծրագրի գլխավոր նպատակն է բարելավել ՀՀ կրթության և առողջապահության ոլորտները: Ծրագիրը ներառում է հետևյալը. ընդլայնել նախադպրոցական կրթության, բարձրագույն կրթության ու գիտության իրավական շրջանակը, բարելավել առողջապահական ծառայությունները, բարելավել նախադպրոցական հաստատությունների հասանելիությունը, զարգացնել ներառական կրթության և առողջապահական ծառայությունները, իրագործել կրթության ոլորտի մարմինների կառավարման և կարողությունների բարելավումը, հզորացնել տվյալների օգտագործումը՝ կրթության և առողջապահության ոլորտների կատարողականի կառավարման և այն ռեսուրսներով ապահովելու համար հիմնավորումներ ստանալու նպատակով, զարգացնել կրթության և առողջապահության ոլորտների կայուն ֆինանսավորումը միջնաժամկետ ծախսային ծրագրի համաձայն՝ 2020-2022թթ. ժամանակահատվածում, բարելավել մարդկային կապիտալը հանրային առողջության քաղաքականությունների միջոցով, որոնք նվազեցնում են ռիսկերը և մահացությունը երեխաների և երիտասարդության շրջանում:

5. Ըստ Վարկային համաձայնագրի` Ասիական զարգացման բանկը համաձայնում է իր սովորական կապիտալ ռեսուրսներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել ինը միլիոն հարյուր հազար (9.100.000) եվրո գումարի չափով վարկ (այսուհետ` Վարկ) և նշված գումարը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել Արժույթի փոխարկման միջոցով՝ Վարկային համաձայնագրի 2.06 բաժնի դրույթներին համապատասխան: Վարկն ունի մայր գումարի մարման 12 տարի ժամկետ և վարկի արտոնյալ ժամանակահատված՝ մինչև 2023 թվականի մայիսի 1-ը: Ծրագրի ավարտման ժամկետը մինչև 2019 թվականի հոկտեմբերի 31-ն է: Վարկի փակման ամսաթիվն է 2020 թ. մարտի 31-ը, կամ այլ ժամկետ, որը կարող է ժամանակ առ ժամանակ համաձայնեցվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև:

6. Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մի շարք պարտավորություններ, որոնցից են մասնավորապես.

- Ասիական զարգացման բանկին վճարել տոկոսագումար՝ Վարկի ժամանակ առ ժամանակ առհանված և դեռևս չվճարված մայր գումարի նկատմամբ՝ յուրաքանչյուր տոկոսագումարի վճարման ժամանակահատվածի համար, հետևյալ գումարին հավասար չափով՝ EURIBOR և 0.60 %, ինչպես նախատեսվում է Վարկային կանոնակարգի 3.02 բաժնում, հանած 0.10 %, ինչպես նախատեսվում է Վարկային կանոնակարգի 3.03 բաժնում (հոդված II, բաժին 2.02),

- յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ին և նոյեմբերի 1-ին վճարել տարեկան կտրվածքով 0.15%-ի չափով պարտավորավճար, որը հաշվարկվում է Վարկի ամբողջական գումարի նկատմամբ (հանած ժամանակ առ ժամանակ առհանվող գումարները)` սկսած Վարկային համաձայնագրի ամսաթվին հաջորդող 60 օրվանից հետո (հոդված II, բաժիններ 2.03 և 2.04),

- սկսած 2023թ. մայիսի 1-ից մինչև 2034թ. նոյեմբերի 1-ը` յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ին և նոյեմբերի 1-ին վերադարձնել Վարկային հաշվից առհանված Վարկի Մայր գումարը 4.166667% չափաբաժնով (հոդված II, բաժիններ 2.03 և 2.05, Ժամանակացույց 2),

- ապահովել, որ Վարկի միջոցներն օգտագործվեն Ծրագրի ծախսերի ֆինանսավորման նպատակով` Վարկային համաձայնագրում սահմանված դրույթներին համապատասխան (հոդված III, բաժին 3.01),

- Վարկի միջոցներն առհանել Վարկային համաձայնագրի 3-րդ ժամանակացույցի դրույթների համաձայն, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել ԱԶԲ-ի և ՀՀ միջև ձեռք բերված համաձայնությամբ (հոդված III, բաժին 3.02),

- Ծրագիրն իրականացնելիս կատարել կամ նախատեսել, որ կատարվեն Վարկային համաձայնագրի 4-րդ ժամանակացույցով սահմանված բոլոր պարտավորությունները (հոդված IV, բաժին 4.01),

- որպես Վարկային կանոնակարգի 7.01 և 7.04 բաժիններում նշված հաշվետվությունների և տեղեկատվության մաս՝ Ասիական զարգացման բանկին տրամադրել կամ ապահովել, որ տրամադրվեն Ասիական զարգացման բանկի կողմից ողջամտորեն պահանջված՝ Ծրագրի իրականացմանը, այդ թվում՝ Քաղաքականության վերաբերյալ փաստաթղթում նշված թիրախների իրագործմանը և գործողությունների կատարմանն առնչվող բոլոր այդպիսի հաշվետվություններն ու տեղեկատվությունը (հոդված IV, բաժին 4.02),

- եթե վարկի միջոցներն ամբողջությամբ չեն առհանվել Վարկի Մայր գումարի առաջին մարման ամսաթվի դրությամբ, ապա վերադարձնել վարկային միջոցների առհանման չափով Վարկի Մայր գումարի առաջին մարման ամսաթվի դրությամբ առհանված և չվճարված գումարը՝ Վարկային համաձայնագիր 2-րդ ժամանակացույցի 1-ին կետով նախատեսված կարգով (Ժամանակացույց 2, կետ 2, ենթակետ «ա»),

- եթե Վարկի միջոցներն ամբողջությամբ չեն առհանվել Վարկի Մայր գումարի առաջին ամսաթվի դրությամբ, ապա Վարկի Մայր գումարի առաջին մարման ամսաթվից հետո ցանկացած առհանման դեպքում այդ գումարները վերադարձնել նման առհանման ամսաթվին հաջորդող՝ Վարկի Մայր գումարի յուրաքանչյուր մարման ամսաթվին՝ Ասիական զարգացման բանկի կողմից սահմանված գումարի չափով՝ այդպիսի յուրաքանչյուր առհանման գումարը բազմապատկելով կոտորակով, որի համարիչը Վարկային համաձայնագրի 2-րդ ժամանակացույցի 1-ին կետի աղյուսակում սահմանված՝ Մայր գումարի տվյալ մարման ամսաթվի դրությամբ սկզբնական վճարման մասնաբաժինն է (Սկզբնական վճարման մասնաբաժին), իսկ հայտարարը՝ այդ ամսաթվին կամ դրանից հետո ընկած՝ Մայր գումարի մարման բաց թողնված ամսաթվից բոլոր Սկզբնական վճարման մասնաբաժինների ընդհանուր գումարն է. նման վճարվող գումարներն ըստ անհրաժեշտության ճշգրտել՝ Վարկային համաձայնագրի 2-րդ ժամանակացույցի 4-րդ կետում նշված ցանկացած գումար նվազեցնելու նպատակով, որի նկատմամբ կիրառվում է Արժույթի փոխարկումը (Ժամանակացույց 2, կետ 2, ենթակետ «բ»),

- բացառապես Վարկի Մայր գումարի ցանկացած մարման ամսաթվի դրությամբ վճարվելիք Մայր գումարները հաշվարկելու նպատակով Վարկի Մայր գումարի մարման ցանկացած ամսաթվին նախորդող 2 օրացուցային ամիսների ընթացքում կատարված առհանումները դիտարկել որպես առհանված և չվճարված՝ առհանման ամսաթվին հաջորդող՝ Վարկի Մայր գումարի երկրորդ մարման ամսաթվի դրությամբ և վճարել առհանման ամսաթվին հաջորդող՝ Մայր գումարի երկրորդ մարման ամսաթվից սկսած՝ Մայր գումարի մարման յուրաքանչյուր ամսաթվին (Ժամանակացույց 2, կետ 3),

- Ասիական զարգացման բանկին ներկայացնել Վարկային հաշվից առհանում կատարելու մասին Ասիական զարգացման բանկի համար ընդունելի ձևով կազմված դիմում (Ժամանակացույց 3, կետ 2),

- Վարկային հաշվից առհանում կատարելու վերաբերյալ առաջին դիմումն Ասիական զարգացման բանկին ներկայացնելուց առաջ նշել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հաշիվը (Դեպոզիտային հաշիվ), որին մուտքագրվում են Վարկային հաշվից կատարվող բոլոր առհանումները (Ժամանակացույց 3, կետ 3, ենթակետ «ա»),

- Դեպոզիտային հաշվի հետ կապված՝ վարել առանձին հաշիվներ և գրանցումներ՝ Ասիական զարգացման բանկի համար ընդունելի հաշվապահական սկզբունքների համաձայն և Ասիական զարգացման բանկի պահանջով կազմակերպել Դեպոզիտային հաշվի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ՝ անկախ աուդիտորների կողմից, որոնց որակավորումները, փորձառությունը և տեխնիկական առաջադրանքն ընդունելի են Ասիական զարգացման բանկի համար, համապատասխանում են աուդիտի միջազգային ստանդարտներին, կամ ԱԶԲ-ի համար ընդունելի՝ դրանց տեղական համարժեքին, և դրանք կազմելուց անմիջապես հետո, սակայն ցանկացած դեպքում ոչ ուշ, քան Ասիական զարգացման բանկի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու ամսաթվից 6 ամիս հետո, աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունների կրկնօրինակները և ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորների կարծիքները տրամադրել Ասիական զարգացման բանկին՝ անգլերենով (Ժամանակացույց 3, կետ 3, ենթակետ «բ»),

- չառհանել վարկային միջոցներ Վարկային համաձայնագրի 3-րդ ժամանակացույցի առդիրում նշված որևէ հոդվածի ֆինանսավորման նպատակով (Ժամանակացույց 3, կետ 4),

- ապահովել, որ Քաղաքականության վերաբերյալ փաստաթղթում և Քաղաքականության մատրիցայով սահմանված՝ Ծրագրի շրջանակներում ընդունված քաղաքականության բոլոր միջոցառումները շարունակեն ուժի մեջ մնալ Ծրագրի իրականացման ողջ ընթացքում և դրանից հետո (Ժամանակացույց 4, կետ 2),

- իրազեկել Ասիական զարգացման բանկին օգնություն տրամադրող բազմակողմ և երկկողմ այլ կազմակերպությունների հետ քաղաքականության վերաբերյալ այնպիսի քննարկումների մասին, որոնք կարող են ազդեցություն ունենալ Ծրագրի իրականացման վրա, ինչպես նաև Ասիական զարգացման բանկին տալ այդ քննարկումների արդյունքում քաղաքականության վերաբերյալ ստացված բոլոր առաջարկների մասով դիտողություններ ներկայացնելու հնարավորություն. մինչև այդպիսի որևէ առաջարկի վերջնական տարբերակի մշակումը և իրականացումը հաշվի առնել Ասիական զարգացման բանկի տեսակետները (Ժամանակացույց 4, կետ 3),

- ապահովել, որ Տեղական արժույթով համարժեք միջոցներն օգտագործվեն Ծրագրի նպատակներին համահունչ՝ որոշակի ծրագրերի և գործողությունների իրականացումը ֆինանսավորելու նպատակով (Ժամանակացույց 4, կետ 4),

- ապահովել, որ Հայաստանի Հանրապետությունը, Ծրագիրը իրականացնող մարմինը և իրականացնող մարմինները համապատասխանեն Ասիական զարգացման բանկի Հակակոռուպցիոն քաղաքականությանը և ընդունեն, որ Ասիական զարգացման բանկն իրեն իրավունք է վերապահում ուղղակիորեն կամ իր գործակալների միջոցով հետաքննելու Ծրագրին առնչվող ցանկացած ենթադրյալ կոռուպցիոն, խարդախություն, դավադրություն կամ հարկադրանք պարունակող գործելակերպ, և համագործակցեն այդպիսի ցանկացած հետաքննության մասով և տրամադրեն նման հետաքննության բավարար կատարման համար անհրաժեշտ աջակցություն (Ժամանակացույց 4, կետ 5),

- ապահովել, որ Իրականացնող մարմինները կատարեն պարբերական վերանայումներ՝ Ծրագրի շրջանակը, իրականացման կազմակերպումը, առաջընթացը, ձեռքբերումները և ազդեցությունները գնահատելու նպատակով, ինչպես նաև ապահովել, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պատասխանատու լինի Ծրագրի մշտադիտարկման բոլոր տվյալները վարելու և ծրագրի օգուտները գնահատելու համար (Ժամանակացույց 4, կետ 6),

- Ասիական զարգացման բանկի կողմից Ծրագրի կիսամյակային վերանայումները դյուրացնելու նպատակով՝ ժամանակին տրամադրել կրթության և առողջապահության ոլորտների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն այնպիսի մանրամասնությամբ, որ կարող է ողջամտորեն պահանջվել Ասիական զարգացման բանկի կողմից, ինչպես նաև ապահովել, որ Ծրագիրը համակարգող մարմինը և իրականացնող մարմինները դյուրացնեն Վարկի առհանման հաջորդող 12 ամիսների ընթացքում պլանավորված՝ Ասիական զարգացման բանկի վերանայման առաքելությունը և համագործակցեն վերջինիս հետ, կրթության և առողջապահության ոլորտների շարունակական զարգացումը խթանելու համար անհրաժեշտ կամ ցանկալի համարվող հետագա բարեփոխումների և միջոցառումների, այդ թվում՝ Քաղաքականության մատրիցային համապատասխան համաձայնեցված հետծրագրային շրջանակային ցուցանիշների վերանայման և քննարկման նպատակով (Ժամանակացույց 4, կետ 6),

- ապահովել, որ Իրականացնող մարմինները վերանայեն և հաշվետվություն ներկայացնեն Ծրագիրը համակարգող մարմնին՝ իրենց մասով Ծրագրի համապատասխան բաղադրիչների նպատակների շրջանակի, իրականացման կազմակերպման, ազդեցության և ձեռքբերման մասին, որպեսզի Ծրագիրը համակարգող մարմնին տան Ասիական զարգացման բանկին ներկայացվող իր հաշվետվության պահանջները կատարելու հնարավորություն՝ համաձայն Վարկային համաձայնագրի պայմանների (Ժամանակացույց 4, կետ 7):

7. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է բյուջետային աջակցության վարկ և դրա հետ կապված Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող միջազգային պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը կապահովվի բյուջետային վերահսկողության ընդհանուր կարգի շրջանակներում:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2019 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

3 դեկտեմբերի 2019 թվականի

ՍԴՈ-1491

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան