Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-128
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.1995-01.01.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/23-24
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.12.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.12.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի

կողմից «19» նոյեմբերի 1994 թ. Հ.Ն.-1119-1

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

I. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1. Օրենքի առաջին գլխի վերնագրում «Հարկի» բառը փոխարինել «Հարկվող» բառով:

2. Օրենքի 1 հոդվածում`

հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր առաջին մասով`

«Շահութահարկով հարկվող օբյեկտ է հանդիսանում ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հաշվեկշռային շահույթը` հաշվի առած սույն օրենքի դրույթների և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերի համաձայն դրա ավելացումը (նվազեցումը)».

հոդվածի առաջին մասը համարել երկրորդ մաս.

հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում շահութահարկ վճարում են.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկություններն ու կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս ստացված շահույթի մասով, իսկ միջազգային միավորումներն ու կազմակերպությունները, այլ օտարերկրյա իրավաբանական անձինք, ինչպես նաև դրանց մասնաճյուղերը, մշտական ներկայացուցչություններն ու այլ նմանատիպ ստորաբաժանումները (այսուհետ` օտարերկրյա իրավաբանական անձինք)` Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեության իրականացումից ստացված շահույթի մասով»:

Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երրորդ մասով`

«Սույն հոդվածում նշված ձեռնարկությունները, կազմակերպությունները և օտարերկրյա իրավաբանական անձինք այսուհետ կանվանվեն ձեռնարկություններ»:

3. Օրենքի 4 հոդվածում`

«է» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) կարճաժամկետ վարկերի դիմաց տոկոսների վճարումները (բացի ժամկետանց և տարկետված վարկերից)»:

4. Օրենքի 8 հոդվածի առաջին պարբերությունում «հաշվեկշռային շահույթը» բառերից հետո ավելացնել «(հաշվի առած Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դրա ավելացումը)» բառերը:

5. Օրենքի 21 հոդվածը հանել:

6. Օրենքի 22 հոդվածում`

առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Շահութահարկի վճարումից ազատվում են`

ա) ձեռնարկությունները և կազմակերպությունները` գյուղատնտեսական գործունեության (գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) գծով, բացառությամբ արդյունաբերական բնույթի գյուղատնտեսական այն ձեռնարկությունների (ջերմոցային և գազանաբուծական տնտեսություններ, անասնապահական համալիրներ, ագրոկոմբինատներ, թռչնաբուծական ֆաբրիկաներ և այլն), որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ:

Գյուղատնտեսական գործունեության գծով վճարողներից գանձվում է հողի հարկ: Այն վճարողները, որոնց հասույթի (եկամտի) 25 տոկոսից ավելին ստացվում է ոչ գյուղատնտեսական գործունեությունից, այդ գործունեության գծով չեն ազատվում շահութահարկից: Այդ նպատակով վճարողները պարտավոր են վարել գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական գործունեության գծով արտադրության և շրջանառության ծախքերի, ինչպես նաև իրացման առանձնացված հաշվառում.

բ) նոր ստեղծված ձեռնարկությունները` պետական գրանցում ստանալուն հաջորդող առաջին երկու տարում».

երկրորդ մասը համարել երրորդ, իսկ երրորդը` երկրորդ մաս.

երկրորդ մասի սկիզբը լրացնել «Սույն հոդվածի առաջին մասի «բ» կետում» բառերով.

հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Նշված ցանկով նախատեսված գործունեության առանձին տեսակներ իրականացնող համատեղ և օտարերկրյա ներդրումներով ձեռնարկություններին պետական գրանցում ստանալուն հաջորդող առաջին երկու տարվա ընթացքում վերապահվում է սույն օրենքի 24 հոդվածով նախատեսված արտոնությունը»:

7. Օրենքի 23 հոդվածում`

«ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկով նախատեսված հասարակական, այդ թվում` բարեգործական կազմակերպությունների, կրոնական և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների դուստր ձեռնարկությունների այն շահույթի չափով, որն այդ կազմակերպություններին է տրամադրվում իրենց կանոնադրական գործունեությունն իրականացնելու համար».

հոդվածի «բ», «դ», «ե», «զ», «ժ», «ժա» կետերը հանել:

Հոդվածի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) տեխնիկական վերազինման և վերակառուցման, արտադրության ընդլայնման, նոր արտադրանքի և տեխնոլոգիայի յուրացման վրա ձեռնարկության կապիտալ ներդրումների գումարների չափով».

հոդվածի «թ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ) ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված պահեստային կամ նշանակությամբ այլ համանման ֆոնդեր շահույթից մասհանվող գումարի չափով, մինչև այդ ֆոնդերը հասնեն հիմնադիր փաստաթղթերով սահմանված չափերին, բայց փաստացի ձևավորված կանոնադրական ֆոնդի 25 տոկոսից ոչ ավելի».

հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժ» կետով.

«ժ) պետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից ստացված եկամտի չափով»:

8. Օրենքի 24 հոդվածում`

առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համատեղ և օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների սույն օրենքին համապատասխան հաշվարկվող շահութահարկի գումարը նվազեցվում է` սկսած պետական գրանցում ստանալուց հետո երրորդ տարվանից մինչև տասներորդ տարին` շահութահարկի 50 տոկոսի չափով, եթե կանոնադրական ֆոնդում օտարերկրյա մասնակցի բաժինը գերազանցում է 50 տոկոսից և կազմում է առնվազն 100 հազար ամերիկյան դոլարին համարժեք գումար, իսկ եթե կանոնադրական ֆոնդում օտարերկրյա մասնակցի բաժինը 30-50 տոկոս է և կազմում է 40 հազարից 100 հազար ամերիկյան դոլարին համարժեք գումար, ապա պետական գրանցում ստանալուց հետո երրորդ տարվանից մինչև տասներորդ տարին` շահութահարկի գումարի 30 տոկոսի չափով, բացառությամբ սույն օրենքի 22 հոդվածի երկրորդ մասում նշված ցանկով նախատեսված առանձին տեսակների գործունեություն իրականացնող համատեղ և օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների».

հոդվածի երկրորդ մասը հանել, այդ կապակցությամբ հոդվածի երրորդ մասը համարել երկրորդ մաս.

հոդվածի երկրորդ մասի «տասնամյա» բառը փոխարինել «հնգամյա» բառով, իսկ «գործունեության երրորդ տարվանից» բառերը` «պետական գրանցում ստանալուց հետո երրորդ տարվանից» բառերով:

9. Օրենքի 28 հոդվածում`

հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերը փոխարինել հետևյալ խմբագրությամբ առաջին և երկրորդ մասերով.

«Եռամսյակի ընթացքում վճարողների կողմից կատարվում են շահութահարկի կանխավճարներ, բացառությամբ սույն օրենքի 29 հոդվածում թվարկվածների, ինչպես նաև այն վճարողների, որոնց նախորդ եռամսյակի շահութահարկի գումարը չի գերազանցում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուր հիսունապատիկը:

Բյուջե շահութահարկի կանխավճարների մուծումները կատարվում են եռամսյակի ընթացքում 6 անգամ, նախորդ եռամսյակի շահութահարկի փաստացի գումարի 1/6-ի չափով, հավասար բաժիններով, յուրաքանչյուր ամսվա 15-ից և 28-ից ոչ ուշ: Ընդ որում, մինչև օրենքի 31 հոդվածում նշված ժամկետներում նախորդ եռամսյակի շահութահարկի փաստացի գումարների հաշվարկումը, ձեռնարկությունը շահութահարկի կանխավճարների չափը որոշում է ինքնուրույնաբար` ելնելով ընթացիկ տարվա ֆինանսական ցուցանիշներից: Հաշվապահական հաշվետվությունների և շահութահարկի հաշվարկի ներկայացմանը հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է կանխավճարների գումարների ճշտում` եռամսյակի սկզբից աճող հանրագումարով և սույն հոդվածում նշված չափերով»:

Այդ կապակցությամբ հոդվածի չորրորդ մասը համարել երրորդ մաս:

10. Օրենքի 29 հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գյուղատնտեսական գործունեություն իրականացնող և սեզոնային արտադրություն ունեցող մյուս ձեռնարկությունները, ինչպես նաև այն վճարողները, որոնց նախորդ եռամսյակի շահութահարկի գումարը չի գերազանցում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հարյուր հիսնապատիկը, հարկը որոշում են եռամսյակը մեկ` տարեսկզբից աճող հանրագումարով` հաշվանցելով նախորդ եռամսյակների համար հաշվարկված հարկի գումարը»:

11. Օրենքի 33 հոդվածի առաջին մասից հանել «Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված» բառերը:

12. Օրենքի 37 հոդվածում «սույն օրենքի 17 հոդվածում սահմանված դրույքաչափերով» բառերը փոխարինել «սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով» բառերով:

13. Օրենքի 39 հոդվածում`

առաջին մասում «ապրիլի 15-ից» բառերը փոխարինել «մարտի 15-ից» բառերով, իսկ «ինչպես նաև» բառերից հետո ավելացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում» բառերը.

երկրորդ և երրորդ մասերում «պետական հարկային տեսչության կողմից հաստատված» բառերը փոխարինել «օրենսդրությամբ նախատեսված» բառերով:

14. Օրենքը VIII գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` IX գլխով.

«ԳԼՈՒԽ IX

Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

Հոդված 41. Սույն օրենքի խախտման համար վճարողները և դրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 42. Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու համար վճարողներից գանձվում է թաքցրած կամ պակաս ցույց տրված օբյեկտի համար նախատեսված հարկի ամբողջ գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի չափով, իսկ կատարված ստուգումներից հետո մեկ տարվա ընթացքում մեկից ավելի նույնատիպ խախտումների դեպքում տուգանք` այդ գումարի կրկնակի չափով»:

Այդ կապակցությամբ IX գլուխը համարել X գլուխ, իսկ 41 հոդվածը` 43 հոդված:

II. Սույն օրենքը կիրարկել 1995 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

19 դեկտեմբերի 1994 թ.

ՀՕ-128