Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.01.22/3(1558).1 Հոդ.6.22
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.06.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

ԵԿԴ/0001/01/13
ԵԿԴ/0174/01/13
ԿԴ3/0059/01/11
1-117/06

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նաև Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ' դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    Ս. Օհանյանի
 

 

  քարտուղարությամբ` Մ. Ավագյանի

2019 թվականի հունիսի 12-ին 

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Արթուր Գևորգի Պետրոսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի` 2006 թվականի նոյեմբերի 13-ի դատավճռով (քրեական գործ թիվ 1-117/06) Արթուր Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով, 35-266-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկման՝ 3 տարի ժամկետով, 268-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով՝ տուգանքի՝ 150.000 ՀՀ դրամի չափով, 271-րդ հոդվածի 1-ին մասով՝ տուգանքի՝ 150.000 ՀՀ դրամի չափով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով՝ ազատազրկման՝ 3 տարի ժամկետով և տուգանքի՝ 30.000 ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով՝ Ա.Պետրոսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 8 տարի ժամկետով և տուգանք՝ 220.000 ՀՀ դրամի չափով:

2. Ա.Պետրոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2007 թվականի փետրվարի 5-ի դատավճռով բողոքը մասնակիորեն բավարարել է և Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի` 2006 թվականի նոյեմբերի 13-ի դատավճիռը փոփոխել. Ա.Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով, 35-266-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման՝ 3 տարի ժամկետով, 268-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով՝ տուգանքի՝ 150.000 ՀՀ դրամի չափով, 271-րդ հոդվածի 1-ին մասով՝ տուգանքի՝ 150.000 ՀՀ դրամի չափով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով՝ ազատազրկման՝ 2 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով՝ Ա.Պետրոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 7 տարի 6 ամիս ժամկետով և տուգանք՝ 200.000 ՀՀ դրամի չափով:

3. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 23-ի դատավճռով (քրեական գործ թիվ ԿԴ3/0059/01/11) Ա.Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման` 1 տարի 6 ամիս ժամկետով, 34-266-րդ հոդվածի 4-րդ մասով՝ տուգանքի` 100.000 ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով՝ Ա.Պետրոսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 տարի 6 ամիս ժամկետով և տուգանք՝ 80.000 ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով՝ նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի՝ 2007 թվականի փետրվարի 5-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը, և վերջնական պատիժ է նշանակվել` ազատազրկում՝ 3 տարի ժամկետով և տուգանք՝ 80.000 ՀՀ դրամի չափով:

4. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի միջնորդությունը բավարարվել է, և Ա.Պետրոսյանի նկատմամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 23-ի դատավճռով նշանակված 80.000 ՀՀ դրամ տուգանքը փոխարինվել է հանրային աշխատանքներով՝ 400 ժամ ժամկետով:

5. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 17-ի դատավճռով (քրեական գործ թիվ ԵԿԴ/0001/01/13) Ա.Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի 3 ամիս ժամկետով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման՝ 8 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման՝ 7 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով՝ Ա.Պետրոսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 13 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման։ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 23-ի դատավճռով և նույն դատարանի՝ 2012 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ նշանակված պատժի չկրած մասից 1 տարի ժամկետով ազատազրկումը, և Ա.Պետրոսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 14 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

6. Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2014 թվականի հունվարի 16-ի որոշմամբ բողոքը մերժվել է, և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 17-ի դատավճիռը՝ Ա.Պետրոսյանի մասով թողնվել է օրինական ուժի մեջ:

7. Նշված որոշման դեմ Ա.Պետրոսյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մարտի 25-ի որոշմամբ վերադարձվել է:

8. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի ապրիլի 10-ի դատավճռով (քրեական գործ թիվ ԵԿԴ/0174/01/13) Ա.Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ 3 տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 17-ի և 2014 թվականի ապրիլի 10-ի դատավճիռներով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու և վերջնական պատժի ժամկետին առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը հաշվակցելու միջոցով, որպես վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 15 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:

Պատժի սկիզբը հաշվվել է 2013 թվականի սեպտեմբերի 17-ից:

9. Դատապարտյալ Ա.Պետրոսյանի՝ նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ հարուցել է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ, և դատապարտյալ Ա.Պետրոսյանի վճռաբեկ բողոքն ընդունել է Վճռաբեկ դատարանի վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

10. Ա.Պետրոսյանը թիվ 1-117/06 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, 35-266-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասով և 271-րդ հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է այն բանի համար, որ «(…) [նա] (…) դատաքննությամբ չպարզված անձից գնել է (…) թմրամիջոցի պատրաստման համար պրեկուրսոր հանդիսացող՝ մոտ 5 մլ ծավալով քացախաթթվի անհիդրիդ, որոնք պահել է իր մոտ: (…) [Չ]պարզված անձից [ձեռք բերված] (…) թմրամիջոցի և պրեկուրսորի մի մասը` մոտ 5.9 գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոցը և 4.1 մլ ծավալով քացախաթթվի անհիդրիդը (…) 2006թ. հունիս ամսվա սկզբից հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում գործածել է անձամբ` ներարկումների միջոցով:

(…) 0.6 գրամ [«Ափիոն» տեսակի թմրամիջոցը] պահել է ք.Երևան Փ.Բուզանդի փող. հ. 8բ տան մուտքի աջակողմյան քարերի արանքում`՝ հետագայում գործածելու համար, իսկ 0.4 գրամը 2006 թ. հունիսի 27-ին` ժամը 19-ի սահմաններում, Կոնդ թաղամասի եկեղեցու մոտ, նախկինում փոխառությամբ վերցրած 50 ԱՄՆ դոլարի դիմաց առաջարկել է (…) Ս.Արթինյանին, որն էլ համաձայնվելով, վերցրել է (…):

0.4 գրամ [«Ափիոն» տեսակի թմրամիջոցը] և մեկանգամյա օգտագործման ներարկչի մեջ լցված`0.9 մլ ծավալով, քացախաթթվի անհիդրիդը (…) Ռոման Մեյմարյանին վաճառելու (…) նախնական համաձայնություն ձեռք բերելուց հետո (…) 2006 թ. հունիսի 28-ի[ն] (…) հանդիպել է (…) Ռ.Մեյմարյանին և (…) չցանկանալով Ռ.Մեյմարյանին ասել, որ ինքն է վաճառում, այն՝ իբր գնելու համար, առաջարկել է գնալ ք.Երևան «Բութանիա» կոչվող թաղամաս, (…) սակայն, ք.Երևանի Խորենացու փողոցում նրանց կանգնեցրել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության ոստիկաններն ու բերման ենթարկել (…)1:

10.1. Ա.Պետրոսյանը թիվ ԿԴ3/0059/01/11 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 4-րդ մասով և 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, դատապարտվել է այն բանի համար, որ «(…) [նա] իր անձնական օգտագործման համար ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու նպատակով՝ (…) զանգահարել է Ա.Հովհաննիսյանի[ն], [վերջինս] (…) ընդառաջելով Ա.Պետրոսյանի խնդրանքին՝ (…) գնացել [է] Երևան քաղաքի «Մալաթիա» տոնավաճառի մոտ գտնվող «Նոր Տուն» ռեստորանային համալիրի մոտ, որտեղ գործով անհայտ մի տղամարդ (…) նրան է փոխանցել (…) 2.5 գրամ հաստատուն քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց և թմրամիջոց պատրաստելու նպատակով՝ որպես պրեկուրսոր, օգտագործվող 1.7 մլ ծավալով քացախաթթվի անհիդրիդ (…) Ա.Պետրոսյանի կողմից ուղարկված (…) տաքսի մեքենայով` գնացել է Հրազդան քաղաքի (…) «Հրազդան ԲԿ» ՓԲԸ-ի մոտ, որպեսզի այն փոխանցի գործով անհայտ անձի` (…) Ա.Պետրոսյանին փոխանցելու համար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը (…)»2:

10.2 Ա.Պետրոսյանը թիվ ԵԿԴ/0001/01/13 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, դատապարտվել է այն բանի համար, որ «(…) [նա] (…) իրացնելու նպատակով թմրամիջոց ձեռք բերելուն, պահելուն և իրացնելուն իրեն օժանդակելու հարցում՝ հեռախոսակապով պայմանավորվածություն է ձեռք բերել Ալբերտ Հարությունի Հակոբյանի հետ, (…) որից հետո՝ 2012թ. մայիսի 3-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Ալբերտ Հակոբյանին ուղարկել է Գագիկ Քերոբյանի բնակության վայր՝ Երևանի Շահումյան 6-րդ փողոց, որտեղ վերջինիցս Ալբերտ Հակոբյանի օժանդակությամբ իրացնելու նպատակով՝ ապօրինի ձեռք է բերել զգալի չափի, ընդհանուր` 0.015 գրամ «բուպրենորֆին» թմրակտիվ բաղադրատարր պարունակող 2 դեղահաբեր։

(…)

Այնուհետև՝ շարունակելով հանցավոր գործունեությունը, իրացնելու նպատակով խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելուն և իրացնելուն իրեն օժանդակելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել այդ հարցում նախնական համաձայնության եկած Ալբերտ Հակոբյանի և կնոջ՝ Ալլա Գեորգիի Մախովայի հետ, որից հետո՝ 2012թ. օգոստոսի 8-ից մինչև 21-ն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար՝ օրական մեկ անգամ, ընդհանուր՝ 14 դեպքով (…) Ալբերտ Հակոբյանի օժանդակությամբ իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել յուրաքանչյուր դեպքով խոշոր չափերի՝ 0.04 գրամից 0.08 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող թվով 5-ից 10-ական դեղահաբեր: (…) մինչև հերթական գնորդին իրացնելը, դրանք (…) պահել է (…) Դավթաշեն 2-րդ թաղամասի 44-րդ շենքի 3-րդ բնակարանում։

(…)

Հերթական անգամ իրացնելու նպատակով պատվիրված (…) խոշոր չափի՝ 0.04 գրամ «բուպրենորֆին» պարունակող 5 դեղահաբերը Ալբերտ Հակոբյանի և Ալլա Մախովայի օժանդակությամբ չի կարողացել ձեռք բերել, պահել և իրացնել իր կամքից անկախ հանգամանքներով (…)»3։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոշարադրյալ հիմնավորումներով.

11. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար, դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:

12. Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2008 թվականի մայիսի 26-ի թիվ ՀՕ-76-Ն ՀՀ օրենքին և փոփոխել իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը, կամ ազատել հետագա պատիժը կրելուց` արարքի ապաքրեականացման հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2008 թվականի մայիսի 26-ի թիվ ՀՕ-76-Ն և «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքները նոր հանգամանք են դատապարտյալ Արթուր Գևորգի Պետրոսյանի վերաբերյալ դատական ակտերը վերանայելու համար:

14. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

15. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար, նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ, ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն4:

16. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում՝ արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում՝` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով՝ որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)»5:

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»6:

17. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ՝ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։

18. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն` «1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

(...)

2) խոշոր չափերով,

պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

(...)

4. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով»։

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

(...)

2) խոշոր չափերով,

պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով (...)»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը՝ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում, «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար՝ որպես զգալի չափ է սահմանված եղել՝ 0.1 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ՝ 0.5 գրամից մինչև 10.0 գրամը ներառյալ, «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ՝ 0.002 գրամից մինչև 0.02 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ՝ 0.02 գրամից մինչև 0.2 գրամը ներառյալ: Նույն օրենսգրքի թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող 4-րդ հավելվածում «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսորի համար՝ որպես խոշոր չափ է սահմանված եղել 0.23 կիլոգրամից մինչև 2.3 կիլոգրամը ներառյալ, իսկ որպես առանձնապես խոշոր չափ՝ ավելի քան 2.3 կիլոգրամը:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար՝ որպես զգալի չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ՝ 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ,«բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի համար՝ որպես զգալի չափ՝ 0.001 գրամից մինչև 0.005 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ՝ 0.005 գրամից մինչև 0.025 գրամը ներառյալ, որպես առանձնապես խոշոր չափ՝ ավելի, քան 0.025 գրամը: Նույն որոշման 3-րդ հավելվածով «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսորի համար նախկինում սահմանված չափերը փոփոխության չեն ենթարկվել:

18.1. Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2008 թվականի մայիսի 26-ի թիվ ՀՕ-76-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում էր. «Առանց բժշկի թույլտվության թմրամիջոցներ գործածելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2008 թվականի մայիսի 26-ի թիվ ՀՕ-76-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածը ճանաչվել է ուժը կորցրած: Այլ կերպ՝ օրենքի փոփոխությամբ վերացվել է արարքի հանցավորությունը, այսինքն՝ տեղի է ունեցել արարքի ապաքրեականացում:

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Արթուր Պետրոսյանը դատապարտվել է՝

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ զգալի չափի՝ 0.4 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ իրացնելու նպատակով, զգալի չափի` 0.015 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ իրացնելու նպատակով, խոշոր չափի` 0.04-0.08 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ իրացնելու նպատակով, խոշոր չափի` 0.04 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու փորձի համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 5 միլիլիտր «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսոր ապօրինի ձեռք բերելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 4-րդ մասով` 1.7 միլիլիտր «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսոր ապօրինի ձեռք բերելու փորձի համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 35-266-րդ հոդվածի 1-ին մասով` զգալի չափի՝ 0.4 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու նախապատրաստության համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով` առանց իրացնելու նպատակի, խոշոր չափի` 0.6 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` առանց իրացնելու նպատակի, խոշոր չափի` 2.5 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու փորձի համար7:

19.1. Բացի այդ, Արթուր Պետրոսյանը դատապարտվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասով` առանց բժշկի թույլտվության մոտ 5.9 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց և 4.1 միլիլիտր ծավալով քացախաթթվի անհիդրիդ գործածելու համար8:

20. Սույն որոշման 19-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-18-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները չեն բարելավում Ա.Պետրոսյանի վիճակը, ուստի դրանք հիմք չեն Ա.Պետրոսյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով, 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 4-րդ մասով և 35-266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության:

21. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Ա.Պետրոսյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության:

Մասնավորապես, «ափիոն» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 0.6 գրամ և 2.5 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցներն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի են։ Ուստի` դատապարտյալ Ա.Պետրոսյանի արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասին և 34-268-րդ հոդվածի 1-ին մասին։

21.1. Սույն որոշման 19.1-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-17-րդ և 18.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված օրենսդրական փոփոխությունները վերացնում են Ա.Պետրոսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հանցավորությունը։

Մասնավորապես, օրենսդրական փոփոխությունների ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածը ճանաչվել է ուժը կորցրած, այսինքն՝ տեղի է ունեցել արարքի ապաքրեականացում: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Ա.Պետրոսյանին պետք է արդարացնել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

22. Նման պայմաններում, ՀՀ քրեական օրենսգրքի, ինչպես նաև թմրամիջոցի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և դրանց գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Ա.Պետրոսյանի կողմից կատարված արարքների վրա:

23. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2008 թվականի մայիսի 26-ի թիվ ՀՕ-76-Ն ՀՀ օրենքը և «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք են դատապարտյալ Ա.Պետրոսյանի վերաբերյալ դատական ակտերը վերանայելու համար:

24. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել դատապարտյալ Ա.Պետրոսյանի վերաբերյալ Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի՝ 2006 թվականի նոյեմբերի 13-ի դատավճիռը և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի՝ 2007 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը:

Արթուր Գևորգի Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում պետք է արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Արթուր Գևորգի Պետրոսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 8 (ութ) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով Ա.Պետրոսյանի նկատմամբ նշանակված 5 (հինգ) տարի ժամկետով ազատազրկմանը պետք է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նշանակված պատժից ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 35-266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված պատժից տուգանքը` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, և պատիժ նշանակել ազատազրկում՝ 7 (յոթ) տարի ժամկետով և տուգանք՝ 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

24.1. Միևնույն ժամանակ, դատապարտյալ Արթուր Պետրոսյանի վերաբերյալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 23-ի դատավճիռը պետք է բեկանել ու փոփոխել:

Արթուր Գևորգի Պետրոսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 9 (ինը) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով Ա.Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատժին` 9 (ինը) ամիս ժամկետով ազատազրկմանը պետք է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի  34-266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված պատժից տուգանքը` 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամի չափով, և պատիժ նշանակել ազատազրկում՝ 9 (ինը) ամիս ժամկետով և տուգանք՝ 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ նշանակված պատժին պետք է մասնակիորեն գումարել 7 (յոթ) տարի ժամկետով ազատազրկման 2011 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ չկրած մասից՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս 5 (հինգ) օր ժամկետով ազատազրկումից 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և Ա.Պետրոսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով և տուգանք՝ 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամի չափով:

24.2 Բացի այդ, անհրաժեշտ է բեկանել և փոփոխել դատապարտյալ Արթուր Պետրոսյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 17-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի հունվարի 16-ի որոշումը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 17-ի դատավճռով նշանակված պատժին՝ 13 (տասներեք) տարի ժամկետով ազատազրկմանը՝ առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ պետք է մասնակիորեն գումարել նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկման 2013 թվականի սեպտեմբերի 17-ի դրությամբ չկրած 3 (երեք) ամիս 6 (վեց) օր ժամկետով ազատազրկումից 3 (երեք) ամիսը և պատիժ նշանակել ազատազրկում՝ 13 (տասներեք) տարի 3 (երեք) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:

24.3 Վերոգրյալի հետ մեկտեղ անհրաժեշտ է բեկանել և փոփոխել Արթուր Գևորգի Պետրոսյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի ապրիլի 10-ի դատավճիռը: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով նշանակված պատժին պետք է մասնակիորեն գումարել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի ապրիլի 10-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված 3 (երեք) տարի ազատազրկումից 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, և Ա.Պետրոսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 14 (տասնչորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:

Պատժի կրման սկիզբը պետք է հաշվել 2013 թվականի սեպտեմբերի 17-ից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Արթուր Գևորգի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի՝ 2007 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 23-ի դատավճիռը, ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մարտի 25-ի որոշումը և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի ապրիլի 10-ի դատավճիռը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Դատապարտյալ Արթուր Գևորգի Պետրոսյանի վերաբերյալ Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի՝ 2006 թվականի նոյեմբերի 13-ի դատավճիռը և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի՝ 2007 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը բեկանել ու փոփոխել:

Արթուր Գևորգի Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Արթուր Գևորգի Պետրոսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 8 (ութ) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով Ա.Պետրոսյանի նկատմամբ նշանակված 5 (հինգ) տարի ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նշանակված պատժից ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 35-266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժից ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված պատժից տուգանքը` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, և պատիժ նշանակել ազատազրկում՝ 7 (յոթ) տարի ժամկետով և տուգանք՝ 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

3. Արթուր Գևորգի Պետրոսյանի վերաբերյալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 23-ի դատավճիռը բեկանել ու փոփոխել:

Արթուր Գևորգի Պետրոսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 9 (ինը) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով Ա.Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատժին` 9 (ինը) ամիս ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված պատժից տուգանքը` 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամի չափով, և պատիժ նշանակել ազատազրկում՝ 9 (ինը) ամիս ժամկետով և տուգանք՝ 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ նշանակված պատժին մասնակիորեն գումարել 7 (յոթ) տարի ժամկետով ազատազրկման 2011 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ չկրած մասից 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս 5 (հինգ) օր ժամկետով ազատազրկումից 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս ժամկետը և Ա.Պետրոսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով և տուգանք՝ 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամի չափով:

4. Արթուր Գևորգի Պետրոսյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 17-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի հունվարի 16-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 17-ի դատավճռով նշանակված պատժին՝ 13 (տասներեք) տարի ժամկետով ազատազրկմանը՝ առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ մասնակիորեն գումարել նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկման 2013 թվականի սեպտեմբերի 17-ի դրությամբ չկրած 3 (երեք) ամիս 6 (վեց) օր ժամկետով ազատազրկումից 3 (երեք) ամիսը և պատիժ նշանակել ազատազրկում՝ 13 (տասներեք) տարի 3 (երեք) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:

 5. Արթուր Գևորգի Պետրոսյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի ապրիլի 10-ի դատավճիռը բեկանել և փոփոխել:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով նշանակված՝ 13 (տասներեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը՝ առանց գույքի բռնագրավման, մասնակիորեն գումարել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի ապրիլի 10-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված 3 (երեք) տարի ազատազրկումից 1 (մեկ) տարի ժամկետը, և Ա.Պետրոսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 14 (տասնչորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:

Պատժի կրման սկիզբը հաշվել 2013 թվականի սեպտեմբերի 17-ից:

6. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

7. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_________________

1 Տե՛ս թիվ 1-117/06 քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 285-288:

2 Տե՛ս թիվ ԿԴ3/0059/01/11 քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 64-68:

3 Տե՛ս թիվ ԵԿԴ/0001/01/13 քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 96-126:

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։

5 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

6 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

7 Տե՛ս սույն որոշման 10-10.2-րդ կետերը:

8 Տե՛ս նույն տեղում:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան