Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.01.22/3(1558).1 Հոդ.6.24
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.06.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՇԴ/0129/01/13

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նաև Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    Ս. Օհանյանի
 

 

  քարտուղարությամբ` Մ. Ավագյանի

2019 թվականի հունիսի 12-ին 

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Վահան Քյարամի Գալստյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին

ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2014 թվականի փետրվարի 18-ի դատավճռով Վահան Քյարամի Գալստյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագով) և 268-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագով) նախատեսված հանցագործությունների կատարման մեջ։ Վ.Գալստյանը դատապարտվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման 10 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով` ազատազրկման 5 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` յուրաքանչյուր դրվագով` ազատազրկման 6 ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` յուրաքանչյուր դրվագով` ազատազրկման 4 տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված` պատիժների մասնակի գումարման սկզբունքի կիրառմամբ, Վ.Գալստյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 13 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատժին լրիվ գումարվել է նախորդ` Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի նոյեմբերի 27-ի դատավճռով նշանակված և չկրած պատժից տուգանք` 50.000 ՀՀ դրամ գումարի չափով և Վ.Գալստյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 13 տարի ժամկետով և տուգանք՝ 50.000 ՀՀ դրամ գումարի չափով` գույքի բռնագրավմամբ: Վ.Գալստյանի նկատմամբ նշանակվել է նաև հարկադրական բուժում` թմրամոլության դեմ:

2. Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2014 թվականի մայիսի 14-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի փետրվարի 18-ի դատավճիռը՝ թողել օրինական ուժի մեջ:

3. Նշված որոշման դեմ Վ.Գալստյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ վերադարձվել է:

4. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ դատապարտյալ Վ.Գալստյանի դատական ակտը վերանայելու մասին դիմումը բավարարել է: Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի փետրվարի 18-ի դատավճիռը վերանայվել է և դրանով հաստատված` ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի մայիսի 16-ի թիվ ՀՕ-83-Ն ՀՀ օրենքի կիրառմամբ համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքին:

5. Դատապարտյալ Վ.Գալստյանի՝ նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունվարի 25-ի որոշմամբ հարուցվել է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ, և դատապարտյալ Վ.Գալստյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Վ.Գալստյանը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ) և 268-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ), դատապարտվել է այն բանի համար, որ «(…) [Ն]ա 2010 թվականին, գործով չպարզված օրը, Հունաստանի Հանրապետությունից իր անվամբ Հայաստան ուղարկված ծանրոցը Երևան քաղաքում ստանալու եղանակով, Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքում բնակվող քրոջից` Քրիստինե Քյարամի Գալստյանից, առանց իրացնելու նպատակի, իր գործածման համար ապօրինի ձեռք է բերել և պահել խոշոր չափերի, ընդհանուրը` 0.16 գրամ

«բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող թվով 20 հատ «N8» գրառմամբ հաբեր, որոնք հետագայում խմելու եղանակով գործածել է:

(…) 2012 թվականի մայիսին, գործով չպարզված օրը, Գոհար Հովհաննեսյանից, վերջինիս բնակության վայրում` Երևան քաղաքի Ս. Զորավար փողոցի 46-րդ շենքի 14/1 բնակարանում, իր գործածման և իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի` ընդհանուրը` 0.25 գրամ հոգեմետ նյութ պարունակող թվով 5 հատ «տրամադոլ 50մլ» դեղապատիճներ, որոնցից մանր չափի` 0.05 գրամ հոգեմետ նյութ պարունակող թվով 1 հատ «տրամադոլ 50մլ» դեղապատիճը Նոր Նորքի 1-ին զանգվածի Նանսենի փողոցի 6 շենքի թիվ 134 հասցեում գտնվող «ՄՄ ՆՅՈՒ ԷՅՋ» ՄՊԸ-ի գրասենյակում ապօրինի իրացրել է Հայկ Ռաֆայելի Մովսիսյանին:

(…) 2013 թվականի մայիսի 12-ին, ժամը 14-ի սահմաններում, նախնական պայմանավորվածության համաձայն, Երևան քաղաքի Ս.Զորավար փողոցի 46-րդ շենքի մոտ հանդիպելով Գոհար Հովհաննեսյանին, վերջինից ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի, ընդհանուրը` 0.2 գրամ հոգեմետ նյութ պարունակող թվով 4 հատ «տրամադոլ 50մլ» դեղապատիճներ, որոնցից մանր չափի` 0.05 գրամ հոգեմետ նյութ պարունակող թվով 1 հատ «տրամադոլ 50մլ» դեղապատիճը Նոր Նորքի 1-ին զանգվածի Նանսենի փող. 6 շենքի թիվ 134 հասցեում գտնվող «ՄՄ ՆՅՈՒ ԷՅՋ» ՍՊԸ-ի գրասենյակում ապօրինի իրացրել է Հայկ Ռաֆայելի Մովսիսյանին:

(…) 2013 թվականի մայիսի 28-ին, ժամը 15-ի սահմաններում, պայմանավորվածության համաձայն, Երևան քաղաքի Ս.Զորավար փողոցի 46-րդ շենքի մոտ հանդիպել է Գոհար Հովհաննեսյանին և նրանից ապօրինի ձեռք բերել զգալի չափերի, ընդհանուրը` 0.25 գրամ հոգեմետ նյութ պարունակող թվով 5 հատ «տրամադոլ 50մլ» դեղապատիճներ, որոնցից զգալի չափի` 0.1 գրամ հոգեմետ նյութ պարունակող թվով 2 հատ «տրամադոլ 50մլ» դեղապատիճները, նույն օրը, Երևանի «Կինո Հայրենիք» կոչվող տարածքում ապօրինի իրացրել է Հայկ Ռաֆայելի Մովսիսյանին:

 (…) 2013 թվականի ապրիլ-մայիս ամիսներին հեռախոսազրույցների միջոցով նախնական համաձայնության է եկել Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքում բնակվող քրոջ` Քրիստինե Գալստյանի հետ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերի «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբերի 1 հատը 20 եվրո արժեքով ապօրինի ձեռք բերելու և դրանք Հայաստանի Հանրապետությունում 1 հատը` 60 եվրոյով ապօրինի իրացնելու շուրջ, ապա Քրիստինե Գալստյանի կողմից դեղահաբերը ձեռք բերելուց հետո, դրանք մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելուն օժանդակելու դիտավորությամբ, խորհուրդ է տվել դեղահաբերը թաքցնել կոսմետիկ պարագաների տարաների մեջ: 2013թ. մայիսի 29-ին, Հունաստանի Հանրապետությունից իր անվամբ Հայաստան ուղարկած ծանրոցը Երևան քաղաքում ստանալու եղանակով, Վահան Գալստյանն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերի, ընդհանուրը` 0.8 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող թվով 100 հատ «N8» գրառմամբ հաբեր, որոնք նույն օրը հայտնաբերվել և առգրավվել են ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցների կողմից` Վահան Գալստյանի ծանրոցի զննությամբ (...)»1:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.

7. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործող) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:

8. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններին և իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը փոփոխել կամ ազատել հետագա պատիժը կրելուց` արարքի ապաքրեականացման հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Վահան Գալստյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հուլիսի 17-ի որոշումը վերանայելու համար:

10. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

11. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն2:

12. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)»3:

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»4:

13. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։

14. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն` «1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

(...)

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

(...)

2) առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

(...)

2) խոշոր չափերով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով (...)»։

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ է սահմանված եղել 0.02 գրամից մինչև 0.2 գրամը ներառյալ, որպես առանձնապես խոշոր չափ` ավելի քան 0.2 գրամը, «տրամադոլ» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.05 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ է սահմանվել 0.005 գրամից մինչև 0.025 գրամը ներառյալ, որպես առանձնապես խոշոր չափ` ավելի քան 0.025 գրամը, «տրամադոլ» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութի համար որպես մանր չափ է սահմանվել 0.05 գրամից մինչև 0.25 գրամը ներառյալ, որպես զգալի չափ՝ 0.25 գրամից մինչև 1.25 գրամը ներառյալ:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վ.Գալստյանը, ի թիվս այլնի, դատապարտվել է՝

- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ առանց իրացնելու նպատակի խոշոր չափի՝ 0.16 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ (երեք դրվագով) առանց իրացնելու նպատակի զգալի չափերի՝ 0.2 գրամ, 0.25 գրամ, 0.25 գրամ «տրամադոլ» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ (երեք դրվագով) 0.05 գրամ, 0.05 գրամ և 0.1 գրամ «տրամադոլ» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի` 0.8 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար5:

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք չեն Վ.Գալստյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագով), 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության:

17. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները վերացնում են Վ.Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագով) նախատեսված արարքների հանցավորությունը։

Մասնավորապես, «տրամադոլ» տեսակի թմրամիջոցի զգալի չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 0.2 և 0.25 գրամ «տրամադոլ» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե զգալի, այլ մանր չափի է: Այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` երեք դրվագով առաջադրված մեղադրանքում Վ.Գալստյանին պետք է արդարացնել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Նման պայմաններում թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և դրանց գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Վ.Գալստյանի կողմից կատարված արարքի վրա:

18. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Վահան Գալստյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հուլիսի 17-ի որոշումը վերանայելու համար:

19. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել դատապարտյալ Վ.Գալստյանի վերաբերյալ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի փետրվարի 18-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի մայիսի 14-ի որոշումը, Վ.Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագով) առաջադրված մեղադրանքում արդարացնել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կարգով՝ Վ.Գալստյանի նկատմամբ նշանակված գույքի բռնագրավմամբ 13 (տասներեք) տարի ժամկետով ազատազրկում պատժից պետք է հանել 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և պետք է պատիժ նշանակել ազատազրկում՝ 11 (տասնմեկ) տարի 9 (ինը) ամիս ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

Դատապարտյալ Վ.Գալստյանի նկատմամբ նշանակված 11 (տասնմեկ) տարի 9 (ինը) ամիս ժամկետով ազատազրկում պատժին ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ պետք է լրիվ գումարել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ նշանակված 2000 (երկու հազար) ժամ հանրային աշխատանքները և դատապարտյալ Վ.Գալստյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 11 (տասնմեկ) տարի 9 (ինը) ամիս ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ և հանրային աշխատանքներ՝ 2000 (երկու հազար) ժամ: Պատժի սկիզբը պետք է հաշվել 2013 թվականի մայիսի 29-ից։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Վահան Քյարամի Գալստյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հուլիսի 17-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Դատապարտյալ Վահան Քյարամի Գալստյանի վերաբերյալ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի փետրվարի 18-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի մայիսի 14-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

3. Վահան Քյարամի Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագով) առաջադրված մեղադրանքում արդարացնել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

4. ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կարգով՝ Վահան Քյարամի Գալստյանի նկատմամբ նշանակված գույքի բռնագրավմամբ 13 (տասներեք) տարի ժամկետով ազատազրկում պատժից հանել 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և պատիժ նշանակել ազատազրկում՝ 11 (տասնմեկ) տարի 9 (ինը) ամիս ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

Վահան Քյարամի Գալստյանի նկատմամբ նշանակված 11 (տասնմեկ) տարի 9 (ինը) ամիս ժամկետով ազատազրկում պատժին ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ լրիվ գումարել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ նշանակված 2000 (երկու հազար) ժամ հանրային աշխատանքները և դատապարտյալ Վահան Քյարամի Գալստյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 11 (տասնմեկ) տարի 9 (ինը) ամիս ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ և հանրային աշխատանքներ՝ 2000 (երկու հազար) ժամ:

Պատժի սկիզբը հաշվել 2013 թվականի մայիսի 29-ից։

5. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

____________________

1 Տե՛ս թիվ 1-19/06 քրեական գործը, հատոր 2-րդ, թերթեր 235-236:

2 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։

3 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

4 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

5 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան